Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) հետ կապված անհամաձայնություններ, բողոքներ, և ինչպես պահանջել նոր IHSS սոցիալական աշխատող
Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) հետ կապված անհամաձայնություններ, բողոքներ, և ինչպես պահանջել նոր IHSS սոցիալական աշխատող
Գնահատման և վերագնահատման նպատակն է որոշել, թե ինչ ծառայությունների կարիք ունեք և որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ IHSS ծառայություններ ստանալու համար, որպեսզի դուք ապահով մնաք տանը:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ է IHSS-ը:
IHSS-ն նահանգի մակարդակով իրականացվող ծրագիր է, որով տրամադրվում են տնային խնամքի ծառայություններ՝ օգնելու հաշմանդամություն ունեցող իրավունակ անձանց մնալ իրենց իսկ տանը:
IHSS-ի շրջանակում տրամադրվում է հետևյալ օգնությունը.
- Կենցաղային և հարակից ծառայություններ՝ ճաշի պատրաստում, մաքրություն, լվացք
- Անձնական խնամքի ծառայություններ/ոչ բժշկական խնամք՝ լողացում, կերակրում, օգնություն հագնվելիս, հարդարում և օգնություն զուգարանից օգտվելիս
- Հարբժշկական առաջադրանքներ՝ օգնություն դեղամիջոցների ընդունելիս, ներարկումներ, աղիների և միզապարկի խնամք
- Պաշտպանիչ վերահսկողություն՝ կոգնիտիվ կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հսկողություն՝ նրանց վնասումից պաշտպանելու համար
- Փոխադրման ծառայություններ
- Ուղեկցում բժշկի այցելելիս
Ի՞նչ են անում IHSS սոցիալական աշխատողները
Ձեր IHSS սոցիալական աշխատողը պատասխանատու է IHSS ծառայությունների համար ձեր իրավունակությունը և կարիքը որոշելու համար: Այդ նպատակով ձեր IHSS սոցիալական աշխատողը կգնահատի ձեզ, երբ առաջին անգամ դիմեք IHSS-ի համար, այնուհետև կկատարի տարեկան վերագնահատումներ: Գնահատման և վերագնահատման նպատակն է՝ որոշել, թե ինչ ծառայությունների կարիք ունեք և որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ ստանալ IHSS ծառայությունները, որպեսզի անվտանգ կերպով մնաք ձեր տանը: Գնահատումն ավարտելուց հետո ձեր IHSS սոցիալական աշխատողը պետք է ձեզ Գործողության մասին ծանուցում (անգլ. Notice of Action, NOA) ուղարկի: Cսեղմեք այստեղ՝ HSS ծանուցագրի ձևը տեսնելու համար:
IHSS Գործողության մասին ծանուցում նպաստները հաստատելու, մերժելու կամ փոփոխելու վերաբերյալ
IHSS-ի համար ձեր իրավունակության վերաբերյալ ամեն անգամ որոշում կայացնելուց հետո ձեր IHSS սոցիալական աշխատողը պետք է ձեզ IHSS Գործողության մասին ծանուցում ուղարկի: Օրինակ՝ IHSS-ի ձեր դիմումն ընթացքի մեջ դրվելուց հետո ձեր վարչաշրջանի IHSS սոցիալական աշխատողը ձեզ IHSS Գործողության մասին ծանուցում կուղարկի: Ձեր IHSS սոցիալական աշխատողը ձեզ IHSS Գործողության մասին ծանուցում կուղարկի նաև այն դեպքերում, եթե ձեր ժամերն ավելացվեն, նվազեցվեն կամ ձեր IHSS ծառայությունները դադարեցվեն: IHSS-ն պարտավոր է ձեզ IHSS Գործողության մասին ծանուցում ուղարկել նաև ձեր IHSS ծառայություններում այլ փոփոխություններ են կատարվելու դեպքում:
Ինչո՞ւ են IHSS Գործողության մասին ծանուցումները կարևոր
IHSS Գործողության մասին ծանուցումները շատ կարևոր են, քանի որ դրանք պարունակում են տեղեկություններ հետևյալի մասին.
- Փոփոխություն կամ գործողություն, որը նպատակ ունի կատարել վարչաշրջանը:
- Փոփոխության կամ գործողության պատճառը:
- Վարչաշրջանի կայացրած որոշումը հիմնավորող կարգերը:
- Տեղեկություն լսումներ պահանջելու ձեր իրավունքների և լսումներին սպասելու ժամանակահատվածում ձեր IHSS ծառայությունների շարունակման ձեր իրավունքի մասին:
- Տեղեկություններ վարչաշրջանի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման վերջնաժամկետների մասին:
IHSS-ն պարտավոր է ձեր IHSS Գործողության մասին ծանուցումն ուղարկել 10 օր առաջ՝ նախքան ձեր IHSS ծառայություններում փոփոխություն տեղի ունենալը (California Department of Social Services Manual of Policies and Procedures (MPP) 22-001(t)(1)): Դա արվում է, որպեսզի նախքան փոփոխության տեղի ունենալը դուք ժամանակ ունենաք դիմելու լսումների համար՝ պահպանելուձեր նպաստները նույն մակարդակում: Եթե վարչաշրջանը ձեզ նախապես չի ծանուցում ձեր IHSS նպաստների փոփոխության մասին, պետք է հետադարձ կարգով վերականգնի ձեր IHSS նպաստների տրամադրումը (MPP 22-049.523):
Լսումների պահանջում IHSS-ի որոշումները վիճարկելու համար
Եթե համաձայն չեք ձեր IHSS նպաստների վերաբերյալ վարչաշրջանի կայացրած որոշման հետ, իրավունք ունեք դիմել լսումների անցկացման համար: Լսումների անցկացման համար դիմելիս պետք է իմանալ երկու վերջնաժամկետ:
90-օրյա ժամկետ լսումներ պահանջելու համար
Լսումների անցկացման դիմում ներկայացնելու համար ունեք ընդամենը 90 օր՝ սկսած IHSS-ի համար գործողություն կատարելու կամ չկատարելու վերաբերյալ այն ծանուցման ամսաթվից, որին համաձայն չեք: Այստեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ լսումներ անցկացնելու դիմում ներկայացնելու կարգի վերաբերյալ. https://www.cdss.ca.gov/hearing-requests: Եթե կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ է, որ լսումներն անցկացվեն տանը, այդ մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել «Տանը լսումներ անցկացնելու պահանջի իրավունքը» վերնագրով մեր հրապարակումը:
Նպաստի տրամադրման շարունակում (անգլ. Aid Paid Pending) լսումներին սպասելու ընթացքում
Aid Paid Pending-ը կանոն է, որով ձեր IHSS Գործողության մասին ծանուցման ուժի մեջ մտնելը կասեցվում է, քանի դեռ սպասում եք ձեր լսումներին:
Եթե դիմում եք լսումների անցկացման համար նախքան ձեր IHSS Գործողության մասին ծանուցմամբ նախատեսված փոփոխության տեղի ունենալը, ձեր IHSS ծառայությունների տրամադրումը կշարունակվի նույն մակարդակում, մինչև ձեր լսումների արդյունքը հայտնի լինի (MPP 22-072.5): Aid Paid Pending կանոնի համաձայն ձեզ տրամադրված IHSS ծառայությունները չեն համարվում գերավճար, նույնիսկ եթե լսումների ձեր IHSS լսումներում կայացված որոշումը ձեր օգտին չլինի (MPP 30-768.111):
Օրինակ, եթե ստանում եք IHSS Գործողության մասին ծանուցում, որով կրճատվելու կամ դադարեցվելու են ձեր IHSS նպաստները, և դիմում եք լսումներ անցկացնելու համար նախքան IHSS Գործողության մասին ծանուցմամբ նախատեսված փոփոխության տեղի ունենալը, ձեր IHSS նպաստները փոփոխության չեն ենթարկվի, քանի դեռ սպասում եք լսումներին: Սակայն եթե լսումների անցկացման համար չեք դիմում նախքան փոփոխության տեղի ունենալը, ապա IHSS Գործողության մասին ծանուցումը մտնում է ուժի մեջ:
Ինչո՞ւ պետք է դիմեմ լսումներ անցկացնելու համար
Կարևոր է հիշել, որ IHSS լսումների իրավունքը պատկանում է ձեզ: Դա կարևոր իրավունք է, քանի որ այն ձեզ հնարավորություն է տալիս վիճարկել վարչաշրջանի կայացրած որոշումը և դիմել այն IHSS ծառայությունների համար, որոնք ձեր կարծիքով անհրաժեշտ են ձեզ, որպեսզի ապահով և անվտանգ մնաք ձեր տանը: Կարևոր է լսումներ պահանջելը նաև այն պատճառով, քանի որ եթե համաձայն չեք IHSS-ի Գործողության մասին ծանուցման կամ հենց գործողության հետ և լսումներ չեք պահանջում, ապա գործողությունը և (կամ) IHSS Գործողության մասին ծանուցումը մտնում են ուժի մեջ: Եթե լսումներ պահանջելու համար շատ երկար սպասեք, կարող եք նաև ձեր Գործողության մասին ծանուցումը կամ վարչաշրջանի որոշումը վիճարկելու ձեր իրավունքը կորցնել:
Ձեր լսումների ժամանակ դուք հնարավորություն կունենաք ներկայանալու վարչական գործերով դատավորին (անգլ. Administrative Law Judge, ALJ), որը ծանոթ է IHSS կանոններին: Լսումների ժամանակ ձեր գործին կցված վարչական գործերով դատավորը կլսի ձեզ և վարչաշրջանին և պարտավոր է որոշել, թե ձեր գործում IHSS կանոնները ինչպես պետք է կիրառվեն ձեզ համար: Սա այն իրավունքը չէ, որից կուզենաք հեշտությամբ հրաժարվել: Ձեր IHSS լսումներին պատրաստվելու և ավելի շատ IHSS ծառայություններ ստանալու համար ձեր շահերը պաշտպանելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեր՝ IHSS շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների կայքէջը:
Շահառուի սպասարկման հարցեր և ինչպես պահանջել նոր IHSS սոցիալական աշխատող
Եթե կարծում եք, որ ձեր IHSS սոցիալական աշխատողը վարվել է ոչ արհեստավարժ կամ ոչ պատշաճ կերպով, օգնության կամ բողոք ներկայացնելու համար կարող եք դիմել ձեր IHSS սոցիալական աշխատողի ղեկավարին: Կարող եք նաև նոր IHSS սոցիալական աշխատող պահանջել: Եթե վարչաշրջանը չունենա այլ ազատ IHSS սոցիալական աշխատող, որին կարողանա կցել ձեզ, վարչաշրջանը կարող է մերժել ձեր պահանջը: Եթե վարչաշրջանն ազատ IHSS սոցիալական աշխատող ունենա, կարող է ձեզ նոր IHSS սոցիալական աշխատողի կցել: Եթե վարչաշրջանը հրաժարվում է ձեզ նոր IHSS սոցիալական աշխատողի կցել, կարող եք դիմել Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի Մեծահասակների ծրագրերով զբաղվող գրասենյակին հետևյալ հեռախոսահամարով՝ 916-651-8848: Նոր IHSS սոցիալական աշխատող ունենալու հարցում օգնություն ստանալու համար կարող եք դիմել նաև ձեր տեղական վերահսկիչ խորհրդին:
Բողոքներ խտրականության վերաբերյալ
Եթե կարծում եք, որ ձեր IHSS սոցիալական աշխատողը կամ վարչաշրջանի սոցիալական ապահովության դեպարտամենտը ձեր նկատմամբ խտրականություն է կիրառել, քանի որ հաշմանդամություն ունեք, կարող եք ներկայացնել խտրականության դեմ բողոք Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության ծառայությունների դեպարտամենտի Քաղաքացու իրավունքների բաժնին: Բողոք ներկայացնելու կամ քննություն պահանջելու համար ենթադրայալ խտրականության դեպքը տեղի ունենալուց հետո դուք ունեք 180 օր: Եթե ձեր վերոնշյալ IHSS նպաստների վերաբերյալ վարչաշրջանի հետ վեճ ունեք, պետք է պահանջեք IHSS լսումներ: Որպես հաշմանդամություն ունեցող անձ ձեր իրավունքների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել նաև մեր՝ Հաշմանդամության հետ կապված խտրականության դեպքում շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների կայքէջը:
Խնամատուների դեմ բողոքի ներկայացման գործընթացը
Վարչաշրջանը պարտավոր է արձագանքել շահառուների և խնամատուների կողմից ստացված՝ վճարման հետ կապված հարցումներին և լուծում տալ դրանց (MPP 30-767.6): Վարչաշրջանն ունի նաև բողոքների քննության ընթացակարգ, որին պետք է հետևի, երբ Անձնական խնամքի ծառայությունների (անգլ. Personal Care Services, PCSP) ծրագրի շրջանակում IHSS ստացող շահառուներից ստացվում է բողոք IHSS ծառայությունների վճարման կատարման վերաբերյալ (MPP 30-767.6): Խնամատուները վարձատրության հետ կապված հարցերով կարող են դիմել նաև իրենց միությանը: Իրենց միությանը հետ կապ հաստատելու վերաբերյալ տեղեկություն ստանալու համար IHSS-ի խնամատուները կարող են կապվալ IHSS-ի վարչաշրջանային գրասենյակի կամ պետական մարմնի հետ: IHSS-ի վարչաշրջանային գրասենյակների մասին տեղեկատվությունը տե՛ս այստեղ՝ https://www.cdss.ca.gov/inforesources/county-ihss-offices:
Ինչպես իմանալ ավելին ձեր իրավունքների մասին
Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին.
- Զանգահարեք DRC-ի ընդունարան հետևյալ հեռախոսահամարով՝ 1-800-776-5746:
- Զանգահարեք DRC-ի Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակ (անգլ.՝ Clients’ Rights Advocacy, OCRA) հետևյալ հեռախոսահամարներով՝
- Հյուսիսային Կալիֆորնիա՝ 1-800-390-7032 (հեռատիպ՝ 877-669-6023)
- Հարավային Կալիֆորնիա՝ 1-866-833-6712 (հեռատիպ՝ 877-669-6023)
IHSS-ի շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսներ
DRC-ի հրապարակումները IHSS-ի շահերի ինքնուրույն պաշտպանության վերաբերյալ՝ https://www.disabilityrightsca.org/publications/in-home-supportive-services-ihss
Տնային օժանդակող ծառայություններ (IHSS). ուղեցույց շահերի պաշտպանների համար՝ https://www.disabilityrightsca.org/publications/in-home-supportive-services-ihss-advocates-manual