Դպրոցականների իրավունքներն աղետից հետո

Publications
8117.10

Դպրոցականների իրավունքներն աղետից հետո

Ձեր երեխաներն իրավունք ունեն հաճախել այն դպրոցը, որտեղ նրանք սովորում էին, նույնիսկ եթե դուք ապրում եք դպրոցական շրջանից դուրս: Դաշնային օրենքի համաձայն (McKinney Vento Act) այն կոչվում է «ընդունված դպրոց հաճախելու իրավունք», ինչը օգնում է պահպանել ուսման կայունությունը աշակերտների համար: Կապվեք ձեր երեխայի դպրոցի հետ և դիմեք նրանց անօթևանների կրթության բաժին:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Իրավունքներ բոլոր աշակերտների համար

Մենք ստիպված էինք տեղափոխվել բնական աղետի պատճառով։

Ձեր երեխաներն իրավունք ունեն հաճախել այն դպրոցը, որտեղ նրանք սովորում էին, նույնիսկ եթե դուք ապրում եք դպրոցական շրջանից դուրս: Դաշնային օրենքի համաձայն (McKinney Vento Act) այն կոչվում է «ընդունված դպրոց հաճախելու իրավունք», ինչը օգնում է պահպանել ուսման կայունությունը աշակերտների համար: Կապվեք ձեր երեխայի դպրոցի հետ և դիմեք նրանց անօթևանների կրթության բաժին:

Եթե ձեր երեխայի համար նպատակահարմար չէ հաճախել նախորդ դպրոց, կամ կարծում եք, որ դա նրա շահերից չի բխում, դաշնային օրենքը նաև սահմանում է, որ դուք կարող եք նրան ընդունել ձեր բնակության վայրից ոչ հեռու գտնվող դպրոցում: Դա պայմանավորված է դաշնային օրենքով (McKinney Vento Act), որը սահմանում է, որ անօթևան երեխաները կարող են դպրոց գնալ իրենց բնակության վայրի մոտ: Կապվեք ձեր տեղական դպրոցական շրջանի հետ և տեղեկացրեք, որ ստիպված եք եղել տեղափոխվել բնական աղետի պատճառով և ցանկանում եք ձեր երեխային դպրոց ընդունել: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք DRC-ի հրապարակումը անօթևան ուսանողների իրավունքների վերաբերյալ:

Ինչո՞ւ պետք է երեխայիս դպրոց տանեմ:

Աղետից հետո դպրոց հաճախելը լավ է շատ երեխաների համար, քանի որ այն օգնում է նրանց վերադառնալ իրենց բնականոն առօրյային և թույլ է տալիս հետ չընկնել դպրոցական առաջադրանքներից: Որոշ աշակերտներ նաև սնունդ են ստանում նախաճաշի և ճաշի ծրագրերի միջոցով, որոնք կարող են օգնել այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սնունդը բնական աղետի պատճառով կամ գումար չունեն սնունդ գնելու համար: Դպրոցը նաև ժամանակ է տրամադրում ծնողներին անել ամեն ինչ, որպեսզի օգնեն ընտանիքին վերականգնվել աղետից:

Իմ երեխան կարո՞ղ է դպրոց հաճախել, եթե մենք ապրում ենք ապաստարանում:

Այո: Կարևոր չէ՝ որտեղ եք ապրում: Դուք կարող եք ապրել ապաստարանում, վրանում, կցասայլում, հյուրանոցում, մոթելում, վրանային ճամբարում, ձեր մեքենայում, այգում կամ ընկերների կամ հարազատների հետ: Ձեր երեխան իրավունք ունի դպրոց հաճախել Կալիֆոռնիայում:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ իմ երեխային դպրոց վերադառնալու համար:

Եթե բնական աղետի պատճառով ստիպված եք եղել տեղափոխվել, ձեր երեխան կարող է անմիջապես դպրոց գնալ՝ առանց այն փաստաթղթերը ներկայացնելու, որոնք սովորաբար պահանջվում են դպրոցում, ինչպիսիք են բնակության ապացույցը, աշակերտի գործը կամ պատվաստումների մասին տեղեկանքը (ներարկումների տեղեկագիր): Ձեր երեխայի նոր դպրոցը կկապվի նրա հին դպրոցի հետ՝ այս տեղեկությունները ստանալու համար:

Ինչպե՞ս կարող եմ մասնակցել իմ երեխայի կրթությանը բնական աղետի ընթացքում կամ դրանից հետո:

Ծնողներն իրավունք ունեն մասնակցելու իրենց երեխայի կրթության վերաբերյալ որոշումների կայացմանը: Դպրոցները պետք է գտնեն ծնողների ներգրավվածությունն ապահովելու ստեղծագործական եղանակներ, ներառյալ վիրտուալ հանդիպումներ անցկացնելը, եթե բնական աղետը դժվարացնում է ծնողների հասանելիությունը: Բացի այդ, դպրոցները պետք է հարգեն ձեր նախընտրած լեզուն կամ հաղորդակցման եղանակը:

Լրացուցիչ իրավունքներ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար

Ի՞նչ կլինի, եթե իմ երեխան հաշմանդամություն ունի:

Դպրոցները պետք է ապահովեն, որ բոլոր աշակերտները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող աշակերտները, ունենան իրենց կրթության հասանելիությունը, ներառյալ բնական աղետների ժամանակ նյութերի և հարթակների հասանելիությունը: Օրինակ, եթե դպրոցը անցնում է առցանց ուսուցման, հարմարեցումները կարող է ներառել ենթագրեր, էկրանի ընթերցիչներ, մեծ տառատեսակ կամ այլընտրանքային ձևաչափեր: Դրանք պետք է շարադրվեն 504 Ծրագրում: Եթե ձեր երեխան իրավասու է հատուկ կրթության, ապա դա պետք է փաստաթղթավորվի նրա IEP-ում (Անհատական կրթական ծրագիր), որն ավելի մանրամասն նկարագրված է ստորև:

Հավելյալ տեղեկատվություն 504 ծրագրի մասին կգտնեք այստեղ:

Արդյոք իմ երեխան կշարունակի ստանալ հատուկ կրթական ծառայություններ, որոնք թվարկված են իր Անհատական կրթական ծրագրում ("IEP"), նույնիսկ եթե դպրոցը փակվի բնական աղետի պատճառով:

Ձեր երեխան ունի իրեն անհրաժեշտ հատուկ կրթական ծառայությունների հասանելիության իրավունք ցանկացած հանրակրթական դպրոցում: Այս իրավունքը պաշտպանված է դաշնային և Կալիֆորնիայի նահանգային օրենսդրությամբ: IEP ծառայությունները, որոնք ձեր երեխան պետք է ստանա դպրոցի փակման ժամանակ, պետք է փաստաթղթավորված լինեն ձեր երեխայի IEP-ի կողմից «արտակարգ իրավիճակների պլան» բաժնում: Լրացուցիչ տեղեկատվություն IEP Արտակարգ իրավիճակների պլանների մասին կգտնեք այստեղ:

Եթե ձեր երեխայի IEP ծրագիրը չունի այս բաժինը, կամ դուք համաձայն
չեք դրա հետ, պետք է պահանջեք IEP հանդիպում՝ փոփոխություններ կատարելու համար: Դպրոցը պետք է անցկացնի IEP հանդիպում ձեր հարցումից հետո 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկատվություն
IEP հանդիպում հայցելու մասին կգտնեք այստեղ:

Արդյոք իմ երեխան կշարունակի հատուկ կրթության ծառայություններ ստանալ, նույնիսկ եթե մենք տեղափոխվենք, և նա տեղափոխվի նոր դպրոցական շրջան:

Այո, ձեր երեխայի նոր դպրոցական շրջանը պետք է տրամադրի ձեր երեխայի IEP ծրագրում նշված ծառայություններն ու աջակցությունը: Եթե նոր դպրոցական շրջանը ցանկանում է փոխել ձեր երեխայի IEP-ը, այն նախ պետք է քննարկի առաջարկվող փոփոխությունները ձեզ հետ IEP-ի հանդիպման ժամանակ և ստանա ձեր համաձայնությունը:

Նույնիսկ եթե ձեր երեխայի գործը, ներառյալ նրա IEP-ը, ձեզ մոտ չէ, ձեր երեխան պետք է ստանա հատուկ կրթական ծառայություններ: Եթե ձեր երեխայի նոր դպրոցը չի կարող փաստաթղթեր ստանալ իր հին դպրոցից, դուք կարող եք նոր դպրոցին տեղեկացնել ձեր երեխայի կարիքների մասին: Դպրոցը պետք է համագործակցի ձեզ հետ՝ մատուցելու նույն ծառայությունները, որոնք նախկինում ստացել է ձեր երեխան, կամ աշխատելու ձեր և ձեր երեխայի հետ՝ նոր ծրագիր մշակելու համար:

Լրացուցիչ տեղեկատվություն IEP գործընթացի մասին կգտնեք այստեղ:

Ի՞նչ կլինի, եթե իմ երեխան աղետի ընթացքում կամ դրանից հետո չի ստանում իր IEP ծառայությունները:

Եթե դպրոցը ի վիճակի չէ ձեր երեխայի համար IEP ծառայություններ մատուցել բնական աղետի կամ դպրոցի փակման ժամանակ, աշակերտը կարող է իրավասու լինել լրացուցիչ ծառայությունների («փոխհատուցող կրթություն»)՝ փոխհատուցելու իր բաց թողած ծառայությունները:

Եթե ձեր երեխան չի ստանում IEP ծառայություններ, դուք պետք է գրանցեք, թե որ ծառայություններն է նա բաց թողնում և երբ: Դրանից հետո դուք պետք է խնդրեք IEP հանդիպում՝ քննարկելու, թե ձեր երեխան ինչ ծառայություններ է բաց թողել և ինչպես է դպրոցական շրջանը փոխհատուցելու դրանք:

Ի՞նչ կլինի, եթե բնական աղետն ազդել է իմ երեխայի հաշմանդամության վրա, և նա նոր կամ այլ աջակցության կարիք ունի, քան նախկինում:

Ձեր երեխային կարող է անհրաժեշտ լինեն նոր կամ այլ հարմարեցումներ, աջակցություն կամ ծառայություններ բնական աղետի ընթացքում կամ դրանից հետո: Օրինակ, ձեր երեխան կարող է ունենալ հիվանդություն, որը սրվել է անտառային հրդեհի ծխից (օրինակ՝ ասթմա), կամ կարող է հոգեկան առողջության նոր կարիքներ ունենալ բնական աղետից ստացված վնասվածքից հետո: Եթե ձեր երեխան արդեն ունի 504 ծրագիր կամ IEP, կարող եք խնդրել հանդիպում՝ ձեր երեխայի փոփոխված կարիքները քննարկելու համար: Եթե ձեր երեխան դեռ չունի 504 ծրագիր կամ IEP, կարող եք խնդրել գնահատում՝ ստուգելու, թե արդյոք ձեր երեխան իրավասու է:

Լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես խնդրել 504 ծրագրի գնահատում կամ փոփոխություններ կատարել ձեր երեխայի 504 ծրագրում, կգտնեք այստեղ:

Լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես խնդրել IEP գնահատում կամ փոփոխություններ կատարել ձեր երեխայի IEP-ում, կգտնեք այստեղ:

Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ իմ հաշմանդամություն ունեցող երեխան ապահով է, եթե նրա դպրոցում գտնվելու ընթացքում տեղի է ունենում արտակարգ իրավիճակ կամ բնական աղետ:

Դպրոցները պետք է ունենան Դպրոցական անվտանգության համապարփակ ծրագիր, որը ներառում է արտակարգ իրավիճակների կամ բնական աղետի ժամանակ աշակերտներին անվտանգ պահելու միջոցառումներ: Այս ծրագրերը պետք է ներառեն հարմարեցումներ կամ սարքավորումներ հաշմանդամություն ունեցող աշակերտների համար: Օրինակ՝ դասասենյակից տարհանման ծրագիրը, որը ներառում է սանդուղք, պետք է հարմարեցվի հաշմանդամի սայլակով տեղաշարժվող աշակերտի համար։

Եթե դուք մտահոգված եք ձեր երեխայի անվտանգությամբ դպրոցում բնական աղետի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ, կարող եք պահանջել IEP կամ 504 ծրագրի հանդիպում՝ ձեր երեխայի հաշմանդամության հետ կապված յուրահատուկ կարիքները քննարկելու համար:

Շնորհակալություն Լոս Անջելեսի վարչաշրջանի Համայնքային իրավաբանական ծառայություններին, «Lone Star» իրավաբանական օգնությանը և Անօթևանների իրավունքների ազգային կենտրոնին՝ իրենց ռեսուրսներն օգտագործելու համար: