Կրթական և ուսման ծառայություններ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Publications
#5572.10

Կրթական և ուսման ծառայություններ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Փաստաթղթեր Կալիֆորնիայի Վերականգնման Բաժանմունքի միջոցով կրթության և վերապատրաստման ծառայությունների վերաբերյալ:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Կարո՞ղ է Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (Department of Rehabilitation) օգնել իմ կրթության և ուսման հարցում, որպեսզի կարողանամ աշխատանք գտնել։

Այո։ Եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր զբաղվածության նպատակին հասնելու համար, Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (Department of Rehabilitation, DOR) կարող է օգնել։ Դա ներառում է ուսումը համայնքային քոլեջում, քառամյա կրթությունը համալսարանում, մագիստրատուրան, պրոֆտեխուսումնարանների ծրագրերում և հավաստագրման ծրագրերում։

Տարբեր ոլորտներում, օրինակ՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (այդ թվում՝ ինֆորմատիկայի), բժշկության, իրավունքի կամ բիզնեսի և այլ ոլորտներում կարող է տրամադրվել «խորացված ուսուցում», որը կօգնի անհատներին առաջ գնալ իրենց կարիերայում։ Սեղմեք այստեղ՝ ուսման մասին DOR-ի կարգավորումը կարդալու համար։

Կախված զբաղվածության ձեր նպատակից և ձեր անձնական կարիքներից՝ DOR-ը գուցե կարողանա ամբողջությամբ ֆինանսավորել ձեր ուսումը որևէ մասնավոր կամ արտանահանգային դպրոցում։ Ընդհանուր առմամբ, DOR-ը վճարում է ձեր զբաղվածության նպատակին հասնելու ուսման ամենաէժան տարբերակի համար: Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես է DOR-ը որոշում ուսման ծառայությունների, այդ թվում՝ մասնավոր և արտանահանգային ուսման դիմաց վճարման չափը, տե՛ս 7-12 հարցերը ստորև։

2. Ինչպե՞ս է DOR-ը որոշում, թե ուսման որ մակարդակի համար վճարի։

DOR-ը կարող է տրամադրել ուսման ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ձեր զբաղվածության նպատակի իրագործման համար հմտություններ զարգացնելու և կրթական որակավորում ապահովելու համար։

Օրինակ՝ եթե IPE-ով սահմանված նպատակն է դառնալ սոցիալական աշխատող, ուսումը պետք է պարունակի սոցիալական աշխատանքի ոլորտում կրթական աստիճանի ստացումը և լիցենզավորման քննության հանձնումը։

3. Կարո՞ղ եմ ընտրել զբաղվածության այնպիսի նպատակ, որն սկսնակ մակարդակ չէ։

Այո։ Ձեր ընտրությունը ՉԻ սահմանափակվում «սկսնակ մակարդակի» աշխատանքով (օր․՝ աշխատանք, որի համար սովորաբար պահանջվում է ոչ բարձր մակարդակի ուսում, և որի դիմաց, ի տարբերություն ոչ սկսնակ մակարդակի պաշտոնի, հաճախ վճարվում է ավելի ցածր աշխատավարձ)։

Նախկինում DOR-ը օգնում էր միայն սկսնակ մակարդակի աշխատանք գտնելու հարցում, բայց 2014 թվականին օրենքը փոխվեց, և ընդունվեց Աշխատուժի ոլորտում նորարարությունների և հնարավորությունների մասին օրենքը (Workforce Innovation Opportunity Act, WIOA)։ Այժմ DOR-ը պետք է օգնի անհատներին զբաղվածության հնարավորությունները մեծացնելու և բարձր վճարվող ու իմաստալից կարիերա զարգացնելու հարցում։

4. Զբաղվածության իմ ներկայիս նպատակով ես չեմ կարողանում աշխատանք գտնել։ Կարո՞ղ է DOR-ն օգնել ինձ լրացուցիչ ուսում կամ ավելի բարձր կրթական աստիճան ստանալու հարցում:

Այո։ Եթե դուք ներկայումս DOR-ի շահառու եք, կարող եք դիմել ձեր Զբաղվածության անհատականացված ծրագիրը (IPE) փոփոխելու համար, որպեսզի դրանում այլ ծառայություններ (օրինակ՝ լրացուցիչ ուսումը) ներառվեն, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր նպատակին համապատասխանող աշխատանք գտնելու համար։ Կամ կարող եք DOR-ին խնդրել փոխել ձեր նպատակը, որը կարող է ներառել ավելի բարձր կրթական աստիճան ստանալու ուսումը։

Եթե DOR-ի շահառու չեք, կարող եք DOR-ում նոր գործ բացել՝ խնդրելով օգնություն կարիերայի որևէ կոնկրետ նպատակի հասնելու համար, որը կարող է ավելի բարձր կրթական աստիճան ստանալու ուսում ներառել։ DOR-ը կարող է դիտարկել ձեր հմտությունները, ունակությունները և աշխատաշուկան և օգնել որոշելու, թե արդյոք ձեր ընտրած նպատակը համապատասխանում է ձեզ։

5. Կարո՞ղ եմ հաճախել դասընթացների կես օրով։

Այո։ Ելնելով ձեր հաշմանդամությունից կամ այլ գործաններից՝ դուք կարող եք հաճախել դասընթացներին կես օրով։ Օրինակ, եթե արդեն աշխատում եք ցերեկային ժամերին, որպեսզի վճարեք ձեր հաշիվները և կարող եք հաճախել դասընթացներին միայն գիշերվա ժամերին, DOR-ը պետք է կարողանա օգնել ձեզ։ Եթե հաճախեք դասընթացներին կես օրով, գուցե ֆինանսական օգնությունն ավելի պակաս չափով ստանաք, հետևաբար՝ կարևոր է տեղեկացնել ձեր խորհրդատուին, թե ինչու է ձեր նպատակի իրագործման համար նախատեսված կես օրով ուսումն անհրաժեշտ ձեզ համար։

6. Ուսման ընթացքում ի՞նչ ծառայություններ ու աջակցություն է հասանելի ինձ համար։

Ուսման ծառայություններն ստանալու ընթացքում DOR-ը կարող է այլ ծառայություններ և աջակցություն տրամադրել ձեզ։ Նման աջակցության օրինակներ են հետևյալը՝ առանց սահմանափակման.

անձնական օգնության ծառայություններ,

գրքեր և ուսմանը վերաբերող այլ պարագաներ,

սարքավորում կամ գործիքներ

տեղափոխում, օրինակ՝ ավտոբուսի տոմս կամ գումար գազի համար,

մեքենայի ձևափոխություններ՝ դրանից օգտվելը հեշտացնելու համար

օժանդակող տեխնոլոգիաներ (Assistive Technology, AT), օրինակ՝ համակարգիչներ, ծրագրակազմեր, տեքստի ընթերցիչներ, հաշվիչներ, խոշորացույցներ, օժանդակող տեխնոլոգիաներից օգտվելու ուսուցում և այլն,

հասանելիություն համացանցին,

ապրելու ծախսեր, օրինակ՝ դպրոցական համազգեստ, կենսապահովման պարագաների մեկանգամյա պաշար և որոշ հանգամանքներում՝ դպրոցական կացարան,

այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնք ձեզ համար սահմանվել են որպես ձեր զբաղվածության նպատակին հասնելու անհրաժեշտություն։

Եթե պետական քոլեջ կամ համալսարան հաճախելիս ձեզ ողջամիտ հարմարություններ են անհրաժեշտ, պետք է պահանջեք դրանք անմիջապես տվյալ հաստատությունից։ Դա ներառում է անձնական օգնության ծառայությունները, օրինակ՝ ընթերցողների, թարգմանիչների և նշումներ կատարող անձանց ծառայությունները։ Սակայն եթե ձեզ անհրաժեշտ հարմարությունները չկարողանաք դպրոցից ստանալ, կարող եք պահանջել, որ DOR-ը տրամադրի, եթե դրանք ձեզ անհրաժեշտ են ձեր հաշմանդամության պատճառով։

7. Ինձնից պահանջվելո՞ւ է վճարել իմ ուսման ծառայությունների համար։

Օրենքում նշվում է, որ ուսման ծառայությունները շահառուի ֆինանսական մասնակցության մաս չեն կազմում, ինչը նշանակում է, որ դուք չպետք է վճարեք դրանց համար։ Դա ներառում է ուսման վարձը, գրքերի, գրենական պիտույքների, ուսուցիչների և ուսումնական նյութերի ծախսը։ Սեղմեք այստեղ՝ շահառուի ֆինանսական մասնակցության կանոնների մասին կարգավորումը կարդալու համար։

Նկատի ունեցեք, որ DOR-ը վճարելու է ձեր կարիքները բավարարող միայն ամենաէժան ծառայությունների համար։ Օրինակ, եթե որոշեք ձեր առաջին երկու տարում հաճախել քառամյա քոլեջ և չկարողանաք հիմնավորել, թե առաջին երկու տարում քառամյա քոլեջ հաճախելն ինչու է անհրաժեշտ ձեր կարիքները բավարարելու համար, ձեզնից կարող է պահանջվել վճարել համայնքային քոլեջի վարձի տարբերությունը։ Նույն կերպ, եթե որոշեք հաճախել մասնավոր դպրոց, ձեզնից կարող է պահանջվել վճարել պետական դպրոցի վարձի տարբերությունը։ Մասնավոր դպրոցների և քառամյա քոլեջների ֆինանսավորման մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հարցեր 9-10-ը ստորև։

