Հաշմանդամություն ունեցող իմ երեխան շարունակում է ստանալ ժամանակավոր հեռացումներ կամ առաջարկվում է մշտական հեռացման

Publications
#5563.10

Հաշմանդամություն ունեցող իմ երեխան շարունակում է ստանալ ժամանակավոր հեռացումներ կամ առաջարկվում է մշտական հեռացման

Սույն հրապարակումը տրամադրում է ձեր երեխայի իրավունքների վերաբերյալ որոշակի հիմնական տեղեկատվություն, եթե նրա նկատմամբ քննարկվում են ժամանակավոր կամ մշտական հեռացման և դրանց հետ կապված այլ հարցերը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Եթե ձեր հատուկ կարիքներ ունեցող երեխան ունի կարգապահության խնդիրներ և/կամ ժամանակավոր հեռացումներ, և/կամ նրա նկատմամբ տրվել է մշտական հեռացման առաջարկ տեղական դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից (այսուհետ՝ «Շրջանային բաժին»), ապա առկա են ընթացակարգեր, որոնք Շրջանային բաժինը պետք է պահպանի նախքան նրա հեռացումը:  Միաժամանակ, նահանգի և դաշնային հատուկ կրթության մասին օրենքները տրամադրում են որոշակի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք դիտարկվում են հեռացման համար:

Սույն հրապարակումը տրամադրում է ձեր երեխայի իրավունքների վերաբերյալ որոշակի հիմնական տեղեկատվություն, եթե նրա նկատմամբ քննարկվում են ժամանակավոր կամ մշտական հեռացման և դրանց հետ կապված այլ հարցերը:

«Ժամանակավոր հեռացում» նշանակում է աշակերտի հեռացում առկա դասընթացից՝ կարգավորման նպատակներով: Իսկ «Մշտական հեռացում» նշանակում է աշակերտի հեռացում դպրոցի անձնակազմի (1) անմիջական ղեկավարումից և վերահսկումից, կամ (2) ընդհանուր վերահսկումից:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐ

Հատուկ կրթության աշակերտն/ուսանողն ընդհանուր առմամբ չի կարող ժամանակավոր հեռացվել իր կրթական վայրից 10 հաջորդող ուսումնական օրվանից ավել ժամկետով՝ առանց ծնողի համաձայնության կամ դատարանի կամ լսումներն անցկացնող պատասխանատուի հրամանի 34 C.F.R. §300.530(b):

Ժամանակավոր հեռացման սույն սահմանափակումը չի կարող կիրառվել հատուկ կրթության այն աշակերտների/ուսանողների նկատմամբ, ովքեր ունեն բազմաթիվ ժամանակավոր հեռացումներ տարբեր խախտումների համար, որոնք գումարվելով և կուտակվելով՝ գերազանցում են 1 ուսումնական տարվա ընթացքում 10 ուսումնական օր ժամկետը, այն պայմանով, որ ոչ մի եզակի ժամանակավոր հեռացում չգերազանցի 10 հաջորդող ուսումնական օր ժամկետը: Այնուամենայնիվ, սույն սահմանափակումը կիրառվելու է, եթե կուտակված ժամանակավոր հեռացումները միասին կազմեն կրկնվող պատկեր, որը կարող է դիտվել որպես կրթության վայրի փոփոխում   34 C.F.R. §300.536(a)(1),(2):

Գործոնները, որոնք դիտարկվում են, երբ որոշվում է, արդյոք ժամանակավոր հեռացումների կրկնվող պատկերն ավելի շատ նման է ընդունման վայրի անօրինական փոփոխմանը, քան հեռացմանը, ներառում են՝ յուրաքանչյուր հեռացման տևողությունը, ընդհանուր ժամանակը, որի ընթացքում աշակերտը/ուսանողը ժամանակավոր հեռացված էր, հեռացումների մերձավորությունը միմյանց նկատմամբ և երեխայի վարքագծի նմանությունը ժամանակավոր հեռացումների ընթացքում 34 C.F.R. §300.536(a)(1),(2)(iii):

Եթե թվում է, որ ժամանակավոր հեռացումները կազմում են կրկնվող պատկեր, ապա հեռացումների շարքերը կարող են լինել որպես ընդունման վայրի փոխում  34 C.F.R. § 300.536(a)(2):  Եթե ժամանակավոր հեռացումները կարող են դիտարկվել որպես ընդունման վայրի փոփոխում, ապա IEP-ի թիմը պետք է նշանակի դրսևորման որոշմանը նվիրված հանդիպում, և կիրառվելու են կրթության վայրի փոփոխման նկատմամբ բոլոր իրավունքները և պարտականությունները  34 C.F.R. § 300.530(e):

Հատուկ կրթության աշակերտը/ուսանողը կարող է ժամանակավոր հեռացվել միայն դպրոցական ավտոբուսից օգտվելուց: Սակայն, եթե հատուկ կրթության աշակերտը/ուսանողը ժամանակավոր հեռացվում է դպրոցական ավտոբուսով փոխադրումից, ապա նա իրավունք ունի ստանալ փոխադրման այլընտրանքային տարբերակ, առանց ծնողի կամ խնամակալի կողմից ծախսերի, սակայն այն դեպքում, եթե նման փոխադրումը սահմանված է նշված աշակերտի/ ուսանողի IEP-ում  Cal. Ed. Code § 48915.5(c):

Միջանկյալ այլընտրանքային միջավայր

Ժանանակավոր հեռացման ընթացքում դպրոցի կամ Շրջանային բաժնի անձնակազմը լիազորված է տեղափոխել հատուկ կրթության աշակերտին/ուսանողին ընթացիկ կրթության վայրից մեկ այլ կրթության վայր՝ ժամանակավոր հիմունքով: Սա հաճախ անվանվում է «Միջանկյալ այլընտրանքային միջավայր»:  Այնուամենայնիվ, հեռացումը չի կարող գերազանցել 10 հաջորդող ուսումնական օր ժամկետը  34 C.F.R. §300.530(b):

Հատուկ կրթության աշակերտը/ուսանողը պետք է ստանա համապատասխան մակարդակի անվճար պետական կրթություն (FAPE) ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 10 օրվանից ավել ժամանակավոր հեռացում ստանալուց հետո, նույնիսկ եթե այդ հեռացված աշակերտը/ուսանողը տեղափոխվել է միջանկյալ այլընտրանքային կրթության վայր  34 C.F.R. §§ 300.530(b)(2) և (d)(4); and § 300.536:

Շրջանային բաժինը պետք է տրամադրի անհրաժեշտ ծավալով ծառայություններ, որպեսզի թույլ տա աշակերտին/ուսանողին հասնել առաջընթացի ընդհանուր ծրագրում և առաջընթացին հասնել իր IEP-ի նպատակներին հասնելու ուղղությամբ:  Սա նշանակում է, որ ուսումնական տարվա ընթացքում ժամանակավոր հեռացման 11-րդ օրը Շրջանային բաժինը պետք է տրամադրի աշակերտին/ուսանողին FAPE, նույնիսկ եթե աշակերտը/ուսանողը չի գտնվում իր կանոնավոր կրթության վայրում՝ իր կրթական ծառայությունները ստանալու համար:  Աշակերտը/ուսանողը նաև պետք է ստանա, ըստ անհրաժեշտության, վարքագծի գնահատական, վարքագծի միջամտության ծառայություններ և վարքագծի փոփոխություններ, որոնք նախատեսված են ժամանակավոր հեռացման հետ կապված վարքագծի խախտումների վրա ազդելու համար, որպեսզի դրանք չկրկնվեն  20 U.S.C § 1415 (k)(1)(D):

ՄՇՏԱԿԱՆ ՀԵՌԱՑՈՒՄ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐ

Դրսևորման որոշման հանդիպումը պետք է կայացվի հաշմանդամություն ունեցող երեխայի կրթության վայրը փոփոխելու մասին ցանկացած որոշման պահից 10 ուսումնական օրվա ընթացքում՝ աշակերտի/ուսանողի վարքագծի կանոնների խախտման պատճառով: Այդ հանդիպումը պահանջվում է անկախ նրանից՝ դպրոցը կամ Շրջանային բաժինը նախաձեռնում է կրթության վայրի փոփոխում, ժամանակովոր հեռացում, թե մշտական հեռացում  20 U.S.C. §§ 1415(k)(1)(E); 34 C.F.R. § 300.530(e)(1):

Դրսևորման որոշման հանդիպման նպատակը կայանում է նրանում, որ IEP-ի թիմը որոշի, արդյոք վարքագիծը, որը հանգեցրեց հեռացման մասին որոշմանը, առաջացել էր կամ ուղղակի/անուղղակի ձևով կապված էր երեխայի հաշմանդամության հետ, թե հանդիսացել է դպրոցի կողմից IEP-ի կիրառումը չկատարելու անմիջական արդյունք  20 U.S.C. §§ 1415(k)(1)(E); 34 C.F.R. § 300.530(e)(1):  Դրսևորման որոշման հանդիպումը երբեմն անվանվում է «դրսևորման որոշման IEP» կամ «մշտական հեռացման արտակարգ IEP»:

Ձեր երեխան իրավունք ունի վերադառնալ իր սկզբնական դասարանի վայր հեռացման 10 հաջորդական օր ժամկետը լրանալուց հետո, նույնիսկ եթե դրսևորման որոշման հանդիպումը դեռ չի կայացել:  Այնուամենայնիվ, կան բացառություններ, եթե աշակերտի/ուսանողի վարքագիծը ներառում էր զենքի, թմրանյութի կիրառում կամ հասցրել էր լուրջ մարմնական վնաս: Նման դեպքում դպրոցը կարող է տեղափոխել նրան մեկ այլ միջավայր 45 օր ժամկետով 1415(k)(1)(G); 34 C.F.R. § 300.530(f)(2), 300.530(g):

Եթե վարքագիծը հաշմանդամության դրսևորում է

Եթե սահմանվում է, որ վարքագիծը հանդիսանում է աշակերտի/ուսանողի հաշմանդամության դրսևորում, IEP-ի թիմը պետք է անցկացնի վարքագծի ֆունկցիոնալ գնահատում և կիրառի վարքագծի միջամտության պլան այդ աշակերտի/ ուսանողի համար:  Եթե աշակերտի /ուսանողի մոտ արդեն առկա է նման պլան, IEP-ի թիմը պետք է վերանայի և փոփոխի վարքագծի պլանը՝ որքան որ անհրաժեշտ է վարքագծի վրա ազդելու համար  34 C.F.R. § 300.530(f)(1):

IEP-ի թիմը նաև պետք է վերադարձնի երեխային նրա ներկա կրթության վայր, բացառությամբ այն դեպքերի, երբ վարքագիծը ներառում էր զենքի, թմրանյութի կամ լուրջ մարմնական վնաս հասցնելու հարցերը, կամ եթե դպրոցը և ծնողը (ծնողները) չեն պայմանավորվում այլ կրթության վայրի մասին  34 C.F.R. § 300.530(f)(2) և 34 C.F.R. § 300.530(g):

«Լուրջ մարմնական վնաս» եզրույթը նշանակում է մարմանական վնաս, որը ներառում է՝

  1. մահվան զգալի ռիսկ
  2. ծայրահեղ ֆիզիկական ցավ
  3. երկարատև և ակնհայտ այլանդակում կամ
  4. մարմնի մասերի, օրգանների կամ մտավոր ունակության աշխատանքի երկարատև կորուստ կամ խանգարում  18 U.S.C.A. § 1365(h)(3):

Եթե համարվում է, որ վարքագիծը անմիջականորեն կապված է Շրջանային բաժնի կողմից IEP-ի չիրականացման հետ, Շրջանային բաժինը պետք է ձեռնարկի անհապաղ միջոցներ թերությունը կամ խնդիրը վերացնելու համար  34 C.F.R. § 300.530(e)(3):

Եթե վարքագիծը ՉԻ հանդիսանում հաշմանդամության դրսևորում

Երբ IEP-ի թիմը սահմանում է, որ վարքագիծը չի հանդիսանում աշակերտի/ուսանողի հաշմանդամության դրսևորում, թիմն ասում է, որ (1) վարքագիծը չի հանդիսացել աշակերտի/ուսանողի հաշմանդամության արդյունք կամ էապես կապված չէ դրա հետ և/կամ (2) վարքագիծը չի հանդիսացել Շրջանային բաժնի կողմից աշակերտի/ուսանողի IEP-ը չկատարելու ուղղակի արդյունք:  Եթե սահմանվել է, որ վարքագիծը չի հանդիսացել աշակերտի/ուսանողի հաշմանդամության դրսևորում, Շրջանային բաժինը կարող է շարունակել մշտական հեռացման ընթացակարգը:

Ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 10 օր գերազանցող ժամկետով կրթության վայրի յուրաքանչյուր փոփոխման կամ հեռացման համար, այդ թվում նաև՝ ժամանակավոր և մշտական հեռացումների կապակցությամբ, ձեր երեխան պետք է ստանա համապատասխան մակարդակի անվճար պետական կրթություն (FAPE), նույնիսկ եթե ձեր երեխան գտնվում է այլընտրանքային կրթության վայրում: Սույն FAPE պահանջը նշանակում է, որ Շրջանային բաժինը պետք է տրամադրի անհրաժեշտ ծավալով ծառայություններ, որպեսզի թույլ տա աշակերտին/ուսանողին հասնել ընդհանուր ուսումնական ծրագրով սահմանված առաջընթացին և ունենալ առաջընթաց իր IEP-ի նպատակներին հասնելու ուղղությամբ  34 C.F.R. §§ 300.530(b)(2) և (d):

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Եթե դուք համաձայն չեք Շրջանային բաժնի դրսևորման որոշման հետ, ապա իրավունք ունեք բողոքարկել որոշումը արագացված ընթացակարգով հատուկ կրթության լսումների միջոցով:  Արագացված լսումները պետք է տեղի ունենան լսումների անցկացման մասին ձեր պահանջի պահից 20 ուսումնական օրվա ընթացքում:  Դուք պետք է ստանաք վերջնական որոշումը լսումների պատասխանատուից՝ լսումների ավարտից 10 ուսումնական օրվա ընթացքում:  Օրենքը պահանջում է, որ արագացված լսումների դիմումը ներկայացնելուց 7 օր անց դպրոցի ներկայացուցիչները և ծնողը հանդիպեն և փորձեն լուծել բողոքի խնդիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ և՛ ծնողը, և՛ դպրոցը գրավոր համաձայնվել են չհանդիպել  20 U.S.C. § 1415(k)(1)(H); 34 C.F.R. § 300.530(h) և 34 C.F.R. § 300.532(c)(3):

Դուք պետք է ներկայացնեք ըստ ընթացակարգի լսումներ անցկացնելու դիմումը հնարավորինս սեղմ ժամկետում և նախքան այն ամսաթիվը, երբ նշանակված են մշտական հեռացման լսումները Շրջանային բաժնի ղեկավար խորհրդի հետ (այսուհետ՝ «Խորհուրդ»):  Պատճառը, որով ըստ ընթացակարգի լսումներ անցկացնելու դիմումը դուք պետք է ներկայացնեք նախքան Խորհրդի առջև ներկայանալը, կայանում է նրանում, որ Դուք կարող եք խնդրել լսումների պատասխանատուին կարգադրել Շրջանային բաժնին չշարունակել մշտական հեռացման լսումները մինչև ձեր արագացված լսումների ավարտը:  Լսումների պատասխանատուից կպահանջվի որոշ ժամանակ ձեր դիմումը քննելու համար, և նա կարձակի հրաման Շրջանային բաժնին՝ մշտական հեռացման լսումները հետաձգել մինչև ըստ ընթացակարգի լսումների ավարտը և դրանով որոշման կայացումը:

Ըստ ընթացակարգի լսումների ընթացքում, եթե Շրջանային բաժինը և աշակերտի/ուսանողի ծնողներն այլ բանի մասին չեն պայմանավորվել, աշակերտը/ուսանողը պետք է մնա իր ներկա կրթական վայրում  Cal. Ed. Code § 56505(d); 34 C.F.R. § 300.518:  Սա սովորաբար կոչվում է «մնալ տեղում»:

Այնուամենայնիվ, տեղում մնալը կարող է լինել «միջանկյալ այլընտրանքային վայրում».

  1. եթե ձեր երեխան ներգրավված էր զենքի կամ թմրանյութերի հետ կապված խախտման մեջ կամ լուրջ մարմնական վնաս է հասցրել այլ անձին:  Նման դեպքում շրջանային բաժինը կարող է փոփոխել կրթության վայրը «միջանկյալ այլընտրանքային կրթության վայրով»՝ մինչև 45 օր ժամկետով  34 C.F.R. § 300.530(g) կամ
  2. եթե շրջանային բաժինը համոզում է լսումների պատասխանատուին առ այն, որ ձեր երեխայի ներկայությունը առկա կրթության վայրում «մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել աշակերտի/ուսանողի կամ մեկ այլ անձի վնասմանը», լսումների պատասխանատուն կարող է տեղափոխել աշակերտին/ուսանողին «միջանկյալ այլընտրանքային կրթության վայր»՝ մինչև 45 օր ժամկետով  34 C.F.R. § 300.532(a) & (b):

«Միջանկյալ այլընտրանքային կրթության վայրը» պետք է ընտրվի այնպես, որպեսզի աշակերտը/ուսանողը կարողանա շարունակել մասնակցել ընդհանուր կրթական ծրագրին և շարունակի առաջընթացը իր IEP-ում սահմանված նպատակներին հասնելու հարցում  34 C.F.R. § 300.530(d)(1): Նույնիսկ եթե ձեր երեխան տեղափոխվել է միջանկյալ այլընտրանքային կրթության վայր, նա պետք է մնա այնտեղ մինչև լսումների ավարտը կամ մինչև միջանկյալ այլընտրանքային վայրում մնալու համար սահմանված ժամկետի լրանալը՝ կախված նրանից, թե դրանցից որն առաջինը տեղի կունենա:  Եթե միջանկյալ այլընտրանքային վայրի համար ամրագրված ժամկետը լրանում է նախքան լսումների ավարտը, ձեր երեխան պետք է վերադարձվի իր մշտական կրթության վայր, եթե դուք և Շրջանային բաժինն այլ բանի մասին չեք պայմանավորվել:

Եթե Շրջանային բաժինը չի տեղափոխել ձեր երեխային միջանկյալ այլընտրանքային վայր որպես կարգապահական գործողության մի մաս, ապա ձեր երեխան պետք է մնա իր մշտական կրթության վայրում լսումների ամբողջ ընթացքում  20 U.S.C. §§ 1415(k)(4)(A); 34 C.F.R. § 300.533:

Որպես դատական լսումների արդյունք լսումների պատասխանատուն կարող է կարգադրել փոփոխել աշակերտի/ուսանողի կրթության վայրը: Հնարավոր է, որ լսումների պատասխանատուն համարի, որ վարքագիծը հանդիսանում էր երեխայի հաշմանդամության դրսևորում և կարգադրի, որ դպրոցը պահպանի սկբանական կրթության վայրը:  Միաժամանակ, այն աշակերտների/ուսանողների դեպքում, ովքեր հեռացվել են զենքի, թմրանյութերի կամ լուրջ մարմնական վնասների կապակցությամբ կասկածվող խախտումների պատճառով, լսումների պատասխանատուն կարող է կարգադրել, որ աշակերտին/ուսանողին վերադարձնեն նրա մշտական կրթության վայր, որտեղից նրան հեռացրել էր դպրոցի ղեկավարությունը, եթե նա համարում է, որ վարքագիծը չէր հանդիսանում զենքի, թմրանյութերի կամ լուրջ մարմնական վնասի հետ կապված խախտում  20 U.S.C. §§ 1415(k)(2) և (3)(B); 34 C.F.R. § 300.532(b):

ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՌԱՑՄԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Եթե Շրջանային բաժինը խորհուրդ է տալիս հեռացումը, Շրջանային բաժինը կուղղորդի ձեզ և ձեր երեխային խոսել Շրջանային բաժնի կառավարման խորհրդի հետ (այսուհետ՝ «Խորհուրդ») լսումների այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր որդին/դուստրը պետք է հեռացվի դպրոցից:  Խորհրդի այս լսումները կայացվում են 30 ուսումնական օրվա ընթացքում այն պահից, երբ դպրոցի տնօրենը որոշում է հեռացնել ձեր երեխային դպրոցից: Խորհուրդը պետք է կայացնի որոշումը Խորհրդի լսումներից 10 ուսումնական օրվա ընթացքում, եթե դուք գրավոր չեք դիմում լսումների կամ որոշման հետաձգման համար  Cal. Ed. Code § 48918(a):

Եթե Խորհուրդը որոշում է հեռացնել ձեր երեխային, դուք իրավունք ունեք բողոքարկել Խորհրդի որոշումը: Դուք ունեք 30 օր Խորհրդի որոշումից հետո Վարչաշրջանի կրթության վարչությանը բողոք ներկայացնելու համար Cal. Ed. Code § 48919:

Գոյություն ունեն հեռացումները կարգավորող շատ կանոններ, և նրանք կարող են տարբերվել միմյանցից տարբեր շրջաններում: Դուք պետք է կապնվեք ձեր երեխայի Շրջանային բաժնի հետ՝ գրավոր կանոնների և քաղաքականությունների պատճենները ստանալու համար:  Տարբեր կանոնների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Code §§ 48916– 48927-ում:

ՄՇՏԱԿԱՆ ՀԵՌԱՑՈՒՄ ԱՅՆ ԱՇԱԿԵՐՏԻ/ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ, ՈՎ ՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եթե Շրջանային բաժինը չի սահմանել հատուկ կրթություն ձեր երեխայի համար, և դուք համարում եք, որ նա կարող է որակավորվել դրա համար, ապա ձեր երեխան կարող է օգտվել նույն հեռացմանը նախորդող պաշտպանության միջոցներից, որոնք ունեն հատուկ կրթության աշակերտները, եթե դուք կարող եք հաստատել, որ Շրջանային բաժինը տեղյակ էր ձեր երեխայի մոտ հաշմանդամության առկայության մասին նախքան այն պահը, երբ կատարվել էր կարգապահական միջոցներին հանգեցնող վարքագիծը  20 U.S.C. §1415(k)(5); 34 C.F.R. §§ 300.534(a) և (b):  Համարվում է, որ Շրջանային բաժինը տեղյակ էր ձեր երեխայի հաշմանդամության մասին նախքան վարքագծի խախտումը, եթե նախքան այդ խախտումը տեղի է ունեցել ստորև բերված չորս դեպքերից որևէ մեկը.

  1. Դուք գրավոր մտահոգություն եք հայտնել ուսուցչին կամ դպրոցի այլ պաշտոնյաներին առ այն, որ ձեր երեխան ունի հատուկ կրթության կարիք (բացառությունն արվում է, եթե ծնողն անգրագետ է կամ ունի հաշմանդամություն, որը խոչընդոտում է մտահոգությունները գրավոր ձևով արտահայտելու համար), 
  2. դուք դիմել էիք, որպեսզի անցկացվի ձեր երեխայի գնահատում հատուկ կրթության համար, կամ
  3. ուսուցիչը կամ դպրոցի անձնակազմը մտահոգություն է հայտնել երեխային վարքագծի կամ առաջադիմության մասին շրջանային բաժնի հատուկ կրթության գծով պատասխանատուներին կամ վերահսկող անձնակազմին:

Եթե կարծում եք, որ Շրջանային բաժինը տեղյակ էր ձեր երեխայի հաշմանդամության մասին նախքան Շրջանային բաժնի՝ հեռացման մասին որոշումը, դուք իրավունք ունեք ներկայացնել ըստ ընթացակարգի լսումներ անցկացնելու դիմում՝ ձեր փաստարկները ներկայացնելու համար:  Դուք պետք է պահանջեք արագացված լսումներ հնարավորինս սեղմ ժամկետում և ներառել դպրոցի նախնական իրազեկվածության մասին վերոգրյալ չորս ցուցիչներից առնվազն մեկի մասին բոլոր գրավոր ապացույցները:

Խնդրում ենք հաշվի առնել, որ առկա են դիմումների ներկայացման կարևոր վերջնաժամկետներ, որոնք կիրառվում են ձեր դիմումների նկատմամբ Շրջանային բաժնի Դրսևորման որոշման և հեռացման ընթացակարգերի վերաբերյալ: Մենք խորհուրդ ենք տալիս հնարավորինս սեղմ ժամկետում դիմել իրավաբանական խորհրդատվության՝ նշված վերջնաժամկետների վերաբերյալ: Եթե ցանկանում եք ներկայացնել ըստ ընթացակարգի լսումների դիմում կամ ձեզ պահանջվում է լրացուցիչ աջակցություն կամ ներկայացուցչություն, ապա կապվեք Վարչական Լսումների Վարչության (անգլ.՝ Administrative Hearings, OAH) հետ:  Նրանք կարող են պատասխանել ձեր ընդհանուր ոչ իրավաբանական բնույթի հարցերին և տրամադրել հատուկ կրթության հարցերով մասնագիտացած իրավաբանանների և/կամ փաստաբանների ցուցակ: Կոնտակտային տվյալները հետևյալն են՝

Office of Administrative Hearings
Special Education Division
2349 Gateway Oaks Drive, Suite 200
Sacramento, CA 95833-4231
Հեռ.՝  916-263-0880
Ֆաքս` 916-376-6319