SSI-ի գերավճարներ

Publications
#5421.10

SSI-ի գերավճարներ

Այս նյութը տրամադրում է տեղեկատվություն Լրացուցիչ երաշխավորված եկամտի (անգլ.՝ Supplemental Security Income, SSI) գերավճարների վերաբերյալ. ինչ է դա, ով կարող է ապահովել դա, ով է պատասխանատու դրա համար և ինչ տարբերակներ ունեք դուք, եթե ունեք SSI-ի գերավճարներ:  Այս տեղեկատվական նյութը չի վերաբերում այլ տեսակի սոցիալական նպաստների, օրինակ հաշմանդամության և Անաշխատունակության ապահովագրական նպաստների (անգլ.՝ Social Security Disability Insurance, SSDI) գերավճարներին:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Ի՞նչ է SSI գերավճարը:

SSI գերավճարը Սոցիալական ապահովության վարչության (անգլ.՝ Social Security Administration, «SSA») կողմից ձեզ տրամադրված SSI վճարում է, որը եղել է ավելին, քան այն գումարը, որն ըստ SSA-ի պետք է տրամադրվեր ձեզ:1  Գերավճարի գումարը ձեր ստացած գումարի և այն գումարի տարբերությունն է, որն ըստ SSA-ի պետք է տրամադրվեր ձեզ:2

2. Ի՞նչ կարող եմ ես անել, եթե SSA-ն ասում է, որ ես ունեմ գերավճար, իսկ ես կարծում եմ, որ նրանք սխալվում են:

Եթե SSA-ն ասում է, որ դուք ունեք գերավճար, դուք ունեք բողոքարկելու իրավունք:  Տե՛ս հարցեր 10-ը, 12-ը և 18-ը ստորև:  Բացի այդ, դուք ունեք նաև իրավունք հրաժարվելու գերավճարի պահանջից:  Տե՛ս հարցեր 13-18-ը ստորև:

3. Ինչի՞ հետևանքով կարող է գերավճար գոյանալ:

Կան գերավճարներ գոյանալու մի քանի ճանապարհներ:  Երբեմն գերավճարները գոյանում են այն պատճառով, որ որևէ մեկը թերանում է ներկայացնել այն տեղեկատվությունը, որը նա պարտավոր էր ներկայացնել SSA-ին:  Երբեմն մարդիկ տալիս են այն տեղեկատվությունը, որը նրանք պարտավոր են ներկայացնել, սակայն SSA-ը թերանում է կատարել SSA-ի վճարման ճշգրտումը:  Տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ մանրամասների համար տե՛ս հարցեր 4-ում և 5-ում:

4. Ի՞նչ տեղեկատվություն ես պետք է տրամադրեմ, որպեսզի նվազեցնեմ գերավճար տալու հավանականությունը:

Դուք պետք է տեղեկացնեք որոշակի իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդել Ձեր SSI չեքի գումարի չափի կամ SSI-ի համար ձեր իրավունակության վրա, ինչը պետք է անեք այդ փոփոխությունը տեղի ունենալու ամսից հետո 10 օրվա ընթացքում:3   Ձեր տեղեկատվությունն ստանալուց հետո SSA-ից կպահանջվի մեկ ամիս՝ ձեր տրամադրած տվյալները հաշվի առնելու և ձեր չեքը ճշգրտելու համար:  Օրինակ փոփոխությունը, որը տեղի է ունեցել հունվարին և որի մասին դուք հայտնել եք փետրվարի 10-ին, կարտացոլվի ձեր մարտ ամսվա չեքում:  Եթե SSA-ը ժամանակին չստանա տեղեկատվությունը, չի կարողանա ճշգրտել ձեր չեքը, և դուք հնարավոր է ունենաք գերավճար:

Դուք պետք է ներկայացնեք հետևյալ տեղեկատվությունը.4

  • Վաստակած և չվաստակած եկամուտներ,
  • Վաստակած և չվաստակած եկամուտների փոփոխություններ,
  • Փոփոխություն ձեր կենսական պայմաններում, օրինակ բնակության վայրի կամ ձեր ընտանեկան կազմի փոփոխություն,
  • Ամուսնալուծություն, ամուսնություն կամ բաժանում,
  • Առողջության բարելավում,
  • Իրավունակություն այլ նպաստների համար,
  • Վերածվել եք փախուստի դիմած հանցագործի, խախտել եք պայմանական ազատությունը կամ փորձնական ազատազրկումը, և
  • Ընդունվել եք որևէ ֆիզիկական կամ հոգեկան առողջության բուժման կլինիկա այն դեպքում, երբ չունեք տուն, ուր կարող եք վերադառնալ, կամ ձեր բժիշկը կարծում է, որ դուք այնտեղ կմնաք 90 օրից երկար:

Այս իրադարձությունների մասին չհայտնելը նշանակում է, որ ձեր SSI նպաստի գումարը կկազմվի բացակայող կամ սխալ տեղեկատվության հիման վրա:  Եթե դուք SSA-ին հայտնել եք փոփոխությունների մասին, իսկ SSA-ն այնուամենայնիվ ասում է, որ ձեզ վճարել են գերավճար, տե՛ս հարցեր 13-18-ը ստորև Պահանջից հրաժարման դիմում ներկայացնելու վերաբերյալ:

5. Ինչու՞ է SSA-ը գերավճարը գանձում ինձնից, եթե ես ժամանակին հայտնել եմ փոփոխությունների մասին:

Ցավոք, երբեմն մարդիկ փոփոխությունների մասին հայտնում են SSA -ին հարց 4-ում նկարագրված եղանակով, սակայն SSA-ը փոփոխությունը հաշվի չի առնում:  Օրինակ՝ որոշ մարդիկ շարունակում են ստանալ ամբողջական SSI չեք աշխատանքին վերադառնալուց հետո, չնայած որ նրանք պետք է ստանան նվազեցված գումար, կամ այլևս իրավունակ չեն SSI նպաստների համար:  Հաճախ նրանք չեն հասկանում, որ իրենք ստանում են գերավճարներ, մինչև ամիսներ կամ անգամ տարիներ հետո SSA-ից ստանում են ծանուցում այդ մասին:  Այս իրավիճակում անձը փաստացիորեն ստացել է գերավճարներ, սակայն ոչ իր սեփական սխալի պատճառով:  Այս իրավիճակում լավագույն տարբերակը կարող է լինել պահանջից հրաժարումը:  Տե՛ս հարցեր 13-18-ը ստորև:

6. Ո՞վ կարող է պատասխանատվություն կրել գերավճարի հետվճարման համար:

Հետևյալ մարդիկ կարող են պատասխանատվություն կրել գերավճարի հետվճարման համար.5

  • Դուք, անձը, ով ստանում է SSI նպաստը,
  • Վճարումներն ստանալու համար ձեր կողմից լիազորված անձը (գումարի լիազորված ստացող):  Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս հարց 7-ը ստորև,
  • Որոշակի հանգամանքներում ձեր հովանավորը, եթե դուք SSI նպաստն ստանում եք որպես օտարերկրացի,6
  • Ձեր ամուսինը/կինը, եթե գերավճարն ստանալու ընթացքում դուք ապրել եք միասին, և SSA-ը չի կարող գանձել ձեզնից,7 կամ
  • Ձեր և/կամ ձեր գումարի լիազորված ստացողի ժառանգորդը, ամուսինը/կինը կամ հովանավորը:8

7. Ե՞րբ կարող է իմ գումարի լիազորված ստացողն անձամբ պատասխանատու լինել գերավճարի համար:

Եթե գերավճարի գումարը ձեր լիազորված ստացողը ծախսել է այլ նպատակներով, նա անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար:9  Եթե գումարները չեն օգտագործվել ձեզ օգնելու կամ պահելու համար, ապա գերավճարի վերադարձման միակ պատասխանատուն կլինի լիազորված ստացողը, անկախ այն բանից՝ նա իմացել է գերավճարի մասին, թե ոչ:10

Եթե SSI վճարումներն օգտագործվել են ձեզ օգնելու և պահելու համար, և ձեր գումարի ստացողն իմացել է կամ պետք է իմացած լիներ գերավճարի մասին, ապա դուք և ձեր լիազորված ստացողը միասին պատասխանատվություն կկրեք գերավճարի համար: 11 Սակայն եթե SSI վճարումներն օգտագործվել են ձեզ օգնելու և պահելու համար, և ձեր գումարի ստացողը չի իմացել գերավճարին վերաբերող հանգամանքների մասին, ապա գերավճարի հետ վերադարձման պատասխանատվությունը կրում եք դուք:12

8. Ի՞նչ պետք է պարունակի գերավճարի ծանուցումը:

Դուք իրավունք ունեք ստանալ գրավոր ծանուցում, եթե SSA-ը կարծում է, որ դուք ունեք գերավճար:  Ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.13

  • Ինչու՞ է գոյացել գերավճար,
  • Գերավճարի գումարի չափը,
  • Ամիս(ներ)ը, որում գոյացել է գերավճարը,
  • Ցուցակ, որում նշվում են, թե ինչ գումարներ են վճարվել և ինչ պետք է վճարվեր,
  • Ձեր SSI չեքի ճշգրտման դրույքը, եթե դուք չեք վճարում ամբողջությամբ և շարունակում եք ստանալ SSI նպաստ (սովորաբար 10%),
  • Պահանջից հրաժարվելու կամ վերանայում պահանջելու (բողոքարկելու) ձեր իրավունքի մասին (տե՛ս հարց 8-ը ստորև)
  • Ինչպես հրաժարվել պահանջից և/կամ պահանջել վերանայում (բողոքարկել)
  • Ծանուցում կուղարկվի նաև ձեր գումարի լիազորված ստացողին և/կամ օրինական ներկայացուցչին:

Եթե նամակով կամ SSA-ից որևէ մեկը ձեզ հայտնում են, որ դուք ունեք գերավճար, սակայն դուք փաստացիորեն չեք ստացել գերավճարի ծանուցում, խնդրեք SSA-ին ուղարկել ձեզ ծանուցումը:

9. Ի՞նչ տեղի կունենա իմ SSI նպաստի հետ, եթե ես ունեմ գերավճար:

SSA-ը կխնդրի ձեզ հետ վերադարձնել գերավճարի ամբողջական գումարը 30 օրվա ընթացքում: Եթե դա չանեք և մնաք իրավունակ SSI նպաստի համար, SSA-ը կգանձի ձեր ամսական ընդհանուր հաշվելի եկամտի 10%-ը կամ ձեր ամբողջ ամսվա եկամուտը:14  SSA-ը կսկսի գանձել գումարը ձեր կողմից ծանուցումն ստանալուց 60 օր հետո:  Ցանկացած պահի դուք մշտապես կարող եք բանակցել այլ դրույքաչափ վճարելու համար:  Օրինակ դուք կարող եք հարցնել SSA-ին, թե արդյոք կարող եք հետ վճարել ամսական $20, եթե դա ձեր առավելագույն հնարավորությունն է:  Սակայն եթե Սոցիալական ապահովության վարչությունը համարի, որ առկա է խարդախություն, նրանք չեն համաձայնի նվազեցնել վճարման գումարը:15

10. Ես կարո՞ղ եմ բողոքարկել գերավճարի համար և դադարեցնել հետգանձումները:

Այո, դուք կարող եք:  Ձեր SSI նպաստներն առանց փոփոխությունների պահպանելու համար դուք պետք է բողոքարկեք գերավճարի ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:16  SSA-ը համարում է, որ դուք ծանուցումը «կստանաք» ծանուցման ուղարկման ամսաթվից հետո առավելագույնը հինգ օրվա ընթացքում: Օրինակ, եթե ձեր ծանուցումը թվագրված է հունվարի 1-ով, SSA-ը կենթադրի, որ դուք այն ստացել եք հունվարի 5-ին: Ձեր բողոքը պետք է ներկայացնեք մինչև հունվարի 15-ը:  Եթե դուք բողոքը ներկայացնեք 10 օրվա ընթացքում, SSA-ը մինչև որոշման կայացումը չի կրճատի ձեր նպաստի գումարը:  Եթե դուք չբողոքարկեք 10 օրվա ընթացքում, կարող եք այնուամենայնիվ պահանջել բողոքարկման հնարավորություն գերավճարի ծանուցումն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում:17  Սակայն ձեր SSI նպաստի գումարը կնվազեցվի բողոքարկման ընթացքում:  Տե՛ս հարցեր 12-ը և 18-ը Դիմում-բողոք ներկայացնելու վերաբերյալ:  Բողոքարկման գործընթացի քայլերի վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս SSA-ի հրապարակումը «Բողոքարկումների մասին» հետևյալ հղումով՝ https://www.ssa.gov/ssi/text-appeals-ussi.htm :

11. Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի խուսափեմ գերավճարը SSA-ին հետ փոխանցելուց:

Գոյություն ունի հինգ տարբեր եղանակ, որոնցով կարելի է խուսափել SSA-ին գումարը հետ վերադարձնելուց. Պահանջել վերանայում (բողոքարկում), Հրաժարում գերավճարի հետ վերադարձման պահանջից (Հրաժարում պահանջից), Բողոքարկում և Հրաժարում պահանջից (միասին), Փոխզիջումային վճարում և Սնանկություն:  Այս տարբերակներից յուրաքանչյուրը մեկնաբանվում է ստորև:

12. Ինձ համար ի՞նչ նշանակություն ունի ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ:

Ներկայացրեք դիմում-բողոք, եթե.18

  • Գերավճարի մասին ծանուցման մեջ ձեր եկամուտը սխալ է նշված
  • Գերավճարի մասին ծանուցման մեջ ձեր նպաստը սխալ է նշված
  • Դուք չեք գտնում, որ պարտք եք այնքան, որքան նշում է SSA-ը
  • Դուք գտնում եք, որ դուք գերավճար չեք ստացել, կամ
  • Դուք պատասխանատու չեք հետ վճարման համար (օրինակ եթե դուք գումարի լիազորված ստացողն եք, ամուսինը/կինը և այլն):19

Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ պահանջել վերանայում «ոչ պաշտոնական քննարկման» միջոցով այնպես, որ կարողանաք հանդիպել SSA-ից որևէ մեկի հետ, ով ձեզ հետ կքննարկի ձեր գործը:  Եթե դուք չեք հասկանում, թե ինչու է SSA-ն ասում, որ դուք ստացել եք գերավճար, SSA-ի ներկայացուցիչը կկարողանա մեկնաբանել ձեզ դա:20

Եթե դուք բաց եք թողել բողոքարկման 60-օրյա ժամկետը, դուք կարող եք այնուամենայնիվ բողոքարկել, եթե ունեք «հիմնավոր պատճառ»:21

13. Ի՞նչ է ՊԱՀԱՆՋԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ և ե՞րբ արժե ներկայացնել ՀՐԱԺԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋԻՑ:

Հրաժարում պահանջից նշանակում է, որ դուք ընդունել եք, որ ունեք գերավճար և պահանջում եք, որ այն հետ չվերադարձնեք:  Դուք ստիպված չեք լինի հետ վճարել գերավճարը, եթե SSA-ն ազատի ձեզ հետվճարման պահանջից ձեր դիմումի համաձայն: 22 Եթե SSA-ը մերժի ձեր հրաժարման դիմումը, դուք կարող եք բողոքարկել այդ մերժումը:23

Գերավճարի հետվճարման պահանջից հրաժարվեք ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե դուք համաձայն եք, որ ունեք գերավճար կամ եթե կորցրել եք գերավճարի գոյությունը վիճարկող բողոքարկման որոշումը:  Պահանջից հրաժարման դիմում տալը կարող է նշանակել, որ դուք ընդունում եք, որ կա գերավճար:

Պահանջից հրաժարման դիմում տալու դեպքում դուք պետք է ցույց տաք, որ գերավճարը ձեր թերացման հետևանքով չէ, և որ կիրառելի է հետևյալից որևէ մեկը.24

  • Գումարի հետվճարումը կնշանակի ֆինանսական ծանր բեռ (գումարը ձեզ անհրաժեշտ է ձեր ամենօրյա ապրուստի ծախսերը հոգալու համար):  Պատրաստ եղե՛ք ներկայացնել հաշիվներ, որոնք ցույց կտան, որ ձեր ողջ եկամուտը ծախսվում է ձեր ամսական հաշիվների վրա,25
  • Եթե դուք դեռևս ստանում եք SSI նպաստ, հետվճարումը կչեղարկի այն պատճառը, որի հիման վրա ձեզ նշանակվել է SSI նպաստը:  Սա ճիշտ է այն դեպքում, երբ ձեր եկամուտը չի գերազանցում SSI/SSP նպաստների առավելագույն սահմանաչափը՝ գումարած $85,26
  • Հետվճարումը կլինի «արդարության և բարեխղճության դեմ» օրինակ այն դեպքում, երբ դուք հույսը դրել էիք ձեր SSI նպաստի վրա, հետո պարզվեց, որ դա սխալ է, ինչը ավարտեց ձեր գույքային իրավունքը կամ փոխեց ձեր դրությունը դեպի ավելի վատը,27
  • Դուք ունեցել եք ռեսուրսներ, ներառյալ չգրանցված ռեսուրսները, որոնց արժեքը $50-ով կամ ավելի քիչ գումարի չափով գերազանցել է նախատեսված շեմը, և սա գերավճարի միակ պատճառն է:  Պահանջից հրաժարման ձեր դիմումը կհաստատվի, եթե դուք ոչ միտումնավոր կամ ոչ գիտակացաբար եք թերացել ձեր ռեսուրսների կամ դրանց արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակին և ճշգրիտ հայտնելու մեջ,28 կամ
  • Գերավճարի գումարը $1000.01 է կամ ավելի պակաս: Սա կարող է օգտագործվել գերավճարի յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար:29  Այսինքն, գերավճարի առանձին ժամանակաշրջանները չեն գումարվում իրար՝ պարզելու համար, թե արդյոք գերավճարի գումարը $1000.01-ից պակաս է:

Դուք կարող եք պահանջից հրաժարվելու դիմում տալ գերավճարի ցանկացած մասի համար:  Օրինակ՝ դուք չեք հայտնել փոփոխության մասին հաջորդող ամսվա առաջին 10 օրվա ընթացքում, սակայն դա արել եք ամսվա վերջում:  Դուք կարող եք տալ պահանջից հրաժարվելու դիմում գերավճարի ողջ գումարի համար, բացառությամբ առաջին ամսվա գերավճարը:30

Պահանջից հրաժարվելու դիմումի ձևը կարող եք վերցնել SSA-ի գրասենյակից, զանգահարել SSA-ին և խնդրել նրանց, որ ձեզ փոստով առաքեն դիմումի ձևը կամ ներբեռնել SSA-ի կայքէջից հետևյալ հղումով՝ http://www.ssa.gov/online/ssa-632.pdf:

14. Ո՞րն է պահանջից հրաժարման դիմում տալու վերջնաժամկետը:

Պահանջից հրաժարման դիմում տալու համար որևէ ժամկետային սահմանափակում չկա:  Դուք կարող եք պահանջից հրաժարման դիմումը տալ ցանկացած պահի:  Դուք կարող եք պահանջից հրաժարման դիմումը տալ անգամ գերավճարը հետ վճարելուց հետո:31  Պահանջից հրաժարման դիմումը տալուց հետո SSA-ը կուսումնասիրի ձեր դիմումը և կկայացնի դրական որոշում կամ ձեզ հետ կանցկացնի անձնական քննարկում, եթե ի վիճակի չլինի դրական որոշում կայացնելու:32 Դուք կարող եք նաև բողոքարկել պահանջից հրաժարման դիմումի մերժումը:

15. Եթե ես ներկայացնեմ պահանջից հրաժարման դիմում, ինչպե՞ս է SSA-ը որոշելու, որ ես մեղավորություն չունեմ:

SSA-ը կդիտարկի ձեր «անմեղությունը»՝ ուսումնասիրելով, թե արդյոք դուք.33

  • Հասկացել եք այն պարտավորությունը, որ պետք է հետ վերադարձնեք վճարումները, որոնք դուք չպետք է ստանայիք,
  • Հասկացել եք, որ դուք ունեք գերավճար դրա ստացման ժամանակ,
  • Հասկացել եք SSA-ին տեղեկատվություն ներկայացնելու պահանջները: SSA-ը կուսումնասիրի ձեր կարդալու կարողությունը, կրթվածության աստիճանը, այն, թե արդյոք անգլերենը ձեզ համար երկրորդ լեզու է կամ արդյոք դուք ունեք այնպիսի հաշմանդամություն, որը դժվարացնում է ձեր հասկանալու ունակությունը,
  • Համաձայնել եք ներկայացնել տեղեկատվություն ձեր նպաստի գումարի կամ իրավունակության վրա ազդող իրադարձությունների մասին,
  • Իրազեկված եք եղել այն իրադարձությունների մասին, որոնց մասին պետք է հայտնեիք,
  • Փորձել եք կատարել տեղեկատվություն ներկայացնելու պահանջները,
  • Կատարել եք տեղեկատվություն ներկայացնելու պահանջները,
  • Ի վիճակի եք եղել և ունեցել եք հնարավորություն կատարելու տեղեկատվություն ներկայացնելու պահանջները,
  • Ստացել եք սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն որևէ պաշտոնական աղբյուրից, օրինակ SSA-ի աշխատակցից, հրապարակումից և այլն, և
  • Իրազեկված եք եղել որևէ իրադարձության վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու անհրաժեշտության մասին, սակայն դա համարել եք ոչ այնքան էական և որ դա որևէ էական ազդեցություն չի ունենա ձեր նպաստի գումարի չափի կամ ձեր իրավունակության վրա:

ՆՇՈՒՄ. Եթե SSA-ը չկարողանա հիմնավորել և փաստաթղթերով ապացուցել գերավճարի պատճառը կամ չկարողանա տալ ձեզ լիարժեք մեկնաբանություն գերավճարի փաստերի վերաբերյալ, դուք պետք է դիտվեք որպես սխալ չունեցող:34

16. Ի՞նչպիսի հանգամանքներում SSA-ը կարող է մերժել պահանջից հրաժարվելու դիմումը, քանի որ որոշել է, որ ես սխալ եմ թույլ տվել:

Դուք կարող եք դիտվել որպես «սխալ թույլ տված» որևէ գերավճարի կապակցությամբ, երբ հետևյալ պատճառներից որևէ մեկի հետևանքով կատարվել է սխալ վճարում.35

  • Դուք SSA-ին չեք տրամադրել այն տեղեկատվությունը, որը պետք է տրամադրեիք:  Օրինակ դուք չեք հայտնել վերևում հարց 4-ում նշված տեղեկատվությունը,
  • Դուք իմացել եք, որ SSA-ին տրամադրել եք սխալ տեղեկատվություն,
  • Դուք ստացել և կանխիկացրել եք կրկնօրինակ չեքեր,
  • Դուք ունեցել եք նմանատիպ գերավճարներ նախկինում, կամ
  • Դուք ստացել եք պայմանական վճարում և չեք պահպանել առնչվող պայմանները:  SSA-ը կատարում է պայմանական վճարումներ այն դեպքում, երբ դուք գրավոր ստորագրում եք պայմանագիր SSA-ի հետ և հասկանում եք դրա հետևանքները եթե որոշակի պայմաններ չպահպանեք (օրինակ SSA-ին հետ վճարելու հետ կապված):
  • ՕՐԻՆԱԿ. հունվարի 1-ին SSI նպաստառուն գրավոր համաձայնում է նվազեցնել ռեսուրսների գումարը մինչև $2,000 մինչև մարտի 31-ը և տեղեկացվում է, որ եթե այդպես չանի մինչև մարտի 31-ը, նա պետք է հետ վճարի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ստացած իր SSI չեքերի գումարները: Եթե նա չի նվազեցնում ռեսուրսների գումարը մինչև մարտի 31-ը, նա ունենում է գերավճար և դիտվում է որպես սխալ թույլ տված նպաստառու:

Մեկ ուրիշի կողմից թույլ տված սխալը կամ սխալի իմացությունը չի կարող համարվել սխալ պահանջից հրաժարման դիմում ներկայացրած անձի համար:  Օրինակ SSI ստացող երեխայի դեպքում, եթե նրա ծնողը թերացել է հայտնել այնպիսի իրադարձության մասին, որը կարող է ազդել երեխայի SSI նպաստի գումարի չափի կամ նրա իրավունակության վրա, չի կարող դիտվել որպես երեխայի սխալ կամ թերացում:  Այդ երեխան կլինի առանց սխալի:  Սա չի նշանակում, որ ծնողը, լինելով երեխայի գումարի լիազորված ստացողը, թերացում չունի և չպետք է պատասխանատվություն կրի գումար հետ վճարման համար:36

17. Եթե ես ներկայացնում են պահանջից հրաժարվելու դիմում, ինչպե՞ս է SSA-ը որոշելու, թե արդյոք գերավճարի հետվերադարձը ինձ համար կնշանակի ֆինանսական բեռ:

Եթե Դուք հանդիսանում եք SSI նպաստ ստացող, SSA-ն ավտոմատ համարում է, որ գերավճարի հետ վերադարձը ձեզ համար ֆինանսական բեռ է:  Եթե դուք այլևս չեք ստանում SSI նպաստ, պետք է ցույց տաք, որ ձեր եկամուտներից ու ծախսերից ելնելով՝ դուք չեք կարող ֆինանսապես ձեզ թույլ տալ հետ վճարել գերավճարը:  Խորհուրդ ենք տալիս կցել Պահանջից հրաժարման դիմումի ձևը, բոլոր փաստաթղթերը, որոնք ձեր կարծիքով կօգնեն ցույց տալ ձեր դրությունը (օրինակ հաշիվներ, բանկի քաղվածքներ, SSA-ի նամակներ):  Պետք չէ կցել ձեր եկամուտների ու ծախսերի վերաբերյալ այս հարցերը կամ որոշակի լրացված հարցերը, եթե դուք դեռևս ստանում եք SSI նպաստ, քանի որ ֆինանսական բեռը ենթադրելի է:37

Եթե մերժել են ձեր պահանջից հրաժարման դիմումը, քանի որ SSA-ն ասում է, որ ձեզ համար ֆինանսական բեռ չի լինի գերավճարի հետվճարումը, և դուք ունեք հանգամանքների փոփոխություն (ձեր ֆինանսական վիճակը վատանում է), դուք հավանաբար կկարողանաք ցույց տալ, որ գերավճարի հետվճարումը ձեզ համար ֆինանսական բեռ կլինի:

18. Ինչպիսի՞ հանգամանքներում արժե ներկայացնել ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ (ՄԻԱՍԻՆ):

Եթե դուք համոզված չեք, թե ինչ է պետք անել, բողոքարկեք 60 օրվա ընթացքում և ներկայացրեք պահանջից հրաժարման դիմում:  SSA-ը պետք է նախ ընթացք տա բողոքարկման դիմումին:38

19. Ի՞նչ է ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄԸ:

Դուք կարող եք առաջարկել SSA-ին վճարել ավելի քիչ գումար որպես ամբողջական վճարում, քան պարտավոր եք:39  SSA-ը հաշվի կառնի հետևյալ գործոնները.

  • Ողջ պարտավորությունը վճարելու ձեր կարողությունը,
  • Ճշգրտման հնարավորությունն այժմ, թե հետո,
  • Ձեր առաջարկած գումարը ձեր ունեցած պարտքի գումարի նկատմամբ,
  • Այլ փոխզիջումային կարգավորումներ, որ դուք ունեցել եք և դրանց շրջապատող հանգամանքները, և
  • Գերավճարի գումարի հետվերադարձի համար ձեզ դատարան կանչելու SSA-ի ծախսերը

20. Ես կարո՞ղ եմ դիմել ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ հաստատման համար, որպեսզի ազատվեմ SSI-ի գերավճարից:

Այո։  Դուք կարող եք ներկայացնել հայց սնկանության գործերով զբաղվող դատարանին, որպեսզի SSI-ի գերավճարը ճանաչվի անհուսալի պարտք, որը կարող է համարվել մարված:40  Եթե ցանկանում եք գնալ այս ճանապարհով, դուք պետք է խորհրդակցեք որևէ մեկի հետ, ով ունի սնանկության մասին օրենսդրության մասնագիտացում:

21. Ես ինչպե՞ս կարող եմ հետագայում խուսափել գերավճարից:

  • Հայտնել ձեր կյանքում տեղի ունեցած բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել ձեր ստացած Սոցիալական ապահովության նպաստի գումարի չափի կամ ձեր իրավունակության վրա:  Լավագույնը կլինի, եթե SSA-ին փոփոխությունների մասին հայտնեք գրավոր և փոստով ուղարկված տեղկատվության մեկ օրինակը պահեք ձեզ մոտ:  Ձեր օրինակի վրա գրեք, թե երբ եք այն հանձնել փոստին:  Եթե փոփոխությունների մասին հայտնեք հեռախոսով, գրեք ամսաթիվը, ժամը, հեռախոսահամարը, որով զանգել եք և այն անձի անունը, ում հետ խոսել եք:
  • Մի՛ ծախսեք SSA-ից ստացած գումարը, եթե ենթադրում եք, որ այն չպետք է ստանայիք:  Այդ մասին հայտնեք SSA-ին:  Եթե SSA-ը հրաժարվում է ձեզ գրավոր հաստատում տալ, կապվեք ԱՄՆ ձեր տարածաշրջանի Սենատորի կամ Կոնգրեսականի հետ և տվյալ գրասենյակում Սոցիալական ապահովության հարցերով զբաղվող անձին խնդրեք օգնել ձեզ:  Եթե դուք ի վիճակի չեք վերադարձնել գումարը SSA-ին, մի՛ ծախսեք այն:  Պահե՛ք այն ձեր բանկում, մինչև հարցը լուծվի:
  • Հասկացեք անկանխիկ աջակցության և օգնության (անգլ.՝ In-Kind Support and Maintenance, ISM) էությունը և թե ինչպես կարող է այս «եկամուտն» ազդել ձեր նպաստի գումարի չափի կամ իրավունակության վրա:  ISM-ի վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս այս թեմայով մեր հրապարակումը հետևյալ հղումով՝

https://www.disabilityrightsca.org/publications/ssi-applicants-and-recipients-not-knowing-about-in-kind-support-and-maintenance-can

ՆՇՈՒՄ. Եթե դուք ստանում եք և՛ Անաշխատունակության ապահովագրական նպաստը (անգլ.՝ Social Security Disability Income, SSDI), և՛ SSI, ուրեմն փոփոխությունների մասին պետք է հայտնեք և՛ SSI-ի գործը վարող աշխատակցին, և՛ SSDI-ի գործը վարող աշխատակցին:

22. Որտե՞ղ կարող եմ ստանալ մանրամասն տեղեկատվություն գերավճարից խուսափելու վերաբերյալ:

Այցելե՛ք SSA-ի կայքէջը հետևյալ հղումով՝ www.ssa.gov:  Անցե՛ք «Get a Publication» հղումով, այնուհետև բացվող ընտրացանկից ընտրեք «SSI» հղումը, որից հետո ընրտեք «SSI Spotlights»:  Դուք կարող եք ընտրել, թե որ SSI Spotlights հրապարակումն եք ցանկանում կարդալ:  SSI Spotlights հրապարակումները ներառում են հետևյալ թեմաները. «Իրավունքներ և պատասխանատվություններ», «Ձեր եկամուտների մասին հայտնելը», «Կացարանային պայմաններ» և շատ այլ թեմաներ:

  • 1. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.525(ա), Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.537(ա)
  • 2. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.538(ա)
  • 3. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.708, Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.714
  • 4. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.708
  • 5. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.570, POMS SI 02201.020 B.1
  • 6. ԱՄՆ Օրենսդրություն 42, Բաժին 1382j(ե), POMS SI 02201.005.F
  • 7. ԱՄՆ Օրենսդրություն 42, Բաժին 1383(բ), POMS SI 02201.005.F
  • 8. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.537(ա), POMS SI 02201.005.F
  • 9. POMS SI 02201.005.G.2.c, d
  • 10. POMS SI 02201.005.G.2.b
  • 11. POMS SI 02201.005.G.2.
  • 12. POMS SI 02201.005.G.2.a
  • 13. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.558, POMS SI 02201.025
  • 14. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.570, Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.571
  • 15. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.571
  • 16. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.1336 (բ)
  • 17. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.1409
  • 18. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.1408
  • 19. POMS SI 02201.005
  • 20. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.1413
  • 21. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.1411
  • 22. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.551
  • 23. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.557
  • 24. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.550
  • 25. ԱՄՆ Օրենսդրություն 42, Բաժին 1383 (բ), Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.553
  • 26. Նույնը
  • 27. ԱՄՆ Օրենսդրություն 42, Բաժին 1383 (բ), Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.554
  • 28. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.556, POMS SI 02260.025.C.2, SI 02260.035
  • 29. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.555, POMS SI 02260.030
  • 30. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.551
  • 31. POMS SI 02260.001.A.3
  • 32. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.557
  • 33. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.552
  • 34. POMS SI 02260.015.B.1.b
  • 35. Նույնը
  • 36. SI 02260.010.B.3
  • 37. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.553
  • 38. SSA-ի արտահերթ հաղորդագրություն թիվ EM-10092, ուժի մեջ է սկսած՝ 12/22/2010
  • 39. Դաշնային Օրենսգիրք 20, Բաժին 416.571
  • 40. POMS SI 02220.040