8. Արդյո՞ք պետք է իմ ֆինանսական օգնության գումարները և կրթաթոշակներն օգտագործեմ իմ ուսման ծախսի համար:

Այո։ DOR-ը չի վճարում ձեր ուսման ծառայությունների համար, եթե ձեր ուսումն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու համար տրամադրվող դրամաշնորհային օգնությունն ստանալու համար առաջին հերթին «առավելագույն ջանք» չեք ներդնում։ Առավելագույն ջանք նշանակում է, որ պետք է դիմեք պետական դրամաշնորհներ ստանալու համար և այդ գումարներն օգտագործեք ձեր ուսման ծախսերի համար, մինչև DOR-ը կարողանա վճարել մնացած ծախսերը։ Նույնիսկ եթե ֆինանսական օգնությունն ստանալու իրավունակություն չունեք, պետք է ամեն դեպքում դիմեք դրա համար և DOR-ին ներկայացնեք մերժումը։ Այս կանոնն ունի մի քանի բացառություն, որոնք են արժանիքների վրա հիմնված դրամաշնորհներն ու կրթաթոշակները, տնտեսական անկախություն ձեռք բերելու ծրագրերը (Plans for Achieving Self-Support, PASS) և ոչ պետական մասնավոր ֆոնդերը։ DOR-ը չի կարող այդ միջոցներն օգտագործել ձեր ուսման ծախսը վճարելու համար։

DOR-ը կորոշի, թե ինչ մակարդակի ֆինանսավորում է տրամադրելու ձեր ուսման կարիքների համար՝ ձեր կրթական դրամաշնորհների և (կամ) պարգևների ընդհանուր գումարը հանելով ձեր ուսման վարձի, գրքերի, գրենական պիտույքների, ապրելու և ճանապարհի ծախսերի գումարից։ Կմնա այն գումարը, որը DOR-ը վճարելու է։ Սեղմեք այստեղ՝ առավելագույն ջանքերի մասին կարգավորումը կարդալու համար։

Կարևոր է նկատի ունենալ, որ DOR-ը չի վճարի դասերի համար, եթե տվյալ կիսամյակի ծրագիրը չավարտեք։ Երբ ձեր ուսման ծառայությունները հաստատվեն, ձեր հաճախած քոլեջը կամ համալսարանը պետք է ընդունեն «վճարման թույլտվություն/խոստում» DOR-ից։ Այնուհետև, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին դպրոցը 
DOR-ին ուղարկում է հաշիվ-ապրանքագիր։ Կարևոր է, որ ամսաթվերի ու ծախսերի մասին տեղեկությունները DOR-ին տրամադրեք կիսամյակի սկզբում, որպեսզի DOR-ը կարողանա կազմի թույլտվությունը, որն իր հերթին թույլ է տալիս ձեզ գրանցվել դպրոցում կամ քոլեջում։

9. Արդյո՞ք նախքան քառամյա քոլեջ կամ համալսարան ընդունվելը ես պետք է հաճախեմ համայնքային քոլեջ։

Օրենքն ասում է, որ քոլեջի մակարդակի ուսում ստացող շահառուներն առաջին հերթին պետք է հաճախեն որևէ համայնքային քոլեջ, հետո փոխադրվեն քառամյա կրթությամբ որևէ նահանգային քոլեջ կամ համալսարան, քանի որ դա, որպես կանոն, ավելի ցածր ծախսեր պահանջող այլընտրանքն է։

Սակայն այս կանոնը մի քանի բացառություն ունի։ Եթե կարողանաք ցույց տալ, որ քառամյա կրթությամբ քոլեջ կամ համալսարան հաճախելը կարժենա նույն գումարը կամ ավելի պակաս, քան առաջին երկու տարիներին որևէ համայնքային քոլեջ հաճախելը, DOR-ը կարող է համաձայնել ֆինանսավորել քառամյա քոլեջում կրթությունը: Կամ եթե կարողանաք ցույց տալ, որ քառամյա քոլեջի փոխարեն համայնքային քոլեջ հաճախելը հածմանդությամբ պայմանավորված պատճառներով զգալիորեն կուշացնի զբաղվածության ձեր նպատակի իրագործումը, DOR-ը կարող է համաձայնել ֆինանսավորել քառամյա քոլեջում կրթությունը։ Այլընտրանքային դեպքում, եթե քառամյա քոլեջի կամ համալսարանի արժեքը գերազանցի համայնքային քոլեջի ծախսը, և չկարողանաք հիմնավորել, թե քառամյա քոլեջն ինչու է անհրաժեշտ, դուք պատասխանատու կլինեք դպրոցի առաջին երկու տարվա ձեր ուսման ծախսերի տարբերությունը վճարելու համար։

Սեղմեք այստեղ՝ քոլեջի մակարդակի ուսման ֆինանսավորման մասին կարգավորումը կարդալու համար։

10. DOR-ը կարո՞ղ է վճարել մասնավոր դպրոցում իմ ուսման համար։

DOR-ը կարող է թույլատրել ուսումը մասնավոր համալսարանում, եթե առկա են հետևյալ պայմաններից մեկը կամ մի քանիսը.

  1. Մասնավոր դպրոցն ավելի լավ կբավարարի ձեր կարիքները,
  2. Ծախսը պետական դպրոցի ծախսից քիչ կլինի,
  3. Տվյալ ուսումը չի առաջարկվում պետական դպրոցում,
  4. Պետական դպրոց հաճախելը զգալիորեն կուշացնի զբաղվածության նպատակի իրագործումը։

Սեղմեք այստեղ՝ մասնավոր դպրոցի ֆինանսավորման մասին կարգավորումը կարդալու համար։

Վերոնշյալ ակնկալիքներից մեկը բավարարելու դեպքում DOR-ը կֆինանսավորի որևէ մասնավոր քոլեջում կամ համալսարանում ձեր ուսման, մասնավորապես՝ ուսման վարձի, գրքերի, գրենական պիտույքների, ճանապարհի և ապրելու ծախսերի այն մասը, որը կմնա ֆինանսական օգնությամբ ձեզ հատկացված դրամաշնորհներն ու կրթաթոշակներն օգտագործելուց հետո։

Վերոնշյալ ակնկալիքներից մեկը չբավարարելու դեպքում կարող եք ամեն դեպքում որոշել ձեր ուսման համար պետական դպրոցի փոխարեն մասնավոր հաստատություն հաճախել։ Սակայն եթե որոշեք հաճախել մասնավոր հաստատություն այն պարագայում, երբ գոյություն ունի ձեր ուսման կարիքները բավարարող պետական դպրոց, պետական դպրոցի համար հատկացվող գումարը գերազանցող մնացած բոլոր ծախսերի համար պատասխանատու եք լինելու ինքներդ։

11. DOR-ը կարո՞ղ է վճարել մեկ այլ նահանգում իմ ուսման համար։

Այո։ DOR-ը կարող է վճարել ձեր արտանահանգային ուսման համար։ Եթե Կալիֆոռնիայում հարմար դպրոցներ կամ դասընթացներ չլինեն, կամ եթե Կալիֆոռնիայում որևէ ուսումնական ծրագրի հաճախելը անհարկի բեռ կարող է լինել, DOR-ը կարող է վճարել մասնավոր դպրոցի ծախսերն ամբողջությամբ։ Սեղմեք այստեղ՝ արտանահանգային ուսման մասին կարգավորումը կարդալու համար։

Կարող եք նաև ձեր իրազեկված ընտրության շրջանակում որոշել հաճախել որևէ հավաստագրված արտանահանգային քոլեջ։ Սակայն եթե ձեզ անհրաժեշտ ուսումն առկա է նահանգում, DOR-ը կարող է տրամադրել ֆինանսավորում նահանգային սակագնի չափով, իսկ տարբերությունը վճարելու պատասխանատվությունը կկրեք դուք։

12. Ե՞րբ կարող է DOR-ը դադարեցնել իմ ուսման ծառայությունների դիմաց վճարումը։

Երբ ավարտեք ձեր զբաղվածության նպատակի համար անհրաժեշտ ուսումը, DOR-ն այլևս չի վճարի ձեր ուսման համար։ DOR-ը կարող է դադարեցնել ուսման ծառայությունները նաև առաջընթաց չլինելու պատճառով։ Եթե ուսումնական ծրագիրը չի բավարարում ձեր կարիքները, կարող եք DOR-ի ձեր խորհրդատուի հետ խոսել ծրագիրը փոխելու մասին։ Սեղմեք այստեղ՝ կարդալու այն կարգավորումը, որում բացատրվում է, թե DOR-ը երբ կարող է դադարեցնել ուսման ծառայությունները։

Եթե համաձայն չեք DOR-ի՝ ձեր ուսման ծառայությունների դադարեցման մասին որոշման հետ, պետք է անհապաղ խոսեք DOR-ի ձեր խորհրդատուի և (կամ) վերահսկչի հետ։ Եթե ի վիճակի չլինեք լուծել ձեր անհամաձայնությունը, իրավունք ունեք խնդրի վերաբերյալ պահանջել վարչական վերանայում տեղամասային ադմինիստրատորի կողմից, պահանջել միջնորդություն և (կամ) անկողմնակալ լսումներ։

DOR-ի հետ կրթական ծառայությունների կամ DOR-ի հետ կապված այլ խնդիրների վերաբերյալ վեճերը լուծելու հարցում օգնություն խնդրելու համար կարող եք դիմել Շահառուների օգնության ծրագրին՝ (800) 776-5746 հեռախոսահամարով։