Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ում կարող է նշանակվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

Publications
#7175.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ում կարող է նշանակվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ըստ օրենքի ում է նշանակվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։  

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ըստ օրենքի ում է նշանակվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն բավարար գումար չունեք փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Օրենքով սահմանված դեպքերում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու պայմաններին համապատասխանելու համար դատավորը լսումների ժամանակ պետք է գտնի, որ բոլոր պահանջներն ապացուցված են հստակ և համոզիչ ապացույցներով:1 «Հստակ և համոզիչ» նշանակում է, որ դատավորը պետք է գտնի, որ շատ ավելի հավանական է, որ ճիշտ է, քան ճիշտ չէ այն, որ դուք բավարարում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու պահանջները:

Իմանալու համար, թե ինչ է խնդրագիրը, և վարչաշրջանը ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի խնդրի դատավորին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել, կարդացեք «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման իրավական պահանջները

Եթե բավարարում եք հետևյալ բոլոր պայմանները, դատավորը, հնարավոր է, ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակի.2

1.  Դուք առնվազն 18 տարեկան եք:

2.  Դուք ունեք հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր:

Կարող եք խոսել Բուժառուների իրավունքների ձեր պաշտպանի հետ, կամ եթե փաստաբան ունեք, խոսեք նրա հետ՝ հասկանալու, թե արդյոք բավարարում եք հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր ունենալու իրավական պահանջները: Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ կապ հաստատելու վերաբերյալ տեղեկություններին ծանոթացեք այս հրապարակման վերջում ներկայացված «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում:

  • Օրենքն ասում է, որ դուք ունեք «հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր», եթե ճիշտ են բոլոր հետևյալ դեպքերը.
    • Դուք ունեք հոգեկան առողջության հետ կապված խնդիր, որը նկարագրված է Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության հաշվառման ձեռնարկի (DSM) ամենավերջին տարբերակում:3 Դա ամենայն հավանականությամբ վերաբերում է հոգեկան առողջության հետ կապված խնդրի այնպիսի ախտորոշմանը, որը կատարվել է հոգեկան առողջության պահպանման մասնագետի կողմից: DSM-ը ձեռնարկ է, որը նկարագրում և սահմանում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները,
    • Հոգեկան առողջության հետ կապված խնդրի պատճառով դուք ունեք էական ֆունկցիոնալ խանգարումներ կամ այնպիսի ախտանշաններ կամ հիվանդության պատմություն, որը ցույց է տալիս, որ առկա է վիճակի վատթարացման վաղահաս վտանգ, ինչը կարող է ծանր խանգարումների բերել կամ ախտանշաններ առաջացնել,4 ԵՎ
      • «Ֆունկցիոնալ խանգարում» նշանակում է հոգեկան առողջության հետ կապված խնդրի հետևանքով ունենալ այնպիսի լուրջ խանգարումներ, որոնք կխոչընդոտեն անկախ կենսակերպ վարելուն, սոցիալական շփումներ, աշխատանք ունենալուն կամ ֆիզիկական խնամք կատարելուն:5
      • «Վաղահաս» նշանակում է, որ հավանական է, որ լուրջ խանգարումները շատ շուտով ի հայտ գան:
    • Հավանական է, որ դուք այնպիսի հաշմանդամություն ձեռք բերեք, որ պետության կողմից տրամադրվող օգնության, ծառայությունների կամ հատկացումների (ինչպիսիք են առողջապահական և սոցիալական նպաստները) կարիք ունենաք:6

3.  Կլինիկական եզրակացության հիման վրա կայացվել է որոշում այն մասին, որ հետևյալից ցանկացածը ճիշտ է.

  • Հավանական չէ, որ դուք համայնքում անվտանգ գոյատևեք առանց հսկողության (օրինակ՝ ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը), և ձեր հոգեկան առողջության վիճակը գնալով վատանում է, ԿԱՄ
  • Ձեզ անհրաժեշտ է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում՝ ձեր հոգեկան առողջության խնդրի կրկնվելը կամ վատթարացումը կանխելու համար, քանի որ դա խիստ ծանր հաշմանդամություն կպատճառի ձեզ (ի վիճակի չեք լինի հոգալ ձեր առօրյա կարիքները, օրինակ՝ սննդի, հագուստի և կացարանի հարցը) կամ ձեզ վտանգավոր կդարձնի ձեր կամ ուրիշների համար:

4.  Դուք նախկինում չեք հետևել հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության բուժման ձեր պլանին: Սա ճիշտ է, եթե տեղի է ունեցել հետևյալից ցանկացածը.

  • Ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամությունը վերջին երեք տարվա ընթացքում (36 ամիս) երկու անգամ հիմնական պատճառ է հանդիսացել, որ դուք հոսպիտալացվեք կամ օգնություն ստանաք նահանգային կամ տեղական բանտի կամ կալանավայրի ուղղիչ բուժական հիմնարկում:7
    • Եթե դրան անմիջապես նախորդել է վարչաշրջանի դիմումը (խնդրագիրը) ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ, դա չի հաշվվում:
    • Կարևոր է, որ վերջին երեք տարվա ընթացքում դա երկու անգամ տեղի ունեցած լինի:
    • Դա կարող է նշանակել, որ վերջին երեք տարվա ընթացքում դուք հոգեկան առողջության հետ կապված խնդրի համար երկու անգամ հոսպիտալացվել եք:
    • Դա կարող է նաև նշանակել, որ վերջին երեք տարվա ընթացքում դուք երկու անգամ բանտ կամ կալանավայր եք տարվել, և ձեզ տեղավորել են հատուկ ուղղիչ բուժական հիմնարկում:
    • Կամ սա կարող է նշանակել, որ վերջին երեք տարվա ընթացքում դուք մեկ անգամ հոսպիտալացվել եք հոգեկան առողջության բուժման համար, և մեկ անգամ ձեզ տեղավորել են բանտի կամ կալանավայրի ուղղիչ բուժական հիմնարկում:
  • Ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության պատճառով դուք ծանր բռնի արարք եք գործել ձեր և ուրիշների նկատմամբ:8
    • Եթե դրան անմիջապես նախորդել է վարչաշրջանի դիմումը (խնդրագիրը) ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ, դա չի հաշվվում:
    • Արարքը պետք է ծանր բնույթի լինի և բնություն պարունակի: Այսինքն, եթե արարքը ծանր բնույթի է եղել, բայց՝ ոչ բռնի, դա չի հաշվվում:
    • Այն պետք է վերջին 4 տարվա ընթացքում տեղի ունեցած լինի:
    • Ծանր բնույթի և բռնի արարքով սպառնալը կամ այն կատարել փորձելը հաշվվում է:
    • Եթե դա միայն գույքի նկատմամբ գործած ծանր բնույթի և բռնի արարք է, չի հաշվվում:

5.  Վարչաշրջանը ձեզ հնարավորություն է տվել կամավոր բուժվելու, բայց դուք չեք մասնակցել կամ չեք մասնակցում բուժմանը:  

  • Բուժումը, որին մասնակցելու հնարավորություն է տրվել ձեզ, հաշվվում է միայն այն դեպքում, եթե բուժման պլանը պարունակում է բոլոր նույն բուժումները, ինչը և Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը: Եթե ոչ, ապա վարչաշրջանը բուժմանը կամավոր մասնակցելու հնարավորություն ձեզ չի տվել:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման պահանջների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Բուժման իրավունքներ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս» հրապարակումը:

6.  Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը նվազագույն սահմանափակումներով բուժում է, որը միաժամանակ բարելավում և կայունացնում է ձեր հոգեկան առողջությունը:

  • «Նվազագույն սահմանափակումներով» նշանակում է, որ սա այն մակարդակի խնամք է, որն ամենամեծ ազատությունն է տալիս ձեզ ձեր ներկայիս վիճակում:

7.  Հավանական է, որ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը ձեզ օգուտ տա:

Հետազոտություն հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետի կողմից

  • Ձեզ համար Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման բոլոր պահանջների կիրառելիությունը որոշելու հարցում դատավորին օգնելու համար առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը պետք է հետազոտի ձեզ:9 Նա նաև պետք է խնդրագրում նշի, թե Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման բոլոր պահանջներն ինչու են ճիշտ ձեզ համար:10 Նա նաև պետք է խոսի (վկայություն տա) Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ժամանակ:11 Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարդացեք «Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար»:
  • Եթե հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետին թույլ չտաք ձեզ հետազոտել, վարչաշրջանը, այնուամենայնիվ, կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնել:12
  • Եթե թույլ չտաք, որ մասնագետը ձեզ հետազոտի, ապա դատարանը, խնդրագիրն ստանալուց հետո, կարող է ձեր կամքին հակառակ ձեզ որևէ հիվանդանոցում տեղավորել՝ հետազոտվելու համար: Առանց ձեր ցանկության դուք չեք կարող մնալ հիվանդանոցում 72 ժամից ավելի:13

Դատավորի որոշումը

Եթե դատավորը գտնի, որ բոլոր պահանջները ճիշտ են հստակ և համոզիչ ապացույցներով, կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել մինչև վեց ամսով:14 «Հստակ և համոզիչ» նշանակում է, որ դատավորը պետք է գտնի, որ շատ ավելի հավանական է, որ ճիշտ է, քան ճիշտ չէ այն, որ դուք բավարարում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու բոլոր պահանջները:

  • Դուք ունեք դատավորի որոշումը բողոքարկելու իրավունք: Բողոքարկման կարգին մանրամասն ծանոթանալու համար պետք է դիմեք ձեր փաստաբանին:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս բուժման ձեր իրավունքների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Բուժման ձեր իրավունքները Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս» հրապարակումը:
  • Իմանալու համար, թե ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը այն ձեզ նշանակելուց հետո, կարող եք կարդալ «Ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. WELF. & INST. CODE § 5346(a): Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5346(a)(1)-(7):
  • 3. § 5600.3(b)(3)(A):
  • 4. § 5600.3(b)(3)(B)(i):
  • 5. § 5600.3(b)(3)(B)(ii):
  • 6. § 5600.3(b)(3)(C):
  • 7. § 5346(a)(4)(A):
  • 8. § 5346(a)(4)(B):
  • 9. § 5346 (b)(5)(A):
  • 10. § 5346 (b)(5)(A):
  • 11. § 5346 (d)(2):
  • 12. § 5346(b)(5)(B):
  • 13. § 5346 (d)(3):
  • 14. § 5346(d)(5)(B):