Ի՞նչ է նշանակում Անհատականացված կրթական ծրագրի (IEP) առաջընթաց

Publications
#8084.10

Ի՞նչ է նշանակում Անհատականացված կրթական ծրագրի (IEP) առաջընթաց

Այս հրապարակումը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ուսուցանելու համար IEP-ի առաջընթացը և դրա բոլոր ներքին գործողությունները:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Հատուկ կրթության մասին դաշնային և նահանգային օրենսդրությունը պահանջում է, որ աշակերտի Անհատականացված կրթական ծրագիրը (IEP) ներառի աշակերտի համար սահմանված չափելի տարեկան նպատակներ:1

Աշակերտի IEP-ը պետք է մանրամասնի, թե ինչպես է չափվելու տարեկան նպատակներին հասնելու ուղղությամբ աշակերտի ունեցած առաջընթացը:2 Առաջընթացի չափումը թույլ է տալիս թիմին տեսնել, թե արդյոք IEP-ն օգնում է աշակերտին առաջադիմել, կամ արդյոք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել IEP-ում:

IEP-ը պետք է նաև սահմանի, թե դպրոցական կրթության շրջանային բաժինը երեխայի ծնողին / խնամակալին երբ և ինչպես պետք է հաղորդի երեխայի առաջընթացի մասին:3

Առաջընթացի վերանայում և փոփոխում

IEP թիմը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է հանդիպի՝ վերանայելու աշակերտի նպատակների ուղղությամբ կատարված առաջընթացը:4 Թիմն ուսումնասիրում է հավաքված տեղեկությունները: Թիմի անդամները որոշում են, թե արդյոք IEP-ով սահմանված նպատակներն իրագործվել են, և արդյոք հատուկ կրթության ծառայություններն արդյունավետորեն են բավարարում աշակերտի կարիքները:5

Եթե երեխան չունի ակնկալվող առաջընթացն իր տարեկան նպատակների կատարման ուղղությամբ, IEP թիմը պետք է փոփոխի IEP-ը՝ բավարար առաջընթաց ապահովելու համար: Թիմը կարող է համապատասխանեցնել ուսուցման և աջակցության ռազմավարությունները: Եթե IEP թիմին անհրաժեշտ է մեծածավալ փոփոխություններ կատարել, նրանք պետք է IEP հանդիպում նշանակեն: Այդ հանդիպման ընթացքում նրանք կարող են վերանայել և փոփոխել IEP-ը:

Ծնողները / խնամակալներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ IEP թիմի հանդիպում խնդրել: Նրանք պետք է գրավոր դիմում ներկայացնեն: Դրանից հետո դպրոցական կրթության շրջանային բաժինն ունի 30 օր՝ հանդիպումն անցկացնելու համար:6

Պահանջվում է IEP թիմերից

IEP թիմերը պետք է կարողանան ցույց տալ, որ նրանք.

  • Տրամադրում են հատուկ կրթություն և առնչվող ծառայություններ,
  • Կատարում են ծրագրի փոփոխություններ,
  • Դպրոցի անձնակազմին տրամադրում են աջակցություն,
  • Պայմաններ են ստեղծում համապատասխան շենքային փոփոխություններ կատարելու համար: Դրանք հաշվարկված են ողջամտորեն, որպեսզի երեխան կարողանա իր հանգամանքներին համապատասխան առաջընթաց ունենալ: Սա երեխային հնարավորություն կտա հասնել իր համար դժվարություն ներկայացնող նպատակներին:

Դաշնային օրենսդրության մեկնաբանումը

Գերագույն դատարանն իր «Endrew F. v. Douglas County School District» (Ֆ. Էնդրյուն ընդդեմ Դուգլասի վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի) գործով 2017թ. կայացրած որոշման մեջ ընդգծել է, որ աշակերտի՝ իր նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացը կարևոր է:

IEP-ը պետք է կազմվի այնպես, որ թույլ տա երեխային համապատասխան առաջընթաց ունենալ՝ հաշվի առնելով երեխայի հանգամանքները: Հանրակրթական ծրագրով սովորող շատ աշակերտների համար համապատասխան առաջադիմություն նշանակում է հաջորդ դասարան փոխադրվելը: Այլ աշակերտների համար այդ տեմպով հաջորդ դասարան փոխադրվելը կարող է հնարավոր չլինել: Այդպիսի աշակերտները կարող են առաջադիմություն ունենալ և դժվարություն ներկայացնող նպատակներին հասնել այլ ճանապարհներով: IEP ունեցող ցանկացած աշակերտ հատուկ կրթության իր ծրագրից պետք է ստանա ավելի քան նվազագույն կրթական օգուտ (Endrew F. v. Douglas Cnty. Sch. Dist. RE-1 137 S.Ct. 988, 992 (2017)):

Չնայած դատարանը որևէ թեստ չի տրամադրել, որով կարելի է որոշել, թե յուրաքանչյուր երեխայի համար ինչն է համապատասխան առաջընթաց համարվում, IEP թիմերը պետք է սահմանեն քաղաքականություններ, ընթացակարգեր և գործելակերպեր հետևյալի համար.

  • Ուսումնական առաջադիմության և ֆունկցիոնալ կատարողականի ներկա մակարդակների որոշում,
  • Տարեկան չափելի նպատակների սահմանում, այդ թվում՝ ուսումնական և ֆունկցիոնալ նպատակներ՝ հիմնվելով երեխայի ներկա մակարդակների վրա,
  • Այդ նպատակներին հասնելու ուղղությամբ երեխայի առաջընթացի չափումը:

Օրինակներ

Ստորև ներկայացվող օրինակները ցույց են տալիս, թե տարբեր կազմակերպություններն ինչպես են սահմանել առաջընթացը: Յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է: Ձեզ գուցե անհրաժեշտ լինի ձեր երեխայի հատուկ իրավիճակի վերաբերյալ խորհրդակցել փաստաբանի կամ իրավապաշտպանի հետ:

Առաջընթաց ունենալու օրինակներ

  • IEP-ները չեն սահմանում առանձին նպատակ աշակերտի կրթական կարիքներից յուրաքանչյուրի համար: Աշակերտի IEP-ում նրա կրթական կարիքների յուրաքանչյուր ոլորտի համար առանձին նպատակ սահմանելու կարիք չկա: IEP-ը նորմալ է, եթե այն բավարարում է աշակերտի կարիքները որպես մեկ ամբողջություն և թույլ է տալիս նրան համապատասխան առաջընթաց ունենալ (K.M. by Markham v. Tehachapi Unified Sch. Dist., No. 1:15-cv-001835, 2017 U.S. Dist. LEXIS 52179 (E.D. Cal. April 5, 2017)):
  • Բարձր գնահատականները կարող են նշանակել, որ աշակերտն առաջընթաց է ունեցել: Առաջադիմության թերթիկում աշակերտն ստացել է բարձր գնահատականներ: Նա ստացել է A+ նկարչություն, մաթեմատիկա և հասարակագիտություն և B+ լեզու և գրականություն, կարդալու և գրելու հմտություններ առարկաներից: Վարչական լսումների դատարանի (OAH) վարչական իրավունքի դատավորն ասել է, որ աշակերտն առաջընթաց է ունեցել: Գնահատականներն ապացուցել են աշակերտի առաջընթացը: Աշակերտը «բարգավաճել է», եթե նրա IEP-ով սահմանված նպատակները արդյունք են տվել (Ventura Unified Sch. Dist., No. 2021030296 (Cal. OAH June 18, 2021)):7
  • Աշակերտները կարող են առաջընթաց ունենալ առանց առանձին նպատակաուղղված ծրագրի: Աշակերտն առաջընթաց է ունեցել առանց իր կատարողական ֆունկցիայի հմտությունները բարելավելու նպատակաուղղված ծրագրի: Ծնողները պահանջել են առանձին նպատակաուղղված ծրագիր: Սակայն աշակերտն իր առաջադրանքի կատարմանն ուղղված նպատակին հասել է մեկ տարվա ընթացքում: Նա առաջընթաց է ունեցել՝ զարգացնելով լավ աշխատանքային սովորություններ, կազմակերպված պահելով իր թղթապանակը և հետևողական լինելով իր առաջադրանքներին: Աշակերտը առաջընթաց ունենալու համար լրացուցիչ այլ բանի կարիք չի ունեցել: Կարիք չկա, որ դպրոցական կրթության շրջանային բաժինները առավելագույնի հասցնեն աշակերտի կրթությունը կամ առաջարկեն ծնողների կողմից նախընտրելի ծրագրեր (Parent on Behalf of Student v. San Marcos Unified Sch. Dist., No. 2020110479 (Cal. OAH June 10, 2021)):

Առաջընթաց չունենալու օրինակներ

  • IEP-ները պետք է լինեն ողջամիտ, այլ ոչ կատարյալ: Աշակերտը պնդում էր, որ իր IEP-ը ողջամտորեն հաշվարկված չի եղել, որպեսզի թույլ տա իրեն առաջընթաց ունենալ: Դպրոցը նկատել է աշակերտի վարքագծի ոչ համապատասխան դրսևորումներ, որոնք խոչընդոտել են առաջընթացին: Դատարանն ասել է, որ շրջանային բաժինը բազմաթիվ արդարացի փորձեր կատարելով ծախսել է ժամանակ, մասնագետներ և ռեսուրսներ: Կարիք չկար, որ աշակերտի IEP-ը կատարյալ լիներ, և պարտադիր չէր, որ այն առաջընթաց ապահովեր (In re Butte Sch. Dist. No. 1, No. CV 14-60-BU-SHE, 2019 U.S. Dist. LEXIS 13311 (D. Mont. January 28, 2019)):
  • Շրջանային բաժինները պետք է առաջընթացի մասին հաշվետվություններ ուղարկեն տուն: Առաջընթացի մասին հաշվետվություններն ուղարկվել են տուն, սակայն դրանք բավարար չեն եղել: Հաշվետվություններում աշակերտի առաջընթացը հիմնականում քննարկվել է ընդհանուր ձևով: Դրանք գրեթե չեն պարունակել քանակական տեղեկություններ: Դրանք պարունակել են շփոթեցնող կամ հակասական տեղեկություններ, օրինակ՝ նկարագրում են, որ աշակերտը պայքարում էր նպատակին հասնելու համար, սակայն միաժամանակ նշում են, որ նպատակն իրագործված չի եղել: Հաշվետվություններում բառացիորեն պատճենվել է նախորդ հաշվետվությունների տեքստը, կամ դրանցում նկարագրված չի եղել աշակերտի առաջընթացը որոշակի ոլորտների համար: Դատարանն ասել է, որ այդ հաշվետվությունները ընտանիքն հնարավորություն չեն տվել գնահատել իրենց երեխայի առաջընթացը (Hood River Cty. Sch. Dist. v. Student, 2021 U.S. Dist. LEXIS 123391, Case No. 3:20-cv-1690-SI (D. Or. July 1, 2021)):
  • Առաջընթացը պետք է հիմնավորվի տվյալներով: Վարչական լսումների դատարանում անցկացվող լսումների ժամանակ դպրոցական կրթության շրջանային բաժինը չի ապացուցել, որ մշակել է համապատասխան ուսումնական նպատակներ: Նպատակները սահմանելիս անհրաժեշտ են ներկա մակարդակները: Լսումների ժամանակ նպատակներից շատերի համապատասխանության և չափելիության վերաբերյալ որևէ վկայություն չի հնչել: Օրինակ՝ ոչ մի լոգոպեդ չի վկայել, որ լեզվական և խոսքային բոլոր նպատակները սահմանվել են IEP թիմին հասանելի տեղեկությունների հիման վրա: Ոչ ոք չի ասել, որ նպատակները համապատասխանել են աշակերտի կարիքները բավարարելուն: Դպրոցական կրթության շրջանային բաժինը չի ունեցել բավարար տվյալներ իր որոշումները հիմնավորելու համար (Pivot Charter School – San Diego v. Parents on Behalf of Student, Case No. 2020120031 (Cal. OAH May 13, 2021)):