Կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները

Publications
#F108.10

Կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները

Այս տեղեկատվական թերթիկը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ զերծ մնալու հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից բնակարաններում՝ համաձայն դաշնային և Կալիֆորնիայի օրենքների:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Բովանդակություն

Ներածություն

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կացարանի հարցում խտրականությունն անօրինական է։ Տարբեր բաներ կարող են համարվել խտրականություն կացարանի հարցում։ Ահա կացարանի հարցում խտրականության մի քանի օրինակ․

  • Արժանացում խտրական վերաբերմունքի հաշմանդամության պատճառով
  • Ֆիզիկական խոչընդոտներ, որոնք արգելափակում կամ խոչընդոտում են մուտքը
  • Հալածանք
  • Հետապնդում
  • Խտրական պնդումներ
  • Անհրաժեշտ ակնկալիքների կամ փոփոխությունների չտրամադրում («ողջամիտ հարմարեցումներ և ձևափոխություններ»)։

Հարմարեցումների և ձևափոխությունների տարբերությունը

Ողջամիտ հարմարեցումները կանոնների, ընթացակարգերի, ծառայությունների կամ քաղաքականությունների բացառություններն են։ Ողջամիտ ձևափոխությունները շենքերի, շինությունների կամ տարածքների ֆիզիկական փոփոխություններն են։ Հարմարեցումները և ձևափոխությունները ողջամիտ են, եթե․

  1. Անհրաժեշտ են՝ հաշմանդամություն ունեցող անձին կացարանից օգտվելու և այն վայելելու հավասար հնարավորություն ընձեռելու համար,
  2. Հիմնովին չեն փոխում տրամադրվող կացարանի կամ այլ ծառայությունների բնույթը,
  3. Անհարկի բեռ չեն ստեղծում կացարան տրամադրողի համար,
  4. Անմիջականորեն չեն վտանգում ուրիշների առողջությունը կամ անվտանգությունը կամ ուրիշների սեփականությանը զգալի ֆիզիկական վնաս չեն հասցնում։

Երբ դիմումատուն ապացուցում է, որ հարմարեցումը և (կամ) ձևափոխությունն անհրաժեշտ է (վերոնշյալ կետ 1), դիմումն ստացող կացարան տրամադրողը կարող է մերժել դիմումը միայն վերոնշյալ կետեր 2-ի, 3-ի կամ 4-ի հիմքով։

ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի («HUD», դաշնային մարմին, որը լիազորված է կիրառելու առանց խտրականության կացարանով ապահովման մասին օրենքները) լրացուցիչ տեղեկությունները տե՛ս այստեղ․ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/reasonable_accommodations_and_modifications

Ինչպես ներկայացնել ողջամիտ հարմարեցում խնդրելու դիմում

Ողջամիտ հարմարեցում կամ ողջամիտ ձևափոխություն ստանալու համար պետք է դիմեք։ Թեև գրավոր դիմելը և «ողջամիտ հարմարեցում» կամ «ողջամիտ ձևափոխություն» բառերն օգտագործելը պարտադիր չեն, սակայն լավ կլինի երկուսն էլ անել։ Դա ավելի կհստակեցնի այն, ինչի համար դիմում եք, և փաստաթուղթը գուցե պետք լինի հետագայում՝ ապացուցելու, որ դիմել եք այդ փոփոխության համար։ Ձեր դիմումն էլ․ փոստով ուղարկելը փաստաթուղթը հետագայի համար պահելու ավելի հեշտ միջոց է, բայց եթե նախընտրում եք ուղարկել այն սովորական փոստով, ձեր դիմումի պատճենն անպայման պահեք ձեզ մոտ։

Ողջամիտ հարմարեցման կամ ձևափոխության դիմում ներկայացնելու համար պարտադիր պետք է նշել փոփոխության և անձի հաշմանդամության միջև կապը։ Օրինակ՝ չեք կարող պարզապես ողջամիտ հարմարեցում խնդրել՝ նշելով հետևյալը․ «Ես հաշմանդամություն ունեցող անձ եմ և ցանկանում եմ, որ վարձավճարս ամսի 7-ի փոխարեն ամսի 1-ին վճարվի»։ Դուք պետք է փոքր-ինչ մանրամասն տեղեկություններ տրամադրեք։ Փոխարենը ավելի օգտակար և հստակ կլինի նշել հետևյալը․ «քանի որ հաշմանդամությանս հետ կապված եկամուտս ստանում եմ ամսի 6-ից հետո, վարձավճարը չեմ կարողանում ամսի 1-ին վճարել, ուստի խնդրում եմ ամսի 7-ին վճարման կանոնում բացառություն անել»։ Ստորև կացարան տրամադրողներին ներկայացվող դիմումների նմուշն է։

Նմուշային նամակ կացարան տրամադրողին՝ ողջամիտ հարմարեցում(ներ) կամ ձևափոխություն(ներ) կատարելու խնդրանքով

[Ամսաթիվ]

[Տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի ամբողջական անունը]

[Տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի էլ. փոստի հասցեն կամ ֆիզիկական հասցեն]

 

Հարգելի [տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի անունը, ազգանունը],

Ես ապրում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունում/դիմում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունը վարձակալելու համար։ Ես գրում եմ Ձեզ իմ հաշմանդամության համար ողջամիտ հարմարեցումներ/ձևափոխություններ խնդրելու նպատակով․

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Այս խնդրանքը կապված է իմ հաշմանդամության հետ, քանի որ․

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ] այս հարմարեցումները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության պատճառով: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այդ տեղեկանքը։

Դաշնային և նահանգային օրենսդրությամբ պահանջվում է, որ կացարան տրամադրողը հաշմանդամություն ունեցող վարձակալներին/բնակիչներին և վարձակալման դիմումատուներին ողջամիտ հարմարեցում տրամադրի:

Խնդրում եմ այս դիմումին գրավոր պատասխանեք մինչև [ամսաթիվ]։ Խնդրում եմ հասկացեք, որ ողջամիտ հարմարեցում խնդրելու դիմումին չպատասխանելը, պատասխանի անհարկի ուշացումը կամ ողջամիտ հարմարեցման դիմումը անօրինական ձևով մերժելը նշանակում է խտրականություն հաշմանդամության հիմքով։ Տե՛ս Cal. Code Regs. tit. 2, § 12177(e). Ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ [ձեր էլ.փոստի հասցեն/հեռախոսահամարը]։ Շնորհակալություն այս դիմումին ուշադրություն դարձնելու համար։

 

Հարգանքով,

[Ձեր անունը]

[Ձեր հասցեն]

___________________________________________________________

 

Կացարան տրամադրողներն իրենց բնակիչներից կարող են հաստատող նամակ պահանջել այն դեպքում, երբ կացարանի բնակիչը ողջամիտ հարմարեցում կամ ողջամիտ ձևափոխություն է խնդրում, և հարմարեցման կամ ձևափոխության կարիքն ակնհայտ չէ։ Հաստատող նամակը հաստատում է, որ հաշմանդամություն ունեցող անձը հաշմանդամության հետ կապված փոփոխության կարիք ունի, որը տվյալ անձը խնդրում է կատարել կացարանի կանոններում, ընթացակարգերում, ծառայություններում կամ ֆիզիկական կառույցներում։ Ստորև ներկայացված է բժշկական հաստատման նամակների նմուշ։

Բուժաշխատողի կողմից տրամադրվող հաստատման նամակի նմուշ

[Ամսաթիվ]

Ում՝ [տանտեր, կացարանի պատասխանատու և համատիրություն]․

 

Ես հանդիսանում եմ [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին։ [Բուժառուի անունը, ազգանունը] ունի հաշմանդամություն, որն առաջացնում է որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ։ Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնց համար պահանջվում է դիմումում նշված հարմարեցումը]․

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

[Պահանջվող հարմարեցումը] անհրաժեշտ է [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ին համայնքում ապրելու և իր բնակավայրից օգտվելու, այն վայելելու համար, քանի որ [նկարագրել, թե հարմարեցումն ինչպես է օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին [թվարկել սահմանափակումները, որոնց համար պահանջվում է հայցվող հարմարեցումը]․

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Շնորհակալություն [բուժառուի/շահառուի անուն, ազգանուն]-ին այս ողջամիտ հարմարեցումը տրամադրելու համար։

 

Հարգանքով,

[Անուն, ազգանուն և պաշտոն]

Ձեր իրավունքների կատարումը․ բողոքներ և դատական հայցեր

Եթե տանտերը, համատիրությունը կամ կացարան տրամադրողը հրաժարվում է ողջամիտ հարմարեցում կամ ձևափոխություն տրամադրել կամ այլ կերպ խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ, ձեր իրավունքների կատարումն ապահովելու համար պետք է վարչական բողոք կամ դատական հայց ներկայացնեք։ Այս տարբերակները կարող են երկար ժամանակ պահանջել։

Վարչական բողոքները

Խտրականության ամենավերջին դեպքի ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում կարող եք վարչական բողոք ներկայացնել Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպարտամենտին (CRD) (նախկինում՝ Աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման դեպարտամենտ (DFEH))։ CRD-ին բողոք ներկայացնելու գործընթացի նկարագրությունը և բողոք ներկայացնելու կարգը կարելի է գտնել այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/complaintprocess/#:~:text=800%2D884%2D1684,-contact.center%40dfeh կարող եք ուսումնասիրել նաև բողոքի ներկայացման CRD-ի գծապատկերն այստեղ՝https://calcivilrights.ca.gov/wp-content/uploads/sites/32/2022/09/CRD-Non-Employment-Flowchart_ENG.pdf։ Բողոքի ներկայացման գործընթաց կարող եք սկսել նաև՝ զանգահարելով (800) 884-1684 (ձայնային) կամ (800) 700-2320 (հեռատիպ) համարներով։

Եթե CRD-ի որոշումը ձեր օգտին չէ, այն կարելի է բողոքարկել CRD-ի տնօրենին՝ որոշման ամսաթվից հետո 10 օրվա ընթացքում։1

Եթե CRD-ի հետ աշխատելու համար ձեզ հարմարեցում է անհրաժեշտ, դիմեք CRD-ի ADA-ի հարցերով համակարգողին։ Նրանց մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/adacoordinator/

Կարող եք խտրականության դեպքից հետո մեկ տարվա ընթացքում ներկայացնել վարչական բողոք ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի Առանց խտրականության կացարանի տրամադրման և հավասար հնարավորության ապահովման գրասենյակին (անգլ. U.S. Department of Housing and Urban Development’s Office of Fair Housing and Equal Opportunity, HUD-FHEO))2։ HUD-FHEO-ին բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ 1-800-669-9777 հեռախոսահամարով կամ HUD-ի կայքում՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/online-complaint Բողոքի ներկայացման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/complaint-process

Մասնավոր դատական հայցերը

Ձեր իրավունքների կատարումը կարող եք ապահովել՝ դաշնային կամ նահանգային դատարանին ներկայացնելով քաղաքացիական դատական հայց։ Փաստաբան ունենալու կարիք չկա, և դուք իրավունք ունեք պաշտպանելու ինքներդ ձեզ, եթե չեք կարողանում օգնություն ստանալ կամ գտնել փաստաբան, որը կներկայացնի ձեզ։ Նկատի ունեցեք, որ գործում են ժամկետային սահմանափակումներ («վաղեմության ժամկետներ»), որոնք սահմանափակում են դատարանին բողոքներ ներկայացնելու ժամանակը, և կարող եք ավտոմատ կերպով կորցնել հնարավորությունը, եթե այդ ժամկետում չհասցնեք ներկայացնել դատական հայցը։ Այդ վերջնաժամկետները կարող են լինել մինչև երկու տարի՝ սկսած խտրականության կիրառման օրվանից։ Եթե հետաքրքրված եք դատական հայց ներկայացնելով, կարող եք հնարավորինս շուտ խորհրդակցել փաստաբանի հետ՝ խորհուրդ ստանալու, ձեր տարբերակներն ուսումնասիրելու և ներկայացման հավանականությունը պարզելու համար։ Դուք պատասխանատու եք ձեր դատական հայցի ներկայացման հետ կապված վճարների վճարման համար, բայց գուցե վճարումից ազատման իրավունակություն ունենաք, եթե ի վիճակի չեք վճարելու հայցի ներկայացման վճարները։

Փոքր հայցապահանջերը

Եթե ձգտում եք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 12 500 ԱՄՆ դոլարի չափով, կարող եք խտրականության դեպքի համար բողոք ներկայացնել փոքր հայցեր քննող դատարանին։ Փոքր հայցեր քննող դատարանի հայցերը պետք է ներկայացվեն նախքան ժամկետային սահմանափակումների («վաղեմության ժամկետներ») լրանալը, և կա հայցի ներկայացման վճար, եթե ազատված չեք վճարից։ Փոքր հայցեր քննող դատարանի գործերի վերաբերյալ կարող եք խորհրդակցել փաստաբանի հետ, սակայն փաստաբանը չի կարող ներկայացնել ձեզ փոքր հայցեր քննող դատարանում։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս. Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն, «Ուղեցույց փոքր հայցեր քննող դատարանի վերաբերյալ. ինչպես հայցով դիմել դատարան, եթե բիզնեսը կամ տանտերը խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ ձեր հաշմանդամության հիմքով՝ https://www.disabilityrightsca.org/system/files?file=file-attachments/520601_0.pdf

Իրավական մեջբերումներ և լրացուցիչ տեղեկություններ

Հաշմանդամություն ունեցող վարձակալների և դիմումատուների նկատմամբ կացարանով ապահովման հարցերում խտրականությունն արգելվում է Առանց խտրականության կացարանի փոփոխությունների մասին դաշնային օրենքի3 և 1973 թ. Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ի համաձայն։4 Նշված խտրականությունն արգելվում է նաև Կալիֆոռնիայի Աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման մասին օրենքով5 և Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքով։6 Այս օրենքները կիրառվում են կացարան տրամադրողների, այդ թվում՝ տանտերերի, համատիրությունների ասոցիացիաների, անշարժ գույքի գործակալների, վարկով տրամադրված կացարանների և երկարաժամկետ տրամադրվող կացարանների սեփականատերերի ու կառավարիչների, այդ թվում՝ խնամքի կենտրոնների, խմբային տների, անկախ ապրելակերպի տների, անօթևանների կացարանների և որոշ դեպքերում՝ բուժքույրական խնամքի կենտրոնների համար։

Հաշմանդամության հիմքով կացարանի տրամադրման խտրականության մասին մանրամասն տեղեկությունների և որպես վարձակալ կամ կացարանի դիմումատու ողջամիտ հարմարեցումներ և ձևափոխություններ պահանջելու կարգին ծանոթանալու համար տե՛ս․

  • Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը՝ Առանց խտրականության կացարանով ապահովման մասին օրենքով սահմանվող ողջամիտ հարմարեցումների մասին https://www.justice.gov/crt/us-department-housing-and-urban-development
  • Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը՝ Առանց խտրականության կացարանով ապահովման մասին օրենքով սահմանվող ողջամիտ ձևափոխությունների մասին https://www.hud.gov/sites/documents/DOC_7502.PDF
  • Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը՝ Առանց խտրականության կացարանով ապահովման մասին օրենքով սահմանվող բազմաբնակարան շենքերում հասանելիության (նախագծում և կառուցում) պահանջների մասին https://www.hud.gov/sites/documents/JOINTSTATEMENT.PDF