Ջղակծկումային բուժումից հրաժարվելու իրավունքը

Publications
#5398.10

Ջղակծկումային բուժումից հրաժարվելու իրավունքը

Նախատեսվում է ընթերցողներին ավելի ընկալելի ձևով ներկայացնել Կալիֆոռնիա նահանգի և դաշնային այն օրենքները, որոնք առնչվում են ջղակծկումային բուժմանը (ինչպիսին էլեկտրացնցումային բուժումն է («ԷՑԲ»)), ինչպես նաև բուժմանը անձի իրազեկված համաձայնություն տալու իրավունքը։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Նշում․ Սույն հրապարակումը միայն իրավական բնույթի տեղեկություններ է ներկայացնում: Նախատեսվում է ընթերցողներին ավելի ընկալելի ձևով ներկայացնել Կալիֆոռնիա նահանգի և դաշնային այն օրենքները, որոնք առնչվում են ջղակծկումային բուժմանը (ինչպիսին էլեկտրացնցումային բուժումն է («ԷՑԲ»)), ինչպես նաև բուժմանը անձի իրազեկված համաձայնություն տալու իրավունքը։ Սույն հրապարակումը չի հանդիսանում ձեր անհատական իրավիճակին վերաբերող իրավաբանական կամ բժշկական խորհրդատվություն։ Եթե հարցեր ունեք այն մասին, թե այս տեղեկությունն ինչպես է կիրառվում ձեր անհատական իրավիճակի համար, խորհրդակցեք իրավաբանի կամ բժշկի հետ։

  1. Ի՞նչ է ջղակծկումային բուժումը։
  2. Ի՞նչ է էլեկտրացնցումային բուժումը, և ինչպե՞ս է այն կարգավորվում։
  3. Ո՞վ ունի ջղակծկումային բուժում կատարելու արտոնագիր։
  4. Ջղակծկումային բուժման համար պահանջվո՞ւմ է գրավոր իրազեկված համաձայնություն։
  5. Ի՞նչ է նշանակում գրավոր իրազեկված համաձայնություն։
  6. Եթե անձը ջղակծկումային բուժման համար տալիս է գրավոր իրազեկված համաձայնություն, որքա՞ն ժամանակ է համաձայնությունն ուժի մեջ։
  7. Քանի՞ բուժման կարող է համաձայնել անձը։
  8. Անձը երբևէ կարո՞ղ է ավելի քան «չափից շատ» ջղակծկումային բուժում ստանալ։
  9. Անձը կարո՞ղ է հետ կանչել իր գրավոր համաձայնությունը։
  10. Անձը կարո՞ղ է հրաժարվել ջղակծկումային բուժումից։
  11. Ի՞նչ է նշանակում «կարողություն»։
  12. Անձը կարո՞ղ է համարվել ջղակծկումային բուժումից հրաժարվելու համար «կարողություն» ունեցող, եթե ունի հոգեկան առողջության խնդիր, զարգացման հաշմանդամություն կամ ֆիզիկական առողջության խնդիր։
  13. Ի՞նչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը կարծում է, որ անձը ջղակծկումային բուժման վերաբերյալ որոշում կայացնելու կարողություն չունի։
  14. Խնամատար ունեցող անձը կարո՞ղ է հրաժարվել ջղակծկումային բուժումից։
  15. Անձի կարողությունը կարո՞ղ է վերականգնվել։
  16. Բժիշկը կարո՞ղ է ջղակծկումային բուժում կատարել երեխայի համար։
  17. Բժիշկը կարո՞ղ է էլեկտրացնցումային բուժում կատարել տարածաշրջանային կենտրոնի շահառուի համար։
  18. Բժիշկը կարո՞ղ է էլեկտրացնցումային բուժում կատարել բանտում գտնվող անձի համար։
  19. Կա՞ն հանձնաժողովներ, որոնք վերստուգում են ջղակծկումային բուժման օգտագործումը։
  20. Հաշվետվությունների ներկայացման ի՞նչ պահանջներ են կիրառվում ջղակծկումային բուժման համար։
  21. Ի՞նչ կարող է անել անձը, եթե բժիշկը խախտել է նրա իրավունքները։
  22. Որևէ մեկը կարո՞ղ է հայց ներկայացնել, եթե կարծում է, որ ջղակծկումային բուժմանն առնչվող իր իրավունքները խախտվել են։

1. Ի՞նչ է ջղակծկումային բուժումը։

Կալիֆոռնիայի օրենսդրությամբ ջղակծկումային բուժումը սահմանվում է որպես «բուժման նպատակով ցնցման պլանավորված մակածում էլեկտրական կամ քիմիական միջոցներով»։1

2. Ի՞նչ է էլեկտրացնցումային բուժումը, և ինչպե՞ս է այն կարգավորվում։

Ջղակծկումային բուժման ամենատարածված տեսակը էլեկտրացնցումային բուժումն է («ԷՑԲ»)։ ԷՑԲ-ն կատարվում է ԷՑԲ սարքով, որը «բժշկի նշանակմամբ տրամադրվող սարք է, ներառում է ազդակների գեներատոր և դրա խթանիչ էլեկտրոդները, օգտագործվում է լուրջ հոգեկան խանգարումների բուժման համար, որի նպատակով բուժառուի գլխին հաղորդվում է կարճատև ինտենսիվ էլեկտրական հոսանք՝ նրա մոտ առաջացնելով ուժեղ շարժողական ցնցում»։2 ԷՑԲ-ն նաև հայտնի է որպես «շոկային թերապիա»։3

Սննդանյութերի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը («FDA») չի կարգավորում ԷՑԲ բուժումը, բայց կարգավորում է ԷՑԲ սարքերը և պահանջում է, որ բոլոր ԷՑԲ սարքերի պիտակներն ունենան պատասխանատվությունից հրաժարման հետևյալ տեքստը․ «Զգուշացում․ ԷՑԲ սարքի օգտագործումը կարող է առաջ բերել կողմնորոշվելու կարողության կորուստ, գիտակցության խառնաշփոթություն և հիշողության խնդիրներ»։4 Քանի որ երկարաժամկետ օգտակար ազդեցությունը ցույց տվող աշխատանքային տվյալները բացակայում են, ԷՑԲ սարքերը պետք է ունենան նաև հետևյալ պիտակը․ «Զգուշացում․ ըստ նշանակության օգտագործվելու դեպքում այս սարքերն ապահովում են ախտանշանների կարճաժամկետ մեղմացում։ ԷՑ բուժման երկարաժամկետ անվտանգությունը և արդյունավետությունը չի ապացուցվել»։5

3. Ո՞վ ունի ջղակծկումային բուժում կատարելու արտոնագիր։

Կալիֆոռնիայում ջղակծկումային բուժում կատարելու արտոնագիր ունեն միայն բուժող բժիշկները։6

4. Ջղակծկումային բուժման համար պահանջվո՞ւմ է գրավոր իրազեկված համաձայնություն։

Այո։ Եթե անձն ունի գրավոր իրազեկված համաձայնություն տալու «կարողություն» (բժշկի հաղորդած տեղեկությունները հասկանալու ունակություն), ապա պետք է իրականում նախքան ջղակծկումային բուժում ստանալը տրամադրի գրավոր իրազեկված համաձայնություն։7

Եթե դատարանը որոշի, որ անձը գրավոր իրազեկված համաձայնություն տալու կարողություն չունի, նրա համար որոշումներ կայացնելու օրինական լիազորություն ունեցող անձը պետք է նախքան բուժումը տա գրավոր իրազեկված համաձայնություն։8

Ջղակծկումային բուժման յուրաքանչյուր օգտագործում պետք է պահպանի անձի արժանապատվության, գաղտնիության և մարդկային խնամքի իրավունքը, նույնիսկ եթե կամովին չի տրամադրվում։9

5. Ի՞նչ է նշանակում գրավոր իրազեկված համաձայնություն։

Գրավոր իրազեկված համաձայնություն նշանակում է, որ անձը գիտակցաբար և հասկանալով, առանց ճնշման կամ պարտադրանքի գրավոր համաձայնում է իր բժշկի առաջարկած բուժմանը։10Նախքան համաձայնություն տալը բժիշկը անձին պետք է պարզ ձևով բացատրի ջղակծկումային բուժման կարևոր և բնորոշ մանրամասները։11 Մասնավորապես՝ բժիշկը պետք է խոսի հետևյալի մասին․

  • Ինչպիսին է բուժառուի վիճակի բնույթը, և ինչ պատճառով է բժիշկը ջղակծկումային բուժում առաջարկում,
  • Ջղակծկումային բուժման շրջանակում օգտագործվող միջամտությունները՝ ներառյալ այն, թե անձը քանի անգամ և ինչ տևողությամբ կարող է ջղակծկումային բուժում ստանալ,
  • Ջղակծկումային բուժմամբ կամ առանց այդ բուժման վիճակի ակնկալվող լավացման կամ ախտադադարի (ռեմիսիա) հավանականությունը, և արդյոք անձի ախտանիշների լավացումը ժամանակավոր, թե մշտական լինելու հավանականություն ունի,
  • Ջղակծկումային բուժման կողմնակի հետևանքների և լուրջ վտանգների բնույթը, ծանրության աստիճանը, տևողությունը և հավանականությունը՝ «հատկապես նշելով հիշողության կորստի (այդ թվում՝ դրա անդարձելիության) և այն մասին, թե ինչպես և ինչ չափով է հնարավոր վերահսկել դրանք, եթե ընդհանրապես հնարավոր է»,
  • Այն, որ ջղակծկումային բուժման արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, ինչու և ինչպես է այն ազդում և բուժման տարածված հայտնի վտանգների ու կողմնակի հետևանքների մասին,
  • Ողջամիտ այլընտրանքային բուժումները, և ինչու է բժիշկն այլ բուժումների փոխարեն ջղակծկումային բուժում առաջարկում,
  • Այն, որ անձն իրավունք ունի ընդունել կամ մերժել ջղակծկումային բուժումը, և որ համաձայնելու դեպքում նա իրավունք ունի բուժումից առաջ կամ բուժումների միջև ցանկացած պահի ցանկացած պատճառով հետ կանչել համաձայնությունը։12

Բժիշկը պետք է անձին տրամադրի նաև «Էլեկտրացնցումային բուժում (ԷՑԲ), իրազեկված համաձայնության ձևը» և․

  • Ձևն ստորագրելու որոշում կայացնելու համար նրան առնվազն 24 ժամ հատկացնի,
  • Չի կարող ձևն ստորագրելու համար ճնշում գործադրել անձի վրա՝ առաջարկելով լրացուցիչ արտոնություններ (օրինակ՝ վերադարձ տուն) կամ սպառնալով տեղավորել նրան ավելի մեծ սահմանափակումներով բուժհաստատությունում, եթե նա հրաժարվի բուժումից։13

Եթե անձը համաձայնում է ջղակծկումային բուժմանը, նախքան բժշկի կողմից ջղակծկումային բուժման անցկացումը պետք է ստորագրի ձևը։ Ձևի օրինակը և նշում այն մասին, որ բժիշկը բուժառուներին բացատրել է ջղակծկումային բուժումը ու այն համարում է «նվազագույն ազդեցությամբ առկա այլընտրանք», ներառվում է բուժառուի քարտում։14

6. Եթե անձը ջղակծկումային բուժման համար տալիս է գրավոր իրազեկված համաձայնություն, որքա՞ն ժամանակ է համաձայնությունն ուժի մեջ։

Ջղակծկումային բուժման համար տրված գրավոր իրազեկված համաձայնությունը կարող է վերաբերել միայն սահմանափակ թվով բուժումների և չի կարող ուժի մեջ մնալ 30 օրից երկար։15 Հետևաբար, եթե բժիշկը ցանկանում է, որ անձը 30 օր հետո ավելի շատ բուժումներ ստանա, պետք է կրկին ստանա բուժառուի գրավոր իրազեկված համաձայնությունը։

7. Քանի՞ բուժման կարող է համաձայնել անձը։

30 օրվա ընթացքում 15-ից ավելի կամ տարեկան 30-ից ավելի բուժումը համարվում է «չափից շատ»։16

8. Անձը երբևէ կարո՞ղ է ավելի քան «չափից շատ» ջղակծկումային բուժում ստանալ։

Բժիշկը անձին կարող է ավելի քան «չափից շատ» ջղակծկումային բուժում տրամադրել միայն այն դեպքում, եթե բուժհաստատության վերստուգիչ հանձնաժողովից կամ բուժառուի բնակության վարչաշրջանից ստանա թույլտվություն։17 Լրացուցիչ ջղակծկումային բուժման թույլտվության դիմումը պետք է ներառի․

  • Բուժառուի ախտորոշումը,
  • Ինչու է բժիշկը լրացուցիչ բուժումներ առաջարկում,
  • Արդյոք բժիշկը նախատեսել է լրացուցիչ բուժումները,
  • Արդյոք լրացուցիչ ջղակծկումային բուժումները ավելի պակաս վտանգավոր են, քան այլընտրանքները,
  • Լրացուցիչ բուժումների առավելագույն քանակը։

Նույնիսկ եթե վերստուգիչ հանձնաժողովը թույլատրի լրացուցիչ ջղակծկումային բուժումը, բժիշկը և բուժհաստատությունը պետք է ամեն դեպքում պահպանեն իրազեկված համաձայնության բոլոր կիրառելի ընթացակարգերը։

9. Անձը կարո՞ղ է հետ կանչել իր գրավոր համաձայնությունը։

Այո, անձը կարող է ցանկացած պահի ցանկացած պատճառով հետ կանչել համաձայնությունը, նույնիսկ եթե պլանավորված գնված ջղակծկումային բուժումներից որոշներն արդեն ստացել է։18 Անձը կարող է իր համաձայնությունը հետ վերցնել բանավոր կամ գրավոր, և հետկանչը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես։19 Եթե անձը համաձայնում է ջղակծկումային բուժմանը, բայց հետո փոխում է միտքը, նրա բժիշկը նախքան ջղակծկումային բուժում կատարելը կրկին պետք է ստանա այդ անձի գրավոր իրազեկված համաձայնությունը։20

10. Անձը կարո՞ղ է հրաժարվել ջղակծկումային բուժումից։

Այո։ Եթե անձը ունի «կարողություն», իրավունք ունի հրաժարվել ջղակծկումային բուժումից։21Սա ներառում է այն մարդկանց, որոնք գտնվում կամ ընդունվել են նահանգային հիվանդանոց, համայնքային խնամքի հաստատություն կամ որևէ բուժհաստատություն։22

Եթե անձը հրաժարվում է ջղակծկումային բուժումից բժշկի խորհրդին հակառակ, բժիշկը պետք է նրա հրաժարման մասին նշի տվյալ անձի բժշկական քարտում և բացատրի բուժառուին, որ ինքն է պատասխանատու այն ամենի համար, ինչ նրա հետ պատահի բուժումից հրաժարվելու պատճառով։23

Ջղակծկումային բուժումից, այդ թվում՝ ԷՑԲ-ից հրաժարվելու իրավունքը կարևոր է, քանի որ ջղակծկումային բուժումից առաջացող հավանական լուրջ կողմնակի հետևանքներ կան։ ԷՑԲ-ի հավանական կողմնակի հետևանքները նկարագրված են Հավելված A-ում։ Տե՛ս նաև Հավելված B-ն, որում ներկայացված են հարցեր, որոնք բուժառուն կարող է տալ իր բժշկին նախքան ջղակծկումային բուժմանը համաձայնելը։

11. Ի՞նչ է նշանակում «կարողություն»։

Անձը համարվում է կամավոր որոշում կայացնելու «կարողություն» ունեցող, եթե հասկանում է ջղակծկումային բուժման վերաբերյալ բժշկի տրամադրած տեղեկությունները և կարող է գործել դրանց հիման վրա (նկարագրված է վերոնշյալ կետ 5-ում)։24 Մասնավորապես՝ կարևոր է, որ անձը հասկանա առաջարկվող բուժման հավանական օգուտներն ու վտանգները՝ ներառյալ հետևյալը․

  • Բուժառուի վիճակը,
  • Ինչ է ջղակծկումային բուժումը, և ինչ կողմնակի հետևանքներ ու վտանգներ կան, օրինակ՝ հիշողության կորուստը,
  • Ինչ տևողությամբ և ինչ հաճախականությամբ է բուժառուն ստանալու ջղակծկումային բուժումը,
  • Արդյոք ջղակծկումային բուժումը կարճատև կամ երկար ժամանակով կփոխի իր կոգնիտիվ, հոգեբանական և ֆիզիոլոգիական գործառույթները,
  • Արդյոք իր վիճակը առանց ջղակծկումային բուժման կբարելավվի,
  • Ինչ այլ բուժումներ կան, որոնք կարելի է ստանալ, և ինչու է իր բժիշկը կարծում, որ ջղակծկումային բուժումը լավագույնն է,
  • Այն, որ որոշ բժիշկներ համաձայն չեն օգտագործել ջղակծկումային բուժումը վտանգների ու կողմնակի հետևանքների պատճառով,
  • Այն, որ ինքն ունի ջղակծկումային բուժմանը համաձայնելու կամ դրանից հրաժարվելու իրավունք,
  • Այն, որ եթե բուժառուն համաձայնի ստանալ ջղակծկումային բուժում, հետո կարող է ցանկացած պատճառով փոխել միտքը և խնդրել, որ բուժումը դադարեցվի։

Բուժառուի համար ջղակծկումային բուժում թույլատրելու նպատակով առողջապահական նախնական ցուցումներ (օրինակ՝ Հոգեբուժական նախնական ցուցումը («PAD»)) չեն կարող օգտագործվել։25

12. Անձը կարո՞ղ է համարվել ջղակծկումային բուժումից հրաժարվելու համար «կարողություն» ունեցող, եթե ունի հոգեկան առողջության խնդիր, զարգացման հաշմանդամություն կամ ֆիզիկական առողջության խնդիր։

Այո։ Անձը, որի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, զարգացման խանգարում կամ ֆիզիկական հիվանդություն, պահպանում է ջղակծկումային բուժումից հրաժարվելու իրավունքը,26 եթե դատարանը չի զրկում նրան այդ իրավունքից։

13. Ի՞նչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը կարծում է, որ անձը ջղակծկումային բուժման վերաբերյալ որոշում կայացնելու կարողություն չունի։

Եթե բուժառուի բժիշկը կամ իրավապաշտպանը կարծում է, որ բուժառուն ջղակծկումային բուժման վերաբերյալ իրազեկված որոշում կայացնելու կարողություն չունի, իրավապաշտպանը կամ բժիշկը կարող են Գերագույն դատարանին խնդրագիր ներկայացնել, որպեսզի դատարանը սահմանի բուժառուի իրազեկված որոշում կայացնելու կարողությունը։27

Դատարանը կնշանակի լսումներ, որի ժամանակ պետք է ներկայացվեն ապացույցներ։ Եթե դատարանը կարծի, որ բուժառուի կարողության վերաբերյալ կասկած հայտնած իրավապաշտպանը շահերի բախում ունի, դատարանը բուժառուի համար մեկ այլ իրավապաշտպան կնշանակի։ Բուժառուն իրավունք ունի ներկա գտնվել լսումներին և ներկայացնել ապացույցներ, թե ինչու կարողություն չունի։28

Դատարանը որոշում կկայացնի միայն այն մասին, թե արդյոք բուժառուն ջղակծկումային բուժմանը գրավոր իրազեկված համաձայնություն տալու կարողություն ունի, թե ոչ։ Դատարանը չի որոշում անձի ջղակծկումային բուժում ստանալու անհրաժեշտությունը։ Եթե դատարանը որոշի, որ բուժառուն կարողություն չունի, ջղակծկումային բուժմանը համաձայնելու որոշումը պետք է կայացնի նրա համար պատասխանատու բարեկամը, խնամակալը կամ նրա համար նշանակված խնամատարը։29

14. Խնամատար ունեցող անձը կարո՞ղ է հրաժարվել ջղակծկումային բուժումից։

Եթե անձը ունի խնամատար, և խնամատարությունը կարգադրած դատարանը որոշել է, որ բուժառուն բժշկական որոշումներ կայացնելու կարողություն չունի, այդ դեպքում բուժառուն ջղակծկումային բուժումից հրաժարվելու իրավունք չունի։ Սակայն նույնիսկ այդ դեպքում խնամատարը պետք է գրավոր իրազեկված համաձայնություն տա մինչև խնամատարության տակ գտնվող անձին ջղակծկումային բուժում տրամադրելը։30

15. Անձի կարողությունը կարո՞ղ է վերականգնվել։

Այո, ջղակծկումային բուժում(ներ)ն ստանալու ընթացքում ցանկացած պահի անձը կարող է ասել, որ իր «կարողությունը» վերականգնվել է։ Ջղակծկումային բուժումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ բուժառուն պետք է անցնի վերագնահատում։31

16. Բժիշկը կարո՞ղ է ջղակծկումային բուժում կատարել երեխայի համար։

Կալիֆոռնիայում երբեք չի թույլատրվում ջղակծկումային բուժում իրականացնել 12 տարեկանից փոքր երեխայի համար։32

Սակայն ջղակծկումային բուժումը կարող է տրամադրվել 12 տարեկանից մինչև 16 տարեկան երեխաներին, եթե․

  • Արտակարգ իրավիճակ է, և ջղակծկումային բուժումը «համարվում է կյանքը փրկող բուժում»,33
  • Առողջապահական խորհրդի կողմից թույլատրված կամ խորհրդի կողմից հավաստագրված երեք մանկական հոգեբույժ համաձայն է, որ․ 1) արտակարգ իրավիճակ է, 2) ջղակծկումային բուժումը «համարվում է կյանքը փրկող բուժում», և 3) ջղակծկումային բուժումն անհրաժեշտ է ու տեղին։34
  • Այն լիարժեքորեն իրականացվում է Նահանգային հիվանդանոցները համակարգող դեպարտամենտի կողմից սահմանված կարգով,35
  • Այն փաստաթղթավորվում և անմիջապես զեկուցվում է Առողջապահական ծառայությունների դեպարտամենտին։36

Երեխաները, որոնք 16 կամ 17 տարեկան են և կամավոր բուժառուներ են37 կամ «էմանսիպացված» անչափահասները38 կարող են ինքնուրույն համաձայնել ջղակծկումային բուժմանը կամ մերժել այն, ինչպես չափահասները, որոնք կամավոր բուժառուներ են։

Մյուս երեխաների համար այս որոշումը կայացնելու իրավունք ունի ծնող(ներ)ը կամ օրինական խնամակալը (եթե բոլոր օրենքների և ընթացակարգերի պահանջները պահպանված են)։39

17. Բժիշկը կարո՞ղ է ԷՑԲ կատարել տարածաշրջանային կենտրոնի շահառուի համար։

Բժիշկները չեն կարող կատարել ԷՑԲ տարածաշրջանային կենտրոնի շահառուների համար, եթե ԷՑԲ-ն ներառված չէ տարածաշրջանային կենտրոնի ԷՑԲ-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից հաստատված բուժման ծրագրում։40 ԷՑԲ-ի վերստուգիչ հանձնաժողովը պետք է միաձայն ընդունի ԷՑԲ բուժման ծրագիրը։41 Հաստատումը գործում է 30 օր։42 ԷՑԲ բուժման ծրագրում պետք է նաև հստակորեն ներկայացվեն, թե ինչ մեթոդներով են սահմանվելու և փաստաթղթավորվելու բուժումների արդյունքները։43 Հաստատվելուց հետո բուժման ծրագրին պետք է հետևել ճշգրիտ կերպով, ինչպես գրված է, կամ հաստատումը համարվում է առոչինչ։44

Տարածաշրջանային կենտրոնի շահառուի համար ԷՑԲ-ն հաստատելու պահանջները չեն գերակայում կամ փոխարինում հոգեկան առողջության խնդիրներով շահառուների համար ԷՑԲ-ի անցկացման պահանջներին, այլ լրացուցիչ երաշխիք են տարածաշրջանային կենտրոնի շահառուների համար։45 Հետևաբար, եթե անձը միաժամանակ ունի զարգացման խանգարում և հոգեկան հիվանդություն, և նրան բուժող բժիշկը ցանկանում է օգտագործել ԷՑԲ, բուժող բժիշկը պետք է ապահովի համաձայնություն հայտնելու կամ կարողության բացակայության վերաբերյալ տարածաշրջանային կենտրոնի շահառուի համար սահմանված պահանջների, ինչպես նաև հոգեկան առողջության խնդրի դեպքում սահմանված առանձին պահանջների կատարումը։46

18. Բժիշկը կարո՞ղ է ԷՑԲ կատարել ազատազրկված անձի համար։

Բանտում գտնվող իրավասու և կարողունակ անձի իրավունքները

Եթե բանտում գտնվող անձը ԷՑԲ-ին իրազեկված համաձայնություն տալու համար իրավասու և կարողունակ է, բժիշկները չեն կարող առանց անձի իրազեկված համաձայնության ԷՑԲ կատարել։47 Նույնիսկ եթե անձը ունի կարողություն և համաձայնում է ԷՑԲ-ին, լրացուցիչ քայլեր կան, որոնց բժիշկները պետք է հետևեն նախքան ԷՑԲ կատարելը։

Նախ, եթե բժիշկը կարծում է, որ ԷՑԲ-ն անհրաժեշտ է անձի առողջության և անվտանգության համար, բժիշկներից կազմված հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բուժառուի բժշկական քարտը և որոշի, թե արդյոք 1) ԷՑԲ-ն պարտադիր է, և 2) արդյոք անձը ունի իրազեկված համաձայնություն տալու կարողություն։48 Եթե բժիշկների հանձնաժողովը միաձայն չի ընդունում, որ ԷՑԲ-ն պարտադիր է, կամ որ անձը տվել է իրազեկված համաձայնություն, այդ դեպքում ԷՑԲ-ն տվյալ անձի համար չի կարող կատարվել։49

Երկրորդ՝ ոչ արտակարգ իրավիճակի ԷՑԲ կատարելու համար բանտի պաշտոնյաները պետք է ստանան թույլտվություն գերագույն դատարանից։50

Սակայն բժիշկը կարող է առանց դատարանի թույլտվության կատարել ԷՑԲ-ն որպես արտակարգ իրավիճակում կյանքը փրկող միջոցառում, եթե կարողունակ անձը համաձայնի։51

Բանտում գտնվող ոչ իրավասու և ոչ կարողունակ անձի իրավունքները

Բանտում գտնվող անձի համար, որն ԷՑԲ-ին իրազեկված համաձայնություն տալու համար իրավասու կամ կարողունակ չէ, բժիշկները կարող են կատարել ԷՑԲ որպես արտակարգ իրավիճակներում կյանքը փրկող միջոցառում՝ նույնիսկ առանց դատարանի թույլտվության։52

Արտակարգ իրավիճակի բուժման համար բանտի պաշտոնյաները պետք է ստանան բժիշկներից կազմված հանձնաժողովի միաձայն հաստատումն առ այն, որ ԷՑԲ-ն անհրաժեշտ է անձի առողջության և անվտանգության համար։53 Այնուհետև, բանտապետը կամ հսկիչը պետք է ստանա բանտի բուժծառայության ղեկավարի և Կալիֆոռնիայի Ուղղիչ և վերականգողական հիմնարկների դեպարտամենտի քարտուղարի հաստատումը։ Այնուհետև, բանտապետը կամ հսկիչը պետք է ներկայացնեն խնդրագիր այն վարչաշրջանի գերագույն դատարանին, որում բուժառուն բնակվում է՝ պահանջելով լսումներ։

Բուժառուն ունի լսումների ժամանակ իրավապաշտպան ունենալու իրավունք, որը սովորաբար հանրային պաշտպանն է: Նույնիսկ եթե դատարանը գտնում է, որ բուժառուն իրազեկված համաձայնություն տրամադրելու կարողություն չունի, դատարանը պետք է ամեն դեպքում հաշվի առնի ԷՑԲ բուժման վերաբերյալ նրա ցանկությունները, եթե նա նախկինում կարողունակ է եղել։54

Բացի այդ, բուժառուն կամ նրա իրավապաշտպանը, խնամակալը կամ խնամատարը նույնպես կարող են խնդրագիր ներկայացնել այն վարչաշրջանի գերագույն դատարանին, որում բուժառուն բնակվում է՝ պահանջելով կարգադրություն, որը բուժառուի համար արգելում է ԷՑԲ-ն։55

Վարչաշրջանի բանտում գտնվող անձի կամ անչափահասների ազատազրկման վայրում գտնվող դեռահասի իրավունքները

Վարչաշրջանի բանտում կամ անչափահասների ազատազրկման վայրում գտնվող անձի համար ԷՑԲ-ի օգտագործումը թույլատրող որևէ կոնկրետ օրենք կամ կարգավորում չկա։ Ընդհանուր առմամբ վարչաշրջանի բանտում ազատազրկված անձը, որը կարողունակ է, իրավունք ունի հրաժարվել ոչ արտակարգ իրավիճակի բուժօգնությունից կամ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բուժումից։56Դեռահասը նույնպես իրավունք ունի հրաժարվել ոչ արտակարգ իրավիճակի բուժօգնությունից կամ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բուժումից։57

Եթե ոչ արտակարգ իրավիճակներում իրազեկված համաձայնությունը բացակայում է, նախքան ազատազրկված անձին առանց նրա կամքի բուժում տրամադրելը պահանջվում է դատարանի կարգադրությունը։ Անչափահասների կամ խնամակալության տակ գտնվողների համար օրենքով պահանջվող դեպքերում գործում է ծնողի, խնամակալի կամ օրինական խնամատարի իրազեկված համաձայնությունը։58

19. Կա՞ն հանձնաժողովներ, որոնք վերստուգում են ջղակծկումային բուժման օգտագործումը։

Այո։ Ջղակծկումային բուժում իրականացնող հաստատությունները պետք է ունենան հանձնաժողով, որը վերստուգում է բոլոր բուժումները, որպեսզի համոզվի, որ դրանք անհրաժեշտ են։59 Հանձնաժողովները պետք է վերստուգեն տվյալ հաստատությունում իրականացված բոլոր ջղակծկումային բուժումները։ Հոգեկան առողջության տեղական կենտրոնի տնօրենը նույնպես պետք է կազմի հանձնաժողով, որպեսզի վերստուգի հաստատությունից դուրս իրականացված ջղակծկումային բուժումները։60Այս վերստուգիչ հանձնաժողովների արձանագրություններին պետք է վերաբերվել նույն ձևով, ինչպես հիվանդանոցի աշխատանքի և աուդիտի հանձնաժողովների արձանագրություններին։61

20. Հաշվետվությունների ներկայացման ի՞նչ պահանջներ են կիրառվում ջղակծկումային բուժման համար։

Ջղակծկումային բուժում իրականացնող բժիշկը կամ հաստատությունը պետք է 3 ամիսը մեկ հաշվետվություն ուղարկի հոգեկան առողջության տեղական կենտրոնի տնօրենին, որը պետք է այդ հաշվետվության օրինակն ուղարկի Առողջապահական ծառայության տնօրենին։62 Հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ կատեգորիաներից յուրաքանչյուրում ԷՑԲ ստացած անձանց թիվը․ 1) ոչ կամավոր բուժառուներ, որոնք տվել են իրազեկված համաձայնություն, 2) ոչ կամավոր բուժառուներ, որոնց համար դատարանն ասել է, որ չեն կարող իրազեկված համաձայնություն տալ, և որոնք ստացել են ջղակծկումային բուժում իրենց կամքին հակառակ, 3) կամավոր բուժառուներ, որոնք տվել են իրազեկված համաձայնություն և 4) կամավոր բուժառուներ, որոնց համար դատարանն ասել է, որ չեն կարող իրազեկված համաձայնություն տալ։ Նահանգային հիվանդանոցները համակարգող դեպարտամենտը այս հաշվետվությունները նույնպես պետք է 3 ամիսը մեկ ներկայացնի Առողջապահական ծառայության տնօրենին։63

21. Ի՞նչ կարող է անել անձը, եթե կարծում է, որ բժիշկը խախտել է նրա իրավունքները։

Տարածաշրջանային կենտրոնի շահառուներ

Եթե տարածաշրջանային կենտրոնի շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարծում է, որ շահառուի իրավունքները խախտվում են, կարող է ներկայացնել նախնական բողոք Շահառուների իրավունքների պաշտպանին, որը պատասխանատու է այն հաստատության համար, որում բնակվում է անձը, կամ որի շահառուն այդ անձը հանդիսանում է։64 Շահառուների իրավունքների պաշտպանը կուսումնասիրի բողոքը և 10 օրվա ընթացքում բողոքը ներկայացնողին կուղարկի իր կողմից առաջարկվող գրավոր լուծում։

Եթե անձը չի ճանաչում Շահառուների իրավունքների պաշտպանին, կարող է գտնել նրան DRC-ի Շահառուների իրավունքների գրասենյակի անձնակազմի հղումներում կամ կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով․

Disability Rights California
Office of Client Rights
1831 K Street
Sacramento, California 95811-4114

Հյուսիսային Կալիֆոռնիա՝ 1-800-390-7032 (TTY 877-669-6023)

Հարավային Կալիֆոռնիա՝ 1-866-833-6712 (TTY 877-669-6023)

Տարածաշրջանային կենտրոնի շահառու չհանդիսացող անձինք

Եթե անձը տարածաշրջանային կենտրոնի շահառու չէ և կարծում է, որ բժիշկը կամ հաստատությունը խախտել է իր իրավունքները, կարող է խախտման մասին հաղորդել այստեղ․

Disability Rights California
Office of Patients’ Rights
1831 K Street
Sacramento, California 95811-4114
Telephone: (916) 504-5810
http://www.disabilityrightsca.org/
Email: COPRINFOREQUEST@disabilityrightsca.org

կամ

Department of Health Care Services
Office of the Ombudsman
Telephone: (888) 452-8609
Email: MMCDOmbudsmanOffice@dhcs.ca.gov

Հաղորդումը պետք է հետաքննեն հոգեկան առողջության տեղական կենտրոնի տնօրենը կամ նշանակված անձը (նրա կողմից նշանակված այլ անձ) և որոշ հանգամանքներում՝ Առոջապահական ծառայության տնօրենը կամ նրա կողմից նշանակված անձը (իր կողմից իր փոխարեն նշանակված մեկ այլ անձ)։65 Եթե անձը իրավունքները խախտելու պահին հանդիսանում է Նահանգային հիվանդանոցների համակարգման դեպարտամենտի բուժառու, ապա դեպարտամենտի տնօրենը կամ նրա կողմից նշանակված անձը նույնպես պետք է հետաքննություն իրականացնի։

Եթե հոգեկան առողջության տեղական կենտրոնի տնօրենը, Առողջապահական ծառայության տնօրենը կամ Նահանգային հիվանդանոցների համակարգման դեպարտամենտի տնօրենը որոշեն, որ բուժառուի իրավունքները խախտվել են, կարող են տարբեր գործողություններ ձեռնարկել, այդ թվում․

  1. պահանջել որոշակի ժամանակահատվածում դադարեցնել խախտումը,
  2. փոխանցել հարցը Կալիֆոռնիայի Բժշկական խորհրդին կամ մասնագիտական արտոնագրման այլ գործակալության՝ հետաքննություն կատարելու և անհրաժեշտության դեպքում բժշկին պատժելու համար,
  3. զրկել բուժհաստատությանը բուժառուներին ոչ նրանց կամքով բուժելու լիազորությունից,
  4. փոխանցել հարցը տեղական շրջանային դատախազին կամ Գլխավոր դատախազին՝ դատական գործընթաց սկսելու համար։66

Եթե Գլխավոր դատախազը որոշի գործը քննել դատական կարգով, և պարզվի, որ բժիշկը միտումնավոր է խախտել ջղակծկումային բուժման հետ կապված անձի իրավունքները, բժիշկը յուրաքանչյուր խախտման համար կարող է տուգանվել հինգ հազար դոլարի ($5000) չափով և զրկվել իր բժշկական արտոնագրից։67

Բանտ

Եթե բանտում գտնվող անձը կարծում է, որ իր իրավունքները խախտվել կամ խախտվում են, կարող է առողջապահական խնամքի վերաբերյալ բողոք ներկայացնել՝ օգտագործելով Կալիֆոռնիայի ուղղիչ և վերականգնողական հիմնարկների դեպարտամենտի CDCR 602 HC ձևը։68 Նա պետք է բողոքը ներկայացնի բողոքի առարկա գործողության կամ որոշման ամսաթվից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։69 Ընդհանուր առմամբ, Կալիֆոռնիայի ուղղիչ և վերականգնողական հիմնարկների դեպարտամենտի առողջապահական խնամքի հարցերով անձնակազմը պետք է բողոքը մշակի 45 աշխատանքային օրվա ընթացքում։70

Վարչաշրջանային բանտեր և անչափահասների ազատազրկման վայրեր

Յուրաքանչյուր վարչաշրջանային բանտ և անչափահասների ազատազրկման վայր պետք է կազմի բողոքների մշակման գրավոր քաղաքականություններ և ընթացակարգեր։71 Վարչաշրջանային բանտերում մարդիկ ունեն առավելագույնը 15 օրացուցային օրվա ընթացքում իրենց բողոքին սկզբնական պատասխան ստանալու իրավունք։72 Անչափահասներն ունեն 3 օրացուցային օրվա ընթացքում սկզբնական պատասխան ստանալու իրավունք։73

22. Որևէ մեկը կարո՞ղ է հայց ներկայացնել, եթե կարծում է, որ ջղակծկումային բուժմանն առնչվող իր իրավունքները խախտվել են։

Եթե անձը ցանկանում է ներկայացնել իրավական պահանջ ջղակծկումային բուժման իր փորձառության վերաբերյալ, պետք է իմանա, որ կարող են լինել վաղեմության ժամկետներ (ժամանակի իրավական սահմանափակումներ, որոնք կարող են լրանալ նախքան բողոք ներկայացնելը)։ Վերջնաժամկետներն իմանալու համար նա պետք է անմիջապես կապվի փաստաբանի հետ: Կալիֆոռնիայի դատարանների ինքնուրույն պաշտպանության ծրագիրը նույնպես հրապարակում է տեղեկություններ որոշ տարածված վաղեմության ժամկետների վերաբերյալ։ Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։ Որևէ վերջնաժամկետ բաց թողնելու դեպքում տվյալ անձը չի կարողանա առաջ տանել իր հարցը։

Եթե որևէ անձ ցանկանում է հայց ներկայացնել ԷՑԲ սարքի արտադրողի դեմ, քանի որ վերջինս չի նախազգուշացրել նրան ԷՑԲ-ի վտանգների մասին, պետք է ցույց տա, որ ԷՑԲ սարքի արտադրողը պետք է սարքը նշանակող բժշկին ավելի խիստ նախազգուշացումներ տրամադրեր սարքի կողմնակի հետևանքների մասին։74

Հավելված A. Էլեկտրացնցումային բուժման (ԷՑԲ) հավանական կողմնակի հետևանքները

ԷՑԲ-ի ամենատարածված կողմնակի հետևանքներն են կողմնորոշվելու կարողության կորուստը, գիտակցության խառնաշփոթությունը և հիշողության խնդիրները։75 Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առնվազն «ԷՑԲ-ի որոշ ձևեր մնայուն երկարաժամկետ ազդեցություններ են ունենում հստակ մտածելու կարողության վրա»։76 ԷՑԲ ստացողների մասնակցությամբ ամենամեծ ուսումնասիրությունում ռեսպոնդենտների 84,5%-ը հայտնել է հիշողության հանկարծակի կորստի մասին, 70,3%-ն ասել է, որ դժվարությամբ է մտապահել նոր տեղեկությունները (անտերոգրադ ամնեզիա), իսկ 80,4%-ն ասել է, որ մոռացել է կյանքի իրադարձությունները։ «Անտերոգրադ ամնեզիա ունեցողների 65%-ի և ռետրոգրադ ամնեզիա ունեցողների 81%-ի մոտ խանգարումը տևել է 3 տարի կամ ավելի երկար»։ «Տվյալներ չկան այն մասին, որ հիշողության կորստի դեպքերը վերջին տարիներին կրճատվել են, ինչպես հաճախ նշում են»։

Որոշ ուսումնասիրությոններ ցույց են տալիս, որ ԷՑԲ-ն կարող է չապահովել «ոչ մի երկարաժամկետ օգուտ՝ ի տարբերություն պլացեբոյի»։77 ԷՑԲ սարքերի արտադրողներն ընդունում են, որ «[հ]ազվադեպ դեպքերում բուժառուները կարող են հիշողության անդարձելի կորուստ կամ գլխուղեղի վնասում ունենալ»։78

ԷՑԲ-ի քննադատները նշում են, քանի որ արդյունքներին հետևելու համար FDA-ն բուժառուների ռեգիստր չի պահանջում, և մեկ արտադրող դաշնային դատարանում ներկայացված ցուցմունքներում ընդունել է, որ իրենք ավելի քան 30 տարի երբեք չեն հետաքննել FDA-ին հաղորդված ԷՑԲ-ի որևէ բացասական հետևանքի մասին, դժվար է ճշգրիտ իմանալ, թե բուժառուների մոտ ինչքանով է տարածված հիշողության մշտական կորուստը կամ գլխուղեղի վնասումը։79

ԷՑԲ-ի ֆիզիկական վտանգներ կարող են լինել նաև մի շարք վնասվածքները, որոնք ներառում են հետևյալը, բայց չեն սահմանափակվում նշվածով․80

  • սիրտանոթային բարդություններ, այդ թվում՝ առիթմիա, սրտի նոպա, սուր գերճնշում, թերճնշում և ուղեղի կաթված,
  • թոքային բարդություններ (օր․՝ օտար մարմնի արտածծում/ներշնչում, թոքաբորբ, թթվածնաքաղց, շնչուղիների անանցանելիություն, թոքային էմբոլիա, երկարաձգված շնչադադար),
  • երկարաձգված կամ ուշացած սկսվող նոպաներ,
  • հոգեկան առողջության ախտանիշների սկսում/սրացում,
  • նյարդաբանական ախտանիշներ (օր․՝ պարեսթեզիա, դիսկինեզիաներ, շարժողական խանգարումներ),
  • ցավ/մարմնական անհարմարություն (ներառյալ գլխացավը, մկանային ցավերը և սրտխառնոցը),
  • մաշկի այրվածքները,
  • ֆիզիկական վնասվածքներ (ներառյալ կոտրվածքները, սալջարդերը, ընկնելուց առաջացող վնասվածքները, ատամների և բերանի խոռոչի վնասվածքները),
  • մահ։

Թեև հղի անձի համար ԷՑԲ կատարելու արգելք չկա, գիտական մի հետազոտությամբ, որի շրջանակում ուսումնասիրվել են բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, պարզվել է, որ ժամանակի 29%-ում տեղի է ունեցել անցանկալի իրադարձություն, օրինակ՝ պտղի սրտի ռիթմի նվազում, արգանդային կծկումներ և վաղաժամ ծննդաբերություն։81 Այս հետազոտությամբ նաև պարզվել է, որ կատարված ԷԲՑ-ի համար ներկայումս արձանագրված մանկական մահացության ցուցանիշը 9,4% է։82

Ինչպես նշվեց վերևում, հաշվի առնելով ԷՑԲ-ի հավանական կարճաժամկետ և երկարաժամկետ կողմնակի հետևանքները, խիստ կարևոր է, որ բուժառուն խոսի առողջապահական խնամք տրամադրողի հետ և քննարկի ԷՑԲ-ի օգուտները, վտանգներն ու կողմնակի հետևանքները, քանի որ այն վերաբերում է նրանց անհատական խնամքին և բուժմանը։ Վերջին մի հետազոտությամբ պարզվել է, որ ԷՑԲ ստացողների 59%-ը հայտնել է, որ նախքան ԷՑԲ ստանալը նրանց «բավարար տեղեկություններ», այդ թվում՝ վտանգների և հավանական կողմնակի հետևանքների մասին տեղեկություններ, չեն տրվել։83

ԷՑԲ-ի ավելի քան 1100 փորձառությունից ստացված պատասխանները ներկայացնող մեկ այլ վերջին հրապարակման մեջ բուժառուների 62%-ը հայտնել է, որ ԷՑԲ-ն վատթարացրել է կյանքի որակը, նրանց 27%-ն ասել է, որ կյանքի որակը ԷՑԲ-ից հետո «շատ ավելի վատ» է եղել։84

Խոշտանգումների և դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի կամ պատժի մասին հաղորդող ՄԱԿ-ի հատուկ թղթակիցը «կոչով դիմել է երկրներին սահմանել արգելք հարկադրաբար և առանց համաձայնության կատարվող բոլոր բժշկական միջամտությունների, այդ թվում՝ ոչ կամավոր էլեկտրացնցումային բուժման անցկացման համար…»85

Վերջերս հայցադիմումներ են ներկայացրել անձինք, որոնք պնդում են, որ վնաս են կրել ԷԲՑ սարքերից։86 Մեկ հայցադիմումով անցնող փորձագետ վկայել է, որ ԷԲՑ սարքը 16 անգամ ավելի մեծ հոսանք է հաղորդում, քան միջին էլեկտրաշոկային սարքը։87

Հավելված B․ Հարցեր բուժման, այլընտրանքների, վտանգների մասին

Բժիշկներից պահանջվում է բուժառուներին տեղեկացնել ջղակծկումային բուժման, այդ թվում՝ ԷՑԲ-ի վտանգների, պատճառների և խառը կարծիքների մասին, սակայն բուժառուն կարող է իր իսկ իրազեկման համար լրացուցիչ հարցեր տալու ցանկություն ունենալ։ Բժշկի հետ խոսելիս բուժառուն կարող է մտածել «ԲԱՎ» (բուժում, այլընտրանքներ, վտանգներ) հապավման մասին և տալ հետևյալ հարցերից որոշները․

  • Բուժում․ 
    • Ինչո՞ւ եք ԷՑԲ-ն առաջարկում ինձ համար։
    • Ի՞նչ է ներառելու ԷՑԲ-ի ստացումը։
    • Քանի՞ անգամ է ինձ անհրաժեշտ լինելու բուժումը։
    • Որքա՞ն է տևելու յուրաքանչյուր բուժում։
    • Որքանո՞վ է հավանական, որ ԷՑԲ-ն կբարելավի իմ վիճակը։
    • Դա կլինի ժամանակավոր, թե՞ մշտական։
    • Որքանո՞վ է հավանական, որ իմ վիճակը կբարելավվի առանց ԷՑԲ-ի։
  • Այլընտրանքներ
    • Իմ վիճակի բուժման ի՞նչ այլ տարբերակներ կան։
    • Ի՞նչ են ներառում այդ այլընտրանքային բուժումները։
    • Որքանո՞վ է հավանական, որ այդ այլընտրանքային բուժումները ժամանակավոր կամ մշտական կբարելավեն իմ վիճակը։
    • Ինչո՞ւ եք կարծում, որ ԷԲՑ-ն կարող է ավելի լավ լինել ինձ համար, քան այդ մյուս բուժումները։
  • Վտանգներ
    • Ի՞նչ հնարավոր կողմնակի հետևանքներ և վտանգներ ունի ԷՑԲ-ն։
    • Որքա՞ն լուրջ կարող են լինել այդ կողմնակի հետևանքները։
    • Դրանք կլինեն ժամանակավոր, թե՞ մշտական։
    • Որքանո՞վ է հավանական, որ ինձ մոտ ի հայտ կգան այդ կողմնակի հետևանքները։
    • Ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել ինձ մոտ ի հայտ եկող կողմնակի հետևանքների վտանգը նվազեցնելու համար։

  • 1. Cal. Code Regs. tit. 9, § 836.
  • 2. 21 C.F.R. § 882.5940(a).
  • 3. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(a).
  • 4. 21 C.F.R 882.5940(b)(1)(viii)(I).
  • 5. 21 C.F.R 882.5940(b)(1)(viii)(J).
  • 6. Cal. Code Regs. tit. 9, § 835.
  • 7. Cal. Welf. & Inst. Code § 5326.75; Cal. Welf. & Inst. Code § 5326.7(d), տե՛ս նաև Cal. Code Regs. tit. 9, § 839; Cal. Welf. & Inst. Code § 5326.5, տե՛ս նաև Cal. Welf. & Inst. Code § 5326.2, տե՛ս Canterbury v. Spence, 464 F.2d 772, 780, cert. denied, 409 U.S. 1064 (1972) (Իրազեկված համաձայնության «արմատական դրույթը» այն «գաղափարն է, որը հիմնարար է ամերիկյան արդարադատությունում, որ չափահաս տարիքի և պարզ միտք ունեցող [յ]ուրաքանչյուր մարդ իրավունք ունի որոշելու, թե ինչ կարող է արվել իր մարմնի հետ») (մեջբերում՝ Schloendorff v. Society of New York Hospital, 105 N.E. 92, 93 (1914) (Cardozo, J.)), տե՛ս նաև Washington v. Harper, 494 U.S. 210, 241 (1990) (STEVENS, J., dissenting) («Կասկած չկա,... որ կարողունակ անհատի՝ [հոգեհակ] դեղորայքից հրաժարվելու իրավունքը ազատության հիմնարար շահ է, որը պետք է ունենա բարձրագույն պաշտպանություն»).
  • 8. Cal. Welf. & Inst. Code § 5326.6(b), տե՛ս նաև Առողջության համաշխարհային կազամակերպություն («ԱՀԿ») և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, («OHCHR»), Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն․ ուղեցույց և գործնական օրինակներ, թիվ 58 (2023), https://iris.who.int/bitstream/handle/10665/373126/9789240080737-eng.pdf?sequence=1 (նշվում է, որ «առանց համաձայնության անցկացվող ԷՑԲ-ն … կարող է խոշտանգում և դաժան բուժում լինել») [այսուհետ՝ Առողջության համաշխարհային կազմակերպություն]։
  • 9. Cal. Welf. & Inst. Code § 5325.1.
  • 10. Cal. Welf. & Inst. Code § 5326.5(a).
  • 11. Cal. Welf. & Inst. Code § 5326.4.
  • 12. Cal. Welf. & Inst. Code § 5326.2.
  • 13. Cal. Welf. & Inst. Code § 5326.5, տե՛ս նաև Առողջապահական ծառայությունների դեպարտամանետ 1800 (06/2013), հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/hm/formsandpubs/forms/Forms/Mental_Health/DHCS_1800.pdf(հասանելի էր 2025 թ․ հոկտեմբերի 17-ին)։
  • 14. Cal. Welf. & Inst. Code § 5326.4.
  • 15. Cal. Welf. & Inst. Code § 5326.7(d).
  • 16. Cal. Code Regs. tit. 9, § 849(a), նկատի ունեցեք, որ որոշ ուսումնասիրություններում պարզվել է, որ 10-ից ավելի բուժումները կարող են մեծացնել այլ հիվանդությունների, օրինակ՝ կողմնային մկանահյուծիչ կարծրախտի («ԿՄԿ») առաջացման վտանգը, չնայած այս կապը հերքելու կամ ապացուցելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ (տե՛ս, օր․, Gabor Mezei et al., Receipt of Electroconvulsive Therapy and Subsequent Development of Amyotrophic Lateral Sclerosis: A Cohort Study, 43 Bioelectromagnetics 81 (2022)).
  • 17. Cal. Code Regs. tit. 9, § 849(b).
  • 18. Cal. Welf. & Inst. Code § 5326.2(g).
  • 19. Cal. Welf. & Inst. Code § 5326.6(d).
  • 20. Cal. Welf. & Inst. Code § 5326.7(d).
  • 21. Cal. Welf. & Inst. Code §§ 5325(f), 5326.2(g), 5326.85; Cal. Code Regs. tit. 9, § 841.
  • 22. Cal. Welf. & Inst. Code § 4503(f).
  • 23. Cal. Welf. & Inst. Code § 5326.85; Cal. Code Regs. tit. 9, § 841.
  • 24. Cal. Code Regs. tit. 9, § 840, տե՛ս Conservatorship of Pamela J., 133 Cal. App. 4th 807, 824, 35 Cal. Rptr. 3d 228, 239 (Cal. Ct. App. 4th 2005), տե՛ս հիմնականում Riese v. St. Mary's Hosp. & Med. Ctr., 209 Cal. App. 3d 1303, 1323, 271 Cal. Rptr. 199, 211 (Cal. Ct. App. 1st 1987).
  • 25. Cal. Prob. Code §§ 4617, 4652.
  • 26. Cal. Code Regs. tit. 9, § 840(b); Cal Wel & Inst Code § 4503(f).
  • 27. Cal. Welf. & Inst. Code § 5326.7(f).
  • 28. Id.
  • 29. Cal. Welf. & Inst. Code § 5326.7(g).
  • 30. Id.
  • 31. Cal. Welf. & Inst. Code § 5326.7(h).
  • 32. Cal. Welf. & Inst. Code § 5326.8, նկատի ունեցեք, որ ԷՑԲ-ի վիճահարույց բնույթի պատճառով եղել են զանգեր, որ ԷՑԲ-ն պետք է ընդհանրապես արգելել (տե՛ս, օրինակ, Առողջության համաշխարհային կազմակերպություն, supra note viii at 58, տե՛ս նաև John Read et al., Should we stop using electroconvulsive therapy? BMJ 364 (2019); Peter R. Breggin, Electroshock: scientific, ethical, and political issues, 11 Int’l. J. Risk Saf Med. 5 (1998), հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.ectresources.org/ECTscience/Breggin_1998_ECT__Overview.pdf).
  • 33. Cal. Welf. & Inst. Code § 5326.8(a).
  • 34. Cal. Welf. & Inst. Code § 5326.8(b).
  • 35. Cal. Welf. & Inst. Code § 5326.8(c).
  • 36. Cal. Welf. & Inst. Code § 5326.8(d).
  • 37. Cal. Code Regs. tit. 9, § 845(d).
  • 38. Cal. Code Regs. tit. 9, § 845(c).
  • 39. Id.
  • 40. Cal. Code Regs. tit. 17, § 50830.
  • 41. Cal. Code Regs. tit. 17, § 50833(a)(2).
  • 42. Cal. Code Regs. tit. 17, § 50833(a)(3).
  • 43. Cal. Code Regs. tit. 17, § 50831(a)(2).
  • 44. Cal. Code Regs. tit. 17, § 50833(a)(3).
  • 45. Cal. Code Regs. tit. 17, § 50833(a)(4).
  • 46. Id.
  • 47. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(a).
  • 48. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(c).
  • 49. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(c)(2).
  • 50. Cal. Code Regs. tit. 15, §§ 3999.348(a)(2).
  • 51. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(a)(1).
  • 52. Id.
  • 53. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(g)(1).
  • 54. In re Terrazas, 288 Cal.Rptr.3d 801, 805 (Cal. Ct. App. 4th 2022).
  • 55. Cal. Code Regs. tit. 15, § 3999.348(e)(1).
  • 56. Տե՛ս Cal. Code Regs. tit. 15, § 1214.
  • 57. Տե՛ս Cal. Code Regs. tit. 15, § 1434.
  • 58. Տե՛ս Cal. Code Regs. tit. 15, § 1214.
  • 59. Cal. Wel. & Inst. Code § 5326.91; Cal. Code Regs. tit. 9 CCR § 847(a).
  • 60. Cal. Wel. & Inst. Code § 5326.91.
  • 61. Id.
  • 62. Cal. Welf. & Inst. Code § 5326.15(a). Եռամսյակային DHCS 1011 ձևի օրինակը կարելի է գտնել ԱՆՑԿԱՑՎԱԾ ՋՂԱԿԾԿՈՒՄԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ (DHCS 1011)։
  • 63. Cal. Welf. & Inst. Code § 5326.15(b).
  • 64. Cal. Code Regs. tit. 17, § 50540(b).
  • 65. Cal. Welf. & Inst. Code § 5326.9(a).
  • 66. Cal. Welf. & Inst. Code § 5326.9(b)-(c).
  • 67. Cal. Welf. & Inst. Code § 5326.9(d).
  • 68. Cal. Code Regs. tit. 15, §§ 3999.226, 3999.227(a).
  • 69. Cal. Code Regs. tit. 15, § 3999.227(b).
  • 70. Cal. Code Regs. tit. 15, § 3999.228(i).
  • 71. Cal. Code Regs. tit. 15, §§ 1073(a), 1361.
  • 72. Cal. Code Regs. tit. 15, §§ 1073(a)(7).
  • 73. Cal. Code Regs. tit. 15, § 1361(d).
  • 74. Himes v. Somatics, LLC, 549 P.3d 916, 933 (Cal. 2024).
  • 75. Տե՛ս 21 C.F.R. § 882.5940(b)(1)(ix)(H), տե՛ս, օր․, Glenda MacQueen et al.,The long-term impact of treatment with electroconvulsive therapy on discrete memory systems in patients with bipolar disorder, 32 J. Psychiatry Neurosci. 241 (2007), https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1911194/pdf/20070700s00003p241.pdf .
  • 76. Տե՛ս, օր․, Harold A. Sackeim et al., The Cognitive Effects of Electroconvulsive Therapy in Community Settings, 32 Neuropsychopharmacol 244 (2007), https://doi.org/10.1038/sj.npp.1301180, տե՛ս նաև Read, supranote xxxii at 1 (մեծացող անհանգստություն, որ ի տարբերություն պլացեբոյի՝ էլեկտրացնցումային բուժումը «երկարաժամկետ օգուտներ չի ապահովում և հաճախ գլխուղեղի վնասում է առաջացնում»)․
  • 77. Տե՛ս, օր․, Read, supra note xxxii at 1; Breggin, supra note xxxii at 5 («Էլեկտրացնցումային բուժումը (ԷՑԲ) ավելի հաճախակի է օգտագործվում Հյուսիսային Ամերիկայում, և փորձ է արվում խթանել դրա օգտագործումը ամբողջ աշխարհում։ Սակայն դեպրեսիայի բուժման համար արդյունավետությունը գնահատող շատ վերահսկվող ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բուժումը պլացեբոյից ավելի լավը չէ և ինքնասպանության ցուցանիշների վրա դրական ազդեցություն չունի»)։
  • 78. Տե՛ս Somatics LLC, Regulatory update to Thymatron System IV instruction manual 10 (2021) (http://www.thymatron.com/ downloads/System_IV_Regulatory_Update.pdf, accessed May 29, 2024). Արխիվացված՝ https://web.archive.org/web/20200718120228/http://www.thymatron.com/downloads/System_IV_Regulatory_Update.pdf
  • 79. Neurological Devices; Reclassification of Electroconvulsive Therapy Devices; Effective Date of Requirement for Premarket Approval for Electroconvulsive Therapy Devices for Certain Specified Intended Uses § 3(D), Comments on Regulatory Process of the Proposed Order, 83 Fed. Reg. 66116 (Dec. 26, 2018).
  • 80. Տե՛ս 21 C.F.R. § 882.5940(b)(1)(ix)(H)(3), տե՛ս նաև Somatics LLC, User Manual - Thymatron System IV 9 (2021) (թվարկվում են ԷՑԲ սարքերի արդյունքում ի հայտ եկած անցանկալի հետևանքները).
  • 81. Kari Ann Leiknes et al., Electronconvulsive therapy during pregnancy: a systematic review of case studies, 18 Archives of Women’s Mental Health 1 (2015).
  • 82. Id. at 6.
  • 83. John Read et al., A large exploratory survey of electroconvulsive therapy recipients, family members and friends: what information do they recall being given?, J. of Med. Ethics, Aug. 14, 2025, https://jme.bmj.com/content/early/2025/08/25/jme-2024-110629.
  • 84. John Read et al., A Survey of 1144 ECT Recipients, Family Members and Friends: Does ECT Work?, Int’l J. of Mental Health Nursing, Aug. 10, 2025, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/inm.70109.
  • 85. World Health Organization, supra note viii at 15, տե՛ս Juan E. Méndez, Report of the Special Rapporteur on torture and other cruel, inhuman or degrading treatment or punishment, United Nations General Assembly Human Rights Council (Feb. 1, 2013) at 23 (https://docs.un.org/en/A/HRC/22/53).
  • 86. Տե՛ս, օր․, Himes v. Somatics, LLC, 549 P.3d 916 (Cal. 2024); Thelen v. Somatics, LLC, 672 F.Supp.3d 1216 (M.D. Fl. 2023).
  • 87. Տե՛ս Thelen v. Somatics, LLC., Testimony of Kenneth Castleman, at 39:25-40:5 (June 5, 2023), հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.wisnerbaum.com/wp-content/uploads/Day-4-REDACTED-Thelen-Jury-Trial.pdf։