Իմացեք ձեր իրավունքները Կալիֆորնիայում. հիվանդանոցային բուժման տրամադրումը COVID-19-ի ժամանակ

Իմացեք ձեր իրավունքները Կալիֆորնիայում. հիվանդանոցային բուժման տրամադրումը COVID-19-ի ժամանակ
COVID-19-ի ժամանակ հիվանդանոցները կարող են չունենալ բավարար մահճակալներ և պարագաներ՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հիվանդանոցները կարող են չունենալ բավականաչափ օդափոխիչներ բոլորի համար, ովքեր դրա կարիքն ունեն: Բժիշկները կարող են որոշումներ կայացնել այն մասին, թե ով է օգնություն ստանում:
Պատրաստվել է՝ Կալիֆորնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության, Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և պաշտպանության հիմնադրամի, Արդար ծերացման ծրագրի, Սան Ֆրանցիսկոյում անկախ կենսակերպի ռեսուրսների կենտրոնի և Գեր մարդկանց իրավական պաշտպանության, իրավունքների և կրթության կազմակերպության կողմից
COVID-19-ի ժամանակ հիվանդանոցերը հնարավոր է չունենան բավարար քանակի մահճակալներ և պարագաներ, որպեսզի օգնեն բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Հիվանդանոցները հնարավոր է չունենան բավարար քանակի շնչառական սարքեր բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավոր է, որ բժիշկները որոշեն, թե ով պետք է օգնություն ստանա:
2020 թվականի հունիսի 9-ին Կալիֆորնիա նահանգը կազմել է մի փաստաթուղթ, որով հիվանդանոցներին տեղեկացնում է, թե ինչպես պլանավորել այս ամենը և փորձել ապահովել բավարար քանակով մահճակալներ և պարագաներ: Փաստաթղթում ասվում է, թե հիվանդանոցներն ինչպես պետք է որոշեն՝ ովքեր են օգնություն ստանալու, եթե բոլորի համար բավարար քանակով մահճակալներ և պարագաներ չլինեն:
Առանց խտրականության
Փաստաթղթում ասվում է, որ հիվանդանոցները և բժիշկները խտրականությունն արգելող դաշնային և նահանգային օրենքները պետք է պահպանեն նույնիսկ ճգնաժամային իրավիճակում: Փաստաթղթում ասվում է, որ բժիշկները և հիվանդանոցները չեն կարող որոշել բուժել ձեզ՝ հիմք ընդունելով.
- Ձեր տարիքը
- Ձեր ռասան
- Եթե հաշմանդամություն ունեք
- Դա վերաբերում է քաշի, քրոնիկ հիվանդության հետ կապված կամ որևէ այլ հաշմանդամությանը:
- Ձեր սեռը
- Արդյոք կին եք, տղամարդ եք, թե ոչ բինար եք
- Ձեր սեռական կողմնորոշումը
- Արդյոք արվամոլ, նատուրալ, լեսբուհի, թե երկսեռական եք
- Ձեր գենդերային ինքնությունը
- Արդյոք տրանսվեստիտ եք, թե տրանսգենդեր
- Ձեր էթնիկ պատկանելությունը կամ ազգային ծագումը
- Արդյոք պատկանում եք ամերիկանոիդ ռասային, թե լատինաամերիկյան ծագում ունեք, խոսում եք այլ լեզվով, թե դուք կամ ձեր ընտանիքն այլ երկրից եք
- Վճարունակությունը
- Արդյոք կարող եք վճարել հիվանդանոցային ծախսերը
- Ձեր քաշը և չափսը
- Արդյոք մեծ, թե փոքր մարմին ունեք, գեր, նիհար, կարճահասակ, թե բարձրահասակ եք
- Ձեր սոցիալ-տնտեսական վիճակը
- Այսինքն, թե որքան փող ունեք, որտեղ եք ապրում, հաճախել եք քոլեջ, թե ոչ կամ ինչ եք աշխատում
- Ձեր ապահովագրական կարգավիճակը
- Արդյոք ունեք առողջության ապահովագրություն, թե ոչ
- Ձեր կողմից հարստության ընկալումը կամ կյանքի որակի ընկալումը
- Այսինքն, ինչ են ուրիշները մտածում ձեր կյանքի կամ մարմնի մասին
- Ձեր ներգաղթյալի կարգավիճակը
- Արդյոք քաղաքացի եք, թե ոչ
- Դա նշանակում է արդյոք ունեք Միացյալ Նահանգներում բնակվելու փաստաթղթեր, թե ոչ
- Ձեր դատվածության կարգավիճակը
- Արդյոք այժմ գտնվում եք կամ եղել եք բանտում կամ կալանավայրում
- Արդյոք անօթևան եք
- Ձեր ռեսուրսների օգտագործումը անցյալում և ապագայում
- Արդյոք անցյալում երկար պառկել եք հիվանդանոցում կամ արդյոք նախատեսում եք ապագայում երկար պառկել հիվանդանոցում
Ճգնաժամի կանխումը
Փաստաթղթում ասվում է, որ հիվանդանոցները պետք է ամեն ջանք գործադրեն՝ ձեռք բերելու օգնության կարիք ունեցող բոլորին օգնելու համար անհրաժեշտ պարագաները: Հիվանդանոցները պետք է միմյանց հետ հաղորդակցվեն և համագործակցեն, որպեսզի փորձեն օգնել բոլորին: Մինչ այժմ Կալիֆորնիայի հիվանդանոցները կարողացել են օգնել օգնության կարիք ունեցող բոլոր մարդկանց:
Ինչպես են հիվանդանոցները և բժիշկները որոշում, թե ում է պետք օգնել ճգնաժամային իրավիճակում
Փաստաթղթում ասվում է, թե հիվանդանոցներն ու բժիշկները ինչպես պետք է ընդունեն որոշումներ, եթե մահճակալների ու պարագաների քանակը բավարար չէ օգնության կարիք ունեցող բոլորին օգնելու համար: Փաստաթղթում ասվում է, որ այդ իրավիճակում հիվանդանոցները և բժիշկները պետք է փորձեն հնարավորինս շատ կյանքեր փրկել: Դա նշանակում է, որ հիվանդանոցները և բժիշկները պետք է օգնեն մարդկանց՝ առաջնորդվելով այն մոտեցմամբ, թե ում վիճակն է հավանական, որ կլավանա բուժման արդյունքում: Փաստաթղթում ասվում է, որ բժիշկները պետք է զննեն ձեզ ֆիզիկապես և ուսումնասիրեն բոլոր բժշկական փաստերը, որպեսզի որոշեն, թե արդյոք հավանական է, որ ձեր վիճակը կլավանա բուժման արդյունքում:
Փաստաթղթում ասվում է, որ բժիշկները կարող են օգտագործել Օրգանների անբավարարության դինամիկ գնահատման (անգլ. SOFA) թեստը, որը կօգնի նրանց որոշում կայացնել: SOFA թեստի միջոցով փորձում են չափել, թե արդյոք հավանական է, որ բուժումը կլավացնի ձեր վիճակը: Որքան ցածր լինի SOFA թեստի արդյունքը, այնքան հավանական է, որ բուժման արդյունքում ձեր վիճակը կլավանա:
Եթե հաշմանդամություն ունեք, ձեր հաշմանդամությունը կարող է SOFA թեստի բարձր արդյունք ցույց տալ: Այդ դեպքում փաստաթղթում ասվում է, որ բժիշկները պետք է իջեցնեն ձեր արդյունքները, որպեսզի ձեր հաշմանդամությունը ի վնաս ձեզ չլինի: Օրինակ՝ այն չպետք է հաշվվի ի վնաս ձեզ, եթե ձեր հաշմանդամությունը.
- սահմանափակում է շարժվելու կամ խոսելու ձեր կարողությունը,
- սահմանափակում է ձեր շնչառությունը, հատկապես այն դեպքում, եթե շնչառական սարքերից չեք օգտվել,
- իջեցնում է արյան ճնշումը կամ փոխում է արյան հետազոտության արդյունքները, հատկապես այն դեպքում, եթե չեք ընդունել ձեր դեղամիջոցները:
Փաստաթղթում ասվում է, որ SOFA թեստի նման արդյունքներ ունեցող մարդկանց բժիշկները կարող են նույն «առաջնահերթության խմբում» ընդգրկել: Եթե չկան բոլորին օգնելու համար բավարար մահճակալներ և պարագաներ, բժիշկները կարող են ըստ առաջնահերթության խմբերի որոշել՝ ում օգնել:
Փաստաթղթում ասվում է, որ եթե բժիշկները չեն կարող օգնել նույն առաջնահերթության խմբում ընդգրկված բոլորին, նրանք կարող են տեսնել, թե արդյոք խմբում կա որևէ մեկը, ով ունի այնպիսի լուրջ հիվանդություն, որի հետևանքով շուտով մահանալու է: Այդպիսի հիվանդության օրինակ է քաղցկեղը, երբ ակնկալվում է, որ անձը նույնիսկ բուժում ստանալու դեպքում կմահանա վեց ամսվա ընթացքում: Փաստաթղթում ասվում է, որ եթե չկան բավարար միջոցներ բոլորին օգնելու համար, բժիշկները կարող են որոշել օգնել այն մարդկանց, որոնք չունեն նման լուրջ հիվանդություն, որի հետևանքով շուտով հավանականորեն մահանալու են: Փաստաթղթում ասվում է, որ եթե այնուամենայնիվ կան բուժման ենթակա չափից շատ մարդիկ, բժիշկները կարող են որոշել վիճակահանությամբ:
Կարող եք ձեզ հետ ունենալ ձեր հաշմանդամության մասին տեղեկություններով թերթիկ: Թերթիկում կարելի է նշել, թե ձեր հաշմանդամությունը ինչպես կարող է բարձրացնել ձեր SOFA թեստի արդյունքները: Այն կարող է պարունակել տեղեկատվություն այն դեղամիջոցների ու սարքերի մասին, որոնք օգնում են ձեզ բարձրացնել ձեր ինքնազգացողությունը: Այն կարող է ներառել նաև տեղեկատվություն այն մասին, թե ձեր բժիշկի գնահատմամբ դուք որքան կապրեք: Այն կարող է պարունակել աջակցող անձի կոնտակտային տվյալները: Այդ թերթիկը կարող եք ձեզ մոտ ունենալ այն դեպքերի համար, երբ հիվանդանոցում կլինեք, և ձեզ համար դժվար կլինի հաղորդակցվելը: Կարող եք ձեզ հետ հիվանդանոց բերել ձեզ օգնող անձի:
Հիվանդանոցային կանոնների ողջամիտ փոփոխություններ
Ըստ օրենքի հիվանդանոցները և բժիշկները պետք կանոնների ողջամիտ փոփոխություններ կատարեն, որպեսզի տարեց կամ հաշմանդամություն ունեցող պացիենտները կարողնան ստանալ իրենց անհրաժեշտ բուժումը: Նրանք պետք է փոփոխություններ կատարեն նաև COVID-19-ի ժամանակ: Փաստաթղթում բերված է մի քանի օրինակ.
- COVID-19-ով հիվանդների այցելուների սահմանափակումների փոփոխություններ, որպեսզի ձեր ընտանիքի անդամը, անձնական խնամատուն, հաղորդակցում ապահովող անձը կամ մեկ այլ օգնական կարողանա մնալ ձեզ հետ հիվանդանոցում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.disabilityrightsca.org/post/coronavirus-hospital-visitation
- Արդյունավետ հաղորդակցման ապահովում ձեզ համար, օրինակ՝ ժեստերի լեզվի կամ իրական ժամանակում ենթագրերի օգտագործում: Ըստ անհրաժեշտության հիվանդանոցները պետք է տրամադրեն նաև լեզվական օգնություն:
- Փոփոխություններ, որոնք հավասար վերաբերմունք կապահովեն օգնություն ստացողների վերաբերյալ որոշումների հարցում, օրինակ՝ SOFA թեստի արդյունքների փոփոխությունները և շնչառական սարքի ավելի երկար օգտագործումը հաշմանդամության դեպքում:
Փաստաթղթում ասվում է, որ հիվանդանոցները պետք է ունենան առանձին աշխատակից, որը կհետևի անհրաժեշտ փոփոխությունների կատարմանը:
Անձնական շնչառական սարքեր
Եթե որևէ շնչառական սարք եք օգտագործում և ձեր անձնական շնչառական սարքը բերում եք ձեզ հետ հիվանդանոց, ձեր անձնական շնչառական սարքը չեն կարող վերցնել ձեզնից և տալ այլ հիվանդների:
Եթե համաձայն չեք որոշման հետ, թե ով է բուժում ստանալու
Եթե դուք, ձեր ընտանիքը կամ օգնականը համաձայն չեք ձեր բուժման վերաբերյալ որոշման հետ, որը դադարեցնում կամ մերժում է ձեր որոշակի բուժումը, կարող եք բողոքարկել: Բողոքարկելու համար ինքներդ կամ ձեր պաշտպանը պետք է հայտնեք բժիշկներին, որ համաձայն չեք որոշման հետ և նշեք պատճառը: Կարող եք բողոքարկել, եթե կարծում եք, որ որոշումը կայացվել է՝ ելնելով ձեր տարիքից, ռասայից, քաշից, չափերից կամ հաշմանդամությունից: Չեք կարող բողոքարկել միայն այն պատճառով, որ ձեր կարծիքով հիվանդանոցը չպետք է նման որոշումներ կայացնի կամ չեք հավանում ընդհանրապես հիվանդանոցի որոշումներ կայացնելու ձևը:
Փաստաթղթում ասվում է, որ ձեր բողոքարկման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի առանձին խմբի կողմից: Բուժօգնության որոշումը պետք է փոխվի, եթե այն հիմնված է տարիքի, ռասայի, քաշի, չափի կամ հաշմանդամության կամ որևէ այլ հատկանիշի վրա՝ ըստ այս փաստաթղթի սկզբում բերված ցանկի: Ձեր բողոքարկման վերաբերյալ որոշումը պետք է այնքան արագ կայացվի, որպեսզի ձեզ կամ բուժմանը սպասող այլ մարդկանց վնաս չհասցվի:
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ, ՈՐ ՕԳՆԵՆՔ ՁԵԶ
Մենք այստեղ ենք, որ օգնենք ձեզ: Եթե COVID-19-ի ժամանակ դուք կամ ձեր ճանաչած որևէ անձը չեք կարողանում հիվանդանոցային բուժում ստանալ, խնդրում ենք դիմել մեզ:
Disability Rights California
Հեռ.՝ 1-800-776-5746
https://www.disabilityrightsca.org/contact-us/how-to-get-help
Disability Rights Education and Defense Fund
Հեռ.՝ (510) 644-2555
Էլ.փոստ՝: info@dredf.org
Justice in Aging
Կայք՝ https://www.justiceinaging.org/contact
Independent Living Resource Center San Francisco (Սան Ֆրանցիսկոյում կամ մոտակայքում ապրող մարդկանց համար)
Հեռ.՝ 628-231-2287
Էլ.փոստ՝: brandie@ilrcsf.org
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: