Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Մասնավոր և «հասարակական նշանակության այլ հաստատություններ»

Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Մասնավոր և «հասարակական նշանակության այլ հաստատություններ»
Դաշնային և նահանգային օրենքներ հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու մասին
Դաշնային և նահանգային օրենքներն արգելում են հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը մասնավոր և «հասարակական այլ հաստատությունների» կողմից: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին դաշնային օրենքի (անգլ.՝ Americans with Disabilities Act, ADA) բաժին III-ն (ԱՄՆ օրենսդրություն, գլուխ 42, բաժիններ 12181 – 12189) արգելում է հասարակական նշանակության հաստատությունների կողմից հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության վերականգնման մասին օրենքի բաժին 504-ը արգելում է կիրառել խտրականություն հաշմանդամության հիմքով այն մասնավոր ընկերություններում, որոնք ստանում են դաշնային ֆինանսական միջոցներ:
Կալիֆորնիայի քաղաքացիական իրավունքների մասին Ունրուի օրենքը (Քաղաքացիական օրենսգրքի բաժիններ 54 – 55.32) արգելում է հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը ցանկացած մասնավոր կազմակերպությունում: Պետական կառավարման մասին օրենքի բաժին 11135-ն արգելում է խտրականության կիրառումն այն մասնավոր ընկերությունների կողմից, որոնք ստանում են պետական ֆինանսավորում: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի ցանկացած խախտում համարվում է նաև նահանգային օրենսդրության խախտում: Սակայն, որոշ հանգամանքներում, նահանգային օրենսդրությամբ կամ այլ դաշնային օրենքներով, ինչպիսին է օրինակ բաժին 504-ը, կարող է սահմանվել ավելի բարձր մակարդակի պաշտպանություն, քան սահմանում է Գլուխ III-ը:
ADA օրենքը «հասարակական նշանակության հաստատությունները» սահմանում է որպես մասնավոր և շահույթի նպատակ չհետապնդող ծառայություն մատուցող կազմակերպություններ, որոնք սեփականության իրավունքով ունեն, աշխատեցնում են կամ լիզինգով վարձակալում են տարածքներ, որոնք բաց են հասարակության կողմից օգտագործվելու համար: Դրանք են ռեստորանները, մանրածախ առևտրի խանութները, հյուրանոցները, կինոթատրոնները, մասնավոր դպրոցները, համաժողովների անցկացման սրահները, բժիշկների ընդունարանները, անտունների կացարանները, տրանսպորտային կանգառները, գազանանոցները, սգո սրահները, ցերեկային խնամքի կենտրոնները և հանգստի ու ժամանցի վայրերը, ինչպիսիք են մարզադաշտերն ու մարզասրահները: Տրանսպորտային տեղափոխման մասնավոր ծառայությունների դեպքում նույնպես կիրառելի են տվյալն օրենքի դրույթները:
Խտրականություն է համարվում հաշմանդամություն ունեցող մարդկանց բացառումը, տարանջատումը և նրանց հանդեպ անհավասար վերաբերմունքը հասարակական նշանակության վայրերում: Սա ներառում է քաղաքականություններում ու գործելակերպերում փոփոխություններ չկատարելը (որը կոչվում է «ողջամիտ ձևափոխություններ» կամ «ողջամիտ հարմարեցումներ»), որով թույլ կտրվի հաշմանդամություն ունեցող անձին հավասարապես օգտվել որևէ մասնավոր ընկերության ծառայություններից ու տարածքներից: Այս փոփոխությունները պահանջվում են, եթե դրանք էապես չեն փոխում մասնավոր ընկերության ապրանքների ու ծառայությունների բնույթը և չեն ենթադրում անհարկի ֆինանսական կամ վարչական բեռ:
Խտրականությունը նաև ներառում է «օժանդակ սարքեր և ծառայություններ» չտրամադրելը, երբ դրանք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց հետ արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար:
Օժանդակ սարքերի ու ծառայությունների օրինակներ են որակյալ սուրդոթարգմանիչների տրամադրումը, ենթագրերի մատուցումն իրական ժամանակում և կույրերի համար որակյալ ընթերցողների տրամադրումը: Դրանց մեջ են մտնում նաև մատչելի ձևաչափով փաստաթղթերի տրամադրումը, օրինակ մեծ տառերով տպած կամ Բրայլյան գրով փաստաթուղթը, տեքստ կարդացող ծրագրերի համար համատեղելի ձևաչափով փաստաթղթերը կամ տպագիր տեղեկատվության ձայնագրությունը: Մասնավոր ընկերություններից չի պահանջվում տրամադրել օժանդակ սարքեր և ծառայություններ, եթե դրանց տրամադրումը էապես կարող է փոխել նրանց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների բնույթը կամ ենթադրել անհարկի ֆինանսական կամ վարչական բեռ:
Հաշմանդամության հիմքով խտրականություն կիրառելու, ողջամիտ ձևափոխությունների և արդյունավետ հաղորդակցման իրավունքի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.
ԱՄՆ Արդարադատության վարչության կայքէջ՝
- Տեղեկատվություն և տեխնիկական աջակցության ADA-ի վերաբերյալ. https://www.ada.gov/ta-pubs-pg2.htm
- Արդյունավետ հաղորդակցման տեղեկատու. https://www.ada.gov/effective-comm.htm
Կալիֆորնիայի աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման վարչության (անգլ.՝ California Department of Fair Employment and Housing, DFEH) կայքէջ՝
- Մասնավոր հաստատություններ. https://www.dfeh.ca.gov/business-establishments/
- Մասնավոր հաստատություններ/Հասարակական նշանակության հաստատությունների մասին ՀՏՀ. www.dfeh.ca.gov/resources/frequently-asked-questions/business-establish…
Հաշմանդամություն ունեցող անձը կարող է բախվել խտրականության նաև այն դեպքում, եթե մասնավոր ընկերության տարածքը նրա համար ֆիզիկապես հասանելի չէ: ADA-ը և Կալիֆորնիայի օրենսդրությունը տրամադրում են ճարտարապետական ստանդարտներ նոր և ձևափոխված շինությունների համար և պահանջում են, որ մասնավոր ընկերությունները առկա շենքերից վերացնեն ֆիզիկական արգելքները, եթե դա առանց հապաղման հնարավոր է անել: Ճարտարապետական մատչելիության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝
- ԱՄՆ Հասարակական վայրերի մատչելիության ապահովման խորհրդի կայքէջ՝ www.access-board.gov
- ԱՄՆ Արդարադատության վարչության Փոքր ձեռնարկությունների ուղեցույց՝ https://www.ada.gov/regs2010/smallbusiness/smallbusprimer2010.htm
- Կալիֆորնիայի նահանգային ճարտարապետի բաժնի կայքէջ՝ http://www.dgs.ca.gov/dsa/Programs/progAccess.aspx
- Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հարցերի հանձնաժողովի կայքէջ՝ www.ccda.ca.gov
Ողջամիտ ձևափոխությունների ձեռքբերում / Օժանդակ սարքերի և ծառայությունների ստացում
Ստորև ներկայացված են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել որևէ մասնավոր ընկերությունից ողջամիտ ձևափոխություն կամ օժանդակ սարք կամ ծառայություն ստանալու համար.
- Գրեք ողջամիտ ձևափոխությունների / օժանդակ սարքերի ու ծառայությունների դիմում: Ձեր դիմումը պետք է բացատրի հետևյալը.
- այն, որ դուք հանդիսանում եք հաշմանդամություն ունեցող անձ (կարիք չկա նշելու ձեր հաշմանդամության անունը),
- այն ձևերը, որոնցով ձեր հաշմանդամությունը խանգարում է ձեզ ձեռք բերել կամ օգտվել տվյալ մասնավոր ընկերության ապրանքներից կամ ծառայություններից,
- այն հատուկ ձևափոխությունները / օժանդակ սարքերն ու ծառայությունները, որոնց կարիքը դուք ունեք, և
- այն ամսաթիվը, մինչև որը ակնկալում եք ստանալ պատասխանը:
- Եթե ձեր հաշմանդամությունը և ողջամիտ ձևափոխությունների / օժանդակ սարքերի ու ծառայությունների կարիքը ակնհայտ չեն, ձեր բժշկից կամ մեկ այլ բժիշկ-մասնագետից վերցրեք ուղեկցող նամակ: Այդ նամակում պետք է բացատրվի, թե ինչու է ձեր հաշմանդամության պատճառով ձեզ անհրաժեշտ պահանջվող ձևափոխությունը:
- Ձեր գրավոր դիմումը և ըստ անհրաժեշտության՝ ուղեկցող նամակն ուղարկեք համապատասխան մասնավոր ընկերությանը:
Ողջամիտ ձևափոխության / օժանդակ սարքերի ու ծառայությունների պահանջով դիմում-նամակի նմուշը և ուղեկցող նամակի նմուշը բերված են այս տեղեկատուի վերջում:
Վարչական բողոքներ
ADA օրենքի Բաժին III-ն ի կատար է ածվում Արդարադատության վարչության կողմից: Կալիֆորնիայի Ունրուի օրենքը, Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը և պետական կառավարման օրենքի Բաժին 11135-ը ի կատար են ածվում DFEH-ի կողմից:
Եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ կիրառվել է խտրականություն, կարող եք ներկայացնել վարչական բողոք Արդարադատության վարչությանը ըստ դաշնային օրենսդրության կամ DFEH՝ ըստ նահանգային օրենսդրության: DFEH-ի բողոքները պետք է ներկայացվեն խտրականության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում: DFEH-ի որոշման դեմ կարող եք բողոքարկել DFEH-ի տնօրենին՝ որոշումն ընդունելու օրվանից հետո 10 օրվա ընթացքում: See 2 C.C.R. Բաժին 10033:
Բաժին III-ով նախատեսվող բողոքները Արդարադատության վարչությանը կարելի է ներկայացնել ցանկացած ժամանակ: Սակայն լավագույն տարբերակը կլինի այն, որ բողոքները ներկայացվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ ժամանակ անցնելու հետ մեկտեղ ավելի է դժվարանում խտրականության կիրառումը ապացուցելը: Արդարադատության վարչության և DFEH-ի կոնտակտային տվյալները բերված են ստորև:
Արդարադատության վարչությանն ուղղվող բողոքների համար՝
U.S. Department of Justice
Civil Rights Division
950 Pennsylvania Avenue, N.W.
Disability Rights Section – 1425 NYAV
Washington, D.C. 20530
Առցանց բողոքներ՝ https://www.ada.gov/filing_complaint.htm
Հեռախոսով բողոքներ՝ (800) 514-0301
Հեռատիպով բողոքներ՝ (800) 514-0383
DFEH-ին ուղղված բողոքների համար՝
Առցանց բողոքներ՝ https://www.dfeh.ca.gov/filing-a-complaint-online/
Հեռախոսով բողոքներ՝ (800) 884-1684
Հեռատիպով բողոքներ՝ (800) 700-2320
Փոստով՝ զանգահարեք (800) 884-1684 հեռախոսահամարով և պահանջեք համապատասխան բողոքի ձևը, որպեսզի այն լրացնելուց հետո տպեք և հետ ուղարկեք: Հատկացրեք լրացուցիչ ժամանակ փոստով ուղարկած բողոքը տեղ հասնելու և դրան ընթացք տալու համար:
Որոշ տեսակի մասնավոր ընկերությունների համար կարող է հնարավոր լինել բողոք ներկայացնել որևէ արտոնագրային մարմնի կամ մեկ այլ նահանգային կամ դաշնային գործակալությանը, որոնք ունեն տվյալ տեսակի բիզնես-գործունեությանն առնչվող իրավասություն: Օրինակ՝ գաղտնիության պահպանման հետ կապված բողոքները կարելի է ներկայացնել ԱՄՆ Սոցիալական ապահովության ծառայությունների վարչության քաղաքացիական իրավունքների պաշտպանության գրասենյակին:
Գործի վարույթ դատական ընթացակարգով
Վերևում նշված օրենքների խախտումները կարող են քննվել նաև մասնավոր դատական հայցերի միջոցով: Խնդրում ենք տեղյակ լինել, որ գործում են վաղեմության ժամկետներ, որոնք սահմանափակում են դատական քննության համար հայցի ներկայացման ժամկետները և դուք հավանական է կորցնեք հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե չդիմեք այդ վաղեմության ժամկետների ընթացքում: Այս վերջնաժամկետները կարող են լինել մինչև երկու տարի՝ սկսած խտրականության կիրառման օրվանից: Եթե հետաքրքրված եք դատական հետաքննությամբ, դուք պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ:
Եթե նպատակ ունեք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 10.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա մեկ այլ տարբերակ է խտրականության դեպքի համար Փոքր հայցերով զբաղվող դատարանին բողոք ներկայացնելը: Այս դեպքում ևս կգործեն վերևում քննարկված վաղեմության ժամկետները: Փոքր հայցերով զբաղվող դատարանին դիմելիս՝ դուք չեք կարող վարձել փաստաբան: Սա Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպության այն հրապարակման հղումն է, որում բացատրվում է խտրականության դեպքերի համար Փոքր հայցերով զբաղվող դատարանին դիմելու կարգը՝ https://www.disabilityrightsca.org/publications/a-guide-to-small-claims…
Ողջամիտ ձևափոխություններ / Օժանդակ սարքեր և ծառայություններ պահանջելու նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [մասնավոր ընկերության անվանում],
Ես դիմում եմ Ձեզ իմ [հաշմանդամության / հաշմանդամությունների] համար [ողջամիտ ձևափոխություններ / օժանդակ սարքեր կամ ծառայություններ] խնդրելու նպատակով:
Ես [հանդիսանում եմ / ցանկանում եմ դառնալ] [մասնավոր ընկերության անվանումը]-ի հաճախորդը: Իմ հաշմանդամության համար ինձ անհրաժեշտ է հետևյալը. [Թվարկել ձևափոխությունները / օժանդակ սարքերը կամ ծառայությունները]:
Իմ [բժիշկը / հոգեբույժը / հոգեբանը / թերապևտը / սոցիալական աշխատողը / մասնագիտական հիվանդությունների բժիշկը / այլ անձ (նկարագրել)] այս ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության համար: Կից ներկայացնում եմ [բժշկի կամ մասնագետի անունը]-ի նամակը:
Դաշնային և նահանգային օրենքներով պահանջվում է, որ մասնավոր ընկերությունները տրամադրեն ողջամիտ ձևափոխություններ / օժանդակ սարքեր կամ ծառայություններ այն անձանց, ովքեր ունեն հաշմանդամություն: Խնդրում եմ պատասխանել այս դիմումին մինչև [ամսաթիվ]-ը: Հարցեր ունենալու դեպքում ինձ հետ կարող եք կապվել [նշեք ձեր հեռախոսահամարը և / կամ էլ. փոստի հասցեն]: Շնորհակալություն:
Հարգանքով,
[ձեր անունը]
[ձեր հասցեն]
Ուղեկցող նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [մասնավոր ընկերության անվանում],
Ես հանդիսանում եմ [անուն, ազգանուն]-ի [բժիշկը / հոգեբույժը / հոգեբանը / թերապևտը / սոցիալական աշխատողը /մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին: [Նա] ունի այնպիսի հաշմանդամություն, որը պատճառում է որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ: Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել դիմումի մեջ նշված ողջամիտ ձևափոխությունը / օժանդակ սարքը կամ ծառայությունը պահանջող ֆունկցիոնալ սահմանափակումները]:
[Դիմումում նշված ողջամիտ ձևափոխումը / օժանդակ սարքը և ծառայությունը] անհրաժեշտ է [անուն, ազգանուն]-ին [մասնավոր ընկերության անվանում]-ի [ծառայություններից օգտվելու համար դիմելու / օգտվելու հավասար իրավունք ունենալու] համար: [Նկարագրել, թե ձևափոխությունը / օժանդակ սարքերը և ծառայությունները ինչպես են օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին]:
Շնորհակալություն այս [ողջամիտ ձևափոխությունը / օժանդակ սարքը և ծառայությունը] [անուն, ազգանուն]-ին տրամադրելու համար:
Հարգանքով,
[անուն, ազգանուն և պաշտոն]
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.