Ինչպես վարձել բնակարան

Publications
8115.10

Ինչպես վարձել բնակարան

Կալիֆոռնիայում երբեք հեշտ չի եղել վարձով տրվող հարմար կացարան գտնելը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կալիֆոռնիացիների համար։ Այս ուղեցույցը տրամադրում է ընդհանուր խորհրդատվություն և ուղղորդում հաշմանդամություն ունեցող այն կալիֆոռնիացիներին, որոնք մասնավոր շուկայում հարմար կացարան են փնտրում։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Կալիֆոռնիայում երբեք հեշտ չի եղել վարձով տրվող հարմար կացարան գտնելը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կալիֆոռնիացիների համար։ Այս ուղեցույցը տրամադրում է ընդհանուր խորհրդատվություն և ուղղորդում հաշմանդամություն ունեցող այն կալիֆոռնիացիներին, որոնք մասնավոր շուկայում հարմար կացարան են փնտրում։

Այս ուղեցույցը չի փոխարինում իրավական կամ ֆինանսական խորհրդատվությանը, այլ նախատեսված է օգնելու այն անձանց, որոնք նախկինում գուցե երբեք ինքնուրույն տուն չեն վարձակալել։ Ձեր առանձնահատուկ հանգմանանքների վերաբերյալ հարցերի դեպքում օգնություն ստանալու համար կարող եք կապվել DRC-ի հետ՝ 1-800-776-5746 հեռախոսահամարով։

Ինչպես գտնել հարմար բնակարան․

1. Ինչպես գտնել կացարան․

  1. Որոնման համակարգեր – Որոնման համակարգերը, օրինակ՝ Google-ը և Bing-ը, հաճախ վարձով տրվող կացարանի որոնումն սկսելու հիանալի միջոց են։
  2. Կացարանով ապահովման տեղական մարմինների ցուցակներ – Կացարանով ապահովման տեղական մարմինները հաճախ վարում են մատչելի շենքերի ցուցակները, թեև դրանք հաճախ հերթացուցակներ են ունենում։ Սեղմեք այստեղ՝ կացարանով ապահովման ձեր տեղական մարմնի կոնտակտային տվյալները տեսնելու համար։
  3. Բնակարանի որոնման ծառայություններ/211 – կարող եք զանգահարել 211 և օգտվել ձեր տարածքում ազատ վարձով բնակարանի որոնման ծառայություններից։ Բնակարան․ի որոնման ծառայությունները գուցե կարողանան օգնել ձեզ հարմար բնակարան գտնել։
  4. Իրազեկ լինել խարդախություններին – Վարձակալությունների հետ կապված խարդախությունները, ցավոք, սովորական բան են դարձել վերջին շրջանում, ուստի պետք է քայլեր ձեռնարկեք ինքներդ ձեզ պաշտպանելու համար, օրինակ՝ նախքան բնակարանը տեսնելը ոչինչ չվճարել, առանց բնակարանը նախապես տեսնելու երբեք չստորագրել վարձակալության պայմանագիր կամ դիմում, չվճարել դիմումների մշակման ավելորդ մեծ վճարներ (տե՛ս 2բ բաժինը ստորև) և չհավատալ անիրական գներին։

2. Ինչ հարցեր տալ սկզբում

  1. Ինչպիսի՞ն է համայնքում ապրելը։ Սա պարզելու առաջին լավ քայլն այն է, որ որոնեք առցանց կարծիքներ տվյալ սեփականության մասին, եթե լինեն, որպեսզի գտնեք ընդհանուր բողոքներ և մտահոգություններ, որոնց մասին կարող եք հարցնել տանտիրոջը։ Բողոքները լուծվա՞ծ են։ Արդյո՞ք երևում է, որ տանտերն արձագանքում է բողոքներին։ Կա՞ արդյոք ընդհանուր բողոք, որի մասին մարդիկ խոսում են։

