17 խորհուրդ հատուկ կրթություն ստանալու հարցում շահերը պաշտպանելու վերաբերյալ

Publications
#5130.10

17 խորհուրդ հատուկ կրթություն ստանալու հարցում շահերը պաշտպանելու վերաբերյալ

Այս փաստաթղթում ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր երեխայի շահերը ինչպես IEP-ի[i] հանդիպումից առաջ և հետո, այնպես էլ՝ հանդիպման ընթացքում:

Այս փաստաթղթում ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր երեխայի շահերը ինչպես IEP-ի1 հանդիպումից առաջ և հետո, այնպես էլ՝ հանդիպման ընթացքում:

IEP-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

1.   Պատրաստեք ձեր երեխայի IEP-ի նյութերը

Ձեր երեխայի IEP-ի հանդիպումից առաջ պատրաստեք նրա IEP-ի նյութերը: Ընտրեք պատրաստման ձեզ հարմար եղանակ: Դա կօգնի պատրաստ լինել հանդիպմանը: Համոզվեք, որ ունեք ձեր երեխայի վերաբերյալ ամբողջ հաղորդակցման թարմ նյութերը, օրինակ՝ ձեր երեխային վերաբերող էլեկտրոնային նամակագրությունը դպրոցի անձնակազմի հետ, գնահատման բոլոր դիմումները, գնահատման պլաններն ու հաշվետվությունները, ձեր երեխայի IEP-ի և բոլոր նախնական գրավոր ծանուցումների2 պատճենները, որոնք հնարավոր է, որ ստացած լինեք, ձեր պաշտպանության միջոցների պատճենը, առաջադիմության քարտերը և հաշվետվությունները, նմուշային աշխատանքը և եթե կիրառելի է, վարքագծի ուղղիչ միջամտության պլանն ու վարքագծային խնդիրների հաշվետվությունները:

2.   Պահանջեք գնահատումներ

Դպրոցական կրթության շրջանային բաժինը պարտավոր է գնահատել աշակերտին ենթադրվող հաշմանդամության բոլոր կողմերով: Դուք նույնպես կարող եք ձեր երեխայի դպրոցական կրթության շրջանային բաժնից պահանջել՝ գնահատել ձեր երեխային ենթադրվող հաշմանդամության բոլոր կողմերով: Դուք կարող եք ձեր երեխայի դպրոցական կրթության շրջանային բաժնից պահանջել նաև՝ գնահատել, թե ձեր երեխային ինչ ծառայություններ կարող են անհրաժեշտ լինել, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման թերապիան: Գնահատման վերաբերյալ դպրոցական կրթության շրջանային բաժնին ուղղված բոլոր պահանջները պետք է ներկայացնեք գրավոր:

Պահանջը ներկայացնելուց հետո դպրոցական կրթության շրջանային բաժինը 15 օրվա ընթացքում պետք է ձեզ տրամադրի գնահատման պլան: Այս պլանն ստորագրելուց և այն դպրոցական կրթության շրջանային բաժնին վերադարձնելուց հետո գնահատումներն ավարտելու և IEP-ի հանդիպում անցկացնելու համար դպրոցական կրթության շրջանային բաժինն ունի 60 օր:

Եթե համաձայն չեք դպրոցական կրթության շրջանային բաժնի գնահատման հետ, կարող եք խնդրել նրանց վճարել կրթական անկախ գնահատման (անգլ. IEE) համար: Դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է կա՛մ վճարի անկախ գնահատման համար, կա՛մ ներկայացնի գործի քննության լսումների անցկացման հայտ (դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է ցույց տա, որ իր գնահատումը կատարվել է պատշաճ կերպով):

3.   Խնդրեք տրամադրել գնահատման բոլոր հաշվետվությունները IEP-ի հանդիպումից մեկ շաբաթ առաջ

Դաշնային և նահանգային օրենսդրության համաձայն դպրոցական կրթության շրջանային բաժինները պարտավոր են IEP-ի հանդիպումից առաջ տրամադրել գնահատաման հաշվետվությունների պատճենները: Սակայն չկա որևէ ժամկետ, որը ցույց տա, թե դպրոցական կրթության շրջանային բաժինները IEP-ի հանդիպումից քանի օր առաջ պետք է ձեզ տան գնահատաման հաշվետվությունների պատճենները: Ավելի վաղ խնդրեք դպրոցական կրթության շրջանային բաժնին, որ գնահատաման հաշվետվությունների պատճենները ձեզ տան IEP-ի հանդիպումից մեկ շաբաթ առաջ: Դա շատ կարևոր է, որպեսզի կարողանաք կարդալ հաշվետվությունները, գրի առնեք դրանց վերաբերյալ ձեր հարցերը և պատրատվեք IEP-ի հանդիպմանը:

4.   IEP-ի հանդիպմանը պատրաստվեք ընկերոջ կամ փաստաբանի հետ

IEP-ի հանդիպմանը ընկերոջ կամ փաստաբանի հետ պատրաստվելը կօգնի ձեզ ավելի պատրաստված ներկայանալ IEP-ի հանդիպմանը:

Ծնողական խմբերը, օրինակ՝ ընտանեկան ռեսուրսների կենտրոնները և ծնողների ուսումնական ու տեղեկատվական կենտրոնները գուցե ունենան փաստաբաններ, որոնք կկարողանան օգնել ձեզ պատրաստվել կամ ձեզ հետ միասին գալ IEP հանդիպմանը: Կամ կարող եք ընկերանալ մեկ այլ ընտանիքի հետ և օգնել միմյանց: Եթե ձեր երեխան հանդիսանում է տարածաշրջանային կենտրոնի շահառու, ապա ձեր երեխայի տարածաշրջանային կենտրոնի կենտրոնի ծառայությունների համակարգողը պետք է օգնի ձեզ պատրաստվել IEP-ի հանդիպմանը: 

Ընկերոջ կամ փաստաբանի հետ՝

  • կարդացեք բոլոր գնահատումների հաշվետվությունները,
  • սահմանեք ձեր նպատակները IEP-ի հանդիպման համար,
  • ուսումնասիրեք ձեր երեխայի ներկայիս IEP նպատակները և այդ նպատակներին վերաբերող բոլոր կատարողական հաշվետվությունները,
  • սահմանեք ձեր երեխայի կարիքների բոլոր ոլորտները, այդ թվում՝ ձեր երեխայի համար հատուկ դժվարություն ներկայացնող ասպեկտները, որոնք ցանկանում եք դպրոցական կրթության շրջանային բաժնի ուշադրությանը ներկայացնել, և
  • սահմանեք, թե ձեր երեխան IEP-ի վերջին հանդիպումից մինչ օրս ինչ ձեռքբեումներ է ունեցել և ինչի հույս ունեք, որ նա կսովորի:

Բոլոր IEP նպատակները, որոնք կցանկանայիք առաջարկել IEP-ի թիմին, քննարկեք ձեր ընկերոջ կամ փաստաբանի հետ:

Խոսեք նաև ամբողջական մասնակցության կամ ընդլայնված ինտեգրման տարբերակի մասին: Օրենքը սահմանում է, որ առավելագույն հնարավոր չափով, IEP-ի թիմի որոշմամբ, հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է կրթություն ստանան իրենց մոտակա դպրոցներում և հաճախեն կանոնավոր դասերին (անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ օժանդակ միջոցների և ծառայությունների օգնությամբ): Եթե ցանկանում եք ամբողջական մասնակցություն կամ ընդլայնված ինտեգրում, օրինակ՝ մասնակցություն էքսկուրսիաներին կամ արտադպրոցական պարապմունքներին, օրինակ՝ ակումբներ և սպորտի խմբակներ, սահմանեք, թե ձեր երեխան դպրոցից դուրս ինչպես է շփվում հաշմանդամություն չունեցող երեխաների հետ և ինչն է նրան օգնում այդ հարցում:

5.   Կազմեք այն կետերի ցանկը, որոնք ցանկանում եք քննարկել IEP-ի հանդիպմանը

Կարևոր չէ, թե որքան լավ եք պատրաստվել IEP-ի հանդիպմանը, հնարավոր է, որ հանդիպման ժամանակ նյարդայնանաք կամ շեղվեք: Գրի առեք այն կետերը, որ ցանկանում եք քննարկել և այն հարցերը, որ ունեք, դա կօգնի ձեզ IEP-ի հանդիպմանը չմոռանալ այդ կետերի ու հարցերի մասին: IEP-ի հանդիպման ժամանակ կարող եք նշել քննարկման կետերը և գրի առնել ձեր հարցերին տրված պատասխանները:

6.   Ուղարկեք IEP-ի հանդիպումը ձայնագրելու գրավոր ծանուցում

Եթե ցանկանում եք ունենալ IEP-ի հանդիպման ձայնագրությունը, այն ձայնագրելու համար կարող եք օգտագործել դիկտոֆոն կամ ձեր հեռախոսի աուդիո-ձայնագրման բջջային հավելվածը: Բայց հանդիպումը կարող եք ձայնագրել միայն այն դեպքում, եթե դպրոցական կրթության շրջանային բաժնին հանդիպումից 24 ժամ առաջ գրավոր տեղեկացրել եք, որ ցանկանում եք ձայնագրել հանդիպումը: Եթե դուք ձայնագրեք IEP-ի հանդիպումը, դպրոցական կրթության շրջանային բաժինը նույնպես կարող է ձայնագրել այն:

IEP-Ի ՀԱՆԴԻՊՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

7.   Բերեք որևէ ընկերոջ, փաստաբանի և (կամ) որևէ անձի, ով ճանաչում է ձեր երեխային

Ձեր ցանկացած անձին կարող եք հրավիրել ներկա գտնվել ձեր երեխայի IEP-ի հանդիպմանը: Միշտ արժե կողքին որևէ մեկին ունենալը: Բերեք այնպիսի մեկին, օրինակ՝ ցերեկային խնամքի դայակին, տատիկին կամ պապիկին, ուսուցչին կամ որևէ այլ անձի, որը ճանաչում է ձեր երեխային և նրա սովորելու ոճը: Եթե պլանավորում եք բերել փաստաբանի, այդ թվում՝ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համակարգողին, միգուցե անհրաժեշտ լինի հանդիպման ամսաթիվը նրանց հետ նախապես պլանավորել:

8.   Մի՛ վախեցեք հարցեր տալուց և համոզվե՛ք, որ հասկանում եք մասնագիտական «ժարգոնները»

IEP-ի հանդիպումները երբեմն կարող են ճնշող և շփոթեցնող լինել, նույնիսկ եթե նախկինում ներկա եք գտնվել IEP-ի հանդիպումների: Հարցեր տալը կարևոր է տեղեկացված և պատրաստված լինելու համար, որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր երեխայի շահերը:

Դպրոցական կրթության շրջանային բաժինները պարտավոր են բոլոր տվյալներն ու առաջարկությունները բացատրել դյուրըմբռնելի լեզվով: Դպրոցական կրթության շրջանային բաժնի անձնակազմն ամեն օր նույն եզրերն է օգտագործում և կարող է մոռանալ, որ ուրիշները չգիտեն, թե իրենք ինչ ի նկատի ունեն: Եթե IEP-ի հանդիպման ընթացքում հնչած որևէ բան չեք հասկանում, մի վախեցեք հարցեր տալուց և մանրամասն տեղեկություններ հարցնելուց:

9.     Քննարկեք ձեր երեխայի արդյունավետության ներկա մակարդակները

IEP-ի թիմը կքննարկի տարբեր բնագավառներում ձեր երեխայի ներկա արդյունավետությունը: Դրա համար կուսումնասիրվեն բոլոր հաշվետվություններն ու գնահատումները: Ձեր երեխայի ուսուցիչ(ներ)ը և ծառայություն մատուցող(ներ)ը կքննարկեն ձեր երեխայի արդյունավետության մասին իրենց դիտարկումները: Անպայման քննարկեք ձեր երեխայի արդյունավետության վերաբերյալ դիտարկումները, այդ թվում՝ ձեր երեխայի ուժեղ կողմերը և (կամ) ձեր երեխայի հետ կապված ձեր մտահոգությունները:

10.  Կազմեք IEP-ի տարեկան նպատակներ և անպայման կատարեք այդ նպատակների իրագործման ընթացքի մշտադիտարկում

IEP-ի թիմը կուսումնասիրի ձեր երեխայի առաջընթացը նախկին տարեկան նպատակների ուղղությամբ, ապա կմշակի նոր տարեկան նպատակներ: Եթե ձեր երեխան չի հասել որևէ տարեկան նպատակի, IEP-ի թիմը կվերանայի այդ նպատակը: IEP-ի թիմը պետք է փոփոխի տվյալ նպատակը, որպեսզի այն համապատասխան լինի ձեր երեխային և (կամ) պետք է տրամադրի լրացուցիչ ծառայություններ և աջակցություն՝ օգնելու ձեր երեխային առաջընթաց ունենալ տվյալ նպատակի հարցում: IEP-ի թիմը պետք է մշակի այնպիսի նպատակներ, որոնք ձեր երեխայի հանգամանքներում հավակնոտ են և որոշակի դժվարություն կներկայացնեն:

Երբ IEP-ի թիմն ավարտի ձեր երեխայի համար նոր տարեկան նպատակների մշակումը, պետք է տեղեկացնի ձեզ, թե ինչ հաճախականությամբ է ձեզ հաշվետվություններ տրամադրելու այն մասին, թե ձեր երեխան նպատակներն իրականացնելու հարցում ինչ առաջընթաց ունի: Եթե ձեր երեխայի առաջընթացը գնահատվի ոչ թե դպրոցական կրթության շրջանային բաժնի ընդհանուր կրթական չափանիշներով (օրինակ՝ Կալիֆորնիայում աշակերտի առաջադիմության և առաջընթացի գնահատման ծրագիրը կամ անգլ. CAASPP), այլ առաջադիմության գնահատման այլընտրանքային չափանիշներով, ապա IEP-ում տարեկան նպատակները պետք է մասնատվեն կարճաժամկետ նպատակների, որոնք տարվա մեջ սահմանված որևէ ժամկետում պետք է վերանայվեն՝ համոզվելու, որ երեխայի առաջընթացը համապատասխանում է տարեկան նպատակին: Համոզվեք, որ կարճաժամկետ նպատակները հստակ են և ունեն առաջընթացի վերանայման համար սահմանված ժամկետներ: Եթե ձեր երեխան գնահատվի առաջադիմության ստանդարտ թեստավորման ծրագրով, նրա IEP-ը չի ներառի կարճաժամկետ նպատակներ:

11.  Սահմանեք լիարժեք մասնակցության կամ ինտեգրման հնարավորությունները և հաջողության հասնելու համար անհրաժեշտ աջակցությունը

Դպրոցական կրթության շրջանային բաժինները պետք է լրացուցիչ օգնություն և ծառայություններ տրամադրեն՝ բավարարելու ներառական միջավայրում սովորող հաշմանդամություն ունեցող աշակերտների կարիքները: Դա կարող է լինել պատրաստված օգնականը, ձայնագրիչի օգտագործումը կամ վարքագծի ուղղիչ միջամտության պլանը վարքագծային խնդիրները շտկելու համար:

12.  Նկարագրեք, թե որտեղ է ձեր երեխան ընդունվել և սահմանեք հատուկ առնչվող ծառայություններն ու աջակցությունը

Երբ IEP-ի թիմն ավարտի ձեր երեխայի տարեկան նպատակների սահմանումը, պետք է խոսի այն ծառայությունների, աջակցության և կրթական հաստատությունում ընդունման մասին, որոնք կնպաստեն ձեր երեխայի առաջընթացին տարեկան նպատակներին հասնելու հարցում: Պետք է սահմանվեն բոլոր առնչվող ծառայությունները, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման թերապիան, ինչպես նաև այն, թե քանի րոպե և ինչ հաճախականությամբ է (օրական, շաբաթական, ամսական, տարեկան) ձեր երեխան ստանալու տվյալ ծառայությունը:

Ձեր երեխայի IEP-ում պետք է հստակ սահմանված լինի կրթական հաստատությունում տեղավորելը: Օրինակ՝ «Նատաշան լիարժեք կմասնակցի երկրորդ դասարանի դասերին, նրա հետ ողջ օրը կլինի դայակը, իսկ ներառման մասնագետը կօգնի Նատաշային շաբաթական հինգ ժամ»: Դուք իրավունք չունեք ստիպել դպրոցական կրթության շրջանային բաժնին, որպեսզի նրանք ապահովեն որևէ հատուկ անձի ծառայությունները հատուկ դասարանում, սակայն կրթական հաստատությունում հատուկ տեղավորման տարբերակները պետք է քննարկվեն IEP-ի թիմի հետ:

13.  Ստորագրեք IEP-ը միայն այն դեպքում, եթե բավարարված եք

Պետք է չէ ստորագրել IEP-ը հենց հանդիպման ժամանակ. կարող եք այն տուն տանել՝ մտածելու և ուրիշների հետ այն քննարկելու համար: Կարեղ եք համաձայնել IEP-ին մասնակի, որպեսզի սկսեն մատուցվել այն ծառայությունները, որոնց համաձայնել եք: Եթե ստորագրում եք IEP-ը և դրանից կարճ ժամանակ անց փոխում եք ձեր միտքը, կարող եք փորձել հետ կանչել ձեր համաձայնությունը՝ այդ մասին գրելով հատուկ կրթության ծրագրի ադմինիստրատորին: Սակայն ձեր համաձայնությունը հետ վերցնելու դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր չի լինի հետադարձել այն կրթությունն ու ծառայությունները, որոնք տրամադրվել են ձեր համաձայնությունը տալուց հետո և նախքան այն հետ վերցնելը: Եթե դուք և դպրոցական կրթության շրջանային բաժինը համաձայնության չեք գալիս առաջարկվող IEP-ի վերաբերյալ, ուժի մեջ է մնում ձեզ հետ համաձայնեցված վերջին IEP-ը այնքան ժամանակ, մինչև ձեր վեճը լուծվի առաջիկա հանդիպման ընթացքում կամ միջնորդության կամ պատշաճ ընթացակարգով անցկացվող լսումների միջոցով:

IEP-Ի ՀԱԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

14.  Հնարավորության դեպքում շփվեք ձեր երեխայի դասարանի/դպրոցի հետ

Ծնողների ունեցած ժամանակը և փողը տարբեր է: Դուք կարող եք կապվել ձեր երեխայի ուսուցչի կամ դպրոցի հետ, որպեսզի հարցնեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխայի դասարանին կամ դպրոցին: Դուք կարող եք դասերի օրերին դասարանում կամավոր կերպով ներկա գտնվել, կամավոր մասնակցել դպրոցի որևէ միջոցառման կամ եթե աշխատում եք օրվա ընթացքում, միգուցե կարողանաք տանը երեկոյան նյութեր պատրաստել: Ձեր երեխայի դասարանի/դպրոցի կյանքում ակտիվ մասնակցություն ունենալը կարող է օգնել ձեզ ավելի լավ ծանոթանալ դպրոցին և նրա անձնակազմին, ինչպես նաև ձեր երեխայի ուսուցչին և օգնել, որ ձեր երեխան իրեն յուրահատուկ զգա:

15.  Օգնեք ձեր երեխային ընկերանալ համադասարանցիների հետ

Օգնեք ձեր երեխային ընկերանալ համադասարանցիների հետ՝ կազմկերպելով խաղային օրեր դպրոցից դուրս: Համադասարանցիների հետ ընկերությունը կօգնի ձեր երեխային դառնալ իր համայնքի մասը:

16.  Հետևեք ձեր երեխայի առաջընթացին

Դուք հնարավոր է ցանկանաք մշակել կանոնավոր հաղորդակցման համակարգ ձեր երեխայի ուսուցչի հետ, օրինակ՝ պահել նոթատետր, որը կուղարկվի դպրոց և հետ կգա տուն: Նոթատետրը կօգնի ձեզ հետևել, թե արդյոք ձեր երեխան ստանում է ծառայություններն ու աջակցությունը: Ձեր երեխայի առաջընթացն ստուգելու համար դուք գուցե ցանկանաք մշակել հաղորդակցման համակարգ նաև ձեր երեխային ծառայություններ մատուցողների, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման մասնագետի հետ:

Դուք պետք է գրավոր սահմանեք ժամկետներ, որոնց ավարտին ձեր երեխան պետք է որոշակի հմտությունների տիրապետի, այդպիսիք են ձեր երեխայի IEP-ի նպատակներում նկարագրված կարճաժամկետ առաջադրանքները:

17.  Տարբերակներ գործերը չստացվելու դեպքում

Եթե կարծոմ եք, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը խախտել է հատուկ կրթության օրենքներն ու ընթացակարգերը և (կամ) չի մատուցել ստորագրված IEP-ով պահանջվող ծառայությունները, կարող եք բողոք ներկայացնել Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին (անգլ. California Department of Education, CDE): Դպրոցական կրթության շրջանային բաժինը կամ CDE-ն ուսումնասիրում են բողոքը և տալիս գրավոր որոշում այն մասին, թե արդյոք շրջանային բաժինը չի կատարել կամ չի կատարում պարտավորությունները: Մանրամասները տե՛ս Հատուկ կրթության մասին օրենքի իրավունքների ու պատասխանատվությունների մասին գլուխ 6-ում:

Երբ դուք և դպրոցական կրթության շրջանային բաժինը համաձայնության չեք գալիս ձեր երեխայի իրավունակության, տեղավորման, ծրագրային կարիքների, ինտեգրման կամ առնչվող ծառայությունների շուրջ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է պահանջել պատշաճ ընթացակարգով լսումների անցկացում: Եթե որոշում եք ներկայացնել օրենքով սահմանված լսումների անցկացման հայտ, ձեր բողոքը պետք է ներկայացնեք երկու տարվա ընթացքում՝ սկսած այն ամսաթվից, երբ իմացաք (կամ պատճառ ունեիք իմանալու) ձեր բողոքի փաստերի մասին: Լսումների ժամանակ երկու կողմերը ներկայացնում են ապացույց գործը լսող անկախ փորձագետին, որը տրամադրվում է Կալիֆոնիա նահանգի կողմից: Գործը լսող փորձագետը փաստերի, օրենքի և խնդրի մասին ներկայացնում է գրավոր որոշում: Մանրամասները տե՛ս Հատուկ կրթության մասին օրենքի իրավունքների ու պատասխանատվությունների մասին գլուխ 6-ում:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

  • 1. Անհատականացված կրթական ծրագիր: Մշակվում է հանդիպման ժամանակ, որին մասնակցում են առնվազն ծնող(ներ)ը, երեխայի ուսուցիչը և դպրոցական կրթության շրջանային բաժնի ներկայացուցիչը:
  • 2. Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը հրաժարվում է նախաձեռնել համապատասխան մակարդակի անվճար պետական կրթության (անգլ. FAPE) որոշարկում, գնահատում, ապահովում կամ տեղավորում համապատասխան անվճար կրթական հաստատությունում կամ փոփոխություններ կատարել այդ կետերում, պարտավոր է նախքան դա անելը «ողջամիտ ժամկետում» ձեզ հանձնել նախնական գրավոր ծանուցում այդ մասին: «Ողջամիտ ժամկետ» հասկացությունը կանոնադրության մեջ սահմանված չէ: Ծանուցումը պետք է պարունակի դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից մերժված ծառայությունը կամ տեղավորումը համապատասխան կրթական հաստատությունում, մերժման բացատրությունը, գնահատաման բոլոր այն ընթացակարգերը, որոշարկումները, գրանցված տվյալները կամ զեկույցները, որոնք դպրոցական կրթության շրջանային բաժինն օգտագործել է իր որոշումը կայացնելու համար: Ծանուցումը պետք է տեղեկացնի նաև տվյալ որոշումը վիճարկելու ձեր իրավունքի մասին, 34 C.F.R. Sec. 300.503; Cal. Ed. Code Sec. 56500.4: