Պաշտպանե՛ք ինքներդ ձեզ։ Կարևոր հուշումներ կացարանային հարցերով զբաղվող իրավաբաններից

Publications
8113.10

Պաշտպանե՛ք ինքներդ ձեզ։ Կարևոր հուշումներ կացարանային հարցերով զբաղվող իրավաբաններից

Այս հրատարակությունը նկարագրում է բնակարանային խնդիրները լուծելու համար ձեռնարկվող քայլերը, փաստաբանի դերերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև խորհուրդներ և լավագույն փորձ՝ դատարանում և դատարանից դուրս ինքներդ ձեզ պաշտպանելիս։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Բովանդակություն

Ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի փորձեք լուծել կացարանային խնդիրները

Քայլ 1․ Պարզեք ձեր իրավունքների մասին տեղեկությունները

Երբ գիտեք ձեր իրավունքները, ավելի վստահ կզգաք ինքներդ ձեզ պաշտպանելիս և ձեր կացարան տրամադրողին ձեր իրավունքների մասին հայտնելիս։ Կարող եք նաև պարզել, թե արդյոք ձեր իրավիճակում իրավական պաշտպանության ուժեղ միջոցներ ունեք։ Ձեր իրավունքների մասին տեղեկություններ գտնելու որոշ լավ աղբյուրներ են վարձակալների տեղական միությունները, իրավական օգնության տեղական գործակալությունները, կառավարության կամ դատարանների կայքերը և համայնքի կազմակերպող խմբերը։

DRC-ի կայքում կարող են նույնիսկ տեղեկություններ լինել այն կոնկրետ խնդրի վերաբերյալ, որին բախվել եք։ Բնակարանային օրենսգրքի մասին մեր հրապարակումները կարող եք գտնել Կացարանով ապահովման/Անօթևանության ռեսուրսների մեր կայքում։.

Օրինակ

Ձեր տանտերը վարձը բարձրացնում է $300-ով։ Դուք գուգլում եք «Որքա՞ն կարող է իմ տանտերը բարձրացնել իմ վարձը Կալիֆոռնիայում» և գտնում եք Վարձակալների պաշտպանության մասին օրենքը։ Դուք ուսումնասիրում եք որոնման արդյունքները՝ վարձի հսկողության մասին ավելին իմանալու համար։ Հետո զանգահարում եք DRC և հարցնում, թե արդյոք Վարձակալների պաշտպանության մասին օրենքը կամ վարձի հսկողության մասին այլ օրենքներ կիրառելի են ձեր բնակարանի համար, և ինչպես պատասխանել ձեր տանտիրոջը։

Քայլ 2․ Սահմանեք ձեր նպատակները

Եթե կացարանի հետ կապված խնդիր ունեք, նախ մտածեք, թե ինչպես կցանկանայիք, որ խնդիրը լուծվեր (ձեր նպատակը)։ Ձեր նպատակն իմանալուն պես կարող եք գործողությունների պլան մշակել և փորձել իրագործել նպատակը։

Երբեմն շահառուներն ասում են, որ իրենց նպատակը դատական գործ ներկայացնելն է, բայց միայն դատական գործ բացելը նպատակ չէ։ Դատական գործը իրավական գործիք է՝ փորձելու հասնել նպատակին, բայց հնարավոր է, որ չշահեք գործը, և դատական գործի բացումը կարող է իրականում չլուծել ձեր կացարանային խնդիրը։ Փոխարենը հարցրեք, թե որ արդյունքը կարող է լուծել ձեր կացարանի խնդիրը (այսինքն՝ ինչը կօգնի ձեզ իրագործել ձեր նպատակը), հետո պարզեք, թե արդյոք դատական գործը այդ նպատակին հասնելու լավագույն գործիքն է։

Ստորև ներկայացնում ենք վարձակալների տարբեր նպատակների հիման վրա մշակված իրավական գործողություն ձեռնարկելու 3 տարբեր պլան․

Օրինակ

Ձեր տանտերն ասում է, որ ձեզ հոգեպես աջակցող կենդանուն (ESA) չեք կարող պահել ձեր վարձակալած տանը։

  • Եթե ձեր նպատակն է շարունակել վարձակալել նույն տունը, կարող եք տանտիրոջից ողջամիտ հարմարություն խնդրել, քանի որ ձեզր հոգեպես աջակցող կենդանին տնային կենդանի չէ։ Տե՛ս «Օգնական կենդանիները կացարանում՝ ուղեկցող կենդանիներ և հոգեպես աջակցող կենդանիներ» հրապարակումը՝ կացարանում հոգեպես աջակցող կենդանիներ պահելու իրավունքների մասին մանրամասն տեղեկանալու համար։
  • Եթե ձեր նպատակն է դուրս գալ տանից, որովհետև ձեզ ոչ մի ձևով դուր չի գալիս այնտեղ ապրելը, կարող եք ձեր տանտիրոջից ողջամիտ հարմարություն խնդրել՝ վաղաժամկետ դադարեցնելու ձեր վարձակալությունը։ Տե՛ս «Կացարանում ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունքը» հրապարակումը՝ ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունքների մասին մանրամասն տեղեկանալու համար։
  • Եթե ձեր նպատակն է հետ ստանալ ձեր տանտիրոջից ձեր նկատմամբ խտրականություն կիրառելու համար, պետք է աշխատեք բավարար ապացույցներ հավաքել, որպեսզի ապացուցեք ձեր տանտիրոջ խտրականությունը և այդ ապացույցն օգտագործեք բողոք ներկայացնելու կամ դատական գործ բացելու համար։ Տե՛ս «Փոքր հայցեր քննող դատարանի ուղեցույց․ ինչպես հայց ներկայացնել, եթե աշխատավայրում կամ տանտերը խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ ձեր հաշմանդամության պատճառով» հրապարակումը՝ տեղեկանալու, թե ինչպես խտրականության համար հայց ներկայացնել գործատուի կամ տանտիրոջ դեմ փոքր գործեր քննող դատարանում։ Եթե շահեք, դատավորը կարող է միայն այն չափով բավարարել գործը, որ չափով նրան թույլատրված է օրենքով։ Օրինակ՝ քաղաքացիական գործերում դատավորը կարող է կարգադրել մյուս կողմին վճարել գումար։ Դատավորները մյուս կողմին չեն կարգադրում ներողություն խնդրել ձեզնից կամ բացատրել իրենց վարքագիծը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ձեր նպատակն իմանալուն պես կարող եք գործողություններ ձեռնարկել՝ փորձելու հասնել ձեր նպատակին։

Քայլ 3․ Խնդրեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է և եղեք հետևողական

Մի ամաչեք խնդրել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է կամ ձեր կացարան տրամադրողին տեղեկացնել ձեր կացարանային խնդիրների մասին։ Քանի դեռ ձեր կացարան տրամադրողը չգիտի խնդրի մասին, նրանից հնարավոր չէ օրինական կարգով պահանջել լուծել խնդիրը։ Երբ ձեր կացարան տրամադրողին տեղեկացնեք խնդրի մասին, այդ պահից նա կունենա օրենքով սահմանված պարտավորություն՝ փորձելու լուծել խնդիրը։ Հետևաբար՝ արժե մտածել, թե ձեր կացարան տրամադրողն ինչպես կարող է պատասխանել ձեզ։ Թեև վրեժխնդրությունն անօրինական է, դա ամեն դեպքում տեղի է ունենում։ Վրեժխնդրության մասին մանրամասն տեղեկանալու համար տե՛ս այս հրապարակումը․ «Վրեժխնդրություն ձեր տանտիրոջ կողմից․ իմացեք կացարանային հարցերին առնչվող ձեր իրավունքները»։

Ձեր կացարան տրամադրողի հետ ձեր կացարանի պայմանագրի (վարձակալության) մասին խոսելիս աշխատեք մշտապես գրավոր կերպով հետևել ձեր հաղորդակցմանը և կատարել ձեր սեփական նշումները այդ հաղորդակցման վերաբերյալ։ Ձեր կացարան տրամադրողին կարող եք նամակ գրել, որը կհաստատի, որ զրույց եք ունեցել, կբացատրի այդ զրույցի ընթացքում ձեր քննարկածը և այն, թե զրույցի արդյունքում ըստ ձեզ որոնք են լինելու հաջորդ քայլերը։ Կարող եք նաև մանրամասն գրի առնել՝ ձեր քննարկածի մասին ձեր սեփական նշումներն ունենալու համար։

Օրինակ

Ձեր տանտերը չի արձագանքել, երբ որևէ զրույցի ընթացքում նրան հայտնել եք, որ ձեզ ողջամիտ հարմարություն է անհրաժեշտ։ Դուք զանգահարում և ձայնային հաղորդագրություն եք թողնում ձեր տանտիրոջ համար՝ խնդրելով նրան պատասխանել, հետո տանտիրոջն ուղարկած էլ․ նամակով հետևում եք ընթացքին, որպեսզի․

  • հիշեցնեք նրան, թե ինչ եք խնդրել և երբ եք խնդրել,
  • տեղեկացնեք նրան, թե որքան ժամանակ է անցել ձեր խնդրելուց հետո,
  • հաստատեք, որ դուք հետևում եք և խնդրեք նրան արձագանքել մեկ շաբաթվա ընթացքում։

Աշխատանքը փաստաբանների հետ․ լավագույն գործելակերպերը

Փաստաբանի/իրավական պաշտպանի դերը

Թեև փաստաբանները կարող են ձեզ հետ քննարկել ընդհանուր նպատակները, սակայն փաստաբանի գործը չէ որոշել, թե ինչ եք դուք ուզում, և ինչն է լավագույնը ձեզ համար։ Փաստաբանի գործն է՝ նախ ձեզնից իմանալ ձեր նպատակների մասին և բոլոր առնչվող տեղեկությունները տեղի ունեցածի մասին, հետո հիմնվելով այդ տեղեկությունների վրա՝ փաստաբանները կարող են առաջարկել հնարավոր ռազմավարություններ և քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել ձեր նպատակներին հասնել փորձելու համար։ Փաստաբանները կարող են ձեզ հետ քննարկել գործողությունների տարբեր պլանների օգուտները և ռիսկերը։ Հետո շահառուի գործն է փաստաբանի խորհրդի և ուղղորդման հիման վրա որոշել, թե ինչպես է ցանկանում առաջ գնալ։

Փաստաբանները չեն կարող արդյունքներ խոստանալ։ Փաստաբանները կարող են ձեզ խորհուրդ տալ միայն այն քայլերի վերաբերյալ, որոնք նրանց կարծիքով օգտակար կլինեն ձեր նպատակներին հասնելու հարցում։ Եթե որևէ գործողություն կատարեք, իրավիճակը կարող է լավանալ, վատանալ կամ նույնը մնալ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ որևէ հատուկ գործողության ընթացքը որևէ հատուկ արդյունք կապահովի, բայց փաստաբանները կարող են խորհուրդ տալ ձեզ, թե արդյոք հավանական է, որ որևէ հատուկ գործողության ընթացքը կօգնի ձեզ հասնել ձեր նպատակներին։

Ծառայություններ, որոնք առաջարկում են փաստաբանները/իրավական պաշտպանները

Փաստաբանները կարող են առաջարկել ծառայությունների տարբեր մակարդակներ կամ տեսակներ։ Օրինակ՝ որոշ փաստաբաններ կներկայացնեն ձեզ դատարանում տանտիրոջ դեմ վարույթի ժամանակ, որոշները միայն կօգնեն պատրաստել տանտիրոջն ուղղված պահանջի նամակները, իսկ մյուսները միայն իրավական խորհրդատվություն կտրամդրեն ձեզ։ Եթե փնտրում եք փաստաբան ձեզ դատարանում ներկայացնելու համար, պետք է գտնեք այնպիսի փաստաբան, որը կհամաձայնի տրամադրել այդ մակարդակի ծառայություն։

Շատ դատական գործերի համար երկար ժամանակ, ռեսուրսներ և մանրակրկիտ նախապատրաստում է պահանջվում։ Այդ պատճառով փաստաբանները չեն կարողանում ծառայության այդ բարձր մակարդակի շատ գործեր վերցնել։ Բայց խնդիրը լուծելու համար ոչ բոլոր իրավիճակների դեպքում է դատական գործը պարտադիր։ Կան շատ այլ իրավական գործիքներ, այդ թվում՝ ինքնապաշտպանությունը, որոնք կարելի է օգտագործել խնդիրը լուծելու համար։ DRC-ն խնդիրների շատ տեսակների համար տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, ուստի շահառուները կարող են ստանալ խորհրդատվություն իրենց անհատական նպատակների իրագործման համար ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

Անհրաժեշտ է, որ շահառուն ակտիվ մասնակցություն ունենա

Նույնիսկ այն դեպքում, երբ փաստաբաններն են շահառուի անունից դատական հայց ներկայացնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որ շահառուները զգալի մասնակցություն ունենան իրենց շահերի ներկայացման ամբողջ ընթացքում։ Շահառուները պարզապես չեն հանձնում իրավական խնդիրները փաստաբաններին։ Շահերի ներկայացման ամբողջ գործընթացում փստաբաններին անհրաժեշտ է շահառուների թույլտվությունը և տեղեկություններ նրանցից։

Բացի այդ, փաստաբանները չեն կարող իմանալ, թե ինչ է մտածում կամ անում ձեր կացարան տրամադրողը։ Նրանք գուցե կարողանան հիմնավորված ենթադրություն անել, բայց առանց կոնկրետ տեղեկությունների այդ ենթադրությունը կարող է սխալ լինել։ Փաստաբանները կկարողանան ավելի լավ խորհուրդ տալ ձեզ, եթե իրավիճակի և ձեր նպատակների մասին կոնկրետ տեղեկություններ ունենան ձեզնից։ Այդ պատճառով է, որ փաստաբանները պետք է ձեզ հարցեր տան ձեր իրավական խնդրի մասին։

Երբ փաստաբանները կոնկրետ հարցեր տան ձեզ, դուք պետք է մշտապես պատասխանեք դրանց ուղիղ և անկեղծ։ Աշխատեք տեղեկությունների մասին երկար բացատրություններ չտալ, որոնք կարող են տրված հարցին չառնչվել։ Դա չի նպաստում զրույցի արդյունավետությանը ինչպես շահառուի, այնպես էլ փաստաբանի համար և ավելի է դժվարացնում փաստաբանի՝ հնարավոր լավագույն իրավական խորհուրդը տալու գործը։ Իրավական վերլուծությունը հաճախ կարող է տեղեկությունների փոքր կտորների արդյունքում փոխվել, հետևաբար՝ փաստաբաններին երբեմն անհրաժեշտ է, որ որոշակի հարցերի պատասխաններ տրվեն մյուսներից առաջ։ Օգնում է, երբ շահառուները պարզապես պատասխանում են նրանց հարցերին, ինչն օգնում է նրանց շարունակել իրենց իրավական վերլուծությունը։

Շահառուները և հավանական շահառուները կարող են հանգիստ անկեղծ լինել փաստաբանների և նրանց աշխատակազմի հետ, քանի որ այդ զրույցները գաղտնի են։ Սահմանափակ թվով իրավիճակներ կան, որոնցում փաստաբաններից օրենքով պահանջվում է տրամադրել գաղտնի տեղեկությունը, սակայն որպես ընդհանուր կանոն՝ փաստաբանները և նրանց համար աշխատող ամբողջ աշխատակազմը ձեր տեղեկությունները գաղտնի պահելու պարտավորություն ունեն։

Խորհուրդներ և լավագույն գործելակերպեր, երբ ինքնուրույն պաշտպանում եք ձեր շահերը կացարան տրամադրողի հետ բանակցություններում

Խուսափեք թշնամական շփումից կամ առճակատումից

Միայն այն հանգամանքը, որ անհամաձայնություն կա, չի նշանակում, որ իրավիճակը պետք է թշնամական լինի։ Խոսելու ագրեսիվ կամ մյուս կողմին մեղադրող ոճը կարող է օգտակար չլինել, քանի որ․

  1. Ձեր կացարան տրամադրողը գուցե առաջին անգամն իմանում խնդրի մասին, և նա գուցե այդքան էլ պատրաստակամ չլինի խոսելու ձեզ հետ, եթե սպառնալիք զգա,
  2. Ձեր կացարան տրամադրողի հետ դուք երկարաժամկետ գործնական հարաբերության մեջ եք և նրա հետ կրկին պետք է հաղորդակցվեք ապագայում,
  3. Եթե ապագայում դատարան գնաք, դատարանը հավանականորեն կտեսնի կամ կլսի ձեր տանտիրոջ հետ զրույցների մասին։ Դատավորները և երդվյալ ատենակալները նախընտրում են քաղաքավարի և չեզոք խոսելաոճ և ավելի հակված կլինեն համաձայնել ձեզ հետ, եթե խուսափեք թշնամական խոսելաոճից,
  4. Կարող եք պատահաբար չափից շատ տեղեկություններ բացահայտել, ինչը կարող է վնասել ձեզ պնդման թեժ պահին։

Հաղորդկացվեք գրավոր

Եթե գրեք ձեր կացարան տրամադրողին, ի տարբերություն բանավոր զրույցի՝ նրա համար ավելի հեշտ կլինի հիշել, թե ինչ եք ասել։ Գրի առնելը ձեզ ժամանակ է տալիս ամեն ինչ բացատրել այնպես, ինչպես ցանկանում եք բացատրել և կարող է օգնել ձեզ խուսափել թյուրըմբռնումներից։ Ձեր կացարան տրամադրողին նամակ գրելը կարող է օգնել նրան հասկանալ, որ ձեր պահանջը լուրջ է։ Գուցե անհրաժեշտ չլինի անցնել դատական գործընթացի բոլոր դժվարություններով, գուցե անհրաժեշտ է պարզապես հրավիրել ձեր տանտիրոջ ուշադրությունը։ Կարևոր է այն, որ եթե ի վերջո գնաք դատարան, կարող եք ձեր նամակներն օգտագործել որպես ապացույց առ այն, որ ձեր կացարան տրամադրողին տեղեկացրել եք խնդրի մասին։ Քանի որ դատարանը կարող է ավարտել գործը, ընդամենը նայելով այդ նամակները՝ կարևոր է, որ խուսափեք ագրեսիվ և սպառնալից խոսելաոճից նախորդ բաժնում նշված բոլոր պատճառներով։ Այդ նամակները պետք է համապատասխանեն փաստերին և հնարավորինս հստակ ներկայացնեն խնդիրը և այն,
թե ինչպես եք ցանկանում, որ այն լուծվի։

Եթե հարցը լուծվում է ձեր կացարան տրամադրողի հետ խնդրի մասին բանավոր զրույց ունենալու միջոցով, կարող եք հետո ձեր կացարան տրամադրողին նամակ գրել, որը կհաստատի, որ զրույց է տեղի ունեցել, կբացատրի, թե այդ զրույցի ժամանակ ինչ է քննարկվել, և զրույցի հիման վրա կողմերից յուրաքանչյուրն ինչ հաջորդ քայլերի համար է պատասխանատու։ Դա կոչվում է հաստատող նամակ։ Էլ․ փոստով, սովորական փոստով կամ առձեռն հանձնելու միջոցով հաստատող նամակ ուղարկելը կարող է օգնել յուրաքանչյուրին հիշել և հասկանալ իր պատասխանատվությունները և կարող է ապագայում օգտագործվել որպես ապացույց, եթե անհրաժեշտ լինի ցույց տալ, թե ինչ եք համաձայնել։ Պահեք ձեր հաստատող նամակների պատճենները։
Եթե նամակն առձեռն եք հանձնում, կարող եք կացարան տրամադրողին խնդրել, որ ստորագրի և թվագրի ձեր կրկնօրինակը, որպեսզի կարողանաք որպես ապացույց ցույց տալ, որ ձեր կացարան տրամադրողն ստացել է այն։

Օրինակ

Դուք գնում եք սեփականության կառավարման գրասենյակ, որովհետև ձեր բնակարանում բորբոս կա։ Հանդիպումից հետո ուղարկում եք էլելկտրոնային նամակ, որով շնորհակալություն եք հայտնում սեփականության կառավարչին ձեզ հետ հանդիպելու համար և գրում եք հանդիպման ընթացքում ասված բոլոր կարևոր բաները՝ ներառյալ այն, թե ձեր սեփականության կառավարիչն ինչ հաջորդ քայլեր ձեռնարկելու մասին է խոսել, և որքան է տևելու այդ քայլերի կատարումը։ Ձեր էլեկտրոնային նամակի վերջում սեփականության կառավարչին խնդրեք պատասխանել, եթե ուղղելու որևէ բան լինի։

Պահեք գրառումները և գրավոր նշումները

Կատարեք նշումներ ձեր իրավական խնդրի վերաբերյալ։ Գրի առեք ամսաթվերը, ժամերը, ով էր ներգրավված, կամ ով էր վկա, ինչ է տեղի ունեցել, և ինչ բացասական ազդեցություն է ունեցել իրավիճակը ձեզ վրա։ Վկաներից անմիջապես վերցրեք նրանց կոնտակտային տվյալները այն դեպքի համար, եթե նրանք տեղափոխվեն, և ձեզ անհրաժեշտ լինի ավելի ուշ կապվել նրանց հետ։ Այդ մանրամասները գրի առնելու և պահելու համար օգտվեք ստորև ներկայացվող տեղեկություններից, եթե դրանք օգտակար կհամարեք։ Ձեր նշումները օգնելու են ձեզ կոնկրետ փաստերին հետևելու համար։ Ձեր նշումները կարող են լինել ցանկացած ձևաչափով, որը հարմար կլինի ձեզ տեղեկությունները պահելու համար։ Ստորև ներկայացվում են տեղեկությունների նմուշային կատեգորիաներ, որոնց պետք է հետևել․

Միաժամանակյա նշումների նմուշ

Միջադեպի ամսաթիվ

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ով էր ներգրավված

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Որտեղ է տեղի ունեցել

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ինչ էր ասվել/ինչ էր տեղի ունեցել

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Վկաներ և նրանց կոնտակտային տվյալները

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ինչ ապացույց ունեմ ես (նշումներ, նամակներ, զրույցներ, անդորրագրեր, փաստաթղթեր)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ինչպես էր դա ազդել ինձ վրա

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Այս մանրամասների վերաբերյալ դրանց տեղի ունենալուն պես նշումներ կատարելը կարող է օգնել ձեզ հստակ գրառումներ ունենալ այն դեպքի համար, երբ անհրաժեշտ լինի հետագա իրավական գործողություն ձեռնարկել և կարող է օգնել ձեզ ժամանակի ընթացքում չմոռանալ կարևոր մանրամասները։ Կարող եք նաև վերանայել ձեր նշումները՝ տեսնելու, թե արդյոք ժամանակի ընթացքում օրինաչափություններ
են ձևավորվում, թե խնդիրների վիճակը լավանում կամ վատանում է։

Անմիջապես նշումներ կատարելու մեկ այլ պատճառ է ինքներդ ձեզ ապագայում պաշտպանելը։ Իրավական խնդիրների լուծումը հաճախ երկար ժամանակ է պահանջում, և դատարանում գտնվելու դեպքում վարձակալները պետք է ապացույցներով ապացուցեն իրենց դեպքը։
Չկա «հաշմանդամության իրավունքների քաղաքականություն», որը կարող է խնդիրները լուծել անմիջապես։ Ձեր իրավական խնդրին մոտենալու բազմաթիվ եղանակներ կարող են լինել, բայց եթե ի վերջո ձեզ անհրաժեշտ լինի դատարանում բանեցնել ձեր իրավունքները, արդյունքի հասնելու համար կարող են տարիներ պահանջվել։ Օրինակ՝ այսօր դուք գուցե ամենայն մանրամասնությամբ հիշեք, թե տեխսպասարկման աշխատակիցն անցած շաբաթ ինչ է արել, բայց այս պահից մեկ տարի հետո դուք գուցե չհիշեք, թե ով ինչ է արել կամ ասել, կամ երբ է դա տեղի ունեցել։ Բացի այդ, եթե կացարան տրամադրողը ձեզ ինչ-որ բանում մեղադրի ապագայում, դուք գուցե ձեզ պաշտպանելու համար կարողանաք օգտվել ձեր այսօր կատարած նշումներից։

Պահեք ձեր վարձակալության մասին կարևոր գրառումները, օրինակ․

  1. Ձեր տանտիրոջ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կատարած նշումները
  2. Վարձի վճարման անդորրագրերը և ձեր վճարումների այլ ապացույցներ
  3. Տարածքում կատարած ձեր սկզբնական զննումը
  4. Ձեր վարձակալության պայմանագիրը (եթե ստորագրել եք վարձակալության պայմանագիր, բայց չունեք դրա օրինակը, պահանջեք այն)։ Դուք իրավունք ունեք ունենալ ձեր վարձակալության պայմանագրի օրինակը։
  5. Ձեր վարձակալումն սկսելու պահին արված բնակարանի վիճակի լուսանկարները, ձեր վարձակալության ընթացքում բնակարանում ծագած բոլոր խնդիրների լուսանկարները և ձեր իրերը տեղափոխելուց հետո բնակարանում արված լուսանկարները։

Ուսումնասիրեք «Ինչպես վարձել բնակարան – Մաս 1․ գտնել հարմար բնակարան» հրապարակումը՝ գտնելու լրացուցիչ խորհուրդներ վարձակալած սեփականություն տեղափոխվելուց առաջ ինքներդ ձեզ պաշտպանելու համար։

Տվեք հարցեր

Եթե չեք հասկանում, թե ինչ է անում ձեր կացարան տրամադրողը, կամ ինչ է նշանակում նրա արածը, տվեք հարցեր։ Դուք պարտավոր չեք իմանալ ամեն ինչ․ դուք պարզապես պետք է հասկանաք, թե ինչ է ասում ձեր կացարան տրամադրողը, որպեսզի որոշեք՝ ինչպես պատասխանել։ Բացի այդ, եթե ձեր կացարան տրամադրողի հարցերին պատասխանելու համար ձեզ ավելի շատ ժամանակ է հարկավոր, կարող եք ավելի երկար ժամանակ խնդրել։ Ահա մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս կացարան տրամադրողին հարցեր տալու օգուտները․

Օրինակ

  • Ձեր տանտերն ասում է, որ պատրաստվում է ձեր դեմ վտարման վարույթ սկսել, քանի որ դուք չափազանց աղմկոտ եք։ Դուք խնդրում եք մանրամասներ, օրինակ՝ օրվա որ ժամին է աղմուկ եղել։ Դուք իմանում եք, որ իրականում ձեր հարևանն է բարձր աղմուկ ստեղծում, իսկ ձեր տանտերը մտածել է, որ դուք եք աղմուկ ստեղծել, քանի որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուք տանը չեք եղել, այլ աշխատանքի վայրում եք եղել։ Տե՛ս «Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության ինքնուրույն պաշտպանության ուղեցույցը վտարման խնդրի առաջ կանգնած վարձակալների համար» հրապարակումը՝ վտարման գործընթացի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
  • Ձեր տանտերն ասում է, որ հաջորդ ֆինանսական եռմասյակի առաջին շաբաթվա ընթացքում կապ կհաստատի ձեզ հետ՝ տեղեկացնելու, թե որքան է բարձրանալու ձեր վարձը։ Դուք հարցնում եք, թե ինչ է նշանակում «ֆինանսական տարի», և նա նշում է, որ ձեզ կտեղեկացնեն հուլիսի 7-ին։
  • Դուք ցանկանում եք բնակարան վարձել, բայց պարզ չէ, թե ով է սեփականության կառավարիչը, կամ ինչպես և երբ եք վճարելու վարձը։ Նախքան վարձակալության պայմանագիր ստորագրելը տանտիրոջը խնդրեք հստակեցնել այս հարցերը, որպեսզի իմանաք, թե պայմանագիրն ստորագրելիս ինչին եք համաձայնելու։
  • Ձեր տանտերը տրամադրում է փոխհաշվարկների համաձայնագիր, որպեսզի ուսումնասիրեք այն, բայց դուք ցանկանում եք տվյալ համաձայնագրի վերաբերյալ իրավական խորհրդատվություն ստանալ։ Նախքան փոխհաշվարկների համաձայնագիրն ստորագրելը կարող եք ավելի շատ ժամանակ խնդրել այն ուսումնասիրելու համար և հարցնել, թե որքան ժամանակ ունեք առաջարկն ընդունելու համար։

Ինքնապաշտպանությունը դատարանում

Երբ չեք կարողանում համաձայնության գալ մյուս կողմի հետ, կարող եք դատական համակարգի միջոցով փորձել բանեցնել ձեր օրինական իրավունքները։ Ուսումնասիրեք դատարանում ինքնապաշտպանության վերաբերյալ ստորև ներկայացվող տեղեկությունները և խորհուրդները։

Խնդրեք այն, ինչ անհրաժեշտ է ձեզ դատական վարույթին մասնակցելու կամ մուտք ունենալու համար

Օրինակ՝ եթե ձեզ անհրաժեշտ են ողջամիտ հարմարություններ, որոնք ակնհայտ չեն, կամ եթե դատարանի դահլիճում տեղի ունեցողը հասկանալու համար անհրաժեշտ է թարգմանիչ, պետք է խնդրեք դրանք։ Եթե դիմում չեք ներկայացրել, ո՛չ դատավորի, ո՛չ էլ երդվյալ ատենակալների գործը չէ ապահովելու, որ ձեր հաշմանդամության հետ կապված կարիքները բավարարվեն դատարանում։ Եթե ձեզ ինչ-որ բան է անհրաժեշտ, պետք է խնդրեք այն, բայց կարևոր է հիշել, թե ինչպես եք հաղորդակցվելու դատարանի աշխատակազմի հետ։ Այլ հրապարակումներից ստացեք խորհուրդներ այն մասին, թե ինչպես հաղորդակցվել դատարանում․

Գրանցումը և ելույթ ունենալը դատարանում. էթիկան դատական նիստերի դահլիճում

Դատական նիստի հիմնական անհրաժեշտություններ

Դատավորն ասում է, որ պատրաստվում է հետաձգել ձեր գործի քննությունը մինչև հուլիսի 30-ը, բայց դուք այդ օրը վիրահատություն ունեք, որի նշանակումը ձեր բուժսպասարկողի հետ շատ դժվար էր։

Օրինակ

  • Դուք ասում եք․ «Ձերդ գերազանցություն, ես այդ օրը չեմ կարող ներկա գտնվել, քանի որ բուժգործողություն ունեմ և 3 օր էլ վերականգնվելու եմ։ Կարո՞ղ ենք փոխարենը հաջորդ դատական նիստը նշանակել օգոստոսի 3-ին»։

Ձեր գործն ապացուցելու համար օգտագործեք ապացույցներ

Դատարանում դատավորները կամ երդվյալ ատենակալներն ուսումնասիրում են երկու կողմի ապացույցները՝ որոշելու, թե արդյոք որևէ մեկը իրավականորեն պատասխանատու է խնդրի համար։ Ո՛չ դատավորի, ո՛չ էլ երդվյալ ատենակալների գործը չէ հետաքննել ձեր գործը կամ տեղեկացնել ձեզ, թե ինչ եք անելու դատարանում։ Դատավորը և երդվյալ ատենակալները դիտարկում են ձեզ և մյուս կողմին, երբ ձեզնից յուրաքանչյուրը փորձում է բացատրել տեղի ունեցածը։ Հետո նրանք որոշում են, թե ում հավատալ։

Հավաքեք և կազմակերպեք բոլոր այն ապացույցները, որոնք կարող եք, որպեսզի օգնեք դատավորին կամ երդվյալ ատենակալներին հավատալ ձեզ, այլ ոչ մյուս կողմին։ Ապացույցներ կարող են լինել վկաները, որոնք ելույթ են ունենում դատարանում ճշմարտությունն ասելու երդումից հետո (կոչվում է «վկայություն»)։ Դուք նույնպես կարող եք վկայություն տալ ձեր իսկ գործով՝ ապացույցներ բերելու համար։ Սակայն հիշեք, որ մյուս կողմը նույնպես հարցեր է տալու ձեզ։ Ապացույցներ կարող են լինել նաև փաստաթղթերը, ֆիզիկական իրերը, լուսանկարները և այլ օժանդակ նյութեր։

Ապացուցման ձեր պարտավորություն(ներ)ը կատարելու համար դուք պետք է նաև բավարար ապացույցներ ունենաք։ «Ապացուցման պարտավորություններ» են իրավական ստանդարտները, որոնց միջոցով դատավորները և երդվյալ ատենակալները որոշում են, թե ով պետք է շահի դատական գործը։ Օրինակ՝ հեռուստացույցով հաճախ ներկայացվող քրեական գործերում ապացուցման պարտավորություն է «ողջամիտ կասկածից վեր է, որ մեղավոր է»։ Կացարանային գործերը քրեական գործեր չեն, դրանք քաղաքացիական գործեր են։ Քաղաքացիական շատ գործերում ապացուցման ստանդարտը «ծանրակշիռ ապացույցն է»։ Դա նշանակում է, որ պահանջն ապացուցելու համար երդվյալ ատենակալները կամ դատավորը պետք է որոշեն, որ պատմության ձեր տարբերակի ճշմարտացիությունն ավելի հավանական է, այլ կերպ ասած, պահանջի ճշմարիտ լինելը հավանական է 51 կամ ավելի տոկոսով։

Մինչև դատական նիստը վերանայեք տեղի ունեցածի մասին ձեր նշումները, հիշողությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկություններ, որպեսզի կարողանաք դատավորի կամ երդվյալ ատենակալների ուշադրությունը հրավիրել ձեր պահանջները կամ պաշտպանության միջոցներն ապացուցող փաստերի վրա։

Հաղորդակցվեք հստակորեն և կենտրոնացեք կարևոր մանրամասների վրա

Երբ դատարանում լինեք, հնարավորության դեպքում բարձր և հստակ խոսեք։ Խոսելիս ներառեք նաև կարևոր, ճշմարտացի մանրամասներ, քանի որ դա ավելի համոզիչ կհնչի դատավորի և երդվյալ ատենակալների համար։

Օրինակ

Եթե ասում եք․

  • «Ես վարձը վճարել եմ 2023 թվականի հունիսի 30-ին, հետո իմ տանտերը եկավ և դռանս առաջ իմ ու որդուս ներկայությամբպատռեց իմ չեքը»,

այս պնդումը ավելի ուժեղ ապացույց է, քան եթե ասեք․

  • «ես անցած ամառ վճարել եմ վարձը, բայց տանտերը պատռեց իմ չեքը»։

Թավագիր բառերը (ամսաթիվ, վայր, վկա) ցույց են տալիս մանրամասներ, որոնք ավելի հավաստի են դարձնում առաջին նախադասությունը և կարող են օգնել դատավորին հավատալ ձեզ, քանի որ տեղեկությունը անորոշ չէ։

Կարևորը էական և ճշմարտացի մանրամասներն են։ Վերոնշյալ օրինակում հավանականորեն կարևոր չէ, թե ձեր տանտիրոջ եղունգների լաքն ինչ գույնի էր, արդյոք դրսում ամպամած էր,
կամ ինչ էիք անում, երբ ձեր տանտերը թակեց դուռը։ Չափից շատ մանրամասները կարող են շեղել դատավորին կամ երդվյալ ատենակալներին այն բանից, ինչը փորձում եք ապացուցել։