Ինքնազբաղվածության ծառայությո ւններ Աշխատունակության վերականգնման դեպարտամենտից

Ինքնազբաղվածության ծառայությո ւններ Աշխատունակության վերականգնման դեպարտամենտից
Այս հրապարակումը ձեզ կպատմի, թե ինչպես ստանալ ինքնազբաղվածության ծառայություններ Վերականգնողական դեպարտամենտից (DOR): Այն ձեզ կպատմի, թե ինչպես է DOR-ը որոշում, որ դուք իրավասու եք այդ ծառայությունների համար: Այն ձեզ կպատմի, թե ինչպես կարող է DOR-ը օգնել ձեզ հիմնել փոքր բիզնես և շարունակել այն: Այն ձեզ կպատմի, թե ինչպես օգնություն ստանալ, եթե խնդիրներ ունեք ծառայությունները ստանալու հետ կապված:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ է ինքնազբաղվածությունը
Ինքնազբաղվածություն նշանակում է՝ «աշխատանքային միջավայր, որում անձն աշխատում է ընտրած մասնագիտությամբ, շահույթ ստանալու նպատակով կամ վճարի դիմաց, իր սեփական փոքր ձեռնարկությունում, բիզնես-գործունեության վրա ազդող որոշումների ընդունման վերահսկմամբ և պատասխանատվությամբ» (9 CCR § 7024.9):
Ինքնազբաղվածությունը կարող է լավ տարբերակ լինել հաշմանդամություն ունեցող այն անձանց համար, որոնք ունեն ճկուն գրաֆիկով աշխատանքի կարիք: Դա կարող է օգնել կրճատել աշխատավայրի հետ կապված արգելքները, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի փոխադրամիջոցների պակասը, հոգնածությունը, դժվարամատչելի շենքերն ու աշխատավայրերը և անձնական օգնության կարիքը: Աշխատունակության վերականգնման մասին օրենքի 1998 թ. ուժի մեջ մտած փոփոխությունները խրախուսում են ինքնազբաղվածությունը որպես կենսունակ միջոց զբաղվածության հարցում հաջող արդյունքի հասնելու համար: Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (Department of Rehabilitation, DOR) գուցե կարողանա օգնել ձեզ ինքնազբաղվածության միջոցով աշխատանք ունենալու ձեր նպատակին հասնելու համար:
Ինչպե՞ս կարող եմ ավելին իմանալ ինքնազբաղվածության մասին
Որպես DOR-ի շահառու դուք իրավունք ունեք DOR-ից ստանալ տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ կայացնել նպատակաուղղված որոշումներ ձեր աշխատանքային միջավայրի, ծառայությունների և ծառայության մատակարարների վերաբերյալ: Նախքան Զբաղվածության անհատականացված ծրագրի (Individualized Plan for Employment, IPE) մշակումը՝ աշխատունակության վերականգնման ձեր խորհրդատուն պետք է տեղեկացնի ձեզ գնահատման չափորոշիչների և գործընթացի մասին, եթե ինքանզբաղվածությունը հարմար տարբերակ է ձեզ համար: Աշխատունակության վերականգնման ձեր խորհրդատուն պետք է տրամադրի ձեզ նաև տեղեկություններ այն ծառայությունների շրջանակի մասին, որոնք DOR-ը կարող է մատուցել իրավունակ շահառուներին՝ ինքանզբաղվածության միջոցով աշխատանք գտնելու համար, ինչպես նաև ձեր այն պատասխանատվության մասին, որ դուք պետք է ընտրեք և ձեռք բերեք այն ռեսուրսները, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջարկվող փոքր բիզնեսը հիմնելու և գործարկելու համար (9 CCR §7136.4):
Ո՞վ է իրավունակ ինքնազբաղվածության համար
Եթե հետաքրքրված եք ինքնազբաղվածություն ունենալով, նախ պետք է ցույց տաք, որ ինքնազբաղվածությունը համապատասխանում է ձեզ: Առաջարկվող ինքնազբաղվածության գործունեությունը համարվում է համապատասխան, երբ բավարարվում են հետևյալ պայմանները.
- Այն համահունչ է ձեր անձնական հատկանիշների, այդ թվում՝ ձեր անհատական ուժեղ կողմերի, ռեսուրսների, առաջնահերթությունների, մտահոգությունների, ունակությունների, կարողությունների, հետաքրքրությունների և իրազեկված ընտրության հետ:
- Ողջամտորեն հավանական է, որ բիզնեսը մեկնարկելուց հետո ողջամիտ ժամանակահատվածում (առավելագույնը՝ 12 ամիս) այն ընթացիկ գործառնական ծախսերը վճարելու համար բավարար եկամուտ կստեղծի։ Ստացած եկամուտը պետք է համեմատելի լինի հաշմանդամություն չունեցող և միևնույն մասնագիտությամբ ու նույն հմտություններն ունեցող ինքնազբաղված այլ անձանց եկամտի հետ։
- Դուք պետք է կարողանաք ձեռք բերել առաջարկվող փոքր բիզնեսը հիմնելու և աշխատեցնելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ վճարելու բիզնեսի ընթացիկ գործառնական ծախսերը:
Տե՛ս 9 CCR § 7136.6
Ի՞նչ է հաշվի առնում DOR-ը, երբ որոշում է՝ արդյոք ինքնազբաղվածությունը համապատասխանում է ինձ
DOR-ը պետք է հաշվի առնի ցանկացած առկա տեղեկություն, ձեր կողմից առաջարկվող փոքր բիզնեսի ամփոփ նկարագիրը և գնահատման գործընթացի միջոցով ձեռք բերված տեղեկությունները (9 CCR § 7136.6(c)):
Ի՞նչ է անձնական հատկանիշների գնահատումը
Անձնական հատկանիշների գնահատումը ձեր անձնական հմտությունների և ունակությունների, տեխնիկական գիտելիքների, փորձի, կրթության, ֆինանսների պատմության և վարկային պատմության ուսումնասիրումն է։ Եթե ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ ուսուցում կամ փորձ ձեր փոքր բիզնեսը հիմնելու համար, DOR-ը պետք է հաշվի առնի՝ արդյոք լրացուցիչ ուսուցման կամ համապատասխան փորձի ստացումը կարող է օգնել ձեզ և ներառի այդ ծառայությունները ձեր IPE-ում (9 CCR § 7136.7(a))։
Այս գնահատումը պետք է ներառի հետևյալից առնվազն մեկը․ ինքնագնահատման թեստեր, վեբ-ռեսուրսներ, օրինակ՝ Փոքր ձեռնարկությունների աջակցման վարչության միջոցով տրամադրվող ռեսուրսները և մասնակցություն ինքանզբաղվածության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներին կամ սեմինարներին (9 CCR § 7136.7(b)): Ձեր անհատական հատկանիշների գնահատման ժամանակ DOR-ը գուցե նաև հաշվի առնի ձեր մասնակցությունը մասնագիտական ուսուցման ծառայություններում (9 CCR §7136.7(c)):
Ինչպե՞ս է DOR-ը գնահատում իմ առաջարկած բիզնեսը
Սկզբում DOR-ը կխնդրի ձեզ տրամադրել փոքր բիզնեսի ամփոփ նկարագիրը, որը պարունակում է հիմնական տեղեկություններ առաջարկվող փոքր բիզնեսի մասին:
Փոքր բիզնեսի ամփոփ նկարագիրը պետք է ներառի հետևյալը.
- Փոքր բիզնեսի կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը,
- Փոքր բիզնեսի կանխատեսվող ամսական եկամուտն ու ծախսերը գործունեության առաջին 12 ամիսների համար,
- Փոքր բիզնեսում ձեր աշխատանքի ժամաքանակն ամսական կտրվածքով,
- Առաջարկվող փոքր բիզնեսի հիմնադրման համար անհրաժեշտ սկզբնական ծախսերը,
- Ձեր ռեսուրսները, օրինակ՝ ձեր ունեցած խնայողությունները կամ ֆինանսական ռեսուրսները, սարքավորումները, ավտոմեքենաները, գործիքները կամ այլ իրեր, որոնք նախատեսում եք օգտագործել ձեր փոքր բիզնեսի համար,
- Շուկայի վերլուծությունը և մարկետինգային ռազմավարությունը փոքր բիզնեսի համար և
- Փոքր բիզնեսի համար պահանջվող հաստիքացուցակը:
9 CCR § 7136.8(a)
Եթե փոքր բիզնեսի կենսունակությունը, անհրաժեշտ ծառայությունների շրջանակը որոշելու համար անհրաժեշտ լինեն առաջարկվող փոքր բիզնեսի մասին մանրամասն տեղեկություններ, և (կամ) եթե դա կօգնի ձեզ այլ ռեսուրսներ ձեռք բերելու հարցում, պետք է կազմեք Փոքր բիզնեսի զարգացման գործարար ծրագիր (բիզնես-պլան): Փոքր բիզնեսի գործարար ծրագրի մշակման հարցում կարող եք օգնություն ստանալ DOR-ից, և (կամ) DOR-ը ձեզ կուղղորդի դեպի ԱՄՆ Փոքր բիզնեսի աջակցման վարչություն (տեղի համայնքային քոլեջում գործող փոքր բիզնեսի զարգացման կենտրոն է) Պաշտոնաթող ղեկավար աշխատակիցների խորհրդատվական գրասենյակ (Service Corps of Retired Executives, SCORE) կամ Փոքր բիզնեսի զարգացման հարցերով խորհրդատուի մոտ (9 CCR § 7136.8 (b - d)):
Փոքր բիզնեսի գործարար ծրագիրը պետք է ներառի հետևյալը.
- առաջարկվող փոքր բիզնեսի և առաջարկվող ապրանքների ու ծառայությունների նկարագիրը,
- կազմակերպության կազմակերպաիրավական ձևը,
- շուկայի մանրամասն վերլուծություն՝ ներառյալ հավանական գնորդների, աշխարհագրական տարածքի, որում ձեռնարկությունն առաջարկելու է ապրանքները կամ ծառայությունները և տվյալ տարածքում հավանական մրցակցության սահմանումը,
- ապրանքների ու ծառայությունների իրացման և գովազդման պլանը,
- բիզնես-գործունեությունն սկսելու նախնական ժամանակացույց և մինչև գործունեությունն սկսելը նախատեսվող աշխատանքի ժամաքանակի հաշվարկը,
- ֆինանսական պլան, որը ներառում է հաշվարկած աշխատավարձերի, ամսական եկամտի ու գործառնական ծախսերի կանխատեսումը գործունեության առաջին տարում, բիզնեսը հիմնելու համար անհրաժեշտ ծախսերի մանրամասն ցանկը և հաշվարկ, թե երբ բիզնեսը կսկսի գործառնական ծախսերը գերազանցող եկամուտ ստեղծել,
- պահանջվող արտոնագրերի, թույլտվությունների նկարագրությունը կամ հողօգտագործման օրենքի պահանջների շեղումները և ապահովագրությունը,
- աշխատունակության վերականգնման այն ծառայությունների նկարագրությունը, որոնց համար անձը սույն կանոնակարգի համաձայն դիմում է Դեպարտամենտին, փոքր բիզնեսը հիմնելու և աշխատեցնելու համար անհրաժեշտ այլ աղբյուրներից ստացվող ռեսուրսները, ինչպես են ֆինանսավորվելու փոքր բիզնեսի ընթացիկ գործառնական ծախսերը՝ կանխատեսվող եկամտի, վարկերի միջոցով, թե այլ աղբյուրներից, և ինչպես է անձը հոգալու իր ապրուստի հիմնական ծախսերը մինչև փոքր բիզնեսի բավարար չափով եկամուտ բերելը, և
- այն առաջադրանքների նկարագրությունը, որոնք անձն իրականացնելու է բիզնեսն աշխատացնելու համար և աշխատանքի նախատեսվող ժամաքանակը, որը պահանջվելու է անձից աշխատել՝ նախատեսվող եկամուտն ստանալու համար:
9 CCR § 7136.8(e)
Ինչպե՞ս կարող է օգնել ինձ DOR-ը իմ փոքր բիզնեսը հիմնելու հարցում
DOR-ը իրավունակ շահառուների համար կարող է կատարել գնահատում, տրամադրել նրանց տեխնիկական աջակցություն և ուսուցում՝ օգնելու պատրաստվել ինքնազբաղվածությամբ աշխատելուն։ DOR-ը կարող է նաև ֆինանսավորել առաջարկվող փոքր բիզնեսը հիմնելու համար անհրաժեշտ որոշ մեկանգամյա սկզբնական ծախսեր։
Մեկանգամյա սկզբնական ծախսերը այն ծախսերն են, որոնք համապատասխանում են DOR-ի ծառայությունների ընդհանուր շրջանակին, մասնագիտական արտոնագրերի վճարներ են, գործիքների կամ այլ սարքավորումների գնման կամ վարձակալման ծախսեր են, գործունեության առաջին վեց ամիսների համար անհրաժեշտ սկզբնական արտադրական ու պահուստային միջոցներ են և տարածքի վարձակալության պայմանագրերի կամ ըստ անհրաժեշտության կոմունալ վարձերի սկզբնական դեպոզիտների վճարումներ: DOR-ը կֆինանսավորի միայն այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են՝ օգնելու անձին ունենալ աշխատանք ինքնազբաղվածության միջոցով, ծախսատար չեն և համապատասխանում են նմանատիպ փոքր բիզնես հիմնելու համար անհրաժեշտ սովորական և ընդունված սկզբնական ծախսերին (9 CCR § 7137(a-c)։
Կա՞ն արդյոք բաներ, որոնք DOR-ն իրավունք չունի տրամադրել
DOR-ին արգելված է ֆինանսավորել հետևյալը.
