Տարբերություններ տարածաշրջանային կենտրոնների ծախսումներում

Publications
#F133.10

Տարբերություններ տարածաշրջանային կենտրոնների ծախսումներում

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ի՞նչ է ծառայության գնումը (ԾԳ)

Տարածաշրջանային կենտրոններն իրենց շահառուների համար գնում են ծառայություններ և աջակցության միջոցներ։  Ծառայությունների և աջակցության միջոցների դիմաց վճարումը կոչվում է ծառայության գնում (ԾԳ)։

Ի՞նչ ծառայություններ են հասանելի տարածաշրջանային կենտրոնների գնման կամ թույլատրման համար

Տարածաշրջանային կենտրոնները կարող են վճարել ծառայությունների մի շարք տեսակների, օրինակ՝ ադապտիվ սարքերի, երեխայի խնամքի, խոսքի շտկման ծառայությունների, ինքնապաշտպանության ուսուցման, սոցիալական հմտությունների ուսուցման, ճգնաժամային իրավիճակներում միջամտության, փոխադրման, գնահատումների, սոցիալական շփման վերականգնման, աշխատանքային քոուչինգի և կարճատև հանգստ համար։  Այլ ծառայությունները ներկայացված են Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքների մեր ուղեցույցում։

Ի՞նչ են ԾԳ տվյալները

Ամեն տարի տարածաշրջանային կենտրոնները պետք է գրանցեն, թե որքան գումար են ծախսում մարդկանց տարբեր խմբերի համար ըստ․

  • հաշմանդամության
  • տարիքային խմբի (0-2, 3-21 և 22 տարեկան ու բարձր)
  • ռասայի/ազգային պատկանելության
  • լեզվի
  • բնակության տեսակի

Նրանք պետք է նաև տեղեկություններ հավաքագրեն այն մասին, թե մարդիկ քանի անգամ են մեծ տարածում չունեցող լեզվով անհատական ծրագրի պլան (IPP) ցանկացել։  Հավաքագրված տեղեկությունները կոչվում են «տվյալներ»։

Տարածաշրջանային կենտրոններն ունե՞ն այնպիսի ԾԳ տվյալներ, որոնք կարող եմ տեսնել

Այո։ Յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոն պետք է մինչև ամեն տարվա դեկտեմբերի 31-ը իր կայքում հրապարակի ԾԳ ընթացիկ տվյալները։  Տարածաշրջանային կենտրոնն իր կայքում պետք է պահի նաև այլ տարիների տվյալները։

Բոլոր 21 տարածաշրջանային կենտրոնների տվյալները գտնելու համար անցեք այս հղումով՝ https://www.dds.ca.gov/rc/purchase-of-service-data/

Ի՞նչ են ԾԳ անհամապատասխանությունները

Անհամապատասխանություն նշանակում է տարբերություն կամ բաց։  Հետևաբար՝ ԾԳ անհամապատասխանությունները ծախսի և որոշակի խմբի անդամների կողմից ծառայությունների օգտագործման միջև եղած մեծ տարբերություններն են։  Տարածաշրջանային կենտրոնները որոշ խմբերի համար ծախսում են ավելի, քան մյուսների համար։

2021-2022 թթ․ անհամապատասխանությունների օրինակներ․

Տարածաշրջանային կենտրոն Ա

Միջինում Ա տարածաշրջանային կենտրոնը յուրաքանչյուր սպիտակամորթ շահառուի համար թույլատրում է (տալիս է) 30 920$-ի ԾԳ։  Միջինում Ա տարածաշրջանային կենտրոնը լատինամերիկյան ծագման յուրաքանչյուր շահառուի համար թույլատրում է 14 423$։  Միջինում Ա տարածաշրջանային կենտրոնը ասիական ծագման յուրաքանչյուր շահառուի համար թույլատրում է 14 919$։

Տարածաշրջանային կենտրոն Բ

Միջինում Բ տարածաշրջանային կենտրոնը աուտիզմով մարդկանց համար թույլատրում է 7 099$, մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ 35,160$, իսկ միաժամանակ աուտիզմ և մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ 28 425$։  Միջինում Բ տարածաշրջանային կենտրոնը էպիլեպսիայով յուրաքանչյուրի անձի համար թույլատրում է 25 246$, իսկ ուղեղային կաթվածով յուրաքանչյուր անձի համար՝ 32 492$։

Տարածաշրջանային կենտրոն Գ

Միջինում անգլիախոս շահառուները Գ տարածաշրջանային կենտրոնից ծառայությունների համար ստանում են 35 430$։ Բ տարածաշրջանային կենտրոնը իսպանախոս մարդկանց համար միջինում թույլատրում է 25 496$, պարսկախոս մարդկանց համար՝ 76 996$ և կորեերեն խոսող մարդկանց համար՝ 46 038$։

Հաճախ անհամապատասխանություն կա տարածաշրջանային կենտրոնի կողմից որևէ մեկին տրված («թույլատրված») ծառայությունների և անձի կողմից օգտագործված ծառայությունների ծավալի միջև։  Վերջում տարածաշրջանային կենտրոնը վճարում է օգտագործված, այլ ոչ թե թույլատրված ծառայությունների համար։

Օրինակ՝ 2021-2022 թթ․ մեկ տարածաշրջանային կենտրոնում․

  • 3 տարեկանից փոքր սպիտակամորթ երեխաներին թույլատրված է միջինում 10 870$, բայց նրանք օգտագործում են ընդամենը 6 959$։ 
  • 3 տարեկանից փոքր սևամորթ երեխաներին թույլատրված է միջինում 11 391$, բայց նրանք օգտագործում են ընդամենը 5 649$։ 
  • Բնիկ հավայացի կամ խաղաղօվկիանոսյան այլ կղզիների բնակիչ հանդիսացող 3 տարեկանից փոքր երեխաներին թույլատրված է միջինում 15 591$, բայց նրանք օգտագործում են ընդամենը 7 338$։
  • Ամերիկյան հնդկացի կամ բնիկ ալասկացի 3 տարեկանից փոքր երեխաներին թույլատրված է միջինում 8 318$, բայց նրանք օգտագործում են ընդամենը 5 306$։

Ինչո՞ւ կան անհամապատասխանություններ

Անհամապատասխանություններ կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներով։  Ահա օրինակներ, որոնք մարդիկ պատմել են մեզ և տարածաշրջանային կենտրոններին․

  • Տարածաշրջանային կենտրոնի անձնակազմը ընտանիքներին չի հայտնում ծառայությունների առկայության մասին։
  • Ընտանիքները դիմում են ծառայությունների համար, բայց հետո վախենում են առարկել, եթե տարածաշրջանային կենտրոնն ասի «ոչ»։
  • Ընտանիքները չգիտեն բողոքարկման իրենց իրավունքները։
  • Տարածաշրջանային կենտրոնները ընտանիքներին չեն տրամադրում տեղեկություններ նրանց լեզվով։
  • Մշակութային կարիքները բավարարող ծառայություններ չկան։
  • Ծառայությունների համակարգողները ավելի խորը ուսուցման կարիք ունեն։
  • Չափազանց երկար է տևում, մինչև տարածաշրջանային կենտրոնները ընտանիքներին ծառայությունների վերաբերյալ որոշումներ են տալիս։
  • Տարածաշրջանային կենտրոնի անձնակազմն է որոշում, թե ինչ է թույլատրված։  Նրանք ունեն կանխակալություններ, ինչը տարբերություններ է առաջացնում մարդկանց սպասարկման հարցում։
  • Ծառայություններն ստանալու համար ընտանիքները չունեն փոխադրման հուսալի միջոցներ։
  • Ծառայությունները հասանելի չեն ընտանիքներին հարմար ժամանակահատվածում։
  • Երբ ընտանիքները տարածաշրջանային կենտրոնին ասում են, որ ծառայությունից օգտվելու խնդիր ունեն, տարածաշրջանային կենտրոնը չի լուծում խնդիրը։
  • Անկախ պատճառներից՝ մարդիկ իրենց անհրաժեշտ ծառայություններն ստանալու խոչընդոտներ ունեն։

Արդյո՞ք տարածաշրջանային կենտրոնները պետք է քայլեր ձեռնարկեն անհամապատասխանությունները լուծելու ուղղությամբ

Այո։  Յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոն պետք է «շահագրգիռ կողմերի» մասնկացությամբ հանրային հանդիպումներ անցկացնի՝ ներկայացնելու ԾԳ տվյալները և լսելու մարդկանց կարծիքը։  Հանդիպումները պետք է անցկացվեն հունվարից մարտ ամիսների ընթացքում։  Այնուհետև, տարածաշրջանային կենտրոնները մինչև օգոստոսի 31-ը պետք է Զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության ծառայությունների դեպարտամենտին (DDS) ուղարկեն հաշվետվություն, որում կբացատրեն հանդիպումների անցկացման ընթացքը և ինչպես են շահառուներին ավելի լավ սպասարկելու։ 

Կա՞ օրենք, որը բացատրում է տարածաշրջանային կենտրոնների պարտավորությունները ԾԳ-ի հարցում

Այո։  Սոցիալական ապահովության մասին օրենքի (անգլ․ Welfare and Institutions Code) 4519.5 բաժինը բացատրում է, թե ինչ պետք է անի տարածաշրջանային կենտրոնը։

Ի՞նչ կարող եմ անել՝ այս հարցի մասին ավելին իմանալու համար

  • Այցելեք տարածաշրջանային կենտրոնի կայք՝ ուսումնասիրելու ԾԳ անցյալ և ընթացիկ տվյալները։
  • Հաճախեք տարածաշրջանային կենտրոնի շահագրգիռ կողմերի հանրային հանդիպումներին։
  • Հաճախեք ԾԳ թեմայով դասընթացներին։  DRC-ի Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակը (անգլ. Office of Clients’ Rights Advocacy, OCRA) ուսուցում է կատարում ամբողջ տարվա ընթացքում։
  • Տեղեկատվության կամ ԾԳ-ին առնչվող խնդիրների հարցում իրավական օգնություն ստանալու համար դիմեք OCRA -ին։
  • Միացեք որևէ խմբի կամ խումբ ստեղծեք՝ իմանալու ավելին և քննարկելու ձեր հարցերը։

Կարո՞ղ եմ քայլեր ձեռնարկել՝ ԾԳ տվյալները բարելավելու համար

Այո։  Կարող եք օգնել ինքներդ ձեզ կամ ուրիշներին՝ անհրաժեշտ ծառայություններն ավելի մեծ ծավալով պահանջելու համար։  Եթե ունեք տարածաշրջանային կենտրոնի կողմից ձեզ արդեն տրամադրված ծառայությունն ստանալու հետ կապված խնդիր, խնդրեք ծառայությունը համակարգողին լուծել խնդիրը։  Եթե ծառայության համակարգողը չի օգնում ձեզ, խոսեք վերահսկչի հետ։

Կարող եք դիմել նաև Ծառայությունների և անաչառության (SAE) դրամաշնորհներ ստանալու համար, որոնք առաջարկվում են ԾԳ անհամապատասխանությունները լուծելու համար։ 

Արդյո՞ք տարածաշրջանային կենտրոնի բոլոր շահառուներն են ԾԳ ստանում

Ցավոք, ոչ։ Ոչ բոլոր շահառուներն են ԾԳ ստանում։ Որոշ մարդիկ տարածաշրջանային կենտրոնից ստանում են 0$-ի ծառայություններ: 0$-ի ծառայություններ ունեցող մարդիկ կարող են խնդրել տարածաշրջանային կենտրոնին թույլատրել այն ծառայությունները, որոնք բավարարում են իրենց կարիքները։ Եթե տարածաշրջանային կենտրոնն ասում է ոչ ծառայության ձեր դիմումին, կարող եք բողոքարկել: Մանրամասն տեղեկություններ ներկայացված են Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքների բողոքարկման վերաբերյալ գլխում։