Կացարան․ հաճախակի տրվող հարցեր

Publications
8111.10

Կացարան․ հաճախակի տրվող հարցեր

DRC-ն ստանում է տարբեր տեսակի բնակարանային հարցերի լայն շրջանակ: Մենք վերանայել ենք որոշ հարցեր, որոնք մենք ստացել ենք ամենից հաճախ և մեր պատասխանները հավաքել ենք այս հրապարակման մեջ: Այս հրապարակումն ընդգրկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են վտարումը, վարձակալության օգնությունը, ողջամիտ կացարանները, բնակարանային պայմանները և այլն:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Բովանդակություն

Վտարումներ

Իմ տանտերը փորձում է վտարել ինձ։ Ի՞նչ պետք է անեմ։

Ա. Դուք ստացե՞լ եք վտարման մասին գրավոր ծանուցագիր։

  1. Ոչ. տանտերերը պետք է վարձակալներին գրավոր ծանուցագիր տրամադրեն, որպեսզի սկսեն վտարման օրինական գործընթացը և դատական փուլերը (բացի շատ սահմանափակ բացառություններից), որ վտարեն Ձեզ։ Ձեր տանտերը պարզապես չի կարող ասել, որ լքեք տունը։ Տեքստային հաղորդագրությունները կամ կարճ էլ․նամակները բավարար չեն, որ համարվեն որպես օրինական գրավոր ծանուցագիր։ Ձեր տանտերը նաև չի կարող պարզապես փոխել կողպեքները, անջատել հոսանքը, մերժել վերանորոգումների կատարումը կամ այլ բաներ անել, որոնք դրդում են Ձեզ լքել այդ կացարանը։ Սա անօրինական է և կոչվում է «ինքնօգնության» վտարում։
  2. Այո. ուշադիր կարդացեք ծանուցագիրը և ուշադրություն դարձրեք ամսաթվերին։ Մենք իսկապես խորհուրդ ենք տալիս, որ հնարավորինս շուտ իրավական խորհրդատվության դիմեք։ Ծանուցագրերի տարբեր տեսակներ կան՝ կախված այն պատճառից, որով Ձեր տանտերը ցանկանում է վտարել Ձեզ և Ձեր բնակության կացարանի տեսակից։ Վտարման ծանուցագրերը սովորաբար 3, 10, 30, 60, կամ 90 օրով են, սակայն ամենատարածված ծանուցագիրը պարզապես 3-օրյա է (չհաշված հանգստյան օրերը և տոները) սկսած ծանուցագիրը ստանալու օրվանից։
    1. Վտարման ծանուցագիրը կարող է Ձեզ հնարավորություն տալ «շտկել կամ դադարեցնել»՝ նախքան ծանուցագրի ժամկետի ավարտը։ Սա նշանակում է, որ ժամանակ ունեք շտկել տվյալ խնդիրը («շտկել») կամ տեղափոխվել («դադարեցնել»)՝ ըստ ծանուցագրում նշված վերջնաժամկետի։ Եթե վերջնաժամկետի ընթացքում շտկում եք խնդիրը, Ձեր տանտերը չպետք է ընթացք տա վտարման գործընթացին։ Սովորաբար օգտակար է Ձեր տանտիրոջն ապացույց ուղարկել այն մասին, որ վերջնաժամկետից առաջ շտկել եք խնդիրը։ Որոշ օրինակներ ներառում են Ձեր պարտք եղած վարձավճարի վճարումը, դադարեցնել այն վարքագիծը, որը խախտում է Ձեր վարձակալությանը կամ որևէ այլ բան։ Ծանուցագիրը պետք է տեղեկացնի Ձեզ այն մասին, թե Ձեր տանտերն ինչ է ցանկանում, որ անեք։ Եթե Դուք ամբողջովին չեք շտկում խնդիրը՝ ծանուցագրում նշված վերջնաժամկետից առաջ, Ձեր տանտերը դեռևս կարող է ընթացք տալ վտարմանը՝ գործը ներկայացնելով դատարան։
    2. Եթե ծանուցագիրը Ձեզ հնարավորություն չի տալիս շտկել խնդիրը («շտկել»), կամ չեք համաձայնում ծանուցագրի հետ (օրինակ չեք արել այն, ինչ ծանուցագիրն էր պահանջում, որ անեիք), ապա ունեք երկու տարբերակ․
      1. Ծանուցագրին կարող եք պատասխանել գրավոր կերպով, նախքան ծանուցագրի ժամկետի սպառվելը, և բացատրել, թե ինչու չեք համաձայնում ծանուցագրի հետ։ Օրինակ, եթե ծանուցագիրն ասում է, որ ավելի շատ վարձավճար եք պարտք, քան փաստացի պարտք եք, կարող եք պատասխանել գրավոր կերպով՝ ասելով տանտիրոջը, որ նա ավելի շատ վարձավճար է պահանջում, քան իրական պարտքն է։
      2. Կարող եք ոչինչ չանել և սպասել՝ տեսնելու, թե արդյոք տանտերը շարունակում է և վտարման գործը դատարանին է ներկայացնում։ Սա կոչվում է «ապօրինի արգելքի» մասին գործ։ Ձեր տանտերը կարող է օրինական կերպով դատարանին ներկայացնել ապօրինի արգելքի մասին գործը ծանուցագրում նշված վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո։ Նաև շատ ռիսկային է վտարման մասին գրավոր ծանուցագրով հանդերձ ոչինչ չանել․ մենք իսկապես խորհուրդ ենք տալիս, որ դիմեք իրավաբանական խորհրդատվության՝ նախքան այս տարբերակին անցնելը։
  3. Առնչվող ռեսուրսներ
    1. Ծանուցագիրը ստանալու պատշաճ եղանակներ
    2. Տեղեկացեք ավելին Ձեր ունեցած ծանուցագրի տեսակի մասին
    3. Ծանուցագիրը ստանալուց հետո Ձեր տարբերակների մասին
    4. Որոշեք, թե արդյոք պաշտպանված եք Վարձակալների պաշտպանության մասին օրենքի շրջանակներում
    5. Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի (CA Attorney General) տեղեկագիրն իրավապահ մարմիններին․ Պաշտպանել վարձակալներին անօրինական արգելափակումներից և «ինքնօգնության այլ վտարումներից»

Բ. Ստացե՞լ եք դատական փաստաթղթերը (ապօրինի արգելք հանդիսանալու մասին դատական ծանուցագիր և բողոք)։

  1. Եթե Ձեզ փոխանցվել (հանձնվել) են վտարման մասին դատական թղթերը («ապօրինի արգելքի մասին դատական ծանուցագիր և բողոք»), ուշադիր կարդացեք փաստաթղթերը և հատկապես ուշադիր եղեք ամսաթվերին/վերջնաժամկետներին։ Պետք է արագ պատասխան ուղարկեք դատարանին։ Պատասխան ներկայացնելու համար դատական փաստաթղթերը ստանալուց հետո 5 դատական (աշխատանքային) օր ունեք։
  2. Դատարանին Ձեր ուղարկած գրությունը սովորաբար կոչվում է «պատասխան»։ Դա վտարման մասին Ձեր փաստարկները ներկայացնելու հնարավորությունն է և համառոտ պատմելու Ձեր ասելիքը, նախքան դատական գործին ընթացք տալը։ Շատ կարևոր է պատասխանը ներկայացնել 5 դատական օրվա վերջնաժամկետի ընթացքում, նույնիսկ եթե նախքան այդ չեք կարող իրավաբանական օգնություն գտնել, որը կօգնի Ձեզ այդ հարցում։
  3. Եթե պատասխանը չեք ուղարկում ժամանակին, Ձեր տանտերը կարող է դատարանին խնդրել պատասխանողի բացակայության պայմաններում ի օգուտ հայցվորի որոշում կայացնել անմիջապես 6-րդ դատական օրը։ Պատասխանողի բացակայությամբ կայացված դատական որոշումը նշանակում է, որ Ձեր տանտերն ավտոմատ կերպով շահում է գործը, իսկ Դուք բաց եք թողնում դատավորին Ձեր ասելիքն ասելու հնարավորությունը։ Պատասխանողի բացակայությամբ կայացված այս դատական որոշումը նշանակում է, որ իրավապահ մարմինները կարող են գալ, տրամադրել Ձեր ծանուցագիրը Ձեր տվյալ կացարանում մնալու վերջին օրը և ստիպել Ձեզ լքել այն վերջին օրը, նույնիսկ եթե չեք ավարտել Ձեր իրերի հավաքումը և գնալու տեղ չունեք։ Պատասխանողի բացակայությամբ կայացված դատական որոշումը նաև կարող է ընդգրկվել Ձեր վարկային հաշվետվությունում կամ այլ վարձակալների հաշվետվություններում, եթե ապագայում դիմեք նոր կացարանի համար։ Դեռևս հավելյալ ժամանակ խնդրելու որոշ տարբերակներ ունեք, որպեսզի վիճարկեք վտարումը կամ տեղափոխվելու համար լրացուցիչ ժամանակ ստանաք, սակայն դա կարճ ժամանակ է լինելու, և երաշխավորված չէ։ Խորհուրդ ենք տալիս իրավաբանական աջակցություն խնդրել հնարավորինս ՇՈՒՏ, եթե Ձեր դեմ ներկայացված պատասխանողի բացակայությամբ կայացված դատական որոշում է առկա։

Գ. Ես ստացել եմ վտարման մասին դատական փաստաթղթերը։ Ինչպե՞ս պետք է օգնություն ստանամ փաստաթղթերը լրացնելիս կամ իմ պատասխանն ուղարկելիս։

  1. Եթե օգնության կարիք ունեք, կարող եք կապվել դատարանի ինքնօգնության կենտրոնի հետ (https://selfhelp.courts.ca.gov/self-help/find-self-help)՝ ձևաթղթերը ստանալու նպատակով։ Նաև կարող եք կապվել Ձեր իրավաբանական ծառայությունների մատակարարի հետ (https://www.lawhelpca.org/find-legal-help?subtopic=evictions&topic=housing) խորհրդատվության նպատակով և տեսնել, թե արդյոք նա կկարողանա ներկայացնել Ձեր շահերը։
  2. Եթե ի վիճակի չեք գտնել որևէ մեկին, ով կօգնի Ձեզ փաստաթղթերը լրացնելու հարցում, կարող եք օգտվել կացարանային հարցերով զբաղվող փաստաբանների կողմից ստեղծված այս առցանց ռեսուրսից՝ օգնելու Ձեզ լրացնել փաստաթղթերը և ուղղորդել Ձեզ հաջորդ քայլերում փաստաթղթերը լրացնելուց հետո․ Վարձակալի իրավասության գործիքակազմ՝ https://tenantpowertoolkit.org.
  3. Եթե ցածր եկամուտ ստացող անձ եք կամ ընտանիք եք, կարող եք վճարի հրաժարում խնդրել, որպեսզի չվճարեք դատական գործընթացի վճարները։

Դ. Իմ հաշմանդամությունն ազդում է իմ կարողության վրա, որպեսզի ամբողջությամբ մասնակցեմ իմ վտարման գործին։ Ինչպե՞ս պետք է դատարանից խելամիտ հարմարեցում խնդրեմ։

  1. Դատարանից կարող եք խելամիտ հարմարեցում խնդրել ցանկացած ժամանակ՝ ապօրինի արգելքի մասին գործի ընթացքում (կամ որևէ իրավական գործի ժամանակ), որպեսզի դատական գործընթացից օգտվելու հավասար հնարավորություն ունենաք։ Ամեն դեպքում, խեմալիտ հարմարեցման մասին գործընթացը չի դադարեցնի վտարումը։
  2. Դատական կանոնների կամ ընթացակարգերի վերաբերյալ Ձեր փոփոխության մասին հարցումը պետք է առնչվի Ձեր հաշմանդամության հետ։ Տարածված դատական հարմարեցման հարցումների որոշ օրինակներ ներառում են․
    1. Ինչ-որ բան անելու լրացուցիչ ժամանակ
    2. սմանը պատրաստվելու լրացուցիչ ժամանակ
    3. Օժանդակ սարք, եթե խուլ եք կամ լսողության կամ տեսողության խնդիր ունեք
    4. Հեռահար ներկայություն, եթե COVID-19-ով վարակվելու բարձր ռիսկի տակ եք կամ ունեք շարժողական խնդիր, որը դժվարացնում է Ձեր՝ դատարան գալը։
  3. Եթե դատարանը լրացուցիչ տեղեկատվություն է խնդրում Ձեր հաշմանդամության վերաբերյալ, կամ հարմարեցման Ձեր հարցումը կատարվում է այլ կողմերի կամ դատարանում գտնվող այլ մարդկանց ներկայությամբ, կարող եք խնդրել, որպեսզի այդ մասին զրուցեք առանձին։
  4. Բազմաթիվ դատարաններ ունեն հարցման ձևաթղթեր և այդ հարցումները վերանայող անձը ADA-ի (հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենք) համակարգողն է։ Կալիֆոռնիայի դատարանի ձևաթուղթն այստեղ է՝ https://selfhelp.courts.ca.gov/jcc-form/MC-410։ MC-410 ձևաթղթի մասին տեղեկատվությունն այստեղ է՝ https://www.courts.ca.gov/documents/mc410info.pdf։ Այս ձևաթղթով դատարանին փոխանցված տեղեկատվությունը գաղտնի է և չի փոխանցվի Ձեր տանտիրոջը, եթե դատարանի ամսաթվի փոփոխություն չեք խնդրում։

Ե. Կալիֆոռնիայում ես դեռ պաշտպանվա՞ծ եմ վտարումից՝ COVID-19-ով պայմանավորված։

  1. Կալիֆոռնիայի վարձակալների մասով COVID-19-ի պաշտպանությունն ի սկզբանե ընդգրկում է իրավիճակներ, որտեղ վարձակալները չեն կարողացել վճարել վարձավճարը։ Այս պաշտպանության համար հատկացված ժամկետն ավարտվել է։ Ինչևէ, քանի որ տարբեր վայրեր ունեցել են տեղական պաշտպանության համար հատկացված տարբեր ժամկետներ, սա ազդում է այն փաստի վրա, թե Ձեր տանտերն ինչպես կարող է Ձեզանից վարձավճար պահանջել որոշակի ժամկետներում։ Եթե Ձեր տանտերը փորձում է վտարել Ձեզ ավելի հին վարձավճարի համար, ուշադիր կարդացեք ծանուցագիրը՝ հասկանալու, թե տանտերը վարձավճարի որ ամիսներն է նշել ծանուցագրում և դիմեք իրավաբանական օգնության։

Զ. Առնչվող ռեսուրսներ․

  1. DRC-ի հրատարակություն՝ Ինքնօգնության ուղեցույց վտարմանն առերեսվող վարձակալների համար (Self-Help Guide for Tenants Facing Eviction)
  2. DRC-ի հրատարակություն՝ Ինչպես պատասխամել վտարման հայցադիմումին
  3. Կալիֆոռնիայի դատարանի ինքնօգնության ուղեցույց ապօրինի արգելք հանդիսացող դատական փաստաթղթերի մասին
  4. Կալիֆոռնիայի դատարանի էջը հաշմանդամությամբ պայմանավորված հարմարեցումների մասին, որոնք հայցում եք դատարանում
  5. Գտնել իրավաբանական օգնություն

Վարձակալության աջակցություն

Ա. Կարո՞ղ եմ օգնություն ստանալ՝ վարձավճար վճարելով։

  1. Հին վարձավճարի կամ վարձավճարի պարքի համար
    1. Եթե նախորդ ամիսների համար ստացել եք վարձավճարով պայմանավորված վտարման մասին ծանուցագիր, պետք է կարողանաք օգնություն ստանալ տեղական վարձակալության աջակցության կազմակերպություններից։
    2. Նահանգում առկա են կազմակերպություններ, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրում վարձակալներին՝ ըստ տվյալ դեպքի։ Կապվեք 211 համարով Ձեր տարածքում առկա վարձակալության աջակցության ռեսուրսների համար։ https://www.211.org կամ զանգահարեք 211։
    3. Նկատի ունեցեք, որ Կալիֆոռնիայի ողջ նահանգում վարձակալության աջակցության ծրագիրը (ERAP) օգնում է վարձավճարի պարտքի հարցում, սակայն COVID-19-ով պայմանավորված դադարեցրել է դիմումների ընդունումը 2022 թվականի մարտի 31-ից սկսած։
  2. Առկա վարձավճարի/ընթացիկ վարձավճարի օգնության (սուբսիդիա) համար
    1. Եթե Ձեզ օգնություն է հարկավոր Ձեր ամսական վարձավճարը վճարելու համար, առկա են սահմանափակ ռեսուրսներ, որոնք կօգնեն Ձեզ մնալ Ձեր տանը։ Կարող եք կապվել 211 համարով՝ զանգահարելով կամ առցանց այցելելով՝ https://www.211.org կայքէջ, որպեսզի գտնեք տեղական կազմակերպություն։
    2. Մատչելի կացարանի մասին լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հաջորդ բաժին, որպեսզի տեղեկանաք երկարատև կացարանի ֆինանսական աջակցության տարբերակների վերաբերյալ։

Մատչելի կացարան, բաժին 8

Ինձ հարկավոր է մատչելի կացարան/անցեք Բաժին 8։

Ա. Ի՞նչ է «մատչելի կացարանը»։

  1. Մատչելի կացարանի բազմաթիվ տեսակներ կան։ Դրանք գործում են տարբեր կերպ և կառավարվում են տարբեր կառույցների կողմից։ Կախված գտնվելու վայրից և հասանելիությունից՝ գուցե կարիք լինի դիմել տարբեր ծրագրերի սպասման ցուցակներին, որպեսզի օգտվեք այս կացարանային ծրագրերից։ Ահա մատչելի կացարանների տարածված ծրագրերի որոշ օրինակներ․
    1. Բաժին 8․ «Բաժին 8-ը» սովորաբար վերաբերում է ցածր եկամուտ ունեցողների համար HUD-ի կողմից սուբսիդավորվող կացարանների մի քանի տեսակի ծրագրերին։ Շատերն այն կոչում են «Կացարանի ընտրության վաուչեր» («HCV, Housing Choice Voucher») ծրագրի «Բաժին 8», բայց սա ծրագրերից միայն մեկն է։
      1. HCV ծրագիրը թույլ է տալիս վարձակալներին վարձակալել շուկայական գներով կացարան և վարձավճարի համար վճարել իրենց եկամտից սահմանված տոկոսը (մոտավորապես 30%), իսկ պետությունը վճարում է մնացած մասը։ HCV ծրագրի շահառուներն իրենց կացարանային աջակցության հարցերով կարող են դիմել այլ քաղաքներում և նահանգներում։
      2. Նաև առկա է «Ծրագրի վրա հիմնված Բաժին 8», որտեղ բնակարանային միավորները սուբսիդավորվում են, սակայն վարձակալը չի կարող պահպանել աջակցությունը, եթե տեղափոխվի։ Ամեն դեպքում, նա պետք է կարողանա տեղափոխվել մեկ այլ սուբսիդավորվող կացարան։
    2. Հանրային կացարան․ Սա դաշնային մակարդակով սուբսիդավորվող կացարանային ծրագիր է՝ նախատեսված ցածր եկամուտ ունեցող անձանց համար։ Վարձավճարը հիմնված է ընտանիքի եկամտի վրա (մոտավորապես 30%)։ Սովորաբար, հանրային կացարանի վարձակալները կարող են միայն տեղափոխվել մեկ ուրիշ հանրային կացարան, եթե չկա բացառություն։
    3. Ցածր եկամտով անձանց կացարանային հարկի սուբսիդավորման (LIHTC, Low-Income Housing Tax Credit) կացարան։ Սա մատչելի կացարանի տարբերակ է նախատեսված ցածր եկամուտ ունեցող անձանց համար, որն առավելագույն վարձավճարի սահմանափակումներ ունի։ LIHTC կացարանի ընդհանուր վարձավճարի գումարը հիմնված չէ վարձակալի եկամտի վրա։ Բաժին 8-ի HCV-ներով վարձակալները կարող են վարձակալել LIHTC-ի կացարան։

Բ. Արդյոք ես իրավունք ունե՞մ օգտվել մատչելի կացարանից/Բաժին 8-ից։

  1. Ոչ, կացարանից, մատչելի կացարանից կամ Բաժին 8-ից օգտվելու որևէ իրավունք չկա։
    1. Մատչելի կացարանի կարիքը շատ բարձր է։ Բազմաթիվ սպասման ցուցակներ այս պահին փակ են դիմումների համար, և սպասման ցուցակները միայն ժամանակ առ ժամանակ են վերաբացվում նոր դիմումների համար, այն էլ կարճ ժամանակով։ Եթե Ձեզ պետք է մատչելի կացարան, պետք է դիմեք հատուկ ծրագրի, և դիմումներից շատերն ընդգրկված են սպասման ցուցակում։ Բազմաթիվ սպասման ցուցակներ երկար են, և մարդիկ երբեմն մինչև 10+ տարի են սպասում, որպեսզի մատչելի կացարան ստանան՝ կախված ծրագրից։

գ. Եթե ես կորցնեմ իմ կացարանը/վտարվեմ այնտեղից, կարո՞ղ եմ մատչելի կացարան ստանալ։

  1. Ոչ։ Մատչելի կացարանը հավանական կամ արագ լուծում չէ, եթե կորցնեք Ձեր կացարանը/վտարվեք։ Որոշ քաղաքներ և վարչաշրջաններ ունեն ծրագրեր, որոնք առաջնահերթություն են տալիս այն վարձակալներին, ովքեր ստանում են վտարման մասին ծանուցագրերի որոշակի տեսակներ, այն դեպքում, երբ վտարումը տեղի չի ունենում վարձակալի պատճառով («առանց մեղք», օրինակ՝ տան սեփականատերն է տեղափոխվում տվյալ կացարան կամ Ellis-ի մասին օրենքով կատարվող վտարում)։ Այս ծրագրերը տարբեր են՝ ըստ նահանգի և ունեն սպասման ցուցակներ։ Չկա որևէ երաշխիք, որ կստանաք մատչելի կացարան, նույնիսկ եթե վտարվեք և կացարանի փոխարինման շտապ կարիք ունենաք։
  2. Եթե վտարման գործը պարտվեք (նշանակում է, որ Ձեր անունով ունեք հանրային վտարման մասին որոշում), սա նաև կարող է ազդել Ձեր կարողության վրա նոր կացարան ստանալիս, այդ թվում ապագայում ստանալիք մատչելի կացարանի որոշակի տեսակների վրա։

դ. Որտեղի՞ց պետք է սկսեմ իմ որոնումը, եթե ինձ կացարան է հարկավոր։

  1. Որպես մեկնակետ՝ ցածր եկամուտ ունեցող անձինք/կացարան չունեցողները/կացարանից զրկվելու ռիսկի տակ գտնվողները կարող են կապվել իրենց տեղական համակարգված մուտքագրումների համակարգի հետ։
    1. Շարունակական խնամքով զբաղվողների հիմնական կոնտակտները (Հյուսիսային Կալիֆոռնիա)՝ https://www.hud.gov/states/california/homeless/continuumcare/ncalcoc
    2. Շարունակական խնամքով զբաղվողների հիմնական կոնտակտները (Հարավային Կալիֆոռնիա)՝ https://www.hud.gov/states/california/homeless/continuumcare/scalcoc

Ե. Առնչվող ռեսուրսներ:

  1. Սան Դիեգոյի Մատչելի կացարանների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ
  2. HUD-ի (Կացարաններ և քաղաքաշինություն) մատչելի կացարանի որոնում
  3. Ցածր եկամուտ ունեցողների կացարանների հարցերով ազգային կոալիցիայի փաստաբանական ուղեցույց
  4. Ազգային կացարանային օրենքի նախագծի ռեսուրս LIHTC-ի վերաբերյալ
  5. Shelterforce -ի հոդվածը LIHTC-ի վերաբերյալ

Խելամիտ հարմարեցում և խելամիտ ձևափոխություն

Իմ կացարանի առնչությամբ ունեմ հաշմանդամությանը վերաբերող մատչելի պայմանների խնդիր։ Ի՞նչ պետք է անեմ:

Ա. Խնդրել խեմալիտ հարմարեցում

  1. Խելամիտ հարմարեցումը կանոնների կամ ընթացակարգերի փոփոխություն կամ բացառություն է, որով հաշմանդամություն ունեցող անձին տրվում է իր տան բոլոր առանձնահատկություններից և առավելություններից լիարժեք օգտվելու հավասար հնարավորություն։
  2. Խելամիտ հարմարեցումների օրինակները ներառում են․
    1. Ավելի շատ ժամանակ ստանալ՝ շտկելու («վերացնելու») կացարանում վարձակալության խախտումը
    2. Վճարել վարձավճարն այլ եղանակով, օրինակ՝ փոստով, և ոչ անձամբ
    3. Ունենալ հուզական աջակցության կենդանի այնպիսի շինությունում, որն ունի ընտանի կենդանիների արգելքի քաղաքականություն։
  3. Արդյոք պե՞տք է վճարեմ խելամիտ հարմարեցման համար։
    1. Ձեր տանտերը չի կարող Ձեզանից գումար գանձել կամ հատուկ պայմաններ թելադրել խելամիտ հարմարեցման հարցում։

Բ. Խնդրել խելամիտ ձևափոխություն

  1. Խելամիտ ձևափոխությունը կացարանի կամ սեփականության ֆիզիկական կամ կառուցվածքային փոփոխություն է հաշմանդամություն ունեցող անձի համար, որպեսզի նա կարողանա լիարժեք օգտվել իր տան հարմարություններից։ Սա կարող է լինել Ձեր տան ներսում կամ սեփականության ընդհանուր/հանրային հատվածներում։
  2. Խելամիտ ձևափոխության օրինակները ներառում են թեքահարթակի կամ լոգասենյակում բռնակի տեղադրում։
  3. Արդյոք պե՞տք է վճարեմ խելամիտ ձևափոխության համար։
    1. Խելամիտ ձևափոխության համար կարևոր տարբերությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձը սովորաբար պատասխանատու է տվյալ ձևափոխությունը վճարելու հարցում։
    2. Եթե բնակվում եք մասնավոր կացարանում (այդ թվում վարձակալում եք մասնավոր տանտիրոջից՝ ունենալով Բաժին 8-ի վաուչեր), ապա պետք է վճարեք ձևափոխության համար։ Գուցե նաև ստիպված լինեք վճարել իրերը վերականգնելու համար՝ բերելով կացարանը նախկին վիճակին, եթե որոշեք տեղափոխվել այդտեղից։
    3. Ձեր կացարանային հարցերով մատակարարը գուցե ստիպված լինի վճարել ձևափոխության համար, եթե ապրում եք այնպիսի բնակարանում, որը ֆինանսավորում է ստանում անմիջապես դաշնային կառավարությունից։ Այս կանոնը վերաբերում է 1973 թվականի Հաշմանդամություն ունեցողների ռեաբիլիտացիայի մասին օրենքի 504-րդ բաժնին, որն ընդունված է ասել «բաժին 504»։
      1. Կացարանային հարցերով մատակարարները ստիպված ՉԵՆ վճարել որևէ ձևափոխության համար, եթե դա կառաջացնի «անհարկի ֆինանսական բեռ» կամ «ծրագրի հիմնարար փոփոխում»։
      2. Օրինակ, եթե ինչ-որ բան եք խնդրում, որը շատ թանկարժեք է, կամ մատկարարը ֆինանսապես չի կարող իրեն թույլ տալ (օրինակ վերելակ), նա կարող է օրինականորեն մերժել Ձեր խնդրանքը։ Նաև, եթե կացարանային հարցերով մատակարարի ծրագրից դուրս որևէ բան եք խնդրում (օրինակ լողավազանի տեղադրում ֆիզիոթերապիայի համար), նա կարող է օրինականորեն մերժել Ձեր խնդրանքը։
    4. Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է, և Ձեր կացարանային հարցերով մատակարարը պետք է զրուցի Ձեզ հետ Ձեր կարիքները բավարարող տարբերակների մասին, եթե նա չի կարող բավարարել Ձեր սկզբնական խնդրանքը։ Ձևափոխությունների հարցում համաձայնության գալը կարող է պահանջել քննարկումների, ստեղծարարության և փոխզիջման բազմաթիվ փուլեր։

4. Ի՞նչ անել, եթե չեմ կարող վճարել ինձ անհրաժեշտ խելամիտ ձևափոխությունների համար։

  1. Վճարման տարբերակներ
    1. Նախ կարող եք հարցնել Ձեր կացարանային հարցերով մատակարարին, թե արդյոք նա է վճարելու տվյալ ձևափոխության համար, որպեսզի հավասար հնարավորություն ունենաք օգտագործելու և վայելելու Ձեր տունը։ Նույնիսկ եթե Ձեզանից օրինական կերպով չի պահանջվում վճարել տվյալ ձևափոխության համար, գուցե նա ցանկանա այդպես անել։
    2. Եթե չեք կարող վճարել ամբողջ գումարը և չեք կարող սպասել գումար խնայելու համար, քանի որ տվյալ ձևափոխությունը Ձեզ հնարավորինս շուտ է հարկավոր, տարբերակներից մեկը խելամիտ հարմարեցում խնդրելն է, որի համար նախապես կվճարի Ձեր կացարանային հարցերով մատակարարը և հնարավորություն կտա Ձեզ ժամանակի ընթացքում հետ վճարել տվյալ ձևափոխության գումարը կացարանային հարցերով մատակարարին։ Ուղարկել սա Ձեր խելամիտ ձևափոխության խնդրանքի հետ միասին։
  2. Ձևափոխությունների համար վճարման այլընտրանքներ
    1. Դիմել կացարանի համար, որը ստանում է ուղիղ դաշնային ֆինանսավորում։ Ամեն դեպքում, տես վերոնշյալ (Մատչելի կացարան, Բաժին 8) տեղեկատվությունն այն մասին, թե ինչու սա հավանական արագ տարբերակ չէ՝ ելնելով մատչելի կացարանային ծրագրերի սահմանափակ հասանելիությունից։
    2. Փնտրել բնակարան, որն արդեն ունի հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված մատչելի պայմանների հնարավորություններ, որոնք Ձեզ անհրաժեշտ են և չունեն արգելքներ, որոնք պարտադիր են դարձնում խելամիտ ձևափոխությունը։ Եթե Ձեր սեփականությունում կան մատչելի պայմաններով կացարաններ, կարող եք խնդրել խելամիտ հարմարեցում, որպեսզի տեղափոխվեք մատչելի պայմաններով կացարան։
    3. Եթե որևէ այլ տեղ կարող եք վարձակալել կամ գտնել հաշմանդամություն ունեցողների համար մատչելի պայմաններով կացարան, դիտարկեք Ձեր վարձակալության խզումը՝ առանց տույժերի (եթե կիրառելի է), որպես խելամիտ հարմարեցում և միայն նոր տեղափոխվեք։
  3. Ինչպե՞ս պետք է խնդրեմ խելամիտ հարմարեցում կամ խելամիտ ձևափոխություն։
    1. Կարող եք հարցումը ներկայացնել բանավոր, գրավոր կամ ներկայացուցչի միջոցով։ Ձեր հարցման մեջ պարտադիր չէ, որ օգտագործեք «խելամիտ հարմարեցում» կամ «խելամիտ ձևափոխություն» տերմինները, բայց լավ կլինի, որ փորձեք օգտագործել այդ տերմինները, որպեսզի հստակեցնեք, որ Ձեր հաշմանդամությանն առնչվող որևէ բան եք խնդրում։ Նաև խորհուրդ ենք տալիս Ձեր հարցումը գրավոր կերպով կատարել, որպեսզի ունենաք Ձեր հարցման ապացույցը։
    2. Ձեր հարցումը պետք է առնչվի Ձեր հաշմանդամությանը։ Գուցե կարիք լինի տրամադրել Ձեր հաշմանդամության վերաբերյալ երրորդ կողմի հաստատում, և թե ինչ առնչություն ունի այն Ձեր հարցմանը։
    3. Ցանկացած պահի կարող եք խնդրել խելամիտ հարմարեցում կամ խելամիտ ձևափոխություն։
  4. Առնչվող ռեսուրսներ.
    1. DRC-ի հրատարակություն՝ Հաշմանդամությամբ պայմանավորված կացարանային խտրականություն․ Ձեր իրավունքները և ընտրանքները, այդ թվում նմուշ նամակները
    2. DRC-ի հրատարակությունը և տեսանյութը մեր խելամիտ կացարանային հարմարեցումների մասին
    3. DRC-ի հրատարակություն՝ Խելամիտ հարմարեցման և ձևափոխության խնդրանքները կացարանում․ հաստատում, այդ թվում նմուշ նամակները
    4. HUD-FHEO-ի տեղեկատվությունը RA-ի (խելամիտ հարմարեցում) և RM-ի (խելամիտ ձևափոխություն) մասին
    5. HUD-ի և DOJ-ի համատեղ հայտարարությունը․ խելամիտ ձևափոխություններ Արդար բնակարանաշինության մասին օրենքի շրջանակում
    6. HUD-ի FAQ-ը Բաժին 504-ում՝

Աջակցող կենդանիներ՝ հուզական աջակցություն և ծառայողական կենդանիներ

Ա. Ո՞րն է օգնական-կենդանին։

  1. Օգնական-կենդանին «կենդանի է, որն աշխատում, աջակցություն է տրամադրում կամ կատարում է առաջադրանքները՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձի, կամ որը տրամադրում է հուզական աջակցություն, որը մեղմացնում է հաշմանդամություն ունեցող անձի մեկ կամ մի քանի բացահայտված հետևանքները։ Օգնական-կենդանին տնային կենդանին չէ»։
  2. Ծառայողական կենդանիները և հուզական աջակցություն ապահովող կենդանիները երկուսն էլ «օգնական-կենդանու» տեսակներ են։

Բ. Ո՞րն է հուզական աջակցություն ապահովող կենդանու և ծառայողական կենդանու տարբերությունը։

  1. «Ծառայողական կենդանին» շուն կամ գաճաճ ձի է, որը վարժեցրած է հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատանք կամ առաջադրանքներ կատարելու նպատակով։ Սա կարող է լինել ֆիզիկական, զգայական, հոգեբուժական, մտավոր կամ այլ տեսակի հաշմանդամություն։
  2. Առաջադրանքների օրինակները, որոնք կարող են անել ծառայողական կենդանիները, կարող են ներառել իմպուլսիվ կամ կործանարար վարքագծի կանխարգելում կամ միջամտություն, հավասարակշռության աջակցության ապահովում, Ձեզ դեղամիջոցների տրամադրում կամ հանել Ձեզ վտանգավոր իրավիճակից, երբ չեք կարող ճիշտ կողմնորոշվել։
  3. Արդյոք պե՞տք է սահմանեմ, որ իմ շունը ծառայողական կենդանի է։
    1. Ոչ։ Պարտադիր չէ, որ Ձեր ծառայողական կենդանին կրի հատուկ պիտակ կամ հանդերձանք, եթե այդ պահին չի վերապատրաստվում։
  4. Կարո՞ղ եմ իմ ծառայողական կենդանուն տանել հանրային վայրեր։
    1. Այո։ Դուք իրավունք ունեք Ձեր ծառայողական կենդանուն բերել հանրային վայրեր։ Բայց չեք կարողանա հանրային վայրում Ձեզ հետ բերել Ձեր ծառայողական կենդանուն, եթե ծառայողական կենդանին.
      1. Անմիջական վտանգ է ներկայացնում այլոց
      2. Չի գտնվում Ձեր վերահսկողության ներքո (օրինակ՝ շնակապով կամ թոկով կապված), կամ
      3. Եթե ծառայողական կենդանու առկայությունը հիմնարար կերպով փոխում է ապրանքների, ծառայությունների բնույթը, կամ բիզնես ընկերության կամ պետական կառույցի կողմից տրամադրվող ծրագրերի էությունը։

գ. Ո՞րն է հուզական աջակցություն ապահովող կենդանին։

  1. «Զգացմունքային/հուզական աջակցություն ապահովող կենդանին» ցանկացած տեսակի կենդանի է, որը հեշտացնում է հաշմանդամություն ունեցող անձի հոգսերը` նրան հարմարավետություն և աջակցություն ապահովելու միջոցով:
  2. Կարո՞ղ եմ իմ հուզական աջակցության կենդանուն տանել հանրային վայրեր։
    1. Հուզական աջակցության կենդանուն հանրային վայրեր բերելու համար չկա որևէ իրավական պաշտպանություն։ Դուք չեք կարող հանրային վայր բերել Ձեր հուզական աջակցության կենդանուն, որը չի թույլատրում տնային կամ այլ կենդանիների մուտքը։ Դուք կարող եք Ձեր հուզական աջակցության կենդանուն բերել հանրային վայր, որը թույլատրում է տնային կամ այլ կենդանիների մուտքը։

դ. Ինչպե՞ս կազդի օգնական-կենդանի ունենալն իմ կացարանի հարցերի վրա։

  1. Դուք իրավունք ունեք կացարան (այդ թվում անօթևանների ապաստաններ) բերել Ձեր ծառայողական կենդանուն։ Ծառայողական կենդանին չի կարող ուղղակի սպառնալիք հանդիսանալ այլոց համար, պետք է լինի Ձեր վերահսկողության ներքո և չի կարող հիմնարար կերպով փոխել կացարանի բնույթը։
  2. Դուք իրավունք չունեք կացարան բերել Ձեր հուզական աջակցության կենդանուն (այդ թվում անօթևանների ապաստաններ), եթե հուզական աջակցության կենդանին չի հաստատվել որպես խելամիտ հարմարեցում։ Կարող եք խնդրել խելամիտ հարմարեցում, որպեսզի բերեք կամ պահեք Ձեր հուզական աջակցության կենդանուն, եթե դա անհրաժեշտ է Ձեր հաշմանդամության համար։

Ե. Առնչվող ռեսուրսներ:

  1. DRC-ի հրատարակություն՝ Աջակցող կենդանիները տան պայմաններում․ Ծառայողական կենդանիները և հուզական աջակցության կենդանիները, ներառյալ նամակի նմուշը
  2. ADA.gov Հաճախակի տրվող հարցեր ծառայողական կենդանիների և ADA-ի մասին
  3. Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների բաժին (CA Civil Rights Department)․ հուզական աջակցության կենդանիների և արդար բնակարանաշինության մասին օրենք

խնամողներ (տնային օգնականներ)

Ինձ հարկավոր է ինչ-որ մեկը, ով ինձ հետ կտեղափոխվի տվյալ կացարան, որպեսզի օգնի հոգ տանել իմ մասին՝ ելնելով իմ հաշմանդամություններից։ Որո՞նք են իմ իրավունքները։

Ա. Տանն ապրող խնամողը մասնավոր կացարանում

  1. Ստուգեք Ձեր վարձակալության պայմանագիրը, որպեսզի տեսնեք, թե արդյոք կան կանոններ, որոնք սահմանափակում են Ձեր բնակարանում ապրող անձանց քանակը (կոչվում է բնակարանային զբաղվածության սահմանաչափեր կամ ստանդարտներ)։ Այս կանոնները սովորաբար գործում են, որպեսզի խուսափեն գերբնակեցվածությունից և ոչ անվտանգ ապրելու պայմաններից։ Եթե Դուք կամ Ձեր տանն ապրող խնամողը չի կարող տեղավորվել Ձեր ներկայիս բնակարանում, Ձեզ նաև հարկավոր կլինի այս կանոնի բացառություն խնդրել կամ խնդրել, որ տեղափոխվեք ավելի մեծ բնակարան։
  2. Եթե Ձեր վարձակալած բնակարանում որևէ նոր անձի տեղափոխման սահմանափակումներ են առկա, կարող եք խնդրել տանն ապրող խնամողին՝ որպես Ձեր հաշմանդամության համար խելամիտ հարմարեցում։
  3. Ինչպես մյուս հարմարեցման հարցումների դեպքում, Ձեր կացարանային հարցերով մատակարարը կարող է հաստատել․ (1) Ձեր հաշմանդամության առկայությունը, եթե այդքան էլ ակնհայտ չէ, (2) հարմարեցման կարիքը, եթե այդքան էլ ակնհայտ չէ, և (3) որ խնամողը որակավորված է տրամադրել Ձեզ անհրաժեշտ աջակցող ծառայությունները։
    1. Ձեր կացարանային հարցերով մատակարարին նաև թույլատրվում է կենսագրական ստուգում իրականացնել, եթե դա սովորաբար արվում է նոր վարձակալների դեպքում։
    2. Եթե Ձեր ընտրած տանն ապրող խնամողը չի անցնում Ձեր կացարանային հարցերով մատակարարի ստուգումը, նա դեռ պետք է թույլ տա Ձեզ մեկ այլ անձի ընտրել, ով կտեղափոխվի Ձեզ հետ այդ բնակարան, բայց նաև կկարողանա նրա կենսագրական տվյալների ստուգում կատարել։ Եթե Ձեր կացարանային հարցերով մատակարարը ստուգում է այլ խնդիրներ, և սա խանգարում է Ձեզ տանն ապրող խնամողի գտնել, դիմեք իրավաբանական օգնության, որպեսզի լուծեք Ձեր իրավիճակը։
  4. Ձեր կացարանային հարցերով մատակարարը կարող է խնդրել Ձեզ թարմացնել Ձեր վարձակալության պայմանագիրը՝ ավելացնելու Ձեզ հետ տանն ապրող խնամողին որպես «բնակիչ», որ հստակ լինի, որ տվյալ անձը չունի վարձակալի իրավունքներ կամ պարտավորություններ, սակայն նրան թույլատրվում է ապրել այնտեղ, որպեսզի հոգ տանի Ձեր մասին։

Բ. Տանն ապրող խնամողը (կոչվում է նաև «տանն ապրող օգնական») դաշնային մակարդակով սուբսիդավորվող կացարանում (Օրինակ՝ հանրային կացարան և Բաժին 8)