  2. Ինչ վճարների մասին պետք է հարցնել – Դիմումների վճարները շատ ընդհանուր են և նախատեսված են վարձակալի անցյալի ու վարկային պատմության ստուգումների համար տանտիրոջ կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելու համար։ Այդ վճարների չափը սահմանափակվում է նահանգի օրենսդրությամբ և չպետք է գերազանցի դիմումի մշակման և վարձակալի անցյալի ու վարկային պատմության ստուգումների համար տանտիրոջ կողմից կատարվող փաստացի ծախսերը։ Դիմումի վճարը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել նահանգային առավելագույն սահմանված չափը, որը 2024 թվականից սահմանվել է և ներկայումս կազմում է $65.37 և ամեն տարի բարձրանում է։

  3. Վարկային պատմության և եկամտի պահանջներ – տանտերերը սովորաբար պահանջում են, որ դիմումատուների եկամուտը առնվազն 2-3 անգամ բարձր լինի ամսական վարձավճարից, և որ դիմումատուները բավարարեն վարկային պատմության ստուգման պահանջները, այսինքն՝ նախկին տանտերերին գումարի պարտք չունենան և վտարումներ ունեցած չլինեն։ Կարևոր է տանտերերին սկզբից հարցնել, թե ինչ պահանջներ ունեն, որպեսզի խուսափեք դիմումի վճարի գումարը վատնելուց։ Սակայն տանտերերը իրավականորեն չեն կարող այդ պահանջներով խտրականություն կիրառել ձեր նկատմամբ որևէ անօրինական պատճառով, օրինակ՝ տարբեր ազգային պատկանելությամբ դիմումատուների համար սահմանելով վարկային պատմության տարբեր պահանջներ։ Տանտերերը չեն կարող եկամտի նկատմամբ պահանջներով արգելել ցածր եկամուտ ստացող դիմումատուներին օգտվել կացարանով ապահովման սուբսիդավորված ծրագրերից (օր․՝ Բաժին 8-ը)։ Այդ դեպքերում վարձակալի վարձավճար-եկամուտ հաշվարկը պետք է կատարվի վարձավճարի՝ վարձակալի կողմից վճարվող մասի, այլ ոչ թե պայմանագրով սահմանված վարձավճարի ամբողջ գումարի հիման վրա։ Կալիֆոռնիայում տանտերերը չեն կարող իրավականորեն հրաժարվել վարձով տալ Բաժին 8-ի մասնակիցներին միայն այն պատճառով, որ նրանք օգտվում են Բաժին 8-ի արտոնություններից։

  4. Անցյալի ստուգումներ – շատ տանտերեր դիմումատուներից պահանջում են ներկայացնել անցյալի ստուգման տեղեկանքներ։ Այդ տեղեկանքները հաճախ պարունակում են տեղեկություններ ընթացիկ պարտքերի, ձեր նկատմամբ ավելի վաղ կիրառված որոշակի վտարումների գործերի և քրեական անցյալի մասին։

  5. Տնային կենդանիների կանոններ – Տնային կենդանիներ ունեցողները կամ ապագայում հավանականորեն ունեցողները պետք է անպայման հարցնեն, թե տանտերն ինչ կանոններ ունի տնային կենդանիների վերաբերյալ։ Շատ տանտերեր սահմանափակումներ են դնում տնային կենդանիների համար, օրինակ՝ թույլատրում են միայն որոշակի ցեղատեսակներ, սահմանում են քաշի սահմանափակումներ կամ արգելում են որոշակի տեսակի տնային կենդանիներին և տնային կենդանիների սարքավորումները, օրինակ՝ ակվարիումները։ Եթե ունեք ուղեկցող կամ ծառայող կենդանի ունենալու կարիք, որը կապված է հաշմանդամության հետ, որպես ողջամիտ հարմարություն ձեզ համար կարող են այդ կանոնների բացառություններ գործել։ Ողջամիտ հարմարությունների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ստորև՝ բաժին 5-ում։

3. Շրջեք վարձակալվող բնակարանում

  1. Մոդելային բնակարան, թե իրական բնակարան – Մեծ կառույցների մեծ մասն ունի «մոդելային բնակարան», որը նախատեսված է հեռանկարային բնակիչներին ցույց տալու համար։ Այդ բնակարանները հիմնականում կահավորված են և ոչ միշտ են ունենում այն նույն հատակագիծը, որն ունեն այլ ազատ բնակարանները։ Տանտիրոջն անպայման հարցրեք, թե արդյոք բնակարանը, որը դիտում եք, փաստացի այն բնակարանն է, որը վարձակալելու եք, թե այն մոդելային բնակարան է։ Եթե դա մոդելային բնակարան է, պնդեք, որ նախքան որևէ գումար վճարելը կամ վարձակալության պայմանագիր ստորագրելը դիտեք նաև վարձակալվող բնակարանը։ Դա խիստ կարևոր է, որպեսզի կարողանաք գտնել ձեր կողմից վարձակալվող իրական բնակարանում առկա պոտենցիալ խնդիրները։

  2. Դիտեք օրվա տարբեր ժամերին – Եթե հնարավոր է, շրջեք սեփականությունում օրվա տարբեր ժամերին, օրինակ՝ վաղ առավոտյան, կեսօրին և երեկոյան։ Դա կարող է օգնել նախքան բնակարանը վարձակալելը գտնել պոտենցիալ խնդիրները, օրինակ՝ աղմկոտ հարևաններ, հասանելիության խնդիրներ կամ կայանման հետ կապված խնդիրներ։

  3. Կայանման խնդիրներ – Արդյո՞ք կայանում է նա, ով առաջինն է գալիս։ Արդյո՞ք կայանատեղերը համապատասխանում են բնակիչների թվին։ Արդյո՞ք կան ազատ կայանատեղեր, եթե անհրաժեշտ լինեն։

  4. Անվտանգության հետ կապված մտահոգություններ – Արդյո՞ք հասանելիությունը սեփականությանը սահմանափակված է։ Եթե կան դարպասներ, ինչպե՞ս են բնակիչները և այցելուները մուտք ունենում։

  5. Հասանելիություն – եթե շենքն ունի աստիճաններ, որոնց օգտագործումը ձեզ համար դժվար կլինի, արդյո՞ք շենքն ունի աշխատող վերելակ։ Արդյո՞ք տարածքում ազատ կայանատեղի կա։

  6. Լվացքատուն – Արդյո՞ք սեփականությունն ունի լվացքատուն, լվացքի մեքենա/չորանոց բնակարանում կամ ոչ մեկը։ Արդյո՞ք կարող եք օգտվել լվացքատնից, և այն հասանելի է ձեզ համար այն ժամերին, երբ ձեզ անհրաժեշտ կլինի։ Արդյո՞ք շենքում բոլորովին լվացքատուն չկա, արդյո՞ք մոտակայքում վճարովի լվացքատուն կա, որից կարող եք օգտվել։

  7. Փոստի և առաքման ծառայությունները – ինչպե՞ս են բնակիչները փոստային առաքումներ ստանում, և արդյո՞ք փոստարկղերի կամ ծանրոցների ստացման տարածքներ մուտք գործելու խնդիրներ կան։ Արդյո՞ք ծանրոցները թողնվում են որևէ հատուկ վայրում, թե դրանք առաքվում են առանձին բնակիչներին՝ մինչև դուռը։ Արդյո՞ք առաքող անձնակազմն աշխատանքային ժամերից դուրս մուտք ունի տարածքին։ Եթե կա ծանրոցների ստացման տարածք, արդյո՞ք այն հասանելի կլինի այն ժամերին, երբ ձեզ անհրաժեշտ է։

4. Շրջեք շրջապատող տարածքներում՝ համոզվելու, որ դրանք բավարարում են ձեր կարիքները

  1. Աղմուկ – ինչպիսի՞ աղմուկ կա բնակարանի ներսում և շրջապատող տարածքում։ Եթե կարողանաք, փորձեք տարածքն այցելել օրվա տարբեր ժամերի, որպեսզի պարզեք՝ արդյոք այն շատ աղմկոտ է, երբ լռության կարիք ունենաք։

  2. Երթևեկություն – Ինչպիսի՞ն է երթևեկության վիճակը տարածքում։ Եթե աշխատանքի գնաք, արդյո՞ք տարածքի երթևեկությունը կդժվարացնի ձեր գնալը։

  3. Անվտանգություն – Սեփականությունն ունի՞ դարպաս։ Ինչպե՞ս են բնակիչները և այցելուները մտնում շենք։ Արդյո՞ք տարածքում շատ են հանցագործությունները։ Գուցե ցանկանաք առցանց գործիքների միջոցով գաղափար կազմել, թե ինչ տեսակի քրեական գործողություններ են տեղի ունենում տվյալ տարածքում։ Այդ գործիքները կարող եք գտնել՝ առցանց որոնելով, օրինակ, «crime map [name of area]» ([տարածքի անվանումը] քրեական քարտեզը) բառերը։

  4. Դպրոցներ – ի՞նչ դպրոցներ կան տվյալ տարածքում, եթե երեխաներ ունեք կամ պլանավորում եք երեխաներ ունենալ բնակարանում բնակվելու ժամանակահատվածում։ Կարող եք առցանց գործիքների օգնությամբ տեսնել, թե ինչ դպրոցներ կան տվյալ տարածքում և դրանց գնահատումները և (կամ) առցանց ընթերցելու համար գուցե նաև կարծիքներ լինեն։

5. Հարմարությունները

  1. Դուք իրավունք ունեք զերծ լինել խտրականությունից «պաշտպանված դասի», օրինակ՝ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի/գենդերի, գենդերային ինքնության, հղիության, սեռական կողմնորոշման, ամուսնական կարգավիճակի, ռազմական կամ վետերանի կարգավիճակի, բժշկական խնդրի և (կամ) հաշմանդամության, ազգային ծագման, էթնիկ պատկանելության կամ գենետիկ տեղեկությունների հիման վրա։
  2. Եթե ձեզ անհրաժեշտ է վարձակալության որևէ կանոնի կամ ընթացակարգի փոփոխություն՝ պայմանավորված ձեր հաշմանդամությամբ (օրինակ՝ եթե ունեք հոգեպես աջակցող կենդանի, և տանտերը թույլ չի տալիս տնային կենդանիներ պահել տանը կամ լրացուցիչ գումար է գանձում նրանց համար), կարող եք տանտիրոջից պահանջել ողջամիտ հարմարություններ։ Տե՛ս «Կացարանում ողջամիտ հարմարություններ ունենալու ձեր իրավունքը» հրապարակումը՝ ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունքների մասին մանրամասն տեղեկանալու համար։
  3. Եթե ձեզ անհրաժեշտ է փոփոխություն հենց բնակարանում՝ պայմանավորված ձեր հաշմանդամությամբ (օրինակ՝ ցնցուղարանում բռնաձողի տեղադրումը), դուք իրավունք ունեք պահանջել ողջամիտ ձևափոխություններ։ Սակայն ողջամիտ ձևափոխությունների դեպքում տանտերերը սովորաբար իրավունք ունեն պահանջելու, որ վարձակալը վճարի ձևափոխության համար, ինչպես նաև տեղափոխվելու պարագայում վճարի բնակարանն իր սկզբնական վիճակին բերելու համար։ Տե՛ս «Կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով․ ձեր իրավունքները և տարբերակները» հրապարկումը՝ ողջամիտ ձևափոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Վարձակալության պայմանագրի ուսումնասիրումը և մուտքը բնակարան

Այս բաժնում ուշադրություն է դարձվում բնակարան տեղափոխվելու պարագայում վարձակալության պայմանագրի ուսումնասիրման, դիմումի գործընթացի և վնասի փաստաթղթավորման հարցերին։

1. Վարձակալության պայմանագրի ուսումնասիրումը

  1. Իրազեկվածություն խարդախությունների մասին․ Երբեք մի ստորագրեք վարձակալության պայմանագիր կամ մի վճարեք որևէ գումար, քանի դեռ ձեզ հնարավորություն չի տրվել դիտելու վարձակալվող բնակարանը և ուսումնասիրելու վարձակալության առաջարկվող փաստաթուղթը։ Եթե հեռանկարային տանտերը պահանջում է ստորագրել վարձակալության պայմանագիր կամ վճարել նախավճար նույնիսկ նախքան բնակարանը տեսնելը,դա կարմիր դրոշ է․ դա հաճախ վարձակալական խարդախության նշան է։

