Կրթական և ուսման ծառայությունները՝ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Publications
#5572.10

Կրթական և ուսման ծառայությունները՝ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Կալիֆորնիայի վերականգնման դեպարտամենտի կողմից կրթության և ուսուցման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Կարո՞ղ է Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (Department of Rehabilitation) օգնել իմ կրթության և ուսման հարցում, որպեսզի կարողանամ աշխատանք գտնել։

Այո։ Եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր զբաղվածության նպատակին հասնելու համար, Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (Department of Rehabilitation, DOR) կարող է օգնել։ Դա ներառում է ուսումը համայնքային քոլեջում, քառամյա կրթությունը համալսարանում, մագիստրատուրան, պրոֆտեխուսումնարանների ծրագրերը և հավաստագրման ծրագրերը։

Տարբեր ոլորտներում, օրինակ՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (այդ թվում՝ ինֆորմատիկայի), բժշկության, իրավունքի կամ բիզնեսի և այլ ոլորտներում կարող է տրամադրվել «խորացված ուսուցում», որը կօգնի անհատներին առաջ գնալ իրենց կարիերայում։ Սեղմեք այստեղ՝ DOR-ի ուսման վերաբերյալ կարգավորումն ընթերցելու համար։

Կախված զբաղվածության ձեր նպատակից և ձեր անձնական կարիքներից՝ DOR- ը գուցե կարողանա ամբողջությամբ ֆինանսավորել ձեր ուսումը որևէ մասնավոր կամ արտանահանգային դպրոցում։ Ընդհանուր առմամբ, DOR-ը վճարում է ձեր զբաղվածության նպատակին հասնելու ուսման ամենաէժան տարբերակի համար: Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես է DOR-ը որոշում ուսման ծառայությունների, այդ թվում՝ մասնավոր և արտանահանգային ուսման դիմաց վճարման չափը, տե՛ս 7-12 հարցերում ստորև։

2. Ինչպե՞ս է DOR-ը որոշում, թե ուսման որ մակարդակի համար վճարի։

DOR-ը կարող է տրամադրել ուսման ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ձեր զբաղվածության նպատակի իրագործման համար հմտություններ ձեռք բերելու և կրթական որակավորում ապահովելու համար։

Օրինակ՝ եթե IPE-ով սահմանված նպատակն է դառնալ սոցիալական աշխատող, ուսումը պետք է պարունակի սոցիալական աշխատանքի ոլորտում կրթական աստիճանի ստացումը և լիցենզավորման քննության հանձնումը։

3. Կարո՞ղ եմ ընտրել զբաղվածության այնպիսի նպատակ, որն սկսնակ մակարդակ չէ։

Այո։ Ձեր ընտրությունը ՉԻ սահմանափակվում «սկսնակ մակարդակի» աշխատանքով (օր․՝ աշխատանք, որի համար սովորաբար պահանջվում է ոչ բարձր մակարդակի ուսում, և որի դիմաց, ի տարբերություն ոչ սկսնակ մակարդակի պաշտոնի, հաճախ վճարվում է ավելի ցածր աշխատավարձ)։

Նախկինում DOR-ը օգնում էր միայն սկսնակ մակարդակի աշխատանք գտնելու հարցում, բայց 2014 թվականին օրենքը փոխվեց, և ընդունվեց Աշխատուժի ոլորտում նորարարությունների և հնարավորությունների մասին օրենքը (Workforce Innovation Opportunity Act, WIOA)։ Այժմ DOR-ը պետք է օգնի անհատներին զբաղվածության հարցում առաջխաղացում ունենալ և բարձր վճարվող ու իմաստալից կարիերա զարգացնել։

4. Կարո՞ղ է DOR-ն օգնել ինձ լրացուցիչ ուսում կամ ավելի բարձր կրթական աստիճան ստանալու հարցում:

Այո։ Եթե դուք ներկայումս DOR-ի շահառու եք, կարող եք դիմել ձեր Զբաղվածության անհատականացված ծրագիրը (IPE) փոփոխելու համար, որպեսզի դրանում այլ ծառայություններ (օրինակ՝ լրացուցիչ ուսումը) ներառվեն, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր նպատակին համապատասխանող աշխատանք գտնելու համար։ Կամ կարող եք DOR-ին խնդրել փոխել ձեր նպատակը, որը կարող է ներառել ավելի բարձր կրթական աստիճան ստանալու ուսումը։

