Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. նահանգային և տեղական գերատեսչություններ և այլ պետական կազմակերպություններ
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. նահանգային և տեղական գերատեսչություններ և այլ պետական կազմակերպություններ
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Դաշնային և նահանգային օրենքներ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականություն կիրառելու մասին
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի (անգլ. Americans with Disabilities Act, ADA) դրույթ II-ի և Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ի համաձայն նահանգային և տեղական կառավարական մարմիններին (պետական մարմիններին) արգելվում է կիրառել խտրականություն հաշմանդամության հիմքով: Պետական կազմակերպություններ են վարչաշրջանային գրադարանները, նահանգային զբոսայգիները, տրանսպորտային միջոցների հաշվառման դեպարտամենտի գրասենյակները և այլ հիմնարկներ ու ծառայություններ, որոնց աշխատանքը համակարգում են, կամ որոնք տրամադրվում են նահանգի կամ տեղական կառավարությունների կողմից:
Կալիֆոռնիայի օրենսդրությունը տրամադրում է պաշտպանության նմանատիպ միջոցներ: Պետական կառավարման մասին օրենքի բաժին 11135-ն արգելում է նահանգային և տեղական կառավարությունների կողմից խտրականության կիրառումը: Կալիֆոռնիայի քաղաքացիական իրավունքների մասին Ունրուի օրենքը (Քաղաքացիական օրենսգրքի բաժին 51) և Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը (Քաղաքացիական օրենսգրքի բաժիններ 54 – 55.32), որոնք արգելում են հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը մասնավոր կազմակերպության կողմից, որոշ հանգամանքներում կիրառվում են նաև պետական մարմինների համար: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի ցանկացած խախտում համարվում է նաև նահանգային օրենսդրության խախտում: Սակայն որոշ հանգամանքներում նահանգային օրենսդրությամբ կամ այլ դաշնային օրենքներով, ինչպիսին է բաժին 504-ը, կարող է սահմանվել պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան սահմանում է
Դրույթ II-ը:
Խտրականություն է համարվում հաշմանդամություն ունեցող անձանց բացառումը, տարանջատումը և նրանց հանդեպ անհավասար վերաբերմունքը պետական մարմինների կողմից: Սա ներառում է քաղաքականություններում և գործելակերպերում փոփոխություններ չկատարելը (որը կոչվում է «ողջամիտ ձևափոխություններ» կամ «ողջամիտ հարմարեցումներ»), որով թույլ կտրվի հաշմանդամություն ունեցող անձին հավասարապես օգտվել որևէ պետական ծառայությունից: Այս փոփոխությունները պարտադիր են, եթե դրանք էապես չեն փոխում պետական ծառայությունների բնույթը և չեն ենթադրում անհարկի ֆինանսական կամ վարչական բեռ:
Խտրականությունը նաև ներառում է «օժանդակ սարքեր և ծառայություններ» չտրամադրելը, երբ դրանք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց հետ արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար:
Օժանդակ սարքերի ու ծառայությունների օրինակներ են որակավորված սուրդոթարգմանիչների տրամադրումը, ենթագրերի մատուցումն իրական ժամանակում և կույրերի համար որակավորված ընթերցողների տրամադրումը: Դրանց մեջ են մտնում նաև մատչելի ձևաչափով փաստաթղթերի տրամադրումը, օրինակ՝ մեծ տառերով տպած կամ Բրայլյան գրով փաստաթուղթը, տեքստ կարդացող ծրագրերի համար համատեղելի ձևաչափով փաստաթղթերը կամ տպագիր տեղեկության ձայնագրությունները: Պետական մարմիններից չի պահանջվում տրամադրել օժանդակ սարքեր և ծառայություններ, եթե դրանց տրամադրումը էապես կարող է փոխել նրանց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների բնույթը կամ անհարկի ֆինանսական կամ վարչական բեռ ստեղծել:
Հաշմանդամության հիմքով խտրականություն կիրառելու, ողջամիտ ձևափոխությունների և արդյունավետ հաղորդակցման իրավունքի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.
U.S. Department of Justice website:
- ADA-ի վերաբերյալ տեղեկությունների և տեխնիկական աջակցության համար տե՛ս. https://www.ada.gov/taman2.html
- Արդյունավետ հաղորդակցման տեղեկաթերթ՝ https://www.ada.gov/effective-comm.htm
Կալիֆոռնիայի աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման վարչության (անգլ.՝ California Department of Fair Employment and Housing, DFEH) կայք՝
- Նահանգային ֆինանսավորում ստացող կազմակերպություններ՝ https://www.dfeh.ca.gov/state-contractors-or-subcontractors-or-recipients-of-state-funding-must-not-discriminate/
Հաշմանդամություն ունեցող անձը կարող է բախվել խտրականության նաև այն դեպքում, եթե պետական կառույցի տարածքը նրա համար ֆիզիկապես հասանելի չէ: ADA օրենքը և Կալիֆոռնիայի օրենսդրությունը սահմանում են ճարտարապետական ստանդարտներ նոր և ձևափոխված շինությունների համար: ADA օրենքով պետական մարմիններից պահանջվում է նաև առկա տարածքներում ապահովել «ծրագրի հասանելիություն»: Դա նշանակում է, որ պետական մարմնի ծրագրերը և ծառայությունները, դրանք իրենց ամբողջության մեջ դիտելիս, պետք է լինեն մատչելի և օգտագործելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Որոշ դեպքերում ծրագրի հասանելիությունն ապահովելու համար կարող է պահանջվել կատարել ֆիզիկական ձևափոխություններ առկա տարածքներում: Սակայն պետական մարմիններից չի պահանջվում կատարել կառուցվածքային փոփոխություններ գոյություն ունեցող շենքերում, որտեղ ծրագրի հասանելիությունն ապահովելու այլ արդյունավետ մեթոդներ կան:
Ճարտարապետական հասանելիության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝
- ԱՄՆ Հասարակական վայրերի հասանելիության ապահովման խորհրդի կայք՝ www.access-board.gov
- ԱՄՆ Արդարադատության վարչության կայք՝ https://www.ada.gov/ada_title_II.htm
- Կալիֆոռնիայի նահանգային ճարտարապետի բաժնի կայք՝ http://www.dgs.ca.gov/dsa/Programs/progAccess.aspx
- Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության ապահովման հարցերի հանձնաժողովի կայք՝ www.ccda.ca.gov
Ողջամիտ ձևափոխությունների ձեռքբերում / Օժանդակ սարքերի և ծառայությունների ստացում
Ստորև ներկայացված են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել որևէ պետական մարմնից ողջամիտ ձևափոխություն կամ օժանդակ սարք կամ ծառայություն ստանալու համար.
- Գրեք ողջամիտ ձևափոխությունների / օժանդակ սարքերի ու ծառայությունների դիմում: Ձեր դիմումը պետք է բացատրի հետևյալը.
- այն, որ դուք հանդիսանում եք հաշմանդամություն ունեցող անձ (կարիք չկա նշելու ձեր հաշմանդամության անվանումը),
- եղանակները, որոնցով ձեր հաշմանդամությունը խանգարում է ձեզ ձեռք բերել կամ օգտվել տվյալ պետական մարմնի ապրանքներից կամ ծառայություններից,
- հատուկ ձևափոխությունները / օժանդակ սարքերն ու ծառայությունները, որոնց կարիքը դուք ունեք,
- ամսաթիվը, մինչև որը ակնկալում եք ստանալ պատասխանը:
- Եթե ձեր հաշմանդամությունը և ողջամիտ ձևափոխությունների / օժանդակ սարքերի ու ծառայությունների կարիքն ակնհայտ չեն, ձեր բժշկից կամ մեկ այլ բժիշկ-մասնագետից վերցրեք ուղեկցող նամակ: Այդ նամակում պետք է բացատրվի, թե ինչու է ձեր հաշմանդամության պատճառով ձեզ համար պահանջվում ձևափոխությունը:
- Ձեր գրավոր դիմումը և անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցող նամակն ուղարկեք համապատասխան պետական մարմնին:
Ողջամիտ ձևափոխության / օժանդակ սարքերի ու ծառայությունների պահանջով դիմում-նամակի նմուշը և ուղեկցող նամակի նմուշը բերված են այս տեղեկագրի վերջում:
Վարչական բողոքներ
ADA օրենքի Դրույթ II-ն ի կատար է ածվում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից: Բաժին 504-ը կարող է ի կատար ածվել առանձին դաշնային գործակալությունների կողմից, որոնք հնարավոր է դա իրականացնեն Արդարադատության դեպարտամենտի հետ միասին: Կալիֆոռնիայի Ունրուի օրենքը, Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը և Պետական կառավարման օրենքի Բաժին 11135-ը ի կատար են ածվում DFEH-ի կողմից:
Եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ խտրականություն է կիրառվել, կարող եք վարչական բողոք ներկայացնել Արդարադատության դեպարտամենտին՝ ըստ դաշնային օրենսդրության կամ DFEH-ին՝ ըստ նահանգային օրենսդրության: Դրույթ II-ով նախատեսվող բողոքները պետք է ներկայացվեն Արդարադատության դեպարտամենտին խտրականության դեպքից հետո 180 օրվա ընթացքում: Բողոքները DFEH-ին պետք է ներկայացվեն խտրականության դեպքից հետո մեկ տարվա ընթացքում: Արդարադատության դեպարտամենտի և DFEH-ի կոնտակտային տվյալները բերված են ստորև:
Արդարադատության դեպարտամենտին ուղղվող բողոքների համար՝
U.S. Department of Justice
Civil Rights Division
950 Pennsylvania Avenue, N.W.
Disability Rights Section – 1425 NYAV
Washington, D.C. 20530
Բողոքների առցանց ներկայացում՝ https://www.ada.gov/filing_complaint.htm
Հեռախոս՝ (800) 514-0301
Հեռատիպ՝ (800) 514-0383
DFEH-ին ուղղվող բողոքների համար՝
Բողոքների առցանց ներկայացում՝ https://www.dfeh.ca.gov/filing-a-complaint-online/
Հեռախոս՝ (800) 884-1684
Հեռատիպ՝ (800) 700-2320
Փոստով՝ զանգահարեք (800) 884-1684 հեռախոսահամարով և պահանջեք համապատասխան բողոքի ձևը, որպեսզի այն լրացնելուց հետո տպեք և հետ ուղարկեք: Նկատի ունեցեք, որ փոստով ուղարկած բողոքը տեղ հասնելու և դրան ընթացք տալու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ:
Այլ գերատեսչությունները նույնպես կարող են ունենալ պետական մարմինների առնչությամբ առանձին տեսակի բողոքներ լսելու իրավասություն: Օրինակ՝ Կալիֆոռնիայի Զոհերի վնասների փոխհատուցման խորհուրդն առաջարկում է փոխհատուցում քրեորեն պատժելի բռնության զոհերին:
Դատական հետաքննություն
Վերևում նշված օրենքների խախտումները կարող են քննվել նաև մասնավոր դատական հայցերի միջոցով: Նկատի ունեցեք, որ գործում են վաղեմության ժամկետներ, որոնք սահմանափակում են դատական քննության համար հայցի ներկայացման ժամկետները, և դուք հավանական է՝ կորցնեք հայց ներկայացնելու հնարավորությունը,
եթե չդիմեք այդ վաղեմության ժամկետների ընթացքում: Այդ վերջնաժամկետները կարող են լինել մինչև երկու տարի՝ սկսած խտրականության կիրառման օրվանից:
Բացի այդ, Կառավարության դեմ քաղաքացիական իրավախախտումների բողոքների մասին օրենքը պահանջում է, որ քաղաքացիական իրավախախտումների բողոքները ներկայացվեն խտրականության դեպքից հետո վեց ամսվա ընթացքում՝ նախքան նահանգային կամ տեղական կառավարման մարմնի դեմ վնասի դրամական փոխհատուցման պահանջով դատական հայց ներկայացնելը: Քաղաքացիական իրավախախտումների բողոքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/tort-claims-filing-claims-against-public-entities-under-the-california-tort-claims-act: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կայքը պարունակում է նահանգի կամ նահանգային գործակալության կամ աշխատակցի դեմ բողոքների ձևերի հղումներ, որոնք կարող են ձեր գործի հետ առնչություն չունենալ: Պետական այլ մարմինները գուցե ունենան քաղաքացիական իրավախախտումների բողոքների իրենց սեփական ձևերը, որոնք կարելի է գտնել իրենց իսկ կայքերում: Եթե հետաքրքրված եք դատական հետաքննությամբ, պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ:
Եթե նպատակ ունեք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 10 000 ԱՄՆ դոլարի չափով, մեկ այլ տարբերակ է խտրականության դեպքի համար փոքր հայցերով զբաղվող դատարանին բողոք ներկայացնելը: Այս դեպքում ևս կգործեն վերևում քննարկված վաղեմության ժամկետները: Փոքր հայցերով զբաղվող դատարանին դիմելիս չեք կարող փաստաբան վարձել: Սա «Հաշմանդամության իրավունքներ Կալիֆոռնիա» կազմակերպության այն հրապարակման հղումն է, որում բացատրվում է խտրականության դեպքերի համար Փոքր հայցերով զբաղվող դատարանին դիմելու կարգը՝ https://www.disabilityrightsca.org/publications/a-guide-to-small-claims-court-how-to-sue-if-a-business-or-landlord-discriminates
Ողջամիտ ձևափոխություններ կամ օժանդակ սարքեր և ծառայություններ պահանջելու նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [պետական հիմնարկի անվանում],
Ես դիմում եմ Ձեզ իմ [հաշմանդամության / հաշմանդամությունների] համար [ողջամիտ ձևափոխություններ / օժանդակ սարքեր և ծառայություններ] խնդրելու նպատակով:
Ես [ստանում եմ / կցանկանայի ստանալ] ծառայություններ [նշել պետական մարմնի անվանումը]-ից: Իմ հաշմանդամության պատճառով ինձ անհրաժեշտ է հետևյալը. [Թվարկել ձևափոխությունները / օժանդակ սարքերը և ծառայությունները].
Իմ [բժիշկը / հոգեբույժը / հոգեբանը / թերապևտը / սոցիալական աշխատողը / մասնագիտական հիվանդությունների բժիշկը / այլ անձ (նկարագրել)] այս ձևափոխությունները / օժանդակ սարքերը և ծառայությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության համար: Կից ներկայացնում եմ [բժշկի կամ մասնագետի անունը]-ի նամակը:
Դաշնային և նահանգային օրենքներով պահանջվում է, որ պետական մարմինները տրամադրեն ողջամիտ ձևափոխություններ / օժանդակ սարքեր և ծառայություններ այն անձանց, որոնք ունեն հաշմանդամություն: Խնդրում եմ պատասխանել այս դիմումին մինչև՝ [ամսաթիվ]: Հարցեր ունենալու դեպքում ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կերպ՝ [նշեք ձեր հեռախոսահամարը և (կամ) էլ. փոստի հասցեն]: Շնորհակալություն:
Հարգանքով,
[ձեր անունը]
[ձեր հասցեն]
Ուղեկցող նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [պետական հիմնարկի անվանում],
Ես հանդիսանում եմ [անուն, ազգանուն]-ի [բժիշկը / հոգեբույժը / հոգեբանը / թերապևտը / սոցիալական աշխատողը / մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին: Նա ունի այնպիսի հաշմանդամություն, որը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է ստեղծում: Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել դիմումի մեջ նշված ձևափոխությունը / օժանդակ սարքը կամ ծառայությունը պահանջող ֆունկցիոնալ սահմանափակումները]:
[Պահանջվող ձևափոխությունը / օժանդակ սարքը և ծառայությունը] անհրաժեշտ է [անուն, ազգանուն]-ին՝ [նշել պետական մարմնի անվանումը]-ի [ծառայություններից և նպաստներից օգտվելու դիմում ներկայացնելու / հավասար իրավունքով օգտվելու] համար: [Նկարագրել, թե ձևափոխությունը / օժանդակ սարքը և ծառայությունը ինչպես են օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին]:
Շնորհակալություն [անուն, ազգանուն]-ի համար այս ողջամիտ ձևափոխությունն ապահովելու համար:
Հարգանքով,
[անուն, ազգանուն և պաշտոն]