Կացարան ապահովող մարմիններ, Բաժին 8-ով նախատեսվող վաուչերներ և կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները

Publications
#7141.10

Կացարան ապահովող մարմիններ, Բաժին 8-ով նախատեսվող վաուչերներ և կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները

Այս տեղեկատվական թերթիկը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ զերծ մնալու հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից պետական ​​մարմինների և որոշ ձեռնարկությունների կողմից: Այս տեղեկատվական թերթիկի նպատակն է տրամադրել Բնակարանային մարմնին հատուկ տեղեկատվություն և օրինակներ: Ողջամիտ կացարանների և փոփոխությունների մասին ավելի ընդհանուր տեղեկությունների համար տե՛ս մեր «Կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները» հրապարակումը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Բովանդակություն

Ներածություն

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պետական գերատեսչությունների և որոշակի բիզնեսների կողմից կիրառվող խտրականությունն անօրինական է։ Սա վերաբերում է հանրային կացարան ապահովող մարմինների կողմից կիրառվող խտրականությանը, որոնք վարում են/կառավարում են կացարանով ապահովման ծրագրերը, օրինակ՝ Հանրային կացարանով ապահովումը և Բաժին 8-ով նախատեսվող վաուչերները։ Խտրականություն կարող են համարվել տարբեր գործողությունները կամ գործողություն չկատարելը։ Ահա հաշմանդամության խտրականության մի քանի օրինակ․

  • Կացարան ապահովող մարմինը այլ կերպ է վերաբերվում ինչ-որ մեկին կամ հրաժարվում է աշխատել ինչ-որ մեկի հետ նրա հաշմանդամության պատճառով։ Օրինակ՝ կացարան ապահովող մարմնի աշխատակիցը կարող է մերժել անձին, քանի որ վերջինիս հաղորդակցման համար ունի ամերիկյան ժեստերի լեզվի սուրդոթարգմանչի կարիք, և աշխատակիցը չի փորձում գտնել սուրդոթարգմանիչ։
  • Ֆիզիկական խոչընդոտներ, որոնք արգելափակում կամ խոչընդոտում են մուտքը
  • Հալածանք
  • Հետապնդում
  • Խտրական պնդումներ
  • Անհրաժեշտ ակնկալիքների կամ փոփոխությունների չտրամադրում («ողջամիտ հարմարեցումներ և ձևափոխություններ»)։

Ողջամիտ հարմարեցումների և ողջամիտ ձևափոխությունների տարբերությունը

Ողջամիտ հարմարեցումները («ՈՀ») կանոնների, ընթացակարգերի, ծառայությունների կամ քաղաքականությունների բացառություններն են։ Ողջամիտ ձևափոխությունները («ՈՁ») շենքերի, շինությունների կամ տարածքների ֆիզիկական փոփոխություններն են։ Հարմարեցումները և ձևափոխությունները համարվում են ողջամիտ, եթե․

  1. Անհրաժեշտ են՝ հաշմանդամություն ունեցող անձին կացարանից օգտվելու և այն վայելելու հավասար հնարավորություն ընձեռելու համար,
  2. Հիմնովին չեն փոխում տրամադրվող կացարանի կամ այլ ծառայությունների բնույթը,
  3. Անհարկի բեռ չեն ստեղծում կացարան տրամադրողի համար,
  4. Անմիջականորեն չեն վտանգում ուրիշների առողջությունը կամ անվտանգությունը կամ ուրիշների սեփականությանը զգալի ֆիզիկական վնաս չեն հասցնում։

Երբ դիմումատուն ապացուցում է, որ հարմարեցումը և (կամ) ձևափոխությունն անհրաժեշտ է (վերոնշյալ կետ 1), դիմումն ստացող կացարան տրամադրողը կարող է մերժել դիմումը միայն վերոնշյալ կետեր 2-ի, 3-ի կամ 4-ի հիմքով։

ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի («HUD», դաշնային մարմին, որը լիազորված է կիրառելու առանց խտրականության կացարանով ապահովման մասին օրենքները) մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ․ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/reasonable_accommodations_and_modifications

Ողջամիտ հարմարցման դիմումների օրինակներ

Կացարան ապահովող մարմինները պետք է տրամադրեն ողջամիտ հարմարեցումներ, երբ հաշմանդամություն ունեցող անձի համար անհրաժեշտ է ապահովել հավասար հասանելիություն իրենց կողմից վարվող ծրագրերից ցանկացածին, այդ թվում՝ Բաժին 8-ով նախատեսվող ծրագրերին։ Առանձին հարմարեցումը կարող է տարբեր լինել՝ կախված անձից և իրավիճակից, ինչպես նաև ստեղծարար մոտեցում ցուցաբերելու հնարավորությունից։ Այս օրինակները որոշ հնարավորություններ են ներկայացնում․

  • Վճարման ավելի բարձր ստանդարտներ – Վճարման ստանդարտներն առավելագույնն են, որ կացարան ապահովող մարմինը կարող է վճարել՝ օգնելու տնային տնտեսությանը թեթևացնել վարձավճարի հոգսը։ Կացարան ապահովող մարմինը սահմանում է վճարման ստանդարտներ յուրաքանչյուր բնակարանի չափի համար։ Կացարան ապահովող մարմինը որպես ողջամիտ հարմարեցում կարող է հաստատել վճարման ավելի բարձր ստանդարտ, բայց միայն որոշակի գումարի չափով։ Կացարան ապահովող մարմնի վարչական պլանը պետք է պարունակի մանրամասն տեղեկություններ այդ մասին։ Կացարան ապահովող մարմինը անձի տնային տնտեսության համար որպես ողջամիտ հարմարեցում կարող է վճարման ավելի բարձր ստանդարտ սահմանել, սակայն նախապես պետք է ստանա HUD-ի հաստատումը։
  • Սուբսիդավորման և բնակության վայրում օժանդակ միջոցների ավելի բարձր ստանդարտներ – Սուբսիդավորման ստանդարտը սահմանում է տարբեր չափերի տնային տնտեսությունների համար անհրաժեշտ ննջասենյակների քանակը։ Կացարան ապահովող մարմինը պետք է որպես ողջամիտ հարմարեցում հաստատի սուբսիդավորման ավելի բարձր ստանդարտ, եթե դիմողն ապացուցի, որ դա անհրաժեշտ է և ողջամիտ, և եթե կացարան ապահովող մարմինը մերժման որևէ օրինական պատճառ չունենա (տե՛ս ՈՀ-ի և ՈՁ-ի տարբերությունները վերևում)։ Ողջամիտ հարմարեցում կարող են լինել բնակության վայրի օժանդակ միջոցները, անհրաժեշտ բժշկական սարքավորման համար լրացուցիչ տարածքի տրամադրումը կամ հաշմանդամության հետ կապված որևէ այլ պատճառով տրամադրվող օժանդակությունը։
  • Կոմունալ ծախսերի ավելի բարձր նպաստներ – Եթե Բաժին 8-ով նախատեսվող վարձակալներն իրենք են վճարում իրենց կոմունալ ծախսերը, կացարան ապահովող մարմինը կարող է կոմունալ ծախսերի նպաստ հատկացնել։ Դա կօգնի ողջամիտ կոմունալ ծառայությունների օգտագործման ծախսի հարցում։ Կացարան ապահավող մարմինը կոմունալ ծախսերի համար պետք է որպես ողջամիտ հարմարեցում ավելի մեծ գումարի նպաստ հաստատի, եթե դիմողն ապացուցի, որ այն հաշմանդամության հետ կապված սարքավորում օգտագործող վարձակալի համար անհրաժեշտ է և ողջամիտ և մեծացնում է կոմունալ ծախսերը։
  • Որոնման ավելի երկար ժամանակ – Բաժին 8-ով նախատեսվող վարձակալման վաուչերը ստացողը վարձակալման նպատակով բնակավայր գտնելու համար հիմնականում ունենում է 60 օրացուցային օր։ Կացարան ապահովող մարմինը որպես ողջամիտ հարմարեցում պետք է ավելի երկար ժամանակ հատկացնի, եթե դիմողն ապացուցի, որ ավելի երկար ժամանակի կարիքն անհրաժեշտ է և ողջամիտ։ Սակայն ժամանակի երկարացման մի քանի դիմումների կամ անորոշ ժամկետով երկարացման ողջամտությունն ապացուցելը կարող է ավելի դժվար լինել, և կացարան ապահովող մարմինը կարող է ընդդիմանալ։
  • Վերականգնում սպասման ցուցակում – Կացարան ապահովող մարմինը որոշակի հանգամանքներում կարող է վաուչերի դիմումատուին հեռացնել սպասման ցուցակից։ Անձի հեռացման պատճառներից մեկը կարող է լինել կացարան ապահովող մարմնի տեղեկության տրամադրման և թարմացումների հարցումներին չարձագանքելը։ Սակայն եթե դիմումատուն նման հարցմանը չարձագանքի հաշմանդամության պատճառով, կացարան ապահովող մարմինը որպես ողջամիտ հարմարեցում կարող է դիմումատուին վերականգնել սպասման ցուցակում՝ ընտանիքի նախկին դիրքում։
  • Վարձակալում բարեկամից – Դաշնային օրենսդրությունը կացարան ապահովող մարմիններին չի թույլատրում հաստատել վարձակալությունը, եթե տվյալ բնակարանը վարձակալի բարեկամների սեփականությունն է։ Կացարան ապահովող մարմինը կարող է հաստատել դա վարձակալի համար որպես ողջամիտ հարմարեցում, եթե դիմումատուն ապացուցի, որ այն անհրաժեշտ է և ողջամիտ, և եթե սեփականատերը չբնակվի այդ բնակարանում։
  • Օժանդակություն մատչելի բնակարան գտնելու հարցում - Երբ կացարան ապահովող մարմինը հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքին տալիս է վաուչեր, այն պետք է տրամադրի իրեն հայտնի մատչելի բնակարանների ընթացիկ ցուցակը։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև մատչելի բնակարան գտնելու համար այլ օգնություն տրամադրել տնային տնտեսությանը, սակայն նման օգնության մակարդակը և որակը կարող է տարբեր լինել։

Ինչպես ներկայացնել ողջամիտ հարմարեցում խնդրելու դիմում կացարան ապահովող մարմնին

Ողջամիտ հարմարեցում կամ ողջամիտ ձևափոխություն ստանալու համար պետք է դիմեք։ Կարիք չկա դիմել գրավոր, և պարտադիր չէ օգտագործել «ողջամիտ հարմարեցում» կամ «ողջամիտ ձևափոխություն» բառերը։ Սակայն լավ կլինի երկուսն էլ անել։ Դա կօգնի ավելի հստակեցնել այն, ինչ խնդրում եք։ Հետագայում կարող է անհրաժեշտ լինել փաստաթղթի միջոցով ապացուցել, որ դիմել եք փոփոխության համար։ Ձեր դիմումը էլ․ փոստով ուղարկելու դեպքում կարող եք այն հետագայում հեշտությամբ որպես փաստաթուղթ օգտագործել։ Եթե նախընտրում եք դիմումն ուղարկել USPS փոստային ծառայությամբ, անպայման ձեզ մոտ ունեցեք ձեր դիմումի պատճենը և պահեք այն ապահով վայրում։ Կարող եք դիմումն ուղարկել նաև պատվիրված նամակով, որպեսզի ունենաք անդորրագիրը, սակայն սա պարտադիր տարբերակ չէ։

Ձեր դիմումում պետք է նշեք, թե ինչ կապ կա փոփոխության, որի համար դիմում եք և ձեր հաշմանդամության միջև։ Օրինակ՝ բավարար չէ ողջամիտ հարմարեցում խնդրելու դիմումում պարզապես նշել, որ «Ես հաշմանդամություն ունեցող անձ եմ և լրացուցիչ ննջասենյակ եմ ցանկանում»։ Հիմնավոր դիմումի համար ավելի շատ տեղեկություններ են հարկավոր։ Փոխարենը ավելի օգտակար և հստակ կլինի, եթե նման մի բան նշեք․ «Քանի որ ես ունեմ շարժական բժշկական սարքավորում, որը պետք է պահվի ապահով վայրում, խնդրում եմ ողջամիտ հարմարեցում, որպեսզի կարողանամ վաուչեր ունենալ, որը թույլ կտա ինձ սարքավորումը պահելու համար լրացուցիչ ննջասենյակով բնակարան վարձել»։ Ստորև կացարան տրամադրողներին ներկայացվող դիմումների նմուշն է։

Նկատի ունեցեք, որ կացարան ապահովող որոշ մարմիններ ունեն ողջամիտ հարմարեցման դիմումների ձևեր, որոնք դուք պետք է լրացնեք։ Չնայած այդ ձևերը կարող են օգտակար լինել, ձևն ինքնին չի կարող պարտադիր լինել, և երբեմն ձևերում անհրաժեշտ է լինում ողջամիտ հարմարեցման դիմումի համար անհրաժեշտ տեղեկություններից բացի լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։ Կարող եք որպես ուղեցույց հանգիստ օգտագործել մեր նմուշային նամակը և ձեր դիմումը կցել նրանց ձևին ու հարցերի բաժիններում գրել գրել «տե՛ս կցված փաստաթուղթը»։ Կացարան ապահովող մարմնի ձևերը գուցե կարողանաք գտնել նրանց կայքում։ Եթե ոչ, կարող եք դրա կրկնօրինակը խնդրել կացարան ապահովող մարմնի կոնտակտային անձից։ Օգտակար կլինի ուսումնասիրել ձեզ համար կացարան ապահովող մարմնի ողջամիտ հարմարեցումների և ողջամիտ ձևափոխությունների համար դիմելու քաղաքականությունները (վարչական պլան)՝ հատուկ ընթացակարգերին ծանոթանալու համար։

Կացարան ապահովող մարմին ներկայացվող նամակի նմուշը

[Ամսաթիվ]

[Կացարան ապահովող մարմնի լրիվ անվանումը]

[Կացարան ապահովող մարմնի էլ. փոստի հասցեն կամ ֆիզիկական հասցեն]

 

Հարգելի [Կացարան ապահովող մարմնի կոնտակտային անձի անունը, ազգանունը],

Ես գրում եմ Ձեզ իմ հաշմանդամության համար ողջամիտ հարմարեցումներ/ձևափոխություններ խնդրելու նպատակով․

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Այս խնդրանքը կապված է իմ հաշմանդամության հետ, քանի որ․

___________________________________________________________

___________________________________________________________

____________________________________________________________

 

Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ] այս հարմարեցումները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության պատճառով: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այդ տեղեկանքը։

Դաշնային և նահանգային օրենսդրությամբ պահանջվում է, որ կացարան տրամադրողը հաշմանդամություն ունեցող վարձակալներին/բնակիչներին և վարձակալման դիմումատուներին ողջամիտ հարմարեցում տրամադրի:

Խնդրում եմ այս դիմումին գրավոր պատասխանեք մինչև [ամսաթիվ]։ Խնդրում եմ հասկացեք, որ ողջամիտ հարմարեցում խնդրելու դիմումին չպատասխանելը, պատասխանի անհարկի ուշացումը կամ ողջամիտ հարմարեցման դիմումը անօրինական ձևով մերժելը նշանակում է խտրականություն հաշմանդամության հիմքով։ Տե՛ս Cal. Code Regs. tit. 2, § 12177(e). Ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ [ձեր էլ.փոստի հասցեն/հեռախոսահամարը]։ Շնորհակալություն այս դիմումին ուշադրություն դարձնելու համար։

 

Հարգանքով,

[Ձեր անունը]

 

[Ձեր հասցեն]

___________________________________________________________________

 

Ձեր դիմումն ուղարկելուց հետո կացարան ապահովող մարմինը հավանաբար կխնդրի ձեզ ստորագրել առողջության մասին տվյալների բացահայտման ձև։ Այս ձևը նրանց թույլ է տալիս հարմարեցման կարիքը հաստատելու նպատակով խոսել որևէ երրորդ կողմի հետ։ Նրանք սովորաբար ճշտում են դա, երբ բնակչի ունեցած հարմարեցման կամ ձևափոխության կարիքն ակնհայտ չէ։ Հաստատման նամակով հաստատվում է, որ անձն ունի իր խնդրած փոփոխության կարիքը, քանի որ այն կապված է հաշմանդամության հետ։ Ստորև ներկայացված է բժշկական հաստատման նամակների նմուշ, որը կարող եք խնդրել ձեր բուժսպասարկողին լրացնել, որպեսզի կարողանաք կցել այն ողջամիտ հարմարեցման/ողջամիտ ձևափոխության ձեր սկզբնական դիմումին, ինչը հավանաբար կարագացնի գործընթացը և կնվազեցնի անընդհատ պահանջվող թղթաբանությունը, ինչը կարող է տեղի ունենալ։ Բացի այդ, հաստատման նամակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք նայել «Կացարանում ողջամիտ հարմարեցում և ձևափոխություն խնդրելու դիմումներ․ հաստատման նամակներ» մեր ռեսուրսը։

Բուժաշխատողի կողմից տրամադրվող հաստատման նամակի նմուշ

[Ամսաթիվ]

[Կացարան ապահավող մարմնին]․

 

Ես հանդիսանում եմ [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին։ [Բուժառուի անունը, ազգանունը] ունի հաշմանդամություն, որն առաջացնում է որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ։ Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնց համար պահանջվում է դիմումում նշված հարմարեցումը]․

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

[Պահանջվող հարմարեցումը] անհրաժեշտ է [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ին համայնքում ապրելու և իր բնակավայրից օգտվելու, այն վայելելու համար, քանի որ [նկարագրել, թե հարմարեցումն ինչպես է օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին [թվարկել սահմանափակումները, որոնց համար պահանջվում է հայցվող հարմարեցումը]․

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Շնորհակալություն [բուժառուի/շահառուի անուն, ազգանուն]-ին այս ողջամիտ հարմարեցումը տրամադրելու համար։

 

Հարգանքով,

[Անուն, ազգանուն և պաշտոն]

Ինչպես ունենալ կոնտակտային անձ կացարան ապահովող մարմնում, որը կարձագանքի ձեր դիմումներին

Կացարան ապահովող մարմիններից շատերի համար ձեր հիմնական կոնտակտային անձը պետք է լինի ձեր իրավունակության հարցերով զբաղվող/գործը վարող աշխատակիցը։ Եթե չունեք նման կոտակտային անձ, չգիտեք ինչպես կապվել նրա հետ կամ չգիտեք ում հետ կապվել, սկսեք՝ հարցնելով, թե արդյոք կա 504-ի կամ ADA-ի համակարգող։ Փորձեք ձեռք բերել համակարգողի կոնտակտային տվյալները։

Եթե կացարան ապահավող մարմինը ձեր դիմումի ուսումնասիրման համար ունեցած որոշ ժամանակից հետո չի արձագանքում ձեր դիմումին, օգտակար կլինի դիմել Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի հանրային կացարանների ոլորտի հարցերով զբաղվող ձեր տեղական գրասենյակին՝ տեսնելու, արդյոք նրանք կարող են օգնել ձեզ ստանալ պատասխան կացարան ապահովող մարմնից։ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի ձեր տեղական գրասենյակի կոնտակտային համարը կարող եք գտնել այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/public_indian_housing/about/field_office Եթե դա չօգնի, օգտակար կլինի նաև ձեր տեղական կառավարության պաշտոնյաներին կամ ձեր կոնգրեսականին դիմելը, որպեսզի օգնեն ձեզ ստանալ պատասխան ձեր կացարան ապահովող մարմնից(https://www.house.gov/representatives/find-your-representative

Ձեր իրավունքների կատարումը․ բողոքներ և դատական հայցեր

Եթե կացարան ապահովող մարմինը մերժում է ողջամիտ հարմարեցումների կամ ձևափոխությունների ձեր դիմումը, մի քանի տարբերակ ունեք։ Ձեր տարբերակները բերված են ստորև։ Նկատի ունեցեք, որ ձեր իրավունքների կատարման համար գուցե անհրաժեշտ լինի, որ ի վերջո վարչական բողոք կամ դատական հայց ներկայացնեք։ Այս տարբերակները կարող են երկար ժամանակ պահանջել։

Ոչ ֆորմալ լսումները

Դուք գուցե կարողանաք կացարան ապահովող մարմնից ոչ ֆորմալ լսումներ խնդրել։ Դա կարող է ամենապարզ և ամենաարագ լուծումն ապահովել ձեզ համար։ Չնայած դաշնային կանոնակարգերը ողջամիտ հարամրեցման դիմումների առնչությամբ ոչ ֆորմալ լսումների իրավունքը չեն երաշխավորում, կացարան ապահովող շատ մարմիններ ոչ ֆորմալ լսումների իրավունքը ներառում են իրենց վարչական պլաններում։ Իմացեք, որ կացարան ապահովող յուրաքանչյուր մարմնի ոչ ֆորմալ լսումների համար դիմելու ընթացակարգը տարբեր է։ Սակայն կացարան ապահովող մարմիններից շատերն ունեն ոչ ֆորմալ լսումների համար դիմելու վերջնաժամկետ, և գրավոր ծանուցումներից շատերում դուք տեղեկացվում եք կացարան ապահովող մարմինների գործողության կամ որոշման վիճարկման վերջնաժամկետների մասին։ Ստուգեք ձեր մերժման նամակը, և եթե նրանում վերջնաժամկետների մասին ոչ մի տեղեկություն չլինի, ստուգեք կացարան ապահովող մարմնի վարչական պլանը՝ համոզվելու, որ լսումների համար դիմում եք վերջնաժամկետից առաջ։ Եթե բաց եք թողել վերջնաժամկետը, և բաց թողնելու պատճառը կապված է հաշմանդամության հետ, կարող եք խնդրել ողջամիտ հարմարեցում, որ կացարան ապահովող մարմինը թույլ տա ձեզ լսումների համար դիմում ներկայացնել, թեև վերջնաժամկետը բաց եք թողել։

Վարչական բողոքները

Կարող եք ներկայացնել վարչական բողոք ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի Առանց խտրականության կացարանի տրամադրման և հավասար հնարավորության ապահովման գրասենյակին (անգլ. U.S. Department of Housing and Urban Development’s Office of Fair Housing and Equal Opportunity, HUD-FHEO))։1 Բողոքը պետք է ներկայացնեք խտրականության ամենավերջին դեպքի ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում։ HUD-FHEO-ին բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ 1-800-669-9777 հեռախոսահամարով կամ HUD-ի կայքում՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/online-complaint Բողոքի ներկայացման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/complaint-process

Կարող եք վարչական բողոք ներկայացնել նաև Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպարտամենտին (CRD) (նախկինում՝ Աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման դեպարտամենտ (DFEH))։ Բողոքը պետք է ներկայացնեք խտրականության ամենավերջին դեպքի ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում։ Բողոքը կարող եք ներկայացնել առցանց (բացելով հաշիվ), հեռախոսով՝ զանգահարելով (800) 884-1684 հեռախոսահամարով կամ փոստով։ Բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/complaintprocess/

CRD-ի ընթացակարգի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս CRD-ի բողոքների ներկայացման գծապատկերն այստեղ՝https://calcivilrights.ca.gov/wp-content/uploads/sites/32/2022/09/CRD-Non-Employment-Flowchart_ENG.pdf։

Եթե CRD-ի որոշումը ձեր օգտին չէ, այն կարելի է բողոքարկել CRD-ի տնօրենին՝ որոշման ամսաթվից հետո 10 օրվա ընթացքում։2

Եթե CRD-ի հետ աշխատելու համար ձեզ հարմարեցում է անհրաժեշտ, դիմեք CRD-ի ADA-ի հարցերով համակարգողին։ Նրանց մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/adacoordinator/

Մաասնավոր դատական հայցերը

Ձեր իրավունքների կատարումը կարող եք ապահովել՝ դաշնային կամ նահանգային դատարանին ներկայացնելով քաղաքացիական դատական հայց։ Նախքան որևէ պետական մարմնի, օրինակ՝ կացարան ապահովող մարմնի դեմ հայց ներկայացնելը նախ պետք է ներկայացնեք Կալիֆոռնիայի կառավարության գործունեության մասին թիվ 910 օրենսգրքով սահմանված պետական մարմինների դեմ հայցի ձևը։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Սակրամենտո վարչաշրջանի հանրային իրավունքի գրադարանի այս ուղեցույցը․ https://saclaw.org/resource_library/claims-against-the-government/

Կարիք չկա փաստաբան ունենալ․ կարող եք դատական հայցն ինքնուրույն ներկայացնել։ Բացի այդ, եթե հայցը ներկայացնում եք փոքր հայցեր քննող դատարանին, չեք կարող փաստաբան ունենալ։ Կան ժամանակային սահմանափակումներ («վաղեմության ժամկետներ»), որոնք սահմանափակում են դատարանին ներկայացվող հայցերի ներկայացման ժամանակը։ Եթե դատական հայցը նշված ժամանակահատվածում չներկայացնեք, գործն ավտոմատ կերպով կորոշվի ոչ ձեր օգտին։ Այդ վերջնաժամկետները կարող են լինել խտրականության վերջին դեպքից մինչև 2 տարի։ Ձեր դատական հայցը ներկայացնելու համար պետք է վճարեք հայցի ներկայացման վճարներ, և դատական հայցն ընթացք ստանալուց հետո հայցի ներկայացման հետ կապված լրացուցիչ վճարներ կարող են առաջանալ։ Սակայն կարող եք համապատասխանել վճարից ազատման պայմաններին, եթե հայցի ներկայացման վճարները կատարելու հնարավորություն չունեք։

Եթե հետաքրքրված եք դատական հայց ներկայացնելով, պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ: Կարող եք խորհրդատվություն ստանալ, քննարկել ձեր տարբերակները, և հնարավոր է, որ ձեզ ներկայացնեն դատարանում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս տեսակի դատական հայցերի համար անվճար փաստաբան ունենալու իրավունք չունեք, և գուցե անհրաժեշտ լինի փաստաբանի համար վճարել սկզբից կամ գործը շահելու դեպքում, որպեսզի հնարավորություն ունենաք ներկայացնել ձեր դատական հայցը։

Մաասնավոր դատական հայցերը

Եթե ձգտում եք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 12 500 ԱՄՆ դոլարի չափով, կարող եք խտրականության դեպքի համար բողոք ներկայացնել փոքր հայցեր քննող դատարանին։ Սակայն նախքան որևէ պետական մարմնի դեմ հայց ներկայացնելը նախ պետք է ներկայացնեք Կալիֆոռնիայի կառավարության գործունեության մասին թիվ 910 օրենսգրքով սահմանված պետական մարմինների դեմ հայցի ձևը։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Սակրամենտո վարչաշրջանի հանրային իրավունքի գրադարանի այս ուղեցույցը․ https://saclaw.org/resource_library/claims-against-the-government/

Փոքր հայցեր քննող դատարանի հայցերը պետք է ներկայացվեն մինչև ժամանակային սահամանփակումների («վաղեմության ժամկետներ») լրանալը։ Պետք է վճարեք հայցի ներկայացման վճար, եթե վճարից ազատման պայմաններին չեք համապատասխանում։ Փոքր հայցեր քննող դատարանի գործերի վերաբերյալ կարող եք խորհրդակցել փաստաբանի հետ, սակայն փաստաբանը չի կարող ներկայացնել ձեզ փոքր հայցեր քննող դատարանում։ Հայց ներկայացնելու հարցում օգնություն ստանալու համար կարող եք այցելել ձեր տեղական դատարանի ինքնուրույն պաշտպանության կենտրոն կամ խոսել փոքր հայցապահանջների հարցերով խորհրդատուի հետ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ էջերը․

  1. Կալիֆոռնիայի դատարանների ինքնուրույն պաշտպանության ուղեցույց, հիմնական տեղեկություններ փոքր հայցապահանջների վերաբերյալ՝ https://selfhelp.courts.ca.gov/small-claims-california
  2. Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն, «Ուղեցույց փոքր հայցեր քննող դատարանի վերաբերյալ. ինչպես հայցով դիմել դատարան, եթե բիզնեսը կամ տանտերը խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ ձեր հաշմանդամության հիմքով՝ https://www.disabilityrightsca.org/system/files?file=file-attachments/520601_0.pdf
  • 1. Առանց խտրականության կացարանի փոփոխությունների մասին օրենքը սա թույլ է տալիս։
  • 2. Տե՛ս 2 C.C.R. Section 10065