CARE-ի դատարանը և SB 43-ը՝ պարզ բացատրությամբ
CARE-ի դատարանը և SB 43-ը՝ պարզ բացատրությամբ
Այս ռեսուրսը վերաբերում է Կալիֆոռնիայի հոգեկան առողջության մասին նորագույն օրենքին՝ «Խնամքի դատարան»-ին։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ է CARE-ի դատարանը։
California-ն ունի մի քանի նոր օրենք հոգեկան առողջության վերաբերյալ։ Նոր օրենքներից մեկը կոչվում է Համայնքային աջակցության, վերականգնման և հզորացման (CARE, Community Assistance, Recovery and Empowerment) դատարան։
CARE-ի դատարանում դատավարությունն ունի բազմաթիվ քայլեր։ Ձեզնից կպահանջվի բազմաթիվ անգամներ ներկայանալ դատարան։ Ձեր վարչաշրջանի վարքագծային առողջության դեպարտամենտը պետք է ստուգի, թե արդյոք դուք հոգեկան առողջության որևէ խանգարում ունեք։
- CARE-ի դատարանի վարույթը սկսվում է կոնկրետ ձևաթղթով։ Ձևաթուղթը կարող են լրացնել տարբեր անձինք, ինչպես օրինակ՝ ձեր ընտանիքի անդամը, որևէ անձ, ում հետ ապրում եք, կամ ոստիկանության աշխատակիցը։
- Ձևաթուղթը ներկայացնելուց հետո վարչաշրջանը կստուգի, թե արդյոք համապատասխանում եք չափանիշներին։ Միայն որոշ անձինք են համապատասխանում չափանիշներին։
- Չափանիշներին համապատասխանելու համար պետք է ունենաք որոշակի առողջական խնդիր՝ կա´մ շիզոֆրենիայի սպեկտրի խանգարում, կա´մ հոգեկան հատկանիշներով առաջին տիպի երկբևեռ խանգարում, կա՛մ այլ հոգեկան խանգարում:
- Շատ առողջական խնդիրներ չեն համապատասխանում չափանիշներին, օրինակ՝ աուտիզմը կամ առանց հոգեկան հատկանիշների երկբևեռ խանգարումը։
- Դատավորը ձեզ կհայտնի, թե արդյոք համապատասխանում եք չափանիշներին։
- Եթե դատավորը կարծում է, որ համապատասխանում եք չափանիշներին, կա երկու հնարավոր ճանապարհ․
- CARE-ի պայմանագիր. նախ դուք և ձեր փաստաբանը կարող եք փորձել համաձայնության գալ վարչաշրջանի և դատավորի հետ։ Այս պայմանագիրը կհանդիսանա հոգեկան առողջության տարեկան պլան։ Դատավորը պետք է հաստատի պայմանագիրը։
- CARE-ի պլան. եթե բոլորը համաձայնության չեն գալիս, դատարանը կարող է ձեզ համար պլան կազմել։
- Այդ պլանը կարող է ներառել բուժում, կացարան և դեղորայք։
- Հնարավոր է, որ ստիպված լինեք սպասել որոշ ժամանակ՝ մինչ ձեզ կացարան կամ աջակցության այլ միջոցներ տրամադրվեն։
- Դատավորը կարող է ձեզ դեղորայք նշանակել։ Եթե չեք ընդունում դեղորայքը, նրանք ուժ չեն գործադրի, որպեսզի ձեզ ստիպեն խմել այն։ Բայց եթե չեք ընդունում դեղորայքը, ապա դատարանը կարող է համարել, որ չեք հետևում նրանց պլանին։
- Եթե չեք հետևում պլանին և խնամակալության վերաբերյալ դատալսում է անցկացվում, ապա պետությունը կարող է առաջարկել, որ ձեզ համար խնամակալություն նշանակվի։ Խնամակալությունը նշանակում է, որ մեկ ուրիշը պետք է որոշումներ կայացնի ձեր հոգեկան առողջության բուժման և ձեր բնակության վայրի վերաբերյալ։ Օրինակ՝ նա կարող է ուղարկել ձեզ ապրելու փակ հաստատությունում և պահանջել հոգեբուժական դեղամիջոցներ ընդունել։
CARE-ի դատարանի միջոցով այլ անձինք, օրինակ՝ դատավորը, կարող են հրահանգել ձեզ, թե ինչ անել։ Հնարավոր է, որ դուք չկարողանաք լիակատար ընտրություն և վերահսկողություն պահպանել ձեր կյանքի նկատմամբ։
Ի՞նչ է SB 43-ը։
Սենատի օրինագիծ 43-ը (SB, Senate bill) հոգեկան առողջության մասին օրենք է Կալիֆորնիայում։ Օրենքը փոխում է «ծանր հաշմանդամություն» սահմանումը։
«Ծանր հաշմանդամությունը» ոչ կամավոր կալանքի կամ խնամակալության ներքո դրվելու միջոցներից մեկն է։
Ոչ կամավոր կալանքներից մեկը սահմանված է 5150 բաժնի ներքո։ 5150 բաժնի համաձայն սահմանված կալանքը վարչաշրջանին թույլ է տալիս ձեր կամքին հակառակ պահել ձեզ փակ հաստատությունում մինչև 72 ժամ (3 օր)։ Այդ ժամանակաշրջանից հետո որոշ մարդկանց ազատ են արձակում։ Ոմանք նախընտրում են հիվանդանոցում մնալ։ Ոմանք ավելի երկար են պահվում այլ տեսակի կալանքի ներքո։
Եթե համապատասխանում եք «ծանր հաշմանդամության» չափանիշներին, կարող են ձեզ կալանքի ներքո պահել՝ 5150 բաժնի համաձայն։ Ձեզ կարող են կալանքի ենթարկել ոստիկանության աշխատակիցը կամ վարչաշրջանի ներկայացուցիչը։
SB 43-ի համաձայն՝ «ծանր հաշմանդամություն» սահմանումը փոխվում է երկու կերպ․
- Ավելանում է հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով առաջացած սուր խանգարումը։ Եթե ունեք հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով առաջացած սուր խանգարում, ապա կարող եք համապատասխանել «ծանր հաշմանդամության» չափանիշներին։
- Այն նաև սահմանում է, որ եթե չեք կարող հոգ տանել ձեր առողջական խնամքի կամ անձնական անվտանգության մասին, ապա կարող եք համապատասխանել «ծանր հաշմանդամության» չափանիշներին։
«Ծանր հաշմանդամությունը» բաղկացած է երկու մասից.
- Դուք պետք է ունենաք կա՛մ հոգեկան առողջության խանգարում, կամ հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով առաջացած սուր խանգարում։
- Եվ, այդ վիճակի պատճառով չեք կարողանում որոշակի բաներ անել՝
- Հոգ տանել սննդի, հագուստի կամ ապաստանի ձեր սեփական կարիքների մասին կամ
- Հոգ տանել ձեր սեփական անվտանգության և բժշկական խնամքի մասին։
Այս օրենքը նշանակում է, որ ավելի շատ մարդիկ կենթարկվեն հարկադիր կալանքի և խնամակալության։ Այն նաև նշանակում է, որ ավելի շատ մարդիկ ավելի քիչ վերահսկողություն կունենան իրենց կյանքի նկատմամբ։