Եթե DOR-ի շահառու չեք, կարող եք DOR-ում նոր գործ բացել՝ խնդրելով օգնություն կարիերայի որևէ կոնկրետ նպատակի հասնելու համար, որը կարող է ավելի բարձր կրթական աստիճան ստանալու ուսում ներառել։ DOR-ը կարող է դիտարկել ձեր հմտությունները, ունակությունները և աշխատաշուկան և օգնել որոշելու, թե արդյոք ձեր ընտրած նպատակը համապատասխանում է ձեզ։

5. Կարո՞ղ եմ հաճախել դասընթացների կես օրով։

Այո։ Ելնելով ձեր հաշմանդամությունից կամ այլ գործոններից՝ դուք կարող եք հաճախել դասընթացներին կես օրով։ Օրինակ, եթե ցերեկային ժամերին արդեն աշխատում եք, որպեսզի վճարեք ձեր հաշիվները և կարող եք հաճախել դասընթացներին միայն գիշերվա ժամերին, DOR-ը պետք է որ կարողանա օգնել ձեզ։ Եթե դասընթացներին հաճախեք կես օրով, գուցե ֆինանսական օգնությունն ավելի պակաս չափով ստանաք, ինչը կնշանակի, որ DOR-ը կվճարի ծախսի ավելի մեծ մասը։ Հետևաբար՝ գուցե օգտակար լինի տեղեկացնելը ձեր խորհրդատուին, թե ինչու եք նախընտրում դպրոց հաճախել կես օրով։

6. Ուսման ընթացքում ի՞նչ ծառայություններ և աջակցություն է հասանելի ինձ համար։

Ուսման ծառայություններն ստանալու ընթացքում DOR-ը կարող է այլ ծառայություններ և աջակցություն տրամադրել ձեզ։ Նման աջակցության օրինակներ են հետևյալը՝ առանց սահմանափակման.

  • անձնական օգնության ծառայություններ,
  • գրքեր և ուսմանը վերաբերող այլ պարագաներ,
  • սարքավորում կամ գործիքներ
  • փոխադրում, օրինակ՝ ավտոբուսի տոմս կամ գումար գազի համար,
  • մեքենայի ձևափոխություններ՝ դրանից օգտվելը հեշտացնելու համար
  • օժանդակող տեխնոլոգիաներ (Assistive Technology, AT), օրինակ՝ համակարգիչներ, ծրագրակազմեր, տեքստի ընթերցիչներ, հաշվիչներ, խոշորացույցներ, օժանդակող տեխնոլոգիաներից օգտվելու ուսուցում և այլն,
  • հասանելիություն համացանցին,
  • ապրելու ծախսեր, օրինակ՝ դպրոցական համազգեստ, կենսապահովման պարագաների մեկանգամյա պաշար և որոշ հանգամանքներում՝ դպրոցական կացարան,
  • այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնք ձեզ համար սահմանվել են որպես ձեր զբաղվածության նպատակին հասնելու անհրաժեշտություն։

Եթե պետական քոլեջ կամ համալսարան հաճախելիս ձեզ ողջամիտ հարմարություններ են անհրաժեշտ, պետք է պահանջեք դրանք անմիջապես տվյալ հաստատությունից։ Դա ներառում է անձնական օգնության ծառայությունները, օրինակ՝ ընթերցողների, թարգմանիչների և նշումներ կատարող անձանց ծառայությունները։ Սակայն եթե ձեզ անհրաժեշտ հարմարությունները չկարողանաք դպրոցից ստանալ, կարող եք պահանջել, որ DOR-ը տրամադրի դրանք ձեզ։

7. Ինձնից պահանջվելո՞ւ է վճարել իմ ուսման ծառայությունների համար։

Օրենքում նշվում է, որ ուսման ծառայությունները շահառուի ֆինանսական մասնակցության մաս չեն կազմում, ինչը նշանակում է, որ դուք չպետք է վճարեք դրանց համար։ Դա ներառում է ուսման վարձը, գրքերի, գրենական պիտույքների, ուսուցիչների և ուսումնական նյութերի ծախսը։ Սեղմեք այստեղ՝ 9 C.C.R. Section 7191(c)(4) օրենքի կարգավորումը կարդալու համար, որտեղ թվարկված են շահառուի ֆինանսական մասնակցության կանոնների բացառությունները։

Սակայն դա չի նշանակում, որ DOR-ն ավտոմատ վճարելու է ձեր ուսման բոլոր ծախսերը։ DOR-ի նպատակն է վճարել ձեր կարիքները բավարարող միայն ամենաէժան ուսման համար։ Ընդհանուր առմամբ, DOR-ը համայնքային քոլեջում սովորող շահառուների համար ուսման վարձը առաջին երկու տարվա համար ֆինանսավորում է համայնքային քոլեջի ուսման վարձի չափով, իսկ մնացած տարիների համար՝ նահանգային քոլեջի/համալսարանի ուսման վարձի չափով։ Հետևաբար՝ եթե ձեր ուսման առաջին երկու տարին որոշեք հաճախել քառամյա կրթությամբ քոլեջ/համալսարան, և կանոնի բացառությունը ձեզ վրա չտարածվի, ձեզնից կպահանջվի վճարել ձեր հաճախած քոլեջի/համալսարանի և համայնքային քոլեջի ուսման վարձերի տարբերությունը։

Բացառությունների մանրամասներին տեղեկանալու համար տե՛ս հարցեր 9-ը և 10-ը ստորև:

8. Արդյո՞ք պետք է իմ ֆինանսական օգնության գումարները և կրթաթոշակներն օգտագործեմ իմ ուսման ծախսի համար:

Այո։ DOR-ը չի վճարում ձեր ուսման ծառայությունների համար, եթե ձեր ուսումն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու համար տրամադրվող դրամաշնորհային օգնությունն ստանալու համար առաջին հերթին «առավելագույն ջանք» չեք ներդնում։ Առավելագույն ջանք նշանակում է, որ պետք է դիմեք պետական դրամաշնորհների մրցույթներին և ստացած գումարներն օգտագործեք ձեր ուսման ծախսերի համար, մինչև DOR-ը կարողանա վճարել մնացած ծախսերը։ Նույնիսկ եթե ֆինանսական օգնությունն ստանալու իրավունակություն չունեք, պետք է ամեն դեպքում դիմեք դրա համար և DOR-ին ներկայացնեք մերժումը։ Այս կանոնն ունի մի քանի բացառություն, որոնք են արժանիքների վրա հիմնված դրամաշնորհներն ու կրթաթոշակները։ Այդ ծախսերի համար դուք նաև չպետք է օգտվեք ուսանողական վարկերից, նույնիսկ եթե դրանք ձեր ֆինանսական օգնության փաթեթի մաս են կազմում։

DOR-ը կորոշի, թե ինչ մակարդակի ֆինանսավորում է տրամադրելու ձեր ուսման կարիքների համար՝ ձեր կրթական դրամաշնորհների և (կամ) պարգևների ընդհանուր գումարը հանելով ձեր ուսման վարձի, գրքերի, գրենական պիտույքների, ապրելու և ճանապարհի ծախսերի գումարից։ Կմնա այն գումարը, որը DOR-ը վճարելու է։ Սեղմեք այստեղ՝ առավելագույն ջանքերի մասին կարգավորումը կարդալու համար։

Կարևոր է նկատի ունենալ, որ DOR-ը չի վճարում դասերի համար, եթե տվյալ կիսամյակի ծրագիրը չեք ավարտել։ Երբ ձեր ուսման ծառայությունները հաստատվեն, ձեր հաճախած քոլեջը կամ համալսարանը DOR-ից պետք է ընդունի «թույլտվություն/վճարման խոստում»։ Այնուհետև, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին դպրոցը DOR-ին ուղարկում է հաշիվ-ապրանքագիր։ Կարևոր է, որ ամսաթվերի ու ծախսերի մասին տեղեկությունները DOR-ին տրամադրեք կիսամյակի սկզբում, որպեսզի DOR-ը կարողանա կազմել թույլտվությունը, որն իր հերթին թույլ է տալիս ձեզ գրանցվել դպրոցում կամ քոլեջում։

9. Արդյո՞ք նախքան քառամյա կրթությամբ քոլեջ կամ համալսարան ընդունվելը ես պետք է հաճախեմ համայնքային քոլեջ։

Ինչպես քննարկվեց հարց 7-ում, DOR-ը նախատեսում է վճարել ձեր կարիքները բավարարողմիայն ամենաէժան ծառայության համար։ Քոլեջի մակարդակի ուսում ստացող շահառուների համար օրենքը նշում է, որ DOR-ն առաջին երկու տարվա համար ուսման վարձի ֆինանսավորում կհատկացնի համայնքային քոլեջի ուսման վարձի չափով, որից հետո հաջորդ երկու տարվա համար, երբ անձը տեղափոխվի քառամյա կրթությամբ նահանգային քոլեջ կամ համալսարան, քանի որ համայնքային քոլեջը սովորաբար ավելի ցածր արժեքով այլընտրանք է, նահանգային քոլեջի կամ համալսարանի ուսման վարձի չափով։

Սեղմեք այստեղ՝ քոլեջի մակարդակի ուսման համար հատկացվող ֆինանսավորման մասին կարգավորումը կարդալու համար։

Սակայն այս կանոնի մի քանի բացառություն կա, որոնք կկիրառվեն, եթե կարողանաք ցույց տալ, որ․

  1. Քառամյա կրթությամբ քոլեջը/համալսարանը կարևոր է Զբաղվածության անհատականացված ծրագրի (IPE) հաջողության համար, ԿԱՄ
  2. Ձեր ուսումը քառամյա կրթությամբ քոլեջում կամ համալսարանում սկսելը կարժենա նույն գումարը կամ ավելի պակաս, քան առաջին երկու տարում որևէ համայնքային քոլեջ հաճախելը, ԿԱՄ
  3. Դուք համաձայն եք վճարել ուսման հետ կապված լրացուցիչ ծախսերը, երբ DOR-ը որոշել է, որ առաջին երկու տարում համայնքային քոլեջ հաճախելը բավարարում է ձեր կարիքները։

ՆՇՈՒՄ. դուք ունեք DOR-ի որոշումը բողոքարկելու իրավունք, եթե համաձայն չեք, որ համայնքային քոլեջը բավարարում է ձեր կարիքները։ Ահա մի քանի պատճառ․ ձեր մասնագիտական առարկայի դասերը համայնքային քոլեջում չեն դասավանդվում, կամ քոլեջը չի ապահովում ձեր հաշմանդամության համար պահանջվող աջակցությունը։ Սեղմեք այստեղ՝ բողոքարկման գործընթացի և ձեր իրավունքների մասին մանրամասն կարդալու համար։

10. DOR-ը կարո՞ղ է վճարել մասնավոր դպրոցում իմ ուսման համար։

DOR-ը կարող է թույլատրել ուսումը մասնավոր համալսարանում միայն այն դեպքում, եթե առկա են հետևյալ պայմաններից մեկը կամ մի քանիսը.

  1. Մասնավոր դպրոցն ավելի լավ կբավարարի ձեր կարիքները,
  2. Ծախսը պետական դպրոցի ծախսից քիչ կլինի,
  3. Տվյալ ուսումը չի առաջարկվում պետական դպրոցում,
  4. Պետական դպրոց հաճախելը զգալիորեն կուշացնի զբաղվածության ձեր նպատակի իրագործումը։

Սեղմեք այստեղ՝ մասնավոր դպրոցի համար հատկացվող ֆինանսավորման մասին կարգավորումը կարդալու համար։

Վերոնշյալ ակնկալիքներից մեկը բավարարելու դեպքում DOR-ը կֆինանսավորի որևէ մասնավոր քոլեջում կամ համալսարանում ձեր ուսման, մասնավորապես՝ ուսման վարձի, գրքերի, գրենական պիտույքների, ճանապարհի և ապրելու ծախսերի այն մասը, որը կմնա ֆինանսական օգնությամբ ձեզ հատկացված դրամաշնորհներն ու կրթաթոշակներն օգտագործելուց հետո։

Վերոնշյալ ակնկալիքներից մեկը չբավարարելու դեպքում կարող եք ամեն դեպքում որոշել ձեր ուսման համար պետական դպրոցի փոխարեն մասնավոր հաստատություն հաճախել։ Սակայն եթե որոշեք հաճախել մասնավոր հաստատություն այն պարագայում, երբ կա ձեր ուսման կարիքները բավարարող պետական դպրոց, պետական դպրոցի համար հատկացվող գումարը գերազանցող մնացած բոլոր ծախսերի վճարման համար պատասխանատու եք լինելու ինքներդ։

ՆՇՈՒՄ. դուք նաև ունեք DOR-ի որոշումը բողոքարկելու իրավունք, եթե համաձայն չեք, որ պետական դպրոցը բավարարում է ձեր կարիքները։ Սեղմեք այստեղ՝ բողոքարկման գործընթացի և ձեր իրավունքների մասին մանրամասն կարդալու համար։

11. DOR-ը կարո՞ղ է վճարել մեկ այլ նահանգում իմ ուսման համար։

Այո։ DOR-ը կարող է վճարել ձեր արտանահանգային ուսման համար։ Եթե Կալիֆոռնիայում հարմար դպրոցներ կամ դասընթացներ չլինեն, կամ եթե Կալիֆոռնիայում որևէ ուսումնական ծրագրի հաճախելը անհարկի բեռ կարող է լինել, DOR-ը կարող է վճարել մասնավոր դպրոցի ծախսերն ամբողջությամբ։ Սեղմեք այստեղ՝ արտանահանգային ուսման մասին դաշնային կարգավորումը կարդալու համար։

Կարող եք նաև ձեր իրազեկված ընտրության շրջանակում որոշել հաճախել որևէ հավաստագրված արտանահանգային քոլեջ։ Սակայն եթե ձեզ անհրաժեշտ ուսումն առկա է նահանգում, DOR-ը կարող է տրամադրել ֆինանսավորում նահանգային սակագնի չափով, իսկ տարբերությունը վճարելու պատասխանատվությունը կկրեք դուք։

12. Ե՞րբ կարող է DOR-ը դադարեցնել իմ ուսման ծառայությունների դիմաց վճարումը։

Երբ ավարտեք ձեր զբաղվածության նպատակի համար անհրաժեշտ ուսումը, DOR-ն այլևս չի վճարի ձեր ուսման համար։ DOR-ը կարող է դադարեցնել ուսման ծառայությունները նաև առաջընթաց չլինելու պատճառով։ Եթե ուսումնական ծրագիրը չի բավարարում ձեր կարիքները, կարող եք DOR-ի ձեր խորհրդատուի հետ խոսել ծրագիրը փոխելու մասին։ Սեղմեք այստեղ՝ կարդալու այն կարգավորումը, որում բացատրվում է, թե DOR-ը երբ կարող է դադարեցնել ուսման ծառայությունները։

Եթե համաձայն չեք ձեր ուսման ծառայությունների դադարեցման մասին DOR-ի որոշման հետ, պետք է անհապաղ խոսեք DOR-ի ձեր խորհրդատուի և (կամ) վերահսկչի հետ։ Եթե ի վիճակի չլինեք լուծել անհամաձայնությունը, դուք ունեք մեկ տարի այդ որոշումը վարչական մարմնի կողմից վերանայման ընթացակարգով բողոքարկելու համար՝ ներկայացնելով բողոք Շրջանային ադմինիստրատորին, պահանջելով միջնորդություն և (կամ) անկողմնակալ լսումներ: Սեղմեք այստեղ՝ բողոքարկման ձեր իրավունքներին մանրամասն տեղեկանալու համար։

DOR-ի հետ կրթական ծառայությունների կամ DOR-ի հետ կապված այլ խնդիրների վերաբերյալ վեճերը լուծելու հարցում օգնություն խնդրելու համար կարող եք դիմել Շահառուների օգնության ծրագրին՝ (800) 776-5746 հեռախոսահամարով։