SB 43 և CARE-ի դատարան համայնքի ՀՏՀ

Publications
8105.10

SB 43 և CARE-ի դատարան համայնքի ՀՏՀ

Այս հրատարակության մեջ ներկայացված են համայնքի կողմից առավել հաճախ տրվող հարցերը, որոնք վերաբերվում են հոգեկան առողջության մասին Կալիֆորնիայի երկու նոր օրենքներին՝ Սենատի օրինագիծ 43 (Ծանր հաշմանդամություն) և Համայնքային աջակցության, վերականգնման և հզորացման ակտ (CARE, Community Assistance, Recovery and Empowerment) (CARE-ի դատարան)։ Երկու օրենքների իրականացումն ընթացքի մեջ է, սակայն տարբերվում է ըստ վարչաշրջանի։ Այս հրատարակությունը վերջին անգամ թարմացվել է 1/6/26 թ․-ին և չի պարունակում վերջին զարգացումների մասին տեղեկատվություն։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

Այս հրատարակության մեջ ներկայացված են համայնքի կողմից առավել հաճախ տրվող հարցերը, որոնք վերաբերվում են հոգեկան առողջության մասին Կալիֆորնիայի երկու նոր օրենքներին՝ Սենատի օրինագիծ 43 (Ծանր հաշմանդամություն) և Համայնքային աջակցության, վերականգնման և հզորացման ակտ (CARE, Community Assistance, Recovery and Empowerment) (CARE-ի դատարան)։ Երկու օրենքների իրականացումն ընթացքի մեջ է, սակայն տարբերվում է ըստ վարչաշրջանի։ Այս հրատարակությունը վերջին անգամ թարմացվել է 1/6/26 թ․-ին և չի պարունակում վերջին զարգացումների մասին տեղեկատվություն։

Եթե ավելի կոնկրետ իրավիճակի հարցում ձեզ օգնություն է հարկավոր, զանգահարեք DRC-ի ներքին հեռախոսագծի (800) 776-5746 համարով։

Սենատի օրինագիծ 43 (2023թ․)

Ի՞նչ է Սենատի օրինագիծ 43-ը։

Սենատի օրինագիծ (SB, Senate Bill) 43-ը նահանգապետի կողմից ստորագրվել է 2023թ․-ին, որով ընդլայնվել է «Ծանր հաշմանդամության» սահմանումը։ Ծանր հաշմանդամությունն այն չափանիշներից մեկն է, որն օգտագործվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց հարկադիր կալանքի տակ պահելու նպատակով։ Հարկադիր կալանքի տակ պահպանումը նշանակում է, որ կարող եք պահվել ձեր կամքին հակառակ։

SB 43-ով փոփոխվել է «Ծանր հաշմանդամության» սահմանումը երկու առումով․

  1. Ավելացվել է հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով առաջացած սուր խանգարումը՝ որպես պատճառ, որի հիման վրա անձը կարող է պահվել կալանքի տակ իր կամքին հակառակ։
  2. Ավելացվել են սեփական անձի անվտանգությունը կամ անհրաժեշտ առողջական խնամքն ապահովելու անկարողությունը՝ որպես պատճառներ, որոնց հիման վրա անձին կարող են կալանքի տակ պահել իր կամքին հակառակ։

 

SB 43-ն ուժի մեջ է մտել 2024 թ. հունվարի 1-ին, սակայն վարչաշրջանների մեծ մասը որոշել է հետաձգել դրա կիրառումը մեկ կամ երկու տարով։ Բոլոր վարչաշրջանների համար պարտադիր է դարձել SB 43-ի կիրառումը 2026 թ. հունվարի 1-ի դրությամբ։

Ի՞նչ է «ծանր հաշմանդամությունը»։

Հին սահմանումը․

Հին սահմանում․ Նոր սահմանում (SB 43)․
Առողջական վիճակ, որի պատճառով անձը՝ ունենալով հոգեկան առողջության խանգարում, ի վիճակի չէ ապահովել իր հիմնական անձնական կարիքները՝ սննդի, հագուստի կամ կացարանի առումով։ Առողջական վիճակ, որի պատճառով անձը՝ ունենալով հոգեկան առողջության խանգարում, հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարում, կամ հոգեկան առողջության խանգարում, որն ուղեկցվում է հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարման հետ, ի վիճակի չէ ապահովել իր հիմնական անձնական կարիքները՝ սննդի, հագուստի, կացարանի, անձնական անվտանգության կամ անհրաժեշտ բժշկական խնամքի առումով1։

«Ծանր հաշմանդամություն» բաժնի նոր տերմինների սահմանումները՝ ըստ օրենքի.

երմին Սահմանում
Հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարում

Հոգեմետ դեղերին առնչվող ախտորոշված խանգարում, որը համապատասխանում է «ծանր» բառի ախտորոշման չափանիշներին, ինչպես սահմանված է Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական տվյալների ձեռնարկի (DSM, Diagnostic and Statistical Manual of Mental Disorders) վերջին տարբերակում։

DSM-ը սահմանում է առողջական վիճակը որպես «ծանր», եթե բավարարված են հետևյալ 11 չափանիշներից 6-ը կամ ավելին․

  • Օգտագործում ավելի մեծ քանակությամբ կամ ավելի երկար ժամանակահատվածում, քան նախատեսված է։
  • Նվազեցնելու կամ դադարեցնելու անհաջող փորձեր։
  • Չափազանց շատ ժամանակի ծախսում՝ հոգեմետ դեղեր ձեռք բերելու, օգտագործելու, դրանց ազդեցության ներքո գտնվելու և հետևանքներից վերականգնվելու վրա։ 
  • Հոգեմետ դեղեր օգտագործելու ուժեղ ցանկություն/մղում։
  • Հիմնական պարտավորությունների չկատարում։
  • Շարունակական օգտագործում՝ չնայած սոցիալական / միջանձնային խնդիրներին։
  • Գործունեության տեսակների / հոբբիների կրճատում կամ դրանցից հրաժարում։
  • Շարունակվող օգտագործում ֆիզիկապես վտանգավոր իրավիճակներում։
  • Շարունակվող օգտագործում՝ չնայած օգտագործման հետևանքով առաջացած կամ վատթարացած ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներին։
  • Դիմադրողականություն։
  • Հրաժարում։
Անձնական անվտանգություն Համայնքում ապահով ապրելու անձի կարողությունը՝ առանց հարկադիր կալանքի կամ բուժման։
Անհրաժեշտ բուժխնամք Բուժխնամք, որը լիցենզավորված բուժաշխատողը, իր մասնագիտական ոլորտում աշխատելիս, որոշում է որպես անհրաժեշտ՝ գոյություն ունեցող ֆիզիկական, առողջական խնդրի լուրջ վատթարացումը կանխելու համար, որը, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել ծանր մարմնական վնասվածքի։

Այսպիսիով, ի՞նչ է այն իրականում նշանակում։

Ոստիկանության աշխատակիցը կամ վարչաշրջանի կողմից նշանակված անձը կարող է անձին հարկադիր կալանքի ենթարկել, եթե որոշի, որ տվյալ անձը․ 

  1. Կա՛մ ունի հոգեկան առողջության խանգարում, կա՛մ հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարում։
  2. Ի վիճակի չէ ապահովել իր հիմնական անձնական կարիքները՝ սննդի, հագուստի, կացարանի, անձնական անվտանգության կան անհրաժեշտ բժշկական խնամքի առումով։ 

Անձը կարող է համարվել ծանր հաշմանդամ, եթե հոգեկան առողջության խանգարման կամ հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարման հետևանքով․

  1. Բավարար չի ուտում գոյատևելու համար,
  2. Չի կարող պահպանել իր բնակարանը, 
  3. Հրաժարվում է լուրջ վնասվածքի համար առաջարկվող բժշկական օգնությունից։

Այն կիրառելի չէ, եթե անձը չունի հոգեկան առողջության խանգարում կամ հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարում։ 

«Ծանր հաշմանդամություն» կարգավիճակով հարկադիր կալանքի ներքո գտնվելը հետագայում հավանականորեն կարող է հանգեցնել խնամակալության։

 

Ի՞նչ է 5150-ը։

5150-ը նահանգային օրենքի համապատասխան բաժինն է, որի համաձայն անձին կարող են հարկադիր կերպով պահել LPS-ի կողմից նշանակված հաստատությունում (օրինակ՝ հիվանդանոց, բժշկական կենտրոն կամ առողջապահական հաստատություն) մինչև 72 ժամ (3 օր)2:

Անձը կարող է 5150-ի ներքո հարկադիր պահվել, եթե բավարարվում են հետևյալ երեք չափանինշները․ 

  1. Վտանգ սեփական անձին
  2. Վտանգ այլոց նկատմամբ
  3. Ծանր հաշմանդամություն

Բաժին 5150-ը կարող է գործադրվել ոստիկանության աշխատակցի, հասարակական կարգի պահպանման այլ աշխատակցի կամ վարչաշրջանի վարքագծային առողջության դեպարտամենտի կողմից հաստատված անձի կողմից։

Ըստ 5150 բաժնի՝ իրավապահ մարմինները, շտապ օգնությունը կամ այլ լիազորված անձինք կարող են կալանավորել անձին և տեղափոխել նրան որևէ հաստատություն՝ հոգեկան առողջության ստուգման և գնահատման նպատակով։

Բաժին 5150-ը քրեական կալանք չի համարվում, և հիվանդանոցային լսման իրավունք չկա։

Բաժին 5150-ի համաձայն՝ չի թույլատրվում անձի կամքին հակառակ դեղորայք կամ  բուժում տրամադրել3։

 

Այս կալանքի ընթացքում հիվանդանոցը կգնահատի ձեր առողջությունը՝ հետագա քայլերը որոշելու համար։ Անհրաժեշտ չի լինի, որ դուք հոսպիտալացված մնաք ողջ 72 ժամվա ընթացքում, եթե հաստատվի, որ հիվանդանոցում մնալու կարիք չկա4։

Ի՞նչ է տեղի ունենում 5150 բաժնի համաձայն կալանքից 72 ժամ հետո։

Երբ անցնի 72 ժամը, դուք կարող եք․

  • Դուրս գրվել 5150 բաժնի համաձայն կալանքից և հիվանդանոցից,
  • Ընդունվել որպես կամավոր բուժառու՝ շարունակական բուժման համար, կամ
  • Շարունակել պահվել ձեր կամքին հակառակ՝ պահման մեկ այլ տարբերակով։

Լանտերման Պետրիս Շորթի (LPS, Lanterman Petris Short) մասին օրենքի վերաբերյալ մանրամասների համար դիտեք մեր ընդլայնված հրատարակությունը՝: «Լանթերման-Պետրիս-Շորթի (LPS, Lanterman-Petris-Short) օրենքը» հասկանալը

SB 43-ի շրջանակում որտե՞ղ են պահվում անձինք։

SB 43-ը չի փոխվում հոգեկան բուժման համար անձանց պահման տեղի առումով։ Սակայն ընդլայնվում է SB 43-ի ծանր հաշմանդամության սահմանումը՝ ներառելով հոգեմետ դեղերի օգտագործման ծանր խանգարումը։

CARE-ի մասին օրենք (CARE-ի դատարան)

Ի՞նչ է CARE-ի դատարանը։

CARE-ի դատարանը Կալիֆորնիա նահանգի օրենք է, որն ուժի մեջ է մտել SB 1338-ի շրջանակում (2022թ․)։ Բոլոր վարչաշրջանների համար պարտադիր է դարձել CARE-ի դատարանի կիրառումը 2024 թ. դեկտեմբերի 1-ից։

Ո՞վ է իրավասու CARE-ի դատարանի համար։

CARE-ի դատարանը չի գործում բոլոր հոգեկան առողջության հաշմանդամություն ունեցողների դեպքում։ Մասնավորապես, պահանջներին բավարարելու համար անձը պետք է ունենա շիզոֆրենիայի սպեկտրի խանգարում, հոգեկան հատկանիշներով առաջին տիպի երկբևեռ խանգարում կամ այլ հոգեկան խանգարում55։

Պահանջին համապատասխանող ախտորոշումները Ախտորոշումները, որոնք չեն համապատասխանում պահանջներին

Շիզոֆրենիայի սպեկտրի խանգարումներ

  • Շիզոֆրենիա
  • Շիզոաֆեկտիվ խանգարում
  • Շիզոֆրենիֆորմ խանգարում
  • Շիզոֆրենիայի սպեկտրի այլ չճշտված և այլ պսիխոտիկ խանգարում
  • Չճշտված շիզոֆրենիայի սպեկտրի և այլ պսիխոտիկ խանգարում
  • Պսիխոտիկ հատկանիշներով առաջին տիպի երկբևեռ խանգարում

Այլ պսիխոտիկ խանգարումներ, այդ թվում՝

  • Կարճ պսիխոտիկ խանգարում
  • Զառանցանքային խանգարում
  • Շիզոտիպային անհատականության խանգարում
  • Հոգեմետ դեղորայքով պայմանավորված պսիխոտիկ խանգարում
  • Կատատոնիա, որն ասոցացվում է այլ հոգեկան խանգարման հետ
  • Չճշտված կատատոնիա
  • Պսիխոտիկ խանգարում՝ պայմանավորված ընդհանուր առողջական վիճակով
  • Կատատոնիա, որն ասոցացվում է այլ առողջական վիճակի հետ
  • Ծանր դեպրեսիա՝ պսիխոտիկ դրսևորումներով
  • Երկրորդ տիպի երկբևեռ խանգարում՝ պսիխոտիկ դրսևորումներով
  • Հոգեմետ դեղորայքով պայմանավորված ցանկացած այլ խանգարում, որը նշված չէ, ներառյալ հոգեմետ դեղորայքի ընթացիկ օգտագործման հետևանքով առաջացած փսիխոզը
  • Ուղեղի տրավմատիկ վնասվածք
  • Աուտիզմ
  • Դեմենցիա
  • Նյարդաբանական խնդիրներ

Չպետք է անօթևան լինեք, որպեսզի համապատասխանեք պահանջներին։ Անձը պետք է լինի 18 տարեկան կամ ավելի, որպեսզի համապատասխանի պահանջներին։

Ո՞վ կարող է խնդրագիր ներկայացնել CARE-ի դատարանի ներքո6:

CARE-ի օրենքով ներկայացված խնդրագիրը սկիզբ է դնում դատարանի կողմից կարգադրված գործընթացին։ Խնդրագիրը կարող են ներկայացնել.

  • Ընտանիքի որոշ անդամներ, այդ թվում՝ ամուսին/կին, երեխա, ծնող, քույր/եղբայր կամ տատիկ/պապիկ
  • Սենյակակիցներ
  • Առաջին արձագանքողներ, ովքեր պարբերաբար շփվել են պատասխանողի հետ, այդ թվում՝ ոստիկանություն, շտապ բժշկական տեխնիկներ (EMTs, Emergency medical technicians), պարամեդիկ ծառայություններ, հրշեջներ կամ շարժական ճգնաժամի արձագանքման աշխատողներ
  • Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալության տնօրեն, որտեղ բնակվում է պատասխանողը
  • Վարչաշրջանի չափահասների պաշտպանության ծառայությունների տնօրեն, որտեղ բնակվում է պատասխանողը
  • Հանրային կամ շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրեն, որտեղ անձին վարքագծային առողջության ծառայություններ են տրամադրում
  • Հիվանդանոցի տնօրեն, որտեղ անձը հոսպիտալացվել է
  • Վարքագծային առողջության մատակարար, ով վերահսկել է բուժումը կամ անհատին բուժում է տրամադրել
  • Հանրային խնամակալ կամ հանրային խնամատար այն վարչաշրջանում, որտեղ գտնվում է պատասխանողը, կամ ողջամտորեն կարծում են, որ գտնվում է
  • Կալիֆորնիայի հնդկացի-բնիկների առողջապահության ծառայությունների ծրագրի կամ Կալիֆորնիայի ցեղերի վարքաագծային առողջության բաժնի տնօրեն
  • Ցեղային դատարանի դատավոր, որը գտնվում է Կալիֆորնիայում

Ովքեր են ներգրավված CARE-ի դատարանում7

  • Պատասխանող / Մասնակից․ CARE-ի գործընթացով անցնող կամ գնահատվող անձը։
  • Կամավոր աջակից․ Պատասխանողի կողմից ընտրված չափահաս անձ՝ CARE-ի ողջ գործընթացի ժամանակ աջակցություն տրամադրելու և պատասխանողի ցանկությունները, որոշումները և ինքնավարությունը խրախուսելու համար։ Նշում․ այս անձը չի հետևում դատարանի ամսաթվերին։
  • Հայցվոր․ անձ, որը խնդրագիր է ներկայացրել պատասխանողի վերաբերյալ, որպեսզի վերջինս ընդգրկվի CARE-ի գործընթացում։ Օրինակ՝ հայցվոր կարող են հանդիսանալ ընտանիքի անդամը, հոգեկան առողջության մասնագետը, առաջին արձագանքողը, անօթևանների իրազեկման հարցերով աշխատողը կամ սենյակակիցը։ Դատարանի նախնական լսումից հետո Վարչաշրջանի վարքագծային առողջության դեպարտամենտը (County Behavioral Health Department) հանդես կգա որպես հայցվոր։
  • Պատասխանողի իրավապաշտպան․ իրավաբանական օգնություն / հանրային պաշտպաններ․ Պատասխանատու են պատասխանողի շահերն ու իրավունքները ներկայացնելու համար։ Նշանակվում և տրամադրվում են դատարանի կողմից՝ անկախ պատասխանողի վճարելու կարողությունից։
  • Վարքագծային առողջության իրավապաշտպան․ Պատասխանատու են վարչաշրջանի վարքագծային առողջության դեպարտամենտը ներկայացնելու համար։ Այս անձը կարող է լինել վարչաշրջանի իրավապաշտպան կամ այլ նշանակված փաստաբան։
  • Դատավոր․ ծառայում է որպես չեզոք իրավարար։ Եթե չկա վեճ, նա պետք է գործը քննի ոչ պաշտոնական, ոչ մրցակցային միջավայրում։
  • Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալություն (County Behavioral Health Agency)․ Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալություններից և դրանց անձնակազմերից ակնկալվում է ներգրավել պատասխանողին հոգեկան առողջության բուժման մեջ և ուղղորդել նրան լրացուցիչ ծառայությունների։ Այդ անձանց թվում կարող են լինել, պայմանագրային ծառայություններ մատուցող, դեղորայք նշանակող և/կամ խնամատար անձ։
  • Բնակարանային և համայնքային աջակցություն տրամադրողներ․ Պատասխանողը կարող է ուղղորդվել բնակարանային և համայնքային աջակցություն տրամադրողներին՝ CARE-ի ողջ գործընթացի ընթացքում։

Ի՞նչ է կատարվում, երբ որևէ անձ նախաձեռնում է CARE-ի դատական գործընթացը։

Սրանք այն քայլերն են, որոնք կատարվում են որևէ անձի կողմից խնդրագիր ներկայացնելուց հետո․

  1. Եթե ​​խնդրագիրը ներկայացվել է վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալությունից բացի այլ անձի կողմից, դատարանը կհանձնարարի գործակալությանը հետաքննել, թե արդյոք պատասխանողը համապատասխանում է CARE-ի չափանիշներին:
  2. Դատավորը որոշում է, թե արդյոք անձը բավարարում է CARE-ի չափանիշներին։
  3. Միևնույն ժամանակ, Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալությունը կփորձի ներգրավել պատասխանողին կամավորական ծառայությունների մեջ և դատարանին կզեկուցի գործադրված ջանքերի արդյունքների մասին։ 
  4. Եթե ​​դատավորը որոշում է, որ անձը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է CARE-ի չափանիշներին, նա հայտարարում է նախնական լսման օրը (14 օր) և նշանակում փաստաբան՝ պատասխանողին ներկայացնելու համար։ Պատասխանողն այս փուլում կամավոր աջակից ընտրելու հնարավորություն ունի։
  5. Եթե ​​խնդրագիրը ներկայացվել է վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալությունից բացի այլ անձի կողմից, ապա նախնական լսման ժամանակ սկզբնական հայցվորը փոխարինվում է, և հայցվոր է դառնում վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալության տնօրենը։ Նախնական լսումը կարող է ներառել գործի ըստ էության քննություն, կամ քննությունը կարող է առանձին անցկացվել 8
  6. Գործի ըստ էության քննության ժամանակ դատավորը որոշում է, թե արդյոք անձը համապատասխանում է CARE-ի չափանիշներին: Ըստ էության քննությունից հետո դատարանը նշանակում է գործի վարման լսում (14 օր)։
  7. Գործի վարման լսման թեման է՝ թե արդյոք առկա է «CARE-ի համաձայնություն»։
    1. Եթե անձը, նրա իրավաբանը և դատարանը համաձայնում են CARE-ի շուրջ, ապա նրանք նշանակում են կրկնակի լսում 60 օր անց։ Դատարանը նաև կարող է CARE-ի համաձայնության փոփոխություններ կատարել՝ նախքան դա հաստատելը։

    2. Եթե անձը, նրա իրավաբանը և դատավորը չեն համաձայնում CARE-ի շուրջ, ապա դատարանը կարգադրում է մեկ այլ կլինիկական գնահատում։

  8. Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալությունն անցկացնում է մեկ այլ գնահատում, որպեսզի մշակի CARE-ի պլանի առաջարկությունները։

  9. 21 օրվա ընթացքում տեղի է ունենում կլինիկական գնահատման լսում։ Կլինիկական գնահատման լսման ժամանակ․
    1. Գործակալությունը դատարանին զեկուցում է պատասխանողի կլինիկական ախտորոշման, հոգեմետ դեղամիջոցների վերաբերյալ իրազեկված համաձայնություն տալու նրա իրավական կարողության մասին, ինչպես նաև ծառայությունների և աջակցության վերաբերյալ ցանկացած լրացուցիչ տեղեկատվության և առաջարկություններ:
    2. Դատարանը կուսումնասիրի լրացուցիչ ապացույցները, որոնք կարող են ներառել վկաների ցուցմունքները։
    3. Դատարանը կարող է հրահանգել պատասխանողին, նրա փաստաբանին, նրա կամավոր աջակցին և վարքագծային առողջության գործակալությանը՝ համատեղ աշխատել CARE-ի պլան մշակելու համար։
  10. Կողմերը ներկայացնում են CARE-ի պլանի՝ կա՛մ համատեղ, կա՛մ առանձին առաջարկներ։
    1. Վարչաշրջանի վարքագծային առողջության գործակալությունը ներկայացնում է CARE-ի պլան​​​​​​​9
    2. Այնուհետև դատարանը նշանակում է մեկ այլ լսում 14 օրվա ընթացքում՝ CARE-ի պլանը վերանայելու համար։
  11. CARE-ի պլանի վերանայման լսում․ Այս հաջորդ լսման ժամանակ դատավորը կարող է հաստատել CARE-ի պլանը։ Դրանով մեկնարկում է CARE-ի տարեկան գործընթացի սկիզբը։
    1. CARE-ի պլանի վերանայման լսման ընթացքում դատարանը որոշում է, թե արդյոք անձը իրազեկված համաձայնություն տրամադրելու կարողություն ունի։ Եթե դատարանը կարծում է, որ անձը չի կարող իրազեկված համաձայնություն տրամադրել, ապա CARE-ի պլանով կարող է պահանջվել բժշկական տեսանկյունից անհրաժեշտ կայունացնող բուժում10:
    2. CARE-ի պլանի համար 60 օրը մեկ անգամ անց են կացվում կարգավիճակի վերանայման լսումներ։

Նկատի ունեցեք, որ մինչև CARE-ի տարեկան գործընթացի մեկնարկը՝ անձը ստացած է լինում երկու կլինիկական գնահատում և դատարան է ներկայացած լինում առնվազն չորս անգամ11:

Ո՞րն է CARE-ի համաձայնության և CARE-ի պլանի տարբերությունը։

CARE-ի համաձայնությունը ձեռք է բերվում անձի, վարչաշրջանի վարքագծային առողջության դեպարտամենտի, անձի փաստաբանի և անձի իրավաբանի կողմից։ Այն պետք է հաստատվի դատարանի կողմից։ Չնայած նահանգը այն անվանում է CARE-ի կամավոր համաձայնություն, դատավորը լիազորություն ունի փոփոխություններ կատարել դրանում՝ նախքան դրա հաստատվելը։ CARE-ի համաձայնության ժամանակ ամեն 60 օրը մեկ տեղի է ունենում հսկողական լսում՝ համաձայնության գործողության ժամկետը սկսվելուց հետո։ Հսկողությունը ներառում է մեկից ավելի անգամ դատարան ներկայանալը։

CARE-ի պլանը դատական կարգադրությամբ է։ Անձը և իր փաստաբանը ստիպված չեն համաձայնել նույն կերպ, ինչպես CARE-ի համաձայնության ժամանակ։

Երկուսն էլ սահմանվում են մեկ տարվա տևողությամբ, և ներառում են տարբեր ծառայություններ։

Ի՞նչ կարող է ներառվել CARE-ի պլանում։

CARE-ի պլանը մեկ տարվա համար դատարանի կարգադրությամբ տրվող բուժման պլան է։ Այս բուժման պլանը կարող է ներառել դատարանի կողմից կարգադրված կայունացնող դեղամիջոցներ։ Կախված վարչաշրջանից և ծառայությունների հասանելիությունից՝ կարող են տրամադրվել այլ ծառայություններ՝ ինչպիսիք են խորհրդատվությունը և բնակարանը։ Դատարանը կարող է կարգադրել կարգավիճակի մասով լսումներ, որպեսզի հետևի՝ արդյոք անձը համապատասխանում է CARE-ի պլանին։

Պլանը կարող է ներառել բնակարանային և այլ աջակցության ծառայություններ՝ թեև երաշխավորված չէ, որ դրանք կտրամադրվեն, և պատասխանողները ստիպված են եղել երկար սպասել՝ այդ ծառայություններից օգտվելու համար։ Բնակարանի տրամադրման ծառայությունները կարող են ներառել մշտական աջակցվող բնակարան, մատչելի բնակարան, միջանկյալ/ժամանակավոր բնակարան և Behavioral Health Bridge Housing-ի բնակարան։ Համայնքային աջակցության տրամադրման ծառայությունները կարող են առաջարկել սոցիալական ծառայություններ, որոնք ֆինանսավորվում են Լրացուցիչ անվտանգության եկամտի/Նահանգի լրացուցիչ վճարման (SSI/SSP, Supplemental Security Income/State Supplementary Payment), ներգաղթյալներին տրվող ֆինանսական աջակցության, CalWORKs-ի, Կալիֆորնիայի Սննդի աջակցության ծրագրի, Տնային աջակցության ծառայությունների ծրագրի և CalFresh-ի միջոցով։ 

Որո՞նք են դատարանի կողմից կարգադրվող կայունացնող դեղամիջոցներ։

Դատարանի կողմից կարգադրվող կայունացնող դեղամիջոցները կարող են ներառել հակապսիխոտիկ դեղամիջոցներ։ Դրանք նույնը չեն, ինչ ոչ կամավոր կերպով ընդունվող դեղորայքը, քանի որ դրանք չեն կարող տրվել հարկադիր կերպով։ Չնայած դրանք չեն կարող հարկադրաբար տրվել, պլանով նշանակված դեղորայքի չընդունումը կարող է հանգեցնել դատարանի կողմից հետագա գործողությունների, օրինակ՝ ուղղորդում խնամակալության։ Չնայած իրավական առումով տարբեր է «ոչ կամավոր դեղորայքից», միևնույն է՝ հարկադիր բնույթ ունի։

Այդ դեղամիջոցները կարող են ներառել12.

  • Amitriptyline-perphenazine (Duo-Vil, Etrafon, Triavil, Triptafen)
  • Aripiprazole (Abilify)
  • Asenapine (Saphris)
  • Brexpiprazole (Rexulti)
  • Cariprazine (Vraylar)
  • Chlorpromazine (Thorazine)
  • Clozapine (Clozaril)
  • Fluphenazine
  • Haloperidol (Haldol)
  • Iloperidone (Fanapt)
  • Loxapine
  • Lumateperonee (Caplyta)
  • Lurasidone (Latuda)
  • Molindone
  • Olanzapine (Zyprexa)
  • Paliperidone (Invega Sustenna)
  • Perphenazine
  • Prochlorperazine
  • Quetiapine (Seroquel)
  • Risperidone (Risperdal)
  • Thioridazine
  • Thiothixene
  • Trifluoperazine (Stelazine)
  • Ziprasidone (Geodon)

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ես չեմ ներկայանում CARE-ի իմ դատական լսմանը։

Դատավորն իր հայեցողությամբ որոշում է, թե ինչպես արձագանքել լսմանը չմասնակցած կամ բուժմանը չհետևող անձին։ Տարբեր վարչաշրջաններ պլանավորում են դա տարբեր ձևերով13 Կանոնադրության մեջ չկա որևէ հատուկ հետևանք՝ նախնական դատական լսման վարույթին չներկայանալու համար։ Անձը կարող է խնամակալության ենթակա դառնալ, եթե չի բավարարում CARE-ի դատական վարույթի որևէ քայլ։ Դատավորը կարող է նաև որոշել կարճել դատական վարույթը։

Ես ցանկանում եմ որոշակի օգնություն ստանալ CARE-ի իմ պլանից, օրինակ՝ բնակարան, բայց չեմ ցանկանում խմել դեղորայքը։ Ի՞նչ տեղի կունենա։

CARE-ի պլանի որևէ մասին չհետևելը նշանակում է, որ դատարանը կարող է լրացուցիչ գործողություններ կիրառել, օրինակ՝ ուղղորդել խնամակալության համար։

Եթե LPS-ի վարույթը, օրինակ 5150 բաժինը կամ խնամակալությունը, տեղի են ունենում 6 ամսվա ընթացքում, CARE-ի պլանին չհետևելու մանրամասները կհամարվեն ապացույց։ Ամեն դեպքում, չի ենթադրվում, որ դրանք կներառեն դեղեր չխմելու մասին տեղեկություններ14։

Արդյոք CARE-ի դատարանը բնակարան ապահովող ծրագի՞ր է։

Ոչ։

CARE-ի դատարանի իրականացմանը կից չկան բնակարանի համար տրվող ֆինանսական միջոցներ։

CARE-ի դատարանի մասնակիցներին առաջնահերթություն է տրվում անցումային բնակարանների ծրագրերի (bridge housing programs) համար։ Սակայն պատասխանողները հայտնել են երկար սպասման ժամանակի մասին, և CARE-ի դատական վարույթում ներգրավվելը անձին հասանելիություն չի տալիս այնպիսի ծառայությունների, որոնք հասանելի չեն այլ ուղիներով15

Ո՞վ կներկայացնի ինձ՝ CARE-ի իմ դատական լսմանը։

CARE-ի դատական վարույթները պետք է փաստաբանի կողմից ներկայացվեն բոլոր փուլերի ընթացքում16 Որոշ վարչաշրջաններ պայմանագիր են կնքել իրավաբանական օգնություն տրամադրող կազմակերպությունների հետ, որպեսզի ներկայացնեն անհատներին CARE-ի իրենց դատական լսումներին։ Հանրային պաշտպանը կարող է ներկայացուցչություն ապահովել այլ վարչաշրջաններում։ Այն տարբեր է ամեն վարչաշրջանում։ 

Արդյոք ես պետք է կատարե՞մ CARE-ի դատարանի բուժման պլանի պահանջները։

Եթե չկատարեք, դատարանը կարող է ենթադրել, որ ձեր բուժման համար չկա ավելի քիչ սահմանափակող այլընտրանք, և ուղղորդել ձեզ խնամակալության համար։17

Ամեն դեպքում, վարչաշրջանները որոշակի հայեցողությամբ են առաջնորդվում այդ հարցում։ Չկատարելն ավտոմատ կերպով չի նշանակում, որ ձեզ խնամակալության կենթարկեն։

Ի՞նչ անել, եթե ձեր վարչաշրջանը չի տրամադրում ծառայություններ ձեր CARE-ի ծրագրով կամ CARE-ի համաձայնությամբ։ 

Եթե ​վարչա​շրջանը չի տրամադրում ձեր CARE-ի պլանով կամ CARE-ի համաձայնությամբ կարգադրված ծառայությունները կամ աջակցությունը, դատարանը կարող է միջոցներ ձեռնարկել։ Դատավորը պարտավոր է պահանջների չկատարման մասին հայտնել վերադաս դատարանի նախագահող դատավորին։ Եթե ​​նախագահող դատավորը հստակ և համոզիչ ապացույցներով պարզի, որ վարչաշրջանը էականորեն չի կատարել պահանջները, նա կարող է վարչաշրջանի նկատմամբ դրամական տուգանքներ կիրառել18 ։ Այդ տուգանքները փոխանցվում են պետական ​​հաշվետվողականության ֆոնդին։ Եթե ​​կարծում եք, որ ձեր CARE-ի պլանը կամ համաձայնությունը չի պահպանվում, բարձրացրեք այդ հարցը ձեր կարգավիճակի վերաբերյալ հաջորդ լսման ժամանակ կամ անմիջապես տեղեկացրեք ձեր փաստաբանին, որպեսզի դատարանը կարողանա լուծել այն։

Ինչպե՞ս կարող են CARE-ի դատարանը և SB 43-ը խնամակալության հանգեցնել։

Եթե դուք անցնում եք CARE-ի դատարանի վարույթ և չեք կատարում բուժման պլանը, կա ենթադրություն, որ ավելի քիչ սահմանափակող որևէ այլ բուժում տեղին չէ, որն էլ նպաստում է խնամակալության ուղղորդելուն։

SB 43-ը հեշտացնում է որևէ անձին խնամակալություն նշանակելը՝ ընդլայնելով Ծանր հաշմանդամության սահմանումը։ «Ծանր հաշմանդամությունը» անձին ոչ կամավոր կալանքի կամ խնամակալության ներքո դրվելու հիմք է հանդիսանում։

Ինչպե՞ս կարող եմ վիճարկել հոգեկան առողջության խնամակալությունը։

Դիտեք այս թեմայի վերաբերյալ մեր հրատարակությունը՝ Ձեռնարկ հոգեկան առողջության բարդ խնամատարությունների մասին​​​​​​​