  2. Վարձակալության պայմանագիրն իրավական պայմանագիր է և թե՛ վարձակալին, թե՛ տանտիրոջը տալիս է որոշակի իրավունքներ ու պատասխանատվություններ։

  3. Ահա, թե ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել վարձակալության պայմանագրում․

    1. Վարձակալության տևողությունը – վարձակալությունը կարող է լինել ցանկացած տևողությամբ, չնայած որոշ բնակարանների վարձակալության տևողությունը ամսականից մինչև մեկ տարի է կամ ավելի երկար։ Կարևոր է նկատի ունենալ, թե արդյոք բնակարանում կկարողանաք մնալ վարձակալության ամբողջ ժամկետի ընթացքում, քանի որ վարձակալության ժամկետից շուտ տեղափոխվելու դեպքում կարող են ֆինանսական հետևանքներ լինել։ Եթե վարձակալությունն ընդհատեք վաղաժամկետ՝ առանց հաշմանդության հետ կապված կարիքների համար հաստատված ողջամիտ հարմարության, դուք գուցե պատասխանատու լինեք բնակարանի վարձի վճարումը շարունակելու համար այնքան, մինչև համապատասխան փոխարինող վարձակալ գտնվի։

    2. Վարձավճարի չափը և վճարման ժամկետը – վարձակալության պայմանագրում պետք է նշվի վարձավճարի չափը և յուրաքանչյուր վճարման ամսաթիվը։ Վարձակալության պայմանագիրը պետք է ներառի նաև վճարման ցուցումները, ինչպես նաև ուշացման բոլոր կիրառելի տույժերն ու ժամկետանց վճարումների տուգանքները։

    3. Երաշխիքային նախավճարը – վարձակալության պայմանագրում պետք է նշվեն պահանջվող բոլոր երաշխիքային նախավճարները, ինչպես նաև տանտիրոջ կողմից դրանց ստացման պայմանները, երբ դուրս գաք բնակարանից։ Երաշխիքային նախավճարը գումար է, որը դուք վճարում եք տանտիրոջը, երբ մուտք եք գործում բնակարան, որը հետագայում բնակարանի հասցված վնասի ծախսերի փոխհատուցումը և այլ թույլատրելի նվազեցումները հանելուց հետո փոխհատուցվում է, երբ դուրս եք գալիս բնակարանից։ Կալիֆոռնիայի 2024 թվականի հունվարի 
      1-ին ընդունված օրենսդրությամբ շատ (բայց ոչ բոլորը) տանտերերի արգելված է որպես երաշխիքային նախավճար գանձել մեկ ամսվա վարձավճարից ավել գումար։ Եթե կարծում եք, որ ձեր տանտերը փորձում է ավել գումար գանձել երաշխիքային նախավճարի համար, դիմեք իրավաբանական խորհրդատուի օգնության, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել ձեր եզակի հանգամանքները։

    4. Ենթավարձակալությունը – Շատ տանտերեր արգելում են առանց իրենց թույլտվության ենթավարձակալության հանձնել ամբողջ բնակարանը կամ դրա մեկ սենյակը վարձակալությամբ հանձնել որևէ սենյակակցի։ Եթե մտադիր եք սենյակակից ունենալ, հավաստիացեք, որ ծանոթ եք այս հարցի վերաբերյալ վարձակալության պայմանագրում նշված ձեր տանտիրոջ կանոններին։

    5. Սեփականության կանոնները – վարձակալության պայմանագրում հավանականորեն նշված կլինեն նաև սեփականությունում բնակվելու որոշակի կանոններ, օրինակ՝ հանգստի ժամերը, կանոններ տնային կենդանիների համար և կանոններ հարմարություններից օգտվելու համար։ Դրանք ուսումնասիրելը և հասկանալը կարևոր է, քանի որ այդ կանոնների կրկնվող կամ լուրջ խախտումները կարող են վտարման հիմք հանդիսանալ։ Եթե ձեզ ձեր հաշմանդամության հետևանքով անհրաժեշտ են ողջամիտ հարմարություններ որպես այդ կանոնների բացառություններ, ուսումնասիրեք DRC-ի «Ողջամիտ հարմարություններ» հրապարակումը, որը հասանելի է նաև մեր կայքի Resources > Housing/Homelessness > Housing Discrimination Based on Disability – Your Rights and Options (Ռեսուրսներ > Կացարանի տրամադրում/Անօթևանություն > Կացարանի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով – Ձեր իրավունքները և տարբերակները) բաժնում։

  4. Եթե ունեք հարցեր վարձակալության պայմանների վերաբերյալ, նախքան պայմանագիրն ստորագրելը ստացեք իրավաբանական խորհրդատվություն։ Եթե վարձակալության պայմանագիր ստորագրեք, պարտավոր եք հետևել բոլոր այն պայմաններին, որոնք անօրինական չեն, նույնիսկ եթե ստորագրելիս չեք հասկացել դրանք։ Վարձակալության պայմանագրի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում ստացեք իրավաբանական խորհրդատվություն նախքան ստորագրելը։ Եթե տանտերը փորձի նախքան նման խորհրդատվություն ստանալը ճնշում գործադրել ձեզ վրա պայմանագիրն ստորագրելու համար, դա կարմիր դրոշ է․ տանտերը պետք է ցանկանա, որ բոլոր կողմերը հասկանան, թե ինչ են ստորագրում՝ հետագա խնդիրներից և թյուրըմբռնումներից խուսափելու համար։

2. Դիմումի գործընթացը

  1. Տանտերերը բնակարանի բոլոր հեռանկարային չափահաս բնակիչների համար հիմնականում պահանջում են դիմում և դիմումի վճարի վճարում։ Կալիֆոռնիայի օրենսդրությամբ այդ վճարը պետք է փոխհատուցի միայն տանտիրոջ այն փաստացի ծախսերը, որոնք նա կատարում է հեռանկարային վարձակալների անցյալի և վարկային պատմության ստուգման համար․ տանտերերը չպետք է շահույթ ստանան դիմումի վճարներից։ Դիմումի վճարը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել նահանգային առավելագույն սահմանված չափը, որը 2024 թվականից սահմանվել է և ներկայումս կազմում է $65.37 և գնաճով պայմանավորված՝ ամեն տարի բարձրանում է։ Եթե կարծում եք, որ տանտերը փորձում է դիմումի ավելորդ վճարներ գանձել, նախքան վճարելը և նման վճարներին համաձայնելը ստացեք իրավաբանական օգնություն։

3. Մուտքը բնակարան/վնասի փաստաթղթավորումը

  1. Վարձակալության պայմանագիրն ստորագրելուց հետո պայմանագրով սահմանված մեկնարկի օրը տանտերը ձեզ կտարամդրի բնակարանի բանալիները։ Դա տեղի ունենալու դեպքում կարևոր է, որ անմիջապես փաստաթղթավորեք բնակարանի բոլոր վնասները և խնդիրները։ Բնակարանում ձեր հայտնաբերած բոլոր խնդիրների մասին, օրինակ՝ պատերի անցքերը, պատռված գորգը, հետքերը, վնասված կամ կոտրված կենցաղային տեխնիկան և այլն, պետք է անմիջապես գրավոր հայտնեք տանտիրոջը։ Ձեր անձնական արծիվի համար պետք է նաև ամսաթվի և ժամի դրոշմով լուսանկարներ անեք բնակարանում, որոնցում երևում են հաղորդված բոլոր վնասները։ Կարող եք նաև տեսանկարահանել ձեր առաջին շրջայցը բնակարանում՝ ձեր արխիվում պահելու համար։

  2. Երբ գա բնակարանից սահմանված ժամկետում դուրս գալու ժամանակը, ձեր տանտիրոջը չի թույլատրվի ձեր երաշխիքային նախավճարի գումարները պահել այն վնասը վերանորոգելու համար, որը գոյություն է ունեցել նախքան ձեր վարձակալությունն սկսվելը։ Գոյություն ունեցող վնասի նկարները և փաստաթղթերն ունենալու դեպքում կկարողանաք ապացուցել, որ այդ պայմաններն արդեն գոյություն են ունեցել մինչև ձեր մուտքը բնակարան։