  1. Մասնավոր կացարանի նման՝ կարող եք Ձեր բնակարանային հարցերով մատակարարից խնդրել տանն ապրող օգնական, եթե Ձեզ հարկավոր է որևէ մեկը, որ ապրի Ձեզ հետ՝ Ձեզ խնամելու նպատակով։ Սուբսիդավորվող կացարանային ծրագրերը սովորաբար ավելի սահմանափակ են ցանկացած պատճառով որևէ նոր անձ տվյալ բնակարան տեղափոխվելու հարցում, և վարձակալները պատասխանատու են ապահովել, որ նրանք պահպանեն ծրագրի կանոնները։
  2. Սուբսիդավորվող կացարանային ծրագրերից շատերն ունեն ձևաթղթեր, որով կարող եք խնդրել տանն ապրող օգնական և տրամադրել նրա տեղեկատվությունը։ Դրանք նույնպես կարող են ստուգվել, և կարիք կլինի, որ տրամադրեք երրորդ կողմի հաստատում, որ Ձեզ անհրաժեշտ է տանն ապրող օգնական, ով կտեղափոխվի Ձեզ մոտ և կօգնի Ձեզ։ Եթե ունեք Բաժին 8-ի վաուչերը, որ բնակարան վարձակալեք մասնավոր տանտիրոջից, Ձեզ հարկավոր կլինի խնդրանքն ուղարկել թե՛ տանտիրոջը, թե՛ բնակարանային հարցերով զբաղվող կառույցին։
  3. Դաշնային մակարդակով սուբսիդավորվող կացարանում տանն ապրող օգնականները չեն համարվում տան անդամներ։
    1. Նրանց եկամուտը հաշվի չի առնվում Ձեր վարձկալության հաշվարկներում։
    2. Տանն ապրող օգնականը չունի Ձեր բնակարանում մնալու իրավունք, եթե տեղափոխվեք, երկար ժամանակով գտնվեք հիվանդանոցում կամ մահանաք։ Տանն ապրող օգնականը հետագայում չի կարող ավելացվել Ձեր ընտանիքի անդամների թվին․ սա նշանակում է, որ չեք կարող փոխել նրա՝ տանն ապրող օգնականի կարգավիճակը և դարձնել նրան ընտանիքի անդամ։

գ. Առնչվող ռեսուրսներ:

  1. DRC-ի հրատարակություն՝ Կացարանային խտրականություն՝ ելնելով հաշմանդամությունից․ Ձեր իրավունքները և ընտրանքները, այդ թվում նամակի նմուշը
  2. DRC-ի հրատարակություն՝ Խելամիտ հարմարեցման և ձևափոխության խնդրանքները կացարանում․ Հաստատում, ներառյալ նմուշ նամակները

Խտրականություն կացարանի հարցում

Իմ կացարանի հարցում ես առերեսվել եմ հաշմանդամության խտրականության։ Ի՞նչ կարող եմ անել:

Ա. Ի՞նչ է խտրականությունը։

  1. Խտրականությունը կացարանային հարցերով մատակարարի կողմից դրսևորած անհավասար վերաբերմունք է՝ ելնելով անձի «պաշտպանված դասից»։ Սա նշանակում է, որ անօրինական է անձին այլ կերպ վերաբերվել՝ ելնելով որոշակի առանձնահատկություններից, օրինակ՝ հաշմանդամությունից։
  2. Ոչ ամեն անարդար կամ անհավասար պահվածքն է անօրինական։ Կալիֆոռնիայի և դաշնային օրենքը պաշտպանում են մարդկանց նրանց կացարանային հարցերով մատակարարի կողմից կիրառվող խտրականությունից՝ ելնելով հաշմանդամությունից, ռասայից, գույնից, ազգային պատկանելությունից, կրոնից, սեռից (այդ թվում սեռի ինքնություն և սեռական կողմնորոշում) և ընտանեկան կարգավիճակից։ Կալիֆոռնիայի օրենքը նաև պաշտպանում է մարդկանց կամայական խտրականությունից և խտրականությունից՝ ելնելով ներգաղթի կարգավիճակից, մայրենի լեզվից, տարիքից, ամուսնական կարգավիճակից, եկամտի աղբյուրից և զինվորական կարգավիճակից։
  3. Խտրականությունն արգելող օրենքները պաշտպանում են Ձեզ կացարանային հարցերով բոլոր մատակարարների կողմից կիրառվելիք խտրականությունից։ Կացարանային հարցերով մատակարարների թվում են գույքի սեփականատերերը, տանտերերի ասոցիացիաները, ռիելթորները, կացարանի պարտատերերը և գույքի կառավարիչները։
  4. Նաև ընդգրկված են կացարանի մի շարք տեսակներ, այդ թվում անկախ ապրուստի կացարան, ծերանոցներ և խնամքի տներ, խմբակային տներ, անկախ ապրուստի տներ, անօթևանների ապաստաններ, և, որոշ դեպքերում, բուժքույրական խնամքի մասնագիտացված հաստատություններ։

Բ. Ի՞նչ կարող եմ անել, եթե կացարանային հարցերով մատակարարը խտրականություն կիրառի իմ հանդեպ։

  1. Կարող եք խտրականության վերաբերյալ վարչական բողոք ներկայացնել։
    1. Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների վարչություն (CA CRD, California Civil Rights Department)
      1. CA CRD-ն (նախկինում կոչվում էր Արդար զբաղվածության և բնակարանաշինության վարչություն (DFEH, Department of Fair Employment and Housing)) նահանգային գործակալություն է, որը քննում է խտրականության վերաբերյալ բողոքները, որոնք առնչվում են կացարանային խտրականությանը՝ ըստ Կալիֆոռնիայի օրենքի։
      2. Առաջին քայլն է հավաքել տվյալ կացարանային հարցերով մատակարարի մասին նույնականացնող տեղեկություններ, լրացնել տրամադրված ձևաթուղթը և բացատրել պատահածը։ Առցանց ձևաթուղթն այստեղ է՝ https://calcivilrights.ca.gov/complaintprocess/?content=fileComplaint#fileComplaintBody։ Կարող եք նաև տպել ձևաթուղթը և փոստով ուղարկել այն կամ զանգահարել 800-884-1684 (ձայնային), 800-700-2320 (TTY) կամ Կալիֆոռնիայի զանգերի փոխանցման ծառայության 711 հեռախոսահամարով։
      3. CA CRD-ը կուսումնասիրի Ձեր ուղարկած տեղեկատվությունը և կորոշի, թե արդյոք պետք է քննության առնի Ձեր գործը։ Եթե այն ընդունի Ձեր գործը, CA CRD-ը կքննի, որպեսզի որոշի, թե արդյոք պետք է դատական հայց ներկայացնել կացարանային հարցերով մատակարարի դեմ։ Քննություն նշանակում է, որ ձեզանից լրացուցիչ տեղեկատվություն և փաստարկներ են պահանջվելու պատահածի վերաբերյալ՝ տեսնելու, թե արդյոք ըստ նրանց՝ Ձեր կացարանային հարցերով մատակարարը խախտել է օրենքը՝ խտրականություն կիրառելով Ձեր դեմ։
      4. Բողոքների ներկայացման գործընթացի մասին տեղեկատվությունը կարելի է գտնել CA CRD-ի կայքէջում՝ https://calcivilrights.ca.gov/wp-content/uploads/sites/32/2022/09/CRD-Non-Employment-Flowchart_ENG.pdf.
    2. ԱՄՆ-ի կացարանների և քաղաքաշինության վարչության (HUD-FHEO, Department of Housing and Urban Development) բողոք
      1. HUD-FHEO-ն դաշնային գործակալություն է, որը քննում է կացարանային խտրականությանն առնչվող բողոքները՝ համաձայն արդար բնակարանաշինության մասին դաշնային օրենքների։ HUD-FHEO-ն առնչվում է միայն դաշնային օրենքի, այլ ոչ թե Կալիֆոռնիայի օրենքի հետ։ Նրանք համագործակցում են CA CRD-ի հետ, և գործերը կարող են փոխանցել CA CRD-ին։
      2. Առաջին քայլը կացարանային հարցերով մատակարարի մասին նույնականացնող տեղեկատվություն հավաքելն է, իսկ հետո բողոք ներկայացնել HUD-FHEO-ին այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/online-complaint։ Կարող եք նաև բողոք ներկայացնել (800) 669-9777 հեռախոսահամարով, կամ կարող եք տպել բողոքի ձևաթուղթը և փոստով ուղարկել այն։
      3. Բողոքի գործընթացի մասին լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել HUD-FHEO-ի կայքէջում՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/complaint-process
    3. Կարո՞ղ եմ նույն հարցով բողոք ուղարկել թե՛ CA CRD-ին, թե՛ HUD-FHEO-ին։
      1. Ոչ։ Երկու գործակալությունները համագործակցում են միմյանց հետ և առանձին կերպով չեն քննելու նույն հարցին վերաբերող բողոքը։ Երկու գործակալություններն էլ ձգտում են մի քանի շաբաթից մինչև մի քանի ամսվա սպասման ժամանակ ունենալ, որպեսզի ուսումնասիրեն Ձեր տրամադրած տեղեկատվությունը/բողոքի ձևաթուղթը։
      2. Կարող եք ներկայացնել Ձեր կացարանային հարցերով բողոքը երկու գործակալությանն էլ, չնայած HUD-FHEO-ն ի վերջո փոխանցելու է Ձեր գործը CA CRD-ին՝ քննությունն ավարտելու նպատակով։
  2. Կարող եք դատի տալ Ձեր կացարանային հարցերով մատակարարին առանձին դատական հայցով կամ փոքր հայցապահանջների դատարանում։
    1. Ինչպե՞ս պետք է դատի տամ իմ գույքի տանտիրոջը։ Արդյոք նախ պե՞տք է խտրականության բողոք ներկայացնեմ պետական գործակալությանը (CA CRD-ին կամ HUD-FHEO-ին)։
      1. Եթե կացարանային հարցերով մատակարարը խտրականություն է կիրառում Ձեր դեմ՝ Ձեր հաշմանդամության պատճառով, կարող եք նրան դատի տալ դաշնային կամ նահանգային դատարանում։ Կարիք չկա, որ բողոք ներկայացնեք պետական գործակալությանը, դատի տալուց առաջ։
      2. Եթե Ձեր պահանջը 12500 դոլարի չափ է (Կալիֆոռնիայի փոքր հայցապահանջների սահմանաչափը 2024 թվականի դրությամբ) կամ ավելի քիչ, կարող եք դատի տալ փոքր հայցապահանջների դատարանում։ Փոքր հայցապահանջների գործընթացը քիչ ծախսատար է և սովորաբար ավելի արագ է ստացվում կարգավորման հասնել։ Կանոնները պարզ են և ոչ պաշտոնական, իսկ իրավաբաններին չի թույլատրվում մտնել փոքր հայցապահանջների դատարան, ուստի յուրաքանչյուր անձ ներկայացնում է ինքն իրեն։ Դուք կարող եք հայց ներկայացնել բիզնես ընկերության դեմ (և/կամ բիզնես ընկերության աշխատակցի դեմ)՝ դաշնային օրենքները խախտելու համար, ինչպիսք են ADA-ն կամ Արդար բնակարանաշինության մասին օրենքը կամ Կալիֆոռնիայի որևէ օրենք, որը Ձեզ պաշտպանում է խտրականությունից: Եթե Դուք դատական գործ եք հարուցել փոքր հայցապահանջների դատարանում, Դուք կարող եք միայն գումար պահանջել: Փոքր հայցապահանջների դատարանում չեք կարող դատական որոշում պահանջել (դատական կարգադրություն), որպեսզի ստիպեք, որ բիզնես ընկերությունը որևէ գործողություն կատարի կամ դադարեցնի որևէ գործողություն անելը։

գ. Առնչվող ռեսուրսներ:

  1. DRC-ի հրատարակություն՝ Կացարանային խտրականություն՝ ելնելով հաշմանդամությունից․ Ձեր իրավունքները և ընտրանքները, այդ թվում նամակի նմուշը
  2. Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների վարչության (CA Civil Rights Department) ամփոփաթերթ․ հանրային տեղեկատվության հասնելիության դեմ կիրառվող խտրականություն և քաղաքացիական իրավունքներ
  3. HUD-FHEO-ի վերնագիր VIII Բողոքների ընդունում, քննում և հաշտեցում
  4. DRC-ի հրատարակություն՝ Փոքր հայցապահանջների դատարանի ուղեցույց. Ինչպե՞ս դատական գործ հարուցել, եթե բիզնես ծավալող ընկերությունը կամ անշարժ գույքի սեփականատերը Ձեր հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորում Ձեր հաշմանդամության պատճառով

Հաղորդակցություն կացարան տրամադրող կառույցի և այլ կացարանային հարցերով մատակարարների հետ

Ա. Ի՞նչ է կացարանային հարցերով կառույցը։

  1. Կացարանային հարցերով կառույցը պետական տեղական գործակալություն է (սովորաբար տեղակայված է քաղաքում կամ վարչաշրջանում), որը կառավարում է սուբսիդավորվող կացարանային ծրագրերը։ Ամենատարածված ծրագրերն են «Բաժին 8-ի» վաուչերները և Հանրային կացարանները։ Կախված տարածքից, կարող են լինել մեկից ավելի Կացարանային հարցերով կառույցներ, և կարող են լինել այլ պետական կառույցներ, որոնք ղեկավարում են բնակարանային այլ ծրագրեր:

Բ. Ինչո՞ւ է կարևոր կապվել Կացարանային հարցերով կառույցի հետ։

  1. Եթե ունեք Կացարանային հարցերով կառույցի կամ մեկ այլ պետական գործակալության կողմից ղեկավարվող Բաժին 8-ի վաուչեր կամ կացարանային այլ աջակցություն, կարևոր է ծանուցագրերին պատասխանելը և համոզվել, որ հասկանում եք ծրագրային կանոնները։ Այս ծրագրերը Ձեզ համար ունեն հաշվետվողականության պահանջներ և վերասերտիֆիկացման պահանջներ, որպեսզի շարունակեք ստանալ կացարանային աջակցություն և մնաք այդ ծրագրում։ Եթե կորցնեք Ձեր կացարանային աջակցությունը, կարող եք կորցնել Ձեր կացարանը։
  2. Համոզվե՛ք, որ պաշտպանում եք ինքներդ Ձեզ։ Մարդկանց ամենատարածված խնդիրն այն է, որ նրանք որևէ բան են փոխանցել Կացարանային հարցերով կառույցին կամ թղթաբանություն են ուղարկել, և որևէ գրառում չկա այդ խոսակցության վերաբերյալ, կամ թղթաբանությունը կորել է։ Կարող եք ինքներդ Ձեզ պաշտպանել՝ պահելով Ձեր սեփական գրառումները, որպեսզի կարողանաք ապացուցել, որ հետևել եք կանոններին, եթե հետագայում դրա կարիքը լինի։

գ. Ինչպե՞ս պետք է շփվեմ իմ Կացարանային հարցերով կառույցի և/կամ իմ տանտիրոջ հետ։

  1. Գրավոր հաղորդակցությունը (նամակ, ֆաքս, էլփոստ, տեքստ) լավագույն տարբերակն է։ Եթե բանավոր եք շփվում, կարող եք հետևողական նամակ ուղարկել գրավոր տեսքով՝ հաստատելու Ձեր խոսացածը։
  2. Կարդացեք և պահեք բոլոր ծանուցագրերի և հաղորդակցությունների պատճենները։ Եթե ուղարկում եք տպագիր ձևաթուղթը կամ նամակ, պահեք դրանց պատճենները և ապացույցն այն մասին, թե երբ և ինչպես եք դրանք ուղարկել (օրինակ, եթե փոստով եք ուղարկում, օգտագործեք պատվիրված նամակի տարբերակը, եթե հնարավոր է)։ Եթե թղթաբանությունն անձամբ եք փոխանցում, խնդրեք, որ ամսաթվով ստացական տրամադրեն։
  3. Կարդացեք և համոզվեք, որ հասկանում եք փաստաթղթերի պարունակությունը, նախքան դրանք ստորագրելը։ Ճիշտ կլինի նախապես հարցեր տալ, քանի որ փաստաթուղթը ստորագրելուց հետո, դժվար կլինի հրաժարվել դրանից։
  4. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Ձեր մայրենի լեզվով և արդյունավետ կերպով։ Խնդրեք բանավոր թարգմանիչ, եթե կարիքն ունեք (նույնիսկ եթե մի քիչ խոսում եք անգլերեն կամ հանգիստ անգլերեն եք խոսում այլ հաստատություններում)։ Թարգմանված կամ մեծ տպագիր ձևաթղթերը նույնպես հասանելի կլինեն։ Եթե հարմարեցումների կարիք ունեք, ապա Կացարանային հարցերով կառույցի և/կամ Ձեր տանտիրոջ հետ Ձեր հաղորդակցությունում կարող եք հարմարեցումներ խնդրել։

դ. Իսկ ի՞նչ անել, եթե Կացարանային հարցերով կառույցը կամ իմ տանտերը վրեժխնդիր լինի իմ հանդեպ (պատժի ինձ՝ փորձելով վտարել ինձ, բարձրացնի իմ վարձավճարը, անջատի իմ կոմունալ ծառայությունները, սպառնա կամ անհանգստացնի ինձ) ինչ-որ բան հարցնելիս։

  1. Ըստ օրենքի՝ Դուք պաշտպանված եք վրեժխնդրությունից և իրավունք ունեք․
    1. Բողոքել տանտիրոջը կամ պետական գործակալությանը վարձակալած բնակարանում առկա խնդիրների համար։
    2. Խնդրել Ձեզ անհրաժեշտ վերանորոգումները։
    3. Խնդրել, որ պետական գործակալությունը զննի տվյալ բնակարանը։
    4. Ներկայացնել վարչական բողոք։
    5. Ներկայացնել հայցադիմում, ինքնուրույն կամ մասնավոր դատապաշտպանի հետ խորհրդակցելու միջոցով՝ ելնելով վարձակալական միավորի հետ ունեցած խնդիրներից։
  2. Վրեժխնդրությունից պաշտպանված լինելը նշանակում է, որ կկարողանաք վիճարկել վրեժխնդրությունը՝ որպես վտարման դեմ պաշտպանություն, կամ կկարողանաք դատի տալ կացարանային հարցերով մատակարարին Ձեզ պատճառած վրեժխնդրության համար։

Ե. Առնչվող ռեսուրսներ:

  1. DRC-ի հրատարակություն՝ 15 խորհուրդ ինքնապաշտպանների համար
  2. DRC-ի հրատարակություն՝ Վրեժխնդրություն տանտիրոջ կողմից

Ժամանակավոր տեղափոխում վերանորոգման համար

Իմ տանտերն ինձ ասել է, որ իմ կացարանը վերանորոգման կարիք ունի, և ես պետք է դուրս գամ այնտեղից, քանի դեռ վերանորոգումն ընթանալու է։

Ա. Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել ինքս ինձ, որպեսզի կարողանամ ետ վերադառնալ իմ կացարան։

  1. Հաղորդակցվել գրավոր կերպով (նամակ, ֆաքս, տեքստ)։
  2. Պահել ողջ հաղորդակցության արձանագրությունները (թե թղթային, թե թվային)։
  3. Մանրամասնորեն կարդալ բոլոր փաստաթղթերը, նախքան դրանք ստորագրելը։ Չստորագրել որևէ բան, որով համաձայնում եք լքել բնակարանը։
  4. Եթե ունեք տեղական վարձակալական վերահսկողություն, կարող են նաև լրացուցիչ պաշտպանություններ լինել։ Պետք է ստուգեք տեղական օրենքը՝ տեսնելու, թե արդյոք առկա է տեղական վարձակալական խորհուրդ կամ վարձակալների միություն։

Բ. Կարո՞ղ է իմ տանտերն ինձ վտարել, որովհետև նա վերանորոգման կարիք ունի։

  1. Հնարավոր է: Պետք է ստուգեք, թե արդյոք առկա են Ձեր տարածաշրջանում կիրառելի տեղական օրենքներ (քաղաք և/կամ վարչաշրջան) և Ձեր կացարանի համար կիրառելի կանոններ։
  2. Եթե Վարձակալների պաշտպանության մասին օրենքն է գործում, տանտերերին թույլատրվում է վտարել վարձակալներին, եթե տվյալ սեփականությունը «պետք է քանդվի կամ պետք է էականորեն վերափոխվի»։ 2024 թվականի ապրիլի 1-ից սկսած կան կոնկրետ կանոններ, որոնք պետք է պահպանեն տանտերերը, օրինակ՝ շինարության թույլտվություն ստանալը, նախքան «էական վերափոխման» համար վտարման ծանուցագիր տրամադրելը։ Եթե վտարման ծանուցագիր եք ստանում այս տեսակի վտարման համար, դիմեք իրավաբանական օգնության՝ ծանուցագիրն ուսումնասիրելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով։

գ. Արդյոք ես ժամանակավոր վերաբնակեցման աջակցության իրավունք ունե՞մ։

  1. Հնարավոր է: Վերաբնակեցման աջակցությունը հասանելի է միայն որոշ դեպքերում։ Պետք է ստուգեք Ձեր վարձակալության պայմանագիրը և տեսնեք, թե արդյոք առկա են Ձեր տարածաշրջանի համար կիրառելի տեղական օրենքներ (քաղաք և/կամ վարչաշրջան)։ Վարձակալության վերահսկողության մի շարք տեղական օրենքներ նույնպես ներառում են վարձակալների ժամանակավոր վերաբնակեցման աջակցության վերաբերյալ կանոններ։ Որոշ սուբսիդավորվող կացարանային ծրագրեր նույնպես ունեն ժամանակավոր վերաբնակեցման աջակցության վերաբերյալ կանոններ։
  2. Եթե դատարանը պատվիրել է, որ Ձեր տանտերը վերանորոգումներ կատարի, Դուք իրավունք ունեք ստանալ ժամանակավոր վերաբնակեցման աջակցություն։

դ. Իսկ ի՞նչ անել, եթե իմ տանտերը չի վճարում ինձ օրինականորեն պահանջվող վերաբնակեցման աջակցությունը։

  1. Գուցե ստիպված լինեք դատի տալ տանտիրոջը դատարանում կամ բողոք ներկայացնել Ձեր վարձակալության տեղական խորհրդին, որպեսզի կիրարկեք օրենքը և ստանաք Ձեր վերաբնակեցման աջակցությունը կամ այլ փոխհատուցվող ծախսեր։

Ե. Առնչվող ռեսուրսներ․

  1. DRC-ի հրատարակություն՝ 15 խորհուրդ ինքնապաշտպանների համար

Վարձավճարի պահում

Ա. Ի՞նչ է վարձավճարի պահումը։

  1. Վարձավճարը պահվում է այն դեպքում, երբ վարձակալը դադարում է վարձավճարը վճարել կամ վճարում է մասնակի վարձավճար՝ որպես տանտիրոջ ձախողման բողոք կամ հրաժարում՝ լուծել շենքի պահպանման լուրջ խնդիրները, օրինակ, երբ ջեռուցումը կամ ջուրը չեն աշխատում:
  2. Օրենքի շրջանակում առկա են կոնկրետ կանոններ, երբ վարձակալին օրինականորեն թույլատրվում է պահել վարձավճարը։

Բ. Ե՞րբ կարող է վարձակալը պահել վարձավճարը։

  1. Կալիֆոռնիայում վարձավճար պահելը ռիսկային մարտավարություն է և կարող է Ձեզ վտարման ռիսկի տակ դնել։ Բաժին 8-ի վաուչեր ունեցողների համար վարձավճարի պահումը կարող է վտանգել Ձեր վաուչերը, և ի վերջո կորցնեք այն։ Մենք իսկապես խորհուրդ ենք տալիս ցանկացած անձի, ով դիտարկում է պահել վարձավճարը, նախ խորհրդակցել որևէ փաստաբանի կամ կացարանային հարցերով պաշտպանի հետ` նախքան վարձավճարի պահում կատարելը։
  2. Պետք է ծանուցեք Ձեր տանտիրոջը` նախքան վարձավճարի պահում սկսելը, որ մտադիր եք պահել վարձավճարը, որպեսզի նա շտկի առկա խնդիրները խելամիտ ժամկետի ընթացքում (սովորաբար 30 օրվա ընթացքում)։ Ահա նամակի նմուշը՝ https://www.nolo.com/legal-encyclopedia/sample-letter-landlord-you-intend-withhold-the-rent.html
  3. Կարող եք ինքներդ վճարել վերանորոգման համար՝ օգտագործելով մինչև մեկ ամսվա վարձավճարի գումարը։
  4. Ձեր տունը ոչ բնակելի դարձնող պայմանները չպետք է լինեն Ձեր մեղքը։

գ. Պե՞տք է պահեմ վարձավճարը։

  1. Վարձավճարի պահումը շատ ռիսկային է և վտարման ռիսկ է պարունակում։ Նույնիսկ եթե հետևում եք վարձավճարը պահելու կանոններին, Ձեր տանտերը միևնույն է կարող է փորձել վտարել Ձեզ վարձավճարը չվճարելու համար, և չկա որևէ երաշխիք, որ կշահեք այն, եթե դատական գործ հարուցեք։ Հիշեք, եթե պարտվեք վտարման գործը, այն կարող է Ձեր վարկային պատմության մեջ արտացոլվել յոթ տարի շարունակ։
  2. Որպես վարձավճարը պահելու այլընտրանք կան բնակելիության հարցերին վերաբերող այլ տարբերակներ, օրինակ՝ բողոքելով Ձեր տեղական իրավապահ մարմիններին կամ դատի տալով Ձեր տանտիրոջը։

դ. Առնչվող ռեսուրսներ․

  1. Կացարանային և տնտեսական իրավունքների հարցերով փաստաբանների՝ վարձակալների օրինական իրավունքների մասին տեղեկատվական էջ
  2. Կալիֆոռնիայի վարձակալների ուղեցույց Անշարժ գույքի վարչությունից (Department of Real Estate) (էջ 55-57)