Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի բողոքների ներկայացման տարբերակների և ընթացակարգի տեղեկատվական թերթիկ

Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի բողոքների ներկայացման տարբերակների և ընթացակարգի տեղեկատվական թերթիկ
Այս հրապարակումը քննարկում է այն ամենը, ինչ պետք է իմանալ DOR-ի և տրանսպորտի ֆինանսավորման մասին
Ի՞նչ կարող եմ անել, եթե խնդիրներ ունեմ իմ DOR խորհրդատուի հետ
Ձեր առաջին քայլը պետք է լինի փորձել լուծել խնդիրը DOR-ի ձեր խորհրդատուի հետ: Եթե ի վիճակի չեք լուծել խնդիրը DOR-ի ձեր խորհրդատուի հետ, խնդրեք հանդիպում ձեր խորհրդատուի ղեկավարի հետ: Աշխատունակության վերականգնման հարցերով պատասխանատու ղեկավարը գուցե կարողանա օգնել ձեզ լուծել ցանկացած խնդիր: Եթե դժգոհ եք DOR-ի գործողություններից, դուք ունեք բողոք ներկայացնելու իրավունք:
Բողոք ներկայացնելու ի՞նչ տարբերակներ ունեմ
Բողոք ներկայացնելու առանձին տարբերակներ կան. կարող եք պահանջել վարչական վերանայում,
միջնորդություն կամ անկողմնակալ լսումներ: Այս տարբերակներն ավելի մանրամասն բացատրվում են ստորև:
Ինչպե՞ս պահանջեմ վարչական վերանայում
Եթե ձեզ մտահոգող հարցերը տեղական մակարդակում չեն լուծվում DOR-ի ձեր խորհրդատուի կամ աշխատունակության վերականգնման հարցերով
պատասխանատու ղեկավարի միջոցով, կարող եք շրջանի ադմինիստրատորի մոտ վարչական վերանայում պահանջել: Վարչական վերանայում պետք է խնդրեք այն որոշման ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում, որի հետ համաձայն չեք: Ձեր դիմումը պետք է ներառի.
- պատճառը, թե ինչու եք կարծում, որ որոշումը պետք է փոխվի,
- ինչ գործողություններ եք առաջարկում, որ DOR-ը ձեռնարկի:
Title 9 CCR §7353(a)(3)(A)-(B):
Ի՞նչ է տեղի ունենում վարչական վերանայման ժամանակ
Շրջանի ադմինիստրատորը, վարչական վերանայման դիմում ստանալիս, կարող է որոշել վարչական վերանայման հանդիպում նշանակել, որի ընթացքում դուք հանդիպում եք շրջանի ադմինիստրատորի հետ, ով ուսումնասիրում է ձեր խնդիրը: Այ հանդիպմանը դուք հնարավորություն ունեք բացատրելու, թե ինչու եք կարծում, որ DOR-ը սխալ որոշում է կայացրել: Կարող եք բերել ձեր դիրքորոշումը պաշտպանող փաստաթղթեր և այլ ապացույցներ: Վարչական վերանայմանը կարող է ներկա գտնվել DOR-ի ձեր խորհրդատուն կամ աշխատունակության վերականգնման հարցերով պատասխանատու ղեկավարը՝ բացատրելու DOR-ի որոշումը:
Որոշ դեպքերում շրջանի ադմնիստրատորը կարող է որոշել կատարել վերանայում «գրանցված տվյալների հիման վրա» և որոշում կայացնել: Շրջանի ադմինիստրատորը ուսումնասիրելու է ձեր դիմումը, ձեր գործի թղթապանակը և ձեր ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Շրջանի ադմնիստրատորը իր որոշումը կայացնելու է այդ տվյալների հիման վրա:
Շրջանի ադմինիստրատորը որոշում է, թե արդյոք DOR-ի գործողությունը համապատասխան է եղել և ձեզ գրավոր որոշում է ուղարկում վարչական վերանայման ձեր դիմումի ամսաթվից հետո 15 օրվա ընթացքում:
Եթե ես բավարաված չեմ վարչական վերանայման որոշմամբ
Եթե դուք բավարարված չեք Վարչական վերանայման որոշմամբ, կարող եք դիմել միջնորդության և (կամ) անկողմնակալ լսումներ անցկացնելու համար: Այս դիմումը պետք է ներկայացնեք վարչական վերանայման որոշումից հետո 30 օրվա ընթացքում: Title 9 CCR §7353(f):
Վարչական վերանայումը պարտադի՞ր է
Ոչ: Վարչական վերանայման գործընթացը կամընտրական է: Կարող եք բաց թողնել վարչական վերանայման գործընթացը և անմիջապես դիմել անկողմնակալ լսումներ անցկացնելու և (կամ) միջնորդության համար: Title 9 CCR §7351(c): Սակայն միջնորդության կամ անկողմնակալ լսումների անցկացման համար դիմելուց առաջ օգտակար կլինի անցնել DOR-ի վարչական վրանայման գործընթացը: Վարչական վերանայման գործընթացում կարող են շատ խնդիրներ լուծվել տեղական, ոչ պաշտոնական մակարդակով և ավելի արագ:
Ինչպե՞ս դիմել միջնորդության համար
Միջնորդության դիմում պետք է ներկայացնեք այն գործողության ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում, որին համաձայն չեք: Եթե ստացել եք վարչական վերանայման որոշումը, միջնորդության դիմումը պետք է ներկայացնեք վարչական վերանայման որոշման ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում: Միջնորդության դիմումները պետք է ներկայացվեն DR 107 ձևով: Այդ ձևաթուղթը կարող եք գտնել նաև առցանց, հետևյալ հղմամբ՝ https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing:
Եթե երկու կողմերը համաձայն են միջնորդությանը, այն կանցկացվի բոլոր կողմերին հարմար ժամանակ և վայրում՝ միջնորդության համակարգողի կողմից դիմումն ստանալու օրվան հաջորդող 25 օրացուցային օրվա ընթացքում: Title 9 CCR §7353.6(b)-(c), 34 C.F.R. §361.57(d):
Միջնորդությունը պարտադի՞ր է
Ոչ: Միջնորդությունը նույնպես կամընտրական է: 34 C.F.R. §361.57(d)(2)(i): Կարող եք որոշել բաց թողնել
միջնորդության գործընթացը և անցնել անմիջապես անկողմնակալ լսումներին: Բացի այդ, DOR-ը պարտավոր չէ մասնակցել միջնորդությանը. DOR-ը կարող է որոշել, որ չի ցանակնում մասնակցել միջնորդության գործընթացին: Ինչպես վարչական վերանայման գործընթացում, միջնորդության գործընթացը չի հետաձգում անկողմնակալ լսումների իրավունքը: Title 9 CCR §7353.6(b):
Ի՞նչ է տեղի ունենում միջնորդության գործընթացում
Միջնորդության ժամանակ հանդիպում եք անկողմնակալ միջնորդի և DOR-ի ներկայացուցչի հետ: Միջնորդը փորձելու է ձեզ և DOR-ին օգնել լուծել ձեր տարաձայնությունը և համաձայնության գալ: Եթե միաժամանակ և՛ միջնորդության, և՛ անկողմնակալ լսումների դիմում եք ներկայացրել և ձեր բարձրաձայնած բոլոր խնդիրները կարողանում եք կարգավորել միջնորդության գործընթացում, անկողմնակալ լսումները հանվում են:
Միջնորդությունը գաղտնի գործընթաց է: Դա նշանակում է, որ միջնորդության գործընթացում ներկայացված ցանկացած տեղեկություն չի կարող հետագայում քննարկվել անկողմնակալ լսումների կամ դատական գործի լսումների ժամանակ:
Ինչպե՞ս դիմել անկողմնակալ լսումների անցկացման համար
DOR-ի ձեր խնդրի վերաբերյալ կարող եք միջնորդության փոխարեն կամ դրան հավելյալ դիմել նաև անկողմնակալ լսումների անցկացման համար: Անկողմնակալ լսումների ձեր դիմումը պետք է ներկայացնեք այն գործողության կամ որոշման մասին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում, որի հետ համաձայն չեք: Title 9 CCR §7354(a)(1): Ինչպես նշվեց վերևում, եթե գնում եք վարչական վերանայման, անկողմնակալ լսումների դիմումը պետք է ներկայացնեք վարչական վերանայման որոշման ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում:
Անկողմնակալ լսումները պետք է անցկացվեն ձեր գրավոր դիմումի ամսաթվից հետո 60 օրվա ընթացքում, եթե չեք համաձայնում երկարաձգել այս ժամկետը: Title 9 CCR §7354(b):
Անկողմնակալ լսումների անցկացման դիմումները պետք է ներկայացվեն DR 107 ձևով: Այդ ձևաթուղթը կարող եք գտնել առցանց, հետևյալ հղմամբ՝ https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing:
Ի՞նչ է տեղի ունենում անկողմնակալ լսումների ժամանակ
Անկողմնակալ լսումների ժամանակ դուք հնարավորություն եք ունենում վարչական գործերով դատավորին (ALJ) ներկայացնելու և ապացուցելու ձեր բողոքները: Կարող եք բերել փաստաթղթեր, վկաների կամ այլ ապացույցներ՝ վարչական գործերով դատավորին ներկայացնելու համար: DOR-ի դիմումատուների կամ շահառուների պահանջով անցկացվող անկողմնակալ լսումների ժամանակ բողոքները լսում է անկողմնակալ պաշտոնյան, որն ընդգրկված է վարչական գործերով դատավորի ցանկում (Ընդհանուր ծառայությունների դեպարտամենտի վարչական գործերով լսումների գրասենյակ (Office of Administrative Hearings, OAH)): Վարչական գործերով դատավորն անկողմնակալ լսումներից 30 օր հետո հրապարակում է որոշումը: Title 9 CCR §7358:
DOR-ը կարո՞ղ է մինչև որոշման հրապարակումը կասեցնել իմ ծառայությունները
Ոչ: Քանի դեռ չի ավարտվել վարչական վերանայման գործընթացը, կամ քանի դեռ վարչական գործերով լսումների գրասենյակը որոշում չի տրամադրել, DOR-ը չպետք է կասեցնի, կրճատի կամ դադարեցնի IPE-ով արդեն տրամադրվող որևէ ծառայություն: Բացառություն են կազմում այն երկու դեպքերը, երբ անձն է խնդրում դադարեցնել ծառայությունը, կամ երբ DOR-ը որոշում է, որ տվյալ անձը խաբեություն կամ քրեորեն պատժելի արարք է կատարել: Title 9 CCR §7351(e):
Եթե ես դժգոհ եմ անկողմնակալ լսումների որոշումից
Եթե բավարարված չեք անկողմնակալ լսումներից հետո հրապարակված որոշմամբ, դուք իրավունք ունեք վեց ամսվա ընթացքում Կալիֆոռնիայի Գերագույն դատարանին հայցի բավարարման դատական կարգադրության խնդրագիր ներկայացնել:
Կարո՞ղ եմ ընտանիքի անդամին խնդրել ներկայացնել ինձ միջնորդության կամ անկողմնակալ լսումների ժամանակ
Կարող եք որևէ մեկին նշանակել լինելու ձեր լիազորված ներկայացուցիչը և ներկայացնելու ձեզ միջնորդության կամ անկողմնակալ լսումների ժամանակ: Կարող եք խնդրել ընտանիքի որևէ անդամի, որևէ ընկերոջ կամ այլ պաշտպանի լինել ձեր լիազորված ներկայացուցիչը: Ձեզ ներկայացնելու համար լիազորված ներկայացուցիչները պետք է լրացնեն DR 108 ձևը: Այս ձևաթուղթը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing:
Եթե ես չեմ կարող անգլերեն կարդալ կամ թույլ լսողություն կամ տեսողություն ունեմ
Կարող եք պահանջել, որ ծանուցումները և որոշումները ձեզ ուղարկվեն ձեր մայրենի լեզվով կամ հաղորդակցման ձեր նախընտրած եղանակով: Նման պահանջ ներկայացնելու դեպքում DOR-ը պետք է ծանուցումներն ու որոշումները ձեզ տրամադրի ձեր մայրենի լեզվով կամ հաղորդակցման նախընտրած եղանակով: Cal. Welf. & Inst. Code §19013.5(a)-(b), Title 9 CCR §7352(a): Եթե ցանկանում եք ծանուցումներն ու որոշումներն ստանալ նաև անգլերենից բացի մեկ այլ լեզվով, մեծ տառերով տպված կամ բրայլյան գրով, հնարավորինս շուտ դիմեք դրանք տվյալ լեզվով կամ ձևաչափով ստանալու համար: Վարչական վերանայման, միջնորդության կամ անկողմնակալ լսումների անցկացման դիմում ներկայացնելիս կարող եք խնդրել, որ ծանուցումներն ստանաք տարբեր լեզուներով և (կամ) ձևաչափերով:
Կարո՞ղ եմ վարչական վերանայման, միջնորդության կամ անկողմնակալ լսումների ժամանակ ունենալ թարգմանիչ կամ ընթերցող կամ այլ հարմարություն
Այո: Եթե անգլերեն չեք խոսում, խուլ եք, թույլ լսողություն, խոսքային խնդիր ունեք, կույր եք կամ վատ տեսողություն ունեք, ձեզ պետք է թարգմանչի և ընթերցողի ծառայություններ կամ լսողական ապարատներ տրամադրվեն: Այդ ծառայությունների տրամադրումը որոշում եք դուք: Title 9 CCR §§ 7353(c), 7353.6(c), 7354(d)(3): Հնարավորության դեպքում ձեզ անհրաժեշտ հարմարությունների համար դիմեք նախապես:
Վարչական վերանայման, միջնորդության կամ անկողմնակալ լսումների անցկացման ձեր դիմումը ներկայացնելիս կարող եք դիմել հարմարությունների տրամադրման համար:
Կարո՞ղ եմ դիմել իրականացնել երկկողմանի փոխադրում վարչական վերանայման, միջնորդության կամ անկողմնակալ լսումների գրասենյակ
Կարող եք դիմել DOR-ին, որ իրականացնի ձեր փոխադրումը դեպի վարչական վերանայման, միջնորդության գրասենյակ: Title 9 CCR §7353(d), 7353.6(d): Չնայած կանոնակարգերը հատուկ չեն նախատեսում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող եք DOR-ին խնդրել, որ ձեզ ապահովի տրանսպորտով՝ անկողմնակալ լսումներին այցելելու համար:
Օգնության համար դիմեք ձեր CAP պաշտպանին՝ 800-776-5746 հեռախոսահամարով: CAP պաշտպանը գուցե կարողանա օգնել ձեզ լուծել DOR-ի հետ ունեցած ձեր խնդիրները:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.