- փոքր բիզնեսի ընդլայնման հետ կապված ծախսերը,
- անշարժ գույքի վարձակալումը կամ գնումը,
- անշարժ գույքի շինարարությունը կամ վերակառուցումը,
- հարկերի ու հարկային կանխավճարների վճարումը,
- պատենտների վճարների կամ ապրանքի մշակման ծախսերի վճարումը,
- պարտքի վերաֆինանսավորումը կամ մարումը,
- փոքր բիզնեսի գործունեության հետ կապված կորուստների փոխհատուցումը կամ վճարումը,
- որևէ գործող բիզնեսի կամ բիզնեսի ֆրանշիզայի գնումը
- ավտոմեքենայի գնումը կամ վարձակալումը փոքր բիզնեսի գործունեության համար օգտագործման նպատակով,
- աշխատակիցների աշխատավարձերը և նպաստները,
- ընթացիկ գործառնական ծախսերի վճարումը։
9 CCR §7137(d)
Եթե ձեր առաջարկած փոքր բիզնեսի համար պահանջվում են վերը նշված ծախսերը, դրանք հոգալու համար պետք է ապահովեք DOR-ի տրամադրածից բացի այլ ռեսուրսներ:
Ի՞նչ տեսակի ռեսուրսներ պետք է ինքս հոգամ
Փոքր բիզնեսի հիմնադրման համար DOR-ը իրավունակ շահառուներին օգնում է միայն ուսուցմամբ, տեխնիկական աջակցությամբ և նախնական արտադրական ու պահուստային միջոցներով: Բացի DOR-ի կողմից տրամադրվող ծառայություններից, շահառուն պետք է կարողանա հայթայթել առաջարկվող փոքր բիզնեսի հիմնադրման ու աշխատացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: DOR-ը պետք է օգնի ձեզ սահմանել ձեր փոքր բիզնեսի հիմնադրման ու աշխատացման համար անհրաժեշտ ռեսուրսները (9 CCR §7136.9(a)(1)):
Ընթացիկ գործառնական ծախսերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ վարձակալություն, կոմունալ ծախսեր, ապահովագրություն, մասնագիտական ծառայություններ, աշխատանքի վարձատրություն և հարկեր, գույք, արտադրական ու պահուստային միջոցներ (բացի վերը նշված արտադրական ու պահուստային միջոցներից, որոնք տրամադրվում են առաջին վեց ամիսների համար որպես սկզբնական ծախսեր), գովազդ, ամորտիզացիա, գույքի վերանորոգում և պահպանում, գործիքների ու սարքավորումների փոխարինում, տուրքեր և բաժանորդագրություններ, բիզնեսի աշխատացման համար օգտագործվող օժանդակող ծառայություններ, օրինակ՝ ուղեկցողի, ընթերցողի, թարգմանչի ծառայությունները և բիզնեսի աշխատեցման համար փոխադրումներ (9 CCR § 7136.8(g))։ Այս ծախսերը ֆինանսավորելու համար դուք պետք է գտնեք անհրաժեշտ ռեսուրսները:
Ռեսուրսներ կարող են լինել ձեր կամ ընտանիքի անդամների ներկայումս ունեցած դրամական միջոցները կամ սարքավորումները, համեմատելի ծառայություններից ու նպաստներից օգտվելը, դրամաշնորհների, վարկերի դրամական միջոցները, վարկային երաշխիքների ծրագրերը, տնտեսական զարգացման ֆինանսավորումը և (կամ) PASS-ը (9 CCR § 7136.9(a)(1)):
Եթե ձեզ մերժել են DOR-ից բացի մեկ այլ աղբյուրից ֆինանսավորումը, ինքնազբաղվածության համապատասխանությունը գնահատելիս DOR-ը կարող է հաշվի առնել այս որոշումը և նման որոշման կայացման պատճառները (9 CCR § 7136.9(c)):
Ե՞րբ է մշակվելու ինքնազբաղվածության համար իմ Զբաղվածության անհատականացված ծրագիրը (Individualized Plan for Employment, IPE)
IPE-ն պետք է մշակվի այն ժամանակ, «երբ սահմանվեն զբաղվածության նպատակային արդյունքը և այն օժանդակող ծառայությունները, որոնք անձին անհրաժեշտ են նշված արդյունքին հասնելու համար» (9 CCR § 7136.5(a)): Դա նշանակում է, որ դուք և DOR-ը պետք է համաձայնության գաք, որ ձեր գործարար ծրագիրը կենսունակ է և համաձայնեցնեք ձեր փոքր բիզնեսի հիմնադրման համար անհրաժեշտ ծառայությունների տեսակները:
Զբաղվածության արդյունքն այն մասնագիտությունն է, որով ցանկանում եք աշխատանք գտնել և ինքնազբաղվածության ոլորտի նկարագրությունը: Օրինակ, եթե ցանկանում եք աշխատել որպես հաշվապահ ձեր սեփական հաշվապահական բիզնեսում, որտեղ ղեկավարը դուք եք կամ որպես կոսմետոլոգ պայմանագրային հիմունքներով աշխատում եք ձեզ ուղղակիորեն վճարող հաճախորդների համար (9 CCR § 7136.5(b)):
Հասանելի բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ ձեր առաջարկած փոքր բիզնեսի ամփոփ նկարագիրը կօգտագործվի, որպեսզի գնահատվի՝ արդյոք ինքնազբաղվածության ոլորտը համապատասխանում է ձեզ, և որպեսզի սահմանվեն ձեր մասնագիտական կարիքներն ու ծառայությունները: Եթե լինի այլ տեղեկությունների կարիք, DOR-ը գուցե խնդրի ձեզ մշակել Փոքր բիզնեսի գործարար ծրագիր (9 CCR § 7136.5(e)(1) և (2)):
Ի՞նչ պետք է ներառի իմ IPE-ն
Ձեր IPE-ն պետք է ներառի տեղեկություններ այն մասին, թե ինչու է ինքնազբաղվածությունը հարմար ձեզ համար և այն ծառայությունների տեսակները, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ձեր փոքր բիզնեսը հիմնելու համար: Դա պետք է ներառի հետևյալը.
- ձեր փոքր բիզնեսը հիմնելու համար անհրաժեշտ սկզբնական բոլոր մեկանգամյա ծախսերի նկարագրությունը, որոնց համար DOR-ը պատրաստվում է վճարել,
- ցանկացած լրացուցիչ ռեսուրսի համար դիմելու և ստանալու գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալու ձեր պատասխանատվությունը,
- ձեր փոքր բիզնեսը հիմնելու և գործունեությունն սկսելու նախատեսված ամսաթիվը,
- այն մեթոդներն ու չափորոշիչները, որոնցով DOR-ը կվերահսկի ձեր փոքր բիզնեսի հաջողությունը,
- զբաղվածությանը հաջորդող շրջանում նախատեսվող ծառայությունների կարիքները:
9 CCR § 7136.5(e) և (f)
IPE-ի մշակման շրջանակում կարող եք համագործակցել DOR-ի և (կամ) բիզնես-խորհրդատուի հետ՝ բիզնեսի ամփոփ նկարագիրը և գործարար ծրագիրը մշակելու համար (9 CCR § 7136.5(c) և 7136.8(a)): Գնահատումները կարող են կատարվել IPE-ի մշակման ընթացքում կամ դրանից հետո (9 CCR § 7136.5(f) և (g)): Ձեր IPE-ն կարող է փոփոխվել ցանկացած պահի, եթե այլ լրացուցիչ ծառայություններ սահմանվեն (9 CCR § 7136.5(e)(3):
Ի՞նչ է պատահում, եթե իմ թեկնածությունը չի հաստատվում ինքնազբաղվածության համար
Եթե IPE-ի մշակման ընթացքում կամ դրանից հետո չբավարարեք վերը նշված գնահատման չափորոշիչները, դուք և DOR-ը պետք է քննարկեք զբաղվածության այլընտրանքային տարբերակներ, այնուհետև այլընտրանքային զբաղվածության նպատակով պետք է մշակվի նոր IPE կամ փոփոխվի հինը՝ ձեր իրազեկված ընտրության համաձայն (9 CCR §§ 7136.5(g), 7136.7(e), 7136.8(h) և 7136.9(d)):
Եթե մերժում եք այլընտրանքային զբաղվածությունը, ձեր գործը DOR-ում կարող է փակվել, և DOR-ը կարող է խնդրել ձեզ վերադարձնել ինքնազբաղվածության կազմակերպման նպատակով տրամադրված բոլոր սարքավորումները (9 CCR 7179.5):
Եթե համաձայն չեք DOR-ի որոշման հետ, ունեք բողոքարկման իրավունք: Բողոքարկման ձեր իրավունքների մասին մանրամասն տեղեկանալու համար սեղմեք այստեղ և կարդացեք մեր համապատասխան հրապարակումը՝ «Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի բողոքարկման տարբերակների ու գործընթացի տեղեկաթերթ»։
Ինչպե՞ս է DOR-ն օգնելու ինձ իմ փոքր բիզնեսը հիմնադրելուց հետո
DOR-ը առնվազն 90 օրվա ու մինչև 12 ամիսների ընթացքում մշտադիտարկելու է ինքնազբաղվածության միջոցով ձեր կողմից իրականացվող աշխատանքը՝ ձեր IPE-ում սահմանված չափորոշոիչների ու մեթոդների հիման վրա: Մշտադիտարկման ժամանակահատվածը թույլ է տալիս DOR-ին որոշել՝ արդյոք ի վիճակի եք պահպանել զբաղվածությունը, արդյոք ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ ուսուցում կամ տեխնիկական աջակցություն, արդյոք ձեր բիզնեսը ստեղծում է նախատեսված եկամուտը, և արդյոք բավարարված են ծառայությունների գործի փակման պայմանները:
Եթե մշտադիտարկման ընթացքում դուք և DOR-ը որոշում եք, որ ձեզ դժվար է պահպանել ձեր զբաղվածությունը, կամ ձեր բիզնեսը չի ստեղծում նախատեսված եկամուտը, DOR-ի ինքնազբաղվածության մասնագիտացմամբ աշխատակազմը և (կամ) DOR-ի Փոքր բիզնեսի հարցերով խորհրդատուն պետք է օգնեն ձեզ բացահայտել խնդիրները: Նրանք նաև կգնահատեն, թե ինչ լրացուցիչ ուսուցում կամ տեխնիկական աջակցություն է պետք, որը հավանաբար կօգնի ձեզ հաղթահարել այդ խնդիրները: Ձեր աշխատունակության վերականգնման խորհրդատուն պետք է շարունակի հետևել և վերագնահատել, թե արդյոք խնդիրները լուծվել են: Եթե DOR-ը որոշի, որ լրացուցիչ ուսուցումը կամ տեխնիկական աջակցությունը կօգնի պահպանել զբաղվածությունը ինքնազբաղվածության ոլորտում, DOR-ը ձեզ հետ կքննարկի այլընտրանքային զբաղվածության տարբերակները, իսկ ձեր IPE-ն պետք է փոփոխվի համապատասխանորեն (9 CCR § 7138):
Ե՞րբ է իմ գործը DOR-ում հաջողությամբ փակվում
Ձեր գործը DOR-ում կարող է հաջողությամբ փակվել, երբ բավարարվեն հետևյալ պայմանները․
- զբաղվածությունը համապատասխանում է IPE-ին,
- դուք բավարարում եք կանխատեսված եկամտի պահանջները,
- ձեր աշխատանքը ինքնազբաղվածության միջոցով պահպանել եք առնվազն 90 օր (անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել),
- դուք և աշխատունակության վերականգնման ձեր խորհրդատուն համաձայն եք, որ ինքանազբաղվածության ոլորտում աշխատանքի արդյունքը բավարար է, և դուք լավ արդյունք եք գրանցում։
Ի՞նչ պետք է անեմ, եթե DOR-ի միջոցով ինքնազբաղվածության ծառայություններ ստանալու օգնության կարիք ունենամ
Եթե DOR-ը մերժում է ինքնազբաղվածության ծառայությունների ձեր դիմումը, կամ եթե ունեք հարցեր ձեր ինքնազբաղվածության ծառայությունների վերաբերյալ, կարող եք կապվել Շահառուների աջակցման ծրագրի (Client Assistance Program, CAP) հետ՝ զանգահարելով DRC-ին (800) 776-5746 հեռախոսահամարով կամ TTY 1-800-719-5798 հեռատիպով կամ այցելելով www.disabilityrightsca.org։