Ի՞նչպես ստանալ կրթական կարիքների անկախ գնահատում պետական միջոցներով

Publications
#5476.10

Ի՞նչպես ստանալ կրթական կարիքների անկախ գնահատում պետական միջոցներով

Այս հրապարակումը տրամադրում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ստանալ կրթական կարիքների անկախ գնահատում պետական միջոցներով դպրոցական կրթության շրջանային բաժնից: Կրթական կարիքների անկախ գնահատում կարելի է ստանալ նաև գնահատման համար սեփական միջոցներով վճարելու միջոցով:

Այս հրապարակումը տրամադրում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ստանալ կրթական կարիքների անկախ գնահատում պետական միջոցներով դպրոցական կրթության շրջանային բաժնից: Կրթական կարիքների անկախ գնահատում կարելի է ստանալ նաև գնահատման համար սեփական միջոցներով վճարելու միջոցով: Դուք կցանկանաք ունենալ ձեր երեխայի կրթական  կարիքների անկախ գնահատումը, եթե.

  1. համաձայն չեք դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից կատարած ձեր երեխայի հատուկ կրթության կարիքի ամենավերջին գնահատման հետ,
  2. եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը կատարել է նախնական գնահատում կամ վերագնահատում, սակայն ամբողջությամբ չի սահմանել գնահատման ենթակա բոլոր ոլորտները, և եթե համաձայն չեք գնահատման հետ, կամ
  3. եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը մերժել է ձեր երեխայի հատուկ կրթության իրավունակությունը կամ անհրաժեշտ ծառայության կամ աջակցության տրամադրումը՝ հիմնվելով դպրոցական կրթության շրջանային բաժնի իրականացրած թերի գնահատման առաջարկությունների վրա:

Օրենքը

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման մասին օրենքի դաշնային դրույթները սահմանում են, որ հաշվի առնելով որոշակի պայմանները.

«Ծնողն իրավունք ունի պահանջել պետական միջոցներով կրթական կարիքների անկախ գնահատում, եթե համաձայն չէ պետական մարմնի [օրինակ՝ դպրոցական կրթության շրջանային բաժնի] գնահատաման հետ…»1

Կրթական կարիքների անկախ գնահատում (անգլ. IEE) նշանակում է, որ գնահատումն իրականացրել է որակավորված անձը, որը աշակերտին սպասարկող դպրոցական կրթության շրջանային բաժնի աշխատակից չէ:2 Ծնողը/խնամակալը դպրոցական կրթության շրջանային բաժնից կարող է պահանջել պետական միջոցներով իրականացվող IEE: Այսպիսի պահանջն ստանալու դեպքում դպրոցական կրթության շրջանային բաժինը ունի գործելու ընդամենը երկու տարբերակ.

  1. վճարել IEE-ի համար կամ
  2. ներկայացնել դատական վարույթ սկսելու հայց՝ ապացուցելու, որ իր գնահատումը ճիշտ է եղել:3

Դպրոցական կրթության շրջանային բաժինները շատ անգամ վճարում են IEE-ի անցկացման համար: IEE-ի համար վճարելն ավելի էժան է

ստացվում: Դպրոցական կրթության շրջանային բաժնի համար շատ ավելի թանկ է ձեր դեմ դատական վարույթի բացման համար վճարելը, որով կապացուցի, որ իր կատարած գնահատումը ճիշտ է եղել: Դպրոցական կրթության շրջանային բաժինը չի կարող իրավականորեն պարզապես անտեսել ձեզ կամ պարզապես ասել ձեզ «ոչ»:

Ինչպես պահանջել IEE

Ահա մի քանի քայլ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ձեր երեխայի համար պետական միջոցներով IEE-ի անցկացումը պահանջելու համար.

Քայլ 1. Ուղարկել գրավոր դիմում պետական միջոցներով IEE անցկացնելու համար

Եթե համաձայն չեք ձեր երեխայի համար դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից իրականացված գնահատման հետ, պետք է փոստային կամ էլեկտրոնային նամակ գրեք ձեր երեխայի գործը վարողին կամ շրջանային բաժնի հատուկ կրթության ծրագրի ղեկավարին: Փոստային կամ էլեկտրոնային նամակում պետք է նշեք, որ համաձայն չեք դպրոցական կրթության շրջանային բաժնի գնահատման հետ: Պետք է նշեք նաև, որ պահանջում եք IEE-ի անցկացում պետական միջոցներով:

Թեև օրենքում չի ասվում, որ IEE-ի անցկացման պահանջը պետք է լինի գրավոր, սակայն կարևոր է փոստային կամ էլեկտրոնային նամակ գրել դպրոցական կրթության շրջանային բաժնին: Դպրոցական կրթության շրջանային բաժինը պարտավոր չէ վճարել IEE-ի անցկացման համար, եթե նրան չեք ծանուցել, որ համաձայն չեք նրա գնահատման հետ և որ պահանջել եք IEE-ի անցկացում պետական միջոցներով: Գրելով փոստային կամ էլեկտրոնային նամակ՝ հետագայում տարաձայնություն լինելու դեպքում կարող եք ցույց տալ, որ դպրոցական կրթության շրջանային բաժնին ծանուցել եք: Փոստային կամ էլեկտրոնային նամակի մեկ օրինակը պահեք ձեզ մոտ:

Նամակն ստանալուց հետո դպրոցական կրթության շրջանային բաժինը կարող է խնդրել ձեզ բացատրել, թե ինչու համաձայն չեք նրա կատարած գնահատման հետ: Դուք պարտավոր չեք դպրոցական կրթության շրջանային բաժնին պատճառներ ներկայացնել ձեր անհամաձայնության վերաբերյալ: Բացի այդ, դպրոցական կրթության շրջանային բաժինը ձեր հրաժարումը չի կարող օգտագործել որպես ձեր դիմումի պատասխանի ուշացման պատճառ:4

Քայլ 2. Սպասել պատասխանին

Ձեր փոստային/էլեկտրոնային նամակը դպրոցական կրթության շրջանային բաժնին ուղարկելուց հետո դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է պատասխանի ձեր պահանջին՝ «առանց անհարկի ուշացման»:5 Օրենքը չի սահմանում, թե դպրոցական կրթության շրջանային բաժինը որքան ժամանակ ունի պատասխանելու համար:  Օրենքը թույլ է տալիս, որ ծնողը/խնամակալը և դպրոցական կրթության շրջանային բաժինը ողջամիտ, սակայն կարճ ժամանակահատվածում խոսեն և բանակցեն IEE-ի անցկացման պահանջի շուրջ:6 Այն, թե արդյոք ուշացումը ողջամիտ է, կախված է առանձին իրավիճակից: Օրինակ.

  • «J.P.-ն ընդդեմ Ռիպոնի դպրոցական կրթության միացյալ շրջանային բաժնի» գործում դպրոցական կրթության շրջանային բաժինը դատական վարույթի հայց է ներկայացրել ծնողների կողմից IEE-ի անցկացման պահանջից հետո ավելի քան երկու ամիս անց: Դատարանը գտավ, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը դատական վարույթի հայցը ժամանակին էր ներկայացրել: Դատական վարույթի հայցը ներկայացնելուց առաջ ծնողները և դպրոցական կրթության շրջանային բաժինը երկու ամսվա ընթացքում քննարկում էին IEE-ի անցկացման պահանջը:7
  • «Փաջարո հովտի դպրոցական կրթության միացյալ շրջանային բաժինն ընդդեմ J.S.-ի» գործում դպրոցական կրթության շրջանային բաժինը բացատրություն չի տվել, թե ինչու է դատական վարույթի հայցը 11 շաբաթ ուշացումով ներկայացրել: Դատարանը գտավ, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը խախտել է օրենքը:8

Ընդհանուր առմամբ, սպասելու ողջամիտ ժամկետ կարող է լինել 15 ուսումնական օրը, քանի որ դպրոցական կրթության շրջանային բաժինները ծնողին/խնամակալին գնահատման պլան պետք է ներկայացնեն ծնողի/խնամակալի կողմից գնահատման պահանջի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում:

Փոստային/էլեկտրոնային նամակը ներկայացնելուց հետո կարող է տեղի ունենալ հետևյալը.

  • Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինն ընդհանրապես չի պատասխանում, ուրեմն այն խախտել է օրենքը: Եթե դպրոցական կրթության շրջանային բաժնից ոչ մի պատասխան չեք ստանում, միանգամից անցեք այս հրապարակման քայլ 4-ին:
  • Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը համաձայն է վճարել IEE-ի անցկացման համար, ապա կարող եք դպրոցական կրթության շրջանային բաժնի հետ համատեղ ընտրել ձեր անկախ գնահատողին:
  • Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը ներկայացնում է դատական վարույթ սկսելու հայց, պատրաստվեք մասնակցելու լսումներին: Դուք պետք է բացատրեք դատավորին, թե ինչու եք կարծում, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի գնահատումը համապատասխան չէ: Դուք պետք է բացատրեք նաև, թե ինչու է ձեզ անհրաժեշտ IEE: Լսումներին պատրաստվելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Հատուկ կրթության իրավունքներ և պատասխանատվություններ» ձեռնարկի գլուխ 6-ը՝ «Տեղեկատվություն դատական վարույթի լսումների/համապատասխանության ստուգման ընթացակարգերի մասին»:

Քայլ 3. «Ոչ»-ը մի՛ ընդունեք որպես պատասխան

Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը չի արձագանքել ձեր պահանջին կամ մերժել է ձեր պահանջը առանց դատական վարույթի հայց ներկայացնելու, դուք պետք է գրեք մեկ այլ նամակ դպրոցական կրթության շրջանային բաժնին: Այդ նամակում պետք է դպրոցական կրթության շրջանային բաժնին հայտնեք, որ նրանց գործելակերպը խախտել է ձեր իրավունքները համաձայն հատուկ կրթության մասին հետևյալ դաշնային կանոնակարգի՝ 34 C.F.R. Section 300.502(b):

Եթե դպրոցական կրթության շրջանային բաժնից պատասխան չստանաք, պետք է հայտնեք նրանց նաև, որ իրենց այդ լռությունն ընդունում եք որպես դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից IEE-ի անցկացման համար վճարելու համաձայնություն: Բացի այդ, դպրոցական կրթության շրջանային բաժնին կարող եք հայտնել նաև, որ.

  1. Դուք կտեղեկացնեք դպրոցական կրթության շրջանային բաժնին, որ դուք կվճարեք IEE-ի անցկացման համար և հաշիվը կուղարկեք դպրոցական կրթության շրջանային բաժնին փոխհատուցման համար, կամ
  2. Դուք կխնդրեք դպրոցական կրթության շրջանային բաժնին վճարել անմիջապես ծառայությունը մատուցողին, որին ընտրել եք IEE-ի անցկացման համար:

Եթե որոշեք IEE-ն անցկացնել առանց դպրոցական կրթության շրջանային բաժնի պատասխանն ստանալու, համոզվեք, որ անկախ գնահատողը համապատասխանում է IEE-ի վերաբերյալ դպրոցական կրթության շրջանային բաժնի բոլոր ուղեցույցներին՝ ներառյալ որակավորման չափորոշիչները և արժեքը: Դուք կարող եք որոշել նաև ոչինչ չգրել դպրոցական կրթության շրջանային բաժնին և անցնել անմիջապես այս հրապարկման քայլ 4-ին:

Քայլ 4. Եթե մնացած ամեն ինչ ձախողվում է, ներկայացրեք անհամապատասխանության բողոք Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին

Եթե Դպրոցական կրթության շրջանային բաժինը դեռևս չի հաստատել IEE-ի անցկացումը կամ չի ներկայացրել ձեր դեմ դատական վարույթ սկսելու հայց, կարող եք անհամապատասխանության բողոք ներկայացնել Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին (անգլ.՝ California Department of Education, CDE): Այդ բողոքում պետք է ներկայացնեք, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը խախտել է 34 C.F.R. Բաժին 300.502(b)-ով սահմանված ձեր ընթացակարգային իրավունքները և որպես պաշտպանություն պահանջեք, որ CDE-ն կարգադրի դպրոցական կրթության շրջանային բաժնին անհապաղ անցկացնել IEE ձեզ համար:

Անհամապատասխանության բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Հատուկ կրթության իրավունքներ և պատասխանատվություններ» ձեռնարկի գլուխ 6-ը՝ «Տեղեկատվություն դատական վարույթի լսումների/համապատասխանության ստուգման ընթացակարգերի մասին»:

Հաճախ տրվող հարցեր

1.   Ու՞մ կարող եմ ընտրել իմ երեխայի IEE-ն անցկացնելու համար

Դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է տրամադրի ձեզ տեղեկատվություն IEE-ների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը ներառում է պոտենցիալ մատակարարների ցանկը, գնային ուղեցույց և դպրոցական կրթության շրջանային բաժնի սահմանած պահանջները IEE-ի անցկացման համար:9 Դուք պարտավոր չեք դիմել դպրոցական կրթության շրջանային բաժնի ցանկում ներկայացված գնահատողներին:10 Եթե ընտրեք դպրոցական կրթության շրջանային բաժնի ցանկում չընդգրկված գնահատողի, համոզվեք, որ ձեր ընտրած գնահատողը բավարարում է IEE-ի անցկացման համար դպրոցական կրթության շրջանային բաժնի սահմանած բոլոր պահանջները:

Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը սահմանափակում է մատակարարի ձեր ընտրությունն այնքան, որ գնահատումը չի անցկացվի անկախ կամ դպրոցական կրթության շրջանային բաժնից առանձին, կարող եք ներկայացնել անհամապատասխանության բողոք CDE-ին:

2.   Ի՞նչ է պատահում, եթե ես չունեմ բավարար գումար, որպեսզի նախապես վճարեմ IEE-ի անցկացման համար, իսկ դպրոցական կրթության շրջանային բաժինը պնդում է, որ փոխհատուցումը միակ հնարավոր տարբերակն է

Հատուկ կրթության մասին օրենքներն ու կանոնակարգերը չեն սահմանում այն կարգը, որով դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է իրականացնի պետական միջոցներով IEE-ի անցկացումը: Սակայն եթե չեք կարող ձեր միջոցներով նախապես վճարել IEE-ի անցկացման համար և հետո ստանալ փոխհատուցում, ապա դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է այլ միջոցառումներ ձեռնարկի: Օրինակ՝ անմիջապես անկախ գնահատողին վճարելը: Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը հրաժարվում է ձեռնարկել ողջամիտ միջոցառումներ, դուք պետք է ներկայացնեք անհամապատասխանության բողոք CDE-ին: Այդ բողոքում կարող եք նշել, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի պահանջը, որ IEE-ի անցկացման համար պետք է վճարեք նախապես, թույլ չի տալիս ձեզ ստանալ IEE:

3.   Եթե ես կարող եմ վճարել գնահատման համար, արդյո՞ք պետք է վճարեմ հիմա և հետո դիմեմ դպրոցական կրթության շրջանային բաժնին փոխհատուցում ստանալու համար

Որպես ծնող/խնամակալ դուք միշտ իրավունք ունեք ստանալ սեփական միջոցներով անցկացված IEE և ստիպել դպրոցական կրթության շրջանային բաժնին հաշվի առնել տվյալ գնահատումը ձեր երխայի IEP-ի կազմման գործընթացում:11

Նախքան սեփական միջոցներով անկախ գնահատման համար վճարելը դուք պետք է դպրոցական կրթության շրջանային բաժնից նախ պահանջեք ապահովել IEE-ի անցկացումը պետական միջոցներով: Եթե անկախ գնահատման համար վճարեք նախքան դպրոցական կրթության շրջանային բաժնից գնահատման համար վճարում պահանջելը, դպրոցական կրթության շրջանային բաժինը պարտավոր չի լինի փոխհատուցելու ձեզ:

4.   Ի՞նչ տեսակի գնահատում կարող եմ պահանջել որպես IEE պետական միջոցներով

Դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից արդեն իրականացված ցանկացած գնահատման համար կարող եք պահանջել IEE-ի անցկացում պետական միջոցներով, եթե համաձայն չեք այդ գնահատման հետ: IEE-ի անցկացում պետական միջոցներով կարելի է պահանջել ցանկացած տեսակի գնահատման համար, որը դպրոցական կրթության շրջանային բաժինը իրականացրել է ձեր երեխայի հատուկ կրթության իրավունակությունը կամ կրթական կարիքները հաշմանդամության որևէ ենթադրյալ բնագավառում գնահատելու համար: Դա կարող է լինել հոգեբանական ևկրթական կարիքների գնահատում, օժանդակ տեխնոլոգիաների կարիքի գնահատում, խոսքի և լեզվի գնահատում կամ անցումային շրջանի գնահատում:

Եթե ծնողը/խնամակալն ստանում է IEE պետական միջոցներով կամ տրամադրում է այն գնահատումը, որի համար վճարել է սեփական միջոցներով, ապա դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է դիտարկի այդ գնահատումը աշակերտի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:12

5.   Արդյո՞ք դպրոցական կրթության շրջանային բաժինը կարող է սահմանափակել անկախ գնահատողին իմ երեխային դպրոցի տարածքում, այդ թվում՝ դասասենյակային միջավայրում գնահատելու համար

Ոչ: Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը որպես գնահատման մաս ձեր երեխային դիտարկել է դասարանում, կամ եթե դպրոցական կրթության շրջանային բաժնի գնահատման ընթացակարգերը թույլ են տալիս կատարել դիտարկումներ դասարանում, ապա դպրոցական կրթության շրջանային բաժինը անկախ գնահատողին պետք է տա նույն հնարավորությունը: Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը հրաժարվում է թույլ տալ անկախ գնահատողին կատարել դիտարկում դասարանում, կարող եք ներկայացնել անհամապատասխանության բողոք CDE-ին: Բողոքում կարող եք նշել, որ անկախ գնահատողը չի կարողանում ավարտել իր գնահատումը, քանի որ դպրոցական կրթության շրջանային բաժինը անկախ գնահատողին չի ընձեռում ձեր երեխային դիտարկելու այն նույն հնարավորությունը, ինչն ունեցել է իր դպրոցի անձնակազմը:

CDE-ին անհամապատասխանության բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Հատուկ կրթության իրավունքներ և պատասխանատվություններ» ձեռնարկի գլուխ 6-ը՝ «Տեղեկատվություն դատական վարույթի լսումների/համապատասխանության ստուգման ընթացակարգերի մասին»:

6.   Ի՞նչ հաճախականությամբ կարող եմ պահանջել IEE-ի անցկացում պետական միջոցներով

Դպրոցական կրթության շրջանային բաժնի կատարած յուրաքանչյուր գնահատման համար, որի հետ համաձայն չեք, կարող եք պահանջել անցկացնել միայն մեկ IEE պետական միջոցներով:13 Դա նշանակում է, որ եթե դժգոհ եք պետական միջոցներով անցկացված IEE-ից, պետք է սպասեք, մինչև դպրոցական կրթության շրջանային բաժինն իրականացնի ձեր երեխայի վերագնահատումը, որից հետո կկարողանաք պահանջել մեկ այլ IEE-ի անցկացում պետական միջոցներով:

Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Հատուկ կրթության իրավունքներ և պատասխանատվություններ» ձեռնարկի գլուխ 2-ը՝ «Տեղեկատվություն գնահատումների վերաբերյալ